Կրթությունն Իսրայելում
Կրթությունն Իսրայելում և երկրի մշակույթում ունի կարևոր դեր։ Միջնակարգ կրթության համակարգում նկատվում է ժամանակակից կրթական միտումները հաշվի առնելու հակվածություն։ Կրթության ծախսերը կազմում են Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 10 %-ը, դպրոցների մեծ մասը դրամական նպաստ է ստանում պետության կողմից։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով` 2011 թվականին Իսրայելում բնակչության 45 %-ն ունեցել է բարձրագույն կրթություն։ Տվյալ կազմակերպության անդամ պետությունների մեջ Իսրայելն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդհանուր ֆինանսավորման 78 %-ը գանձվում է պետական բյուջեից[1]։ Չափահաս իսրայելացիների 58 %-ը կարծում են, որ կյանքում հաջողության հասնելու համար շատ կարևոր է բարձրագույն կրթություն ունենալը, իսրայելացի ծնողների 77 %-ը ցանկանում են, որ իրենց երեխաներն ստանան բարձրագույն կրթություն[2]։
Կրթության մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելական դպրոցները լինում են չորս տեսակ` պետական, պետական-կրոնական, կրոնական (խարեդիմ) և արաբական (որոնց թվին երբեմն այնքան էլ ճշգրիտ չեն դասվում նաև դրուզները. նրանց թիվը շատ փոքր է)։ Իսրայելացի երեխաների մեծ մասը հաճախում է պետական դպրոցներ։ Կրոնական և պետական-կրոնական դպրոցները, բավարարելով ուղղափառ հրեա երիտասարդների կարիքները, առաջարկում է հրեական ծրագրերի ինտենսիվ ուսումնասիրություն։ Արաբական դպրոցներում դասերն անցկացվում են արաբերենով և մեծ ուշադրություն է հատկացվում արաբական պատմության, կրոնի և մշակույթի ուսումնասիրությանը։ Կան նաև մի քանի երկլեզու դպրոցներ, որտեղ սովորում են ինչպես հրեաները, այնպես էլ արաբ երեխաներ, օրինակ` «Գեշեր ալ Ավադի»-ն, որը ղեկավարում է «Ձեռք ձեռքի տված» հրեական-արաբական կրթական կենտրոնը։
Կրթության համակարգը բաղկացած է 3 մակարդակներից` տարրական կրթություն (1-6-րդ դասարաններ, մոտավորապես 6-12 տարեկան), միջնակարգ դպրոց (7-9-րդ դասարաններ, մոտավորապես 12-15 տարեկան) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաներ, մոտավորապես 15-18 տարեկան)։ Մանկապարտեզի ավագ խմբից (5 տարեկանից) մինչև 12-րդ դասարան կրթությունը պարտադիր է։
Ուսումնական տարին Իսրայելում սկսվում է սեպտեմբերի 1-ին և տարրական դպրոցում ավարտվում է հունիսի 30-ին, իսկ միջնակարգ և ավագ դպրոցում` հունիսի 20-ին։
Հասունության վկայական
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունը դպրոցականներին նախապատրաստում է հասունության վկայագիր (բագրութ) հանձնելու։ Դրանք ընդգրկում են տարբեր ակադեմիական առարկաներ, որոնք գնահատվում են աճող ծավալի ուսումնասիրության նյութով և բարդության 1-ից մինչև 5 գնահատականով։ Պարտադիր առարկաներից (եբրայերեն, անգլերեն, մաթեմատիկա, տանախ և գրականություն) անցողիկ միավոր ստացած աշակերտները, որոնք հանձնել են ընդհանուր 21 կամ ավելի միավոր ունեցող և 5-րդ դժվարության առնվազն մեկ քննություն, ստանում են հասունության վկայական։ 2007 թվականին իսրայելացի տասներկուերորդ դասարանցիների 74.4 %-ն է հանձնել քննություններ, և միայն 46.3 %-ն է ստացել վկայական։ Արաբական և դրուզական դպրոցներում արդյունքները համապատասխանաբար եղել են 35,6 % և 43,7%։
Ստորև ներկայացված է 2002 թվականին Իսրայելի խոշորագույն քաղաքներում քննություն հանձնած դպրոցականների քանակը (Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներ)[3].
Քաղաք | Քննություններ հանձնածներ (%) |
---|---|
Երուսաղեմ | 36 |
Թել Ավիվ | 60,3 |
Հայֆա | 64,3 |
Ռիշոն լե Ցիոն | 59,2 |
Աշդոդ | 55,9 |
Աշկելոն | 58,5 |
Բաթ Յամ | 49,5 |
Բեեր Շևա | 51,5 |
Հոլոն | 55,3 |
Նետանիա | 52 |
Պետահ Տիկվա | 57 |
Ռամատ Գան | 65,3 |
Իսրայելի սոցիալական խնդիրները վերլուծող «Ադվա կենտրոնի» տվյալներով՝ քննությունը հանձնողների մոտավորապես 15 %-ի արդյունքը չի համապատասխանում իսրայելական բուհերի պահանջներին[4]։
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելում կա 9 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնք ունեն համալսարանի կարգավիճակ, և մոտավորապես 50 բյուջետային և մասնավոր ակադեմիական քոլեջ, որոնք իրավունք ունեն շնորհելու ակադեմիական աստիճան (մեծ մասամբ միայն առաջին ակադեմիական աստիճան)։
Չափահասության տարիքին հասնելուց հետո պատանիներն ու աղջիկները, որպես կանոն, զորակոչվում են Իսրայելի պաշտպանության բանակ, սակայն կարող են պահանջել նախապատրաստական դասընթացների անցնելու տարկետում (մեհինա)։ Ակադեմիական ռեզերվի ծրագրի շրջանակներում հնարավոր է ակադեմիական կոչում ստանալ բանակային ծառայությունն սկսելուց առաջ. ծրագրին ընդունվելու համար պահանջվում է անցնել 3 (տղա) կամ 2 (աղջիկ) տարվա արտագնա ծառայության համաձայնություն։
Համալսարանները սովորաբար պահանջում են բագրուտի համար որոշակի քանակությամբ միավոր և հոգեչափության ընդունելության քննության լավ ցուցանիշ, որը շատ առումներով հիշեցնում է ամերիկյան «SAT» թեստը։ Իսրայելի բոլոր ինը համալսարանները, ինչպես նաև որոշ քոլեջներ դրամական նպաստ են ստանում պետության կողմից (ծախսերի 50 %-ից), և ուսանողները վճարում են ուսուցան իրական արժեքի միայն չնչին մասը։
Բակալավրի աստիճան ստանալուց հետո ուսանողը, չափանիշներին համապատասխանելու դեպքում, կարող է շարունակել ուսումը մինչև մագիստրոսի, ապա՝ դոկտորի աստիճան ստանալը։
Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 2015 թվականի տվյալների` Իսրայելում առաջին աստիճանն ավարտելու միջին տարիքը 27-ն է, ընդ որում, երկրում ակադեմիական աստիճան ունի չափահասների 46 %-ը։
Ուսուցման վճար
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի դրությամբ` Իսրայելի պետական համալսարաններում ուսուցման վճարը կազմում է տարեկան 9842 շեկել (մոտավորապես 1 377 880 դրամ)։
Պատմականորեն, Իսրայելի բուհերում պատմության գոյության առաջին տասնամյակների ընթացքում ուսուցման վճարը ցածր էր, բայց կտրուկ բարձրացել է 1980-ական թվականներին, և մինչև 1998 թվականն արևմտյան երկրների պետական համալսարաններում դարձել ամենաբարձրը։ 1998 թվականին տեղի են ունեցել ուսուցման բարձր վճարի դեմ ուսանողական զանգվածային շարժումներ և բողոքներ։ Էլիահու Վինոգրադի գլխավորությամբ ստեղծված պետական հանձնաժողովը որոշել է 2 անգամ կրճատել դասընթացների արժեքը, բայց 2000-ական թվականների սկզբի տնտեսական ճգնաժամի պատճառով այն կրճատվել է ընդամենը մեկ քառորդով, և այդ ժամանակվանից ի վեր այն շարունակում է մնալ ներկայիս մակարդակում։ Մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վճարը կարող է հասնել 8 հազար դոլարի[5]։
Ուսուցիչների կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարվա ընթացքում պետական բյուջեի կրճատումն ու ուսուցիչների աշխատավարձի չվճարելն իրենց դերն են ունեցել։ Իսրայելը 1960-ական թվականներին ճշգրիտ գիտությունների ոլորտում պատրաստականության գծով առաջատարների թվում էր, սակայն 2002 թվականին անցկացված հարցման տվյալներով` 41 տեղերից եղել է 33-րդը[6]։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անցկացրած հարցման համաձայն` իսրայելացի ուսուցիչների աշխատավարձը շատ ցածր է` համեմատած զարգացած այլ երկրների։ 1980-ական և 1990-ական թվականներին շատ ուսուցիչներ կրթության ոլորտից հեռացել են ավելի բարձր վարձատրվող աշխատավայրեր կամ մեկնել են արտասահման՝ այսպիսով ծանրացնելով «ուղեղի արտահոսքը»։
Բուհերի դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Webometrics» վարկանիշի համաձայն` իսրայելական 6 բուհ ընդգրկված է Ասիայի լավագույն 100 համալսարանների ցանկում[7]։ Համաձայն Շանհայի Ցզյաո Տուն համալսարանի աշխարհի ակադեմիական վարկանիշի` համալսարաններից 4-ն աշխարհի լավագույն 150 համալսարանների թվում են։ Ըստ «Times Higher Education-QS World University Rankings» վարկանիշի` համալսարաններից 3-ն աշխարհի լավագույն 200 համալսարանների թվում են։
Բացի այդ, իսրայելական բուհերն ընդգրկված են աշխարհի լավագույն100 համալսարանների վերապատրաստման հետևյալ ոլորտներում.
- Մաթեմատիկա (Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Տեխնիոն),
- Ֆիզիկա (Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Վեյցմանի ինստիտուտ, Տեխնիոն),
- Քիմիա (Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Տեխնիոն),
- Ինֆորմատիկա (Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Տեխնիոն, Վեյցմանի ինստիտուտ, Բար Իլանի անվան համալսարան[8]),
- Մեքենաշինություն (Տեխնիոն[9]),
- Կյանքի մասին գիտություններ (Երուսաղեմի հրեական համալսարան[10])։
Հասարակական գիտությունների բնագավառում Թել Ավիվի և Երուսաղեմի համալսարաններն ընդգրկված են Թոփ 100-ի մեջ[11]։ Նրանք մտնում են նաև տնտեսության ոլորտում լավագույն 100-ի մեջ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Израиль на втором месте по числу людей с высшим образованием». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Центральное статистическое бюро Израиля. «Social Survey on Life-Long Learning» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 12 октября 2013-ին.
- ↑ http://www.cbs.gov.il/hodaot2005n/06_05_189b.pdf(եբրայերեն).
- ↑ Адва центр(անգլ.).
- ↑ [1](եբրայերեն), Ynet, 28.10.2011.
- ↑ BusinessWeek; «The Crisis in Israel’s Classrooms»; с. 92—93; 19 ноября 2007.
- ↑ «Webometrics list of the top 100 Asian universities». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 8,0 8,1 «Academic Ranking of World Universities — 2009». Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University. 2009. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «THE — QS World University Rankings 2009 — Engineering/Technology». THE — QS. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «THE — QS World University Rankings 2009 — Life Sciences & Biomedicine». THE — QS. 2010. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «THE — QS World University Rankings 2007 — Social Sciences». THE — QS. 2010. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսումնական հաստատություններն Իսրայելում Արխիվացված 2011-03-14 Wayback Machine(ռուս.)
- «Իսրայելի համալսարաններ և քոլեջներ» (PDF). Հրեական գործակալության կայք. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թվականի հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրթությունն Իսրայելում» հոդվածին։ |
|
|