Jump to content

Իսրայելի հրեական թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի հրեական թագավորություն
ממלכת ישראל‎
Հյուսիսիսրայելական թագավորություն 
Հուդայի թագավորություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երուսաղեմ
Լեզու Եբրայերեն
Ազգություն Հրեաներ
Կրոն Հուդայականություն
Իշխանություն
Պետության գլուխ թագավոր
Ներկայիս՝

Իսրայելի թագավորություն (եբրայերեն՝ ממלכת ישראל‎‎), հին հրեական թագավորություն Առաջավոր Ասիայում՝ Արաբական թերակղզու արևմուտքում։

Ըստ քրիստոնյաների սուրբ գրքի՝ Աստվածաշնչի, Իսրայելի թագավորությունը հիմնադրվել է մ.թ.ա. 11-րդ դարում՝ Սամուել մարգարեի և Իսրայելի առաջին թագավոր Սավուղի (Եբրայերեն լեզվով արտասանվում է Շաուլեմ) կողմից։

Մ.թ.ա. 928 թվականին՝ Սողոմոն Իմաստունի կառավարման ընթացքում, թագավորության տարածքը տրոհվել է երկու անկախ և ինքնավար պետությունների միջև ի դեմս Հյուսիսիսրայելական և Հուդայի թագավորությունների[1]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Իսրայել անվանման (եբրայերեն՝ ‏ישראל‎) ստեղծման մասին մասին գրված է Աստվածաշնչի առաջին գլխում՝ Ծննդոցում[2]։

Ըստ Աստվածաշնչի՝ Հակոբը Աստծո և հրեշտակների հետ արդարացի պայքարից հետո օրհնվեց և ստացավ Իսրայել անունը։ Այդ մասին գրված է Ծննդոց գլխում.

Այդ մարդը հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց՝ Հակոբ։ Ապա նրան ասաց. «Այսուհետև քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել, քանի որ դու մարտնչեցիր Աստծու և մարդկանց հետ և ի վերջո հաղթեցիր»։ Հակոբն էլ իր հերթին ասաց նրան. «Խնդրում եմ, ասա ինձ քո անունը»։ Բայց նա ասաց. «Ինչո՞ւ ես ուզում իմանալ իմ անունը»։ Այդ խոսքերից հետո նա այնտեղ օրհնեց Հակոբին։ Հակոբն այդ վայրը Փանիել կոչեց, քանի որ ասաց. «Երես առ երես տեսա Աստծուն, այնուհանդերձ հոգիս ազատվեց»
- Աստվածաշունչ, «Ծննդոց», 32:27,28

Հակոբին հաջորդածները կոչվեցին «Իսրայելի որդիներ», իսկ նրանից սերած ժողովուրդը՝ «իսրայելացիներ»՝ Իսրայելի բնակիչներ։

Պատմության մեջ «Իսրայել» բառի առաջին հիշատակումները հայտնաբերվել են Հին Եգիպտոսի փարավոն Մերնեպտահին նվիրված կոթողի վրա։ Այնտեղ այս տերմինը օգտագործվում էր իսրայելացի էթնոսին մատնանշելու համար։

«Իսրայել» տերմինը վերաբերվեց պետական կազմավորմանը այն բանից հետո, երբ իսրայելացիները ռազմակալեցին և գրավեցին Քանանը և ստեղծեցին իրենց պետությունը։ Այն վերաբերվում էր Իսրայելի թագավորությանը, որի առաջին թագավորն էր աստվածաշնչյան կերպար Սավուղը։

Հետագայում երկրի գլուխ կանգնեց Դավիթ թագավորի տոհմը։ Դավթին հաջորդեց Սողոմոն Իմաստունը։

Դավիթ թագավոր
Սողոմոն իմաստուն

Գողիաթի նկատմամբ տարած հաղթանակից հետո նրան հաջորդում է Դավիթը։ Դավիթը իր կառավարման առաջին իսկ տարիներին կարևոր հաղթանակներ տարավ մի շարք այլազգի նվաճողների դեմ։ Նշանավոր էր փղշտացիների նկատմամբ տարած հաղթանակը, որից հետո Իսրայելը վերջնականապես ազատվեց գերությունից։ Դավթի կառավարման տարիներին Իսրայելում առաջին անգամ սկսվեց քաղաքացիական պատերազմ, կապված Սավուղի բանտարկության հետ։ Արդյունքում՝ Սավուղը վախենալով գերությունից դիմում է ինքնասպանության։ Դավիթ և Սողոմոն թագավորների կառավարման տարիները Իսրայելում հայտնի է ոսկե դար անվանումով։ Այն տևել է մ.թ.ա. 1010-931 թվականները։ Դավիթը հարստացնում է մայրաքաղաք Երուսաղեմը և զգալիորեն ընդարձակում քաղաքի սահմանները։

Դավթի թագավորութունը ընկած էր Եփրատ գետից մինչև Գազա։ Դավթի որդին՝ Աբիսողոմը, չափազանց իշխանատենչ էր և ցանկանում էր տապալել հոր իշխանութունը երկրում՝ հասնելով բացարձակ միահեծան կառավարման։ Աբիսողոմը Իսրայելում բարձրացնում է ապստամբություն, որը պսակվում է անհաջողությամբ։ Դավթի հրամանով նրա ծառաները սպանում են անարժան որդուն։ Դավիթը ամրացրել է երկրի հյուսիսային սահմանները վայրի ցեղերի ներխուժումներից։

Դավիթ թագավորը հայտնի էր նաև իր շինարարական գործունեություններով։ Նա հատկապես լայնածավալ շինարարական գործունեություն է ծավալել Երուսաղեմում։

Դավթի կառավարման վերջին տարիներին նրա գահակիցն է լինում իր որդին՝ Սողոմոնը, որը հոր մահից հետո դառնում է Իսրայելի թագավոր։ Սողոմոնը դառնում է Հրեաստանի թագավոր մ․թ․ա․ 967 թվականին՝ թագապահանջ եղբորը՝ Ադոնիային հաղթելուց հետո։ Բազմաթիվ գավառների տրոհված թագավորությունը Սողոմոնի կողմից բաժանվել է 12 նահանգների, որոնցից յուրաքանչյուրը տարին մեկ ամիս մթերք է մատակարարել արքունիքին։ Դաշինք է կնքել Եգիպտոսի հետ՝ կնության առնելով փարավոնի դստերը, ամրապնդել պետության միջազգային դիրքը։ Շահավետ առևտրական պայմանագրեր է կնքել Փյունիկիայի Տյուրոս քաղաքի, Եգիպտոսի, Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։

Ծավալել է շինարարական վիթխարի աշխատանք, վերականգնել մի շարք հին քաղաքներ, հիմնել նորերը, Երուսաղեմում կառուցել Եհովայի հռչակավոր տաճարը (հայտնի է նաև Սողոմոնի տաճար անունով)։ Սողոմոնի անվանն են վերագրում նաև քարակերտ երեք ավազանները, որոնցից ջուր է մատակարարվել Բեթղեհեմի և Երուսաղեմի բնակիչներին։ Իսրայելացիների և քանանա-ամորեական ցեղերի նկատմամբ Սողոմոնի վարած խտրական քաղաքականությունը հանգեցրել է խոր դժգոհության, որի հետևանքով Սողոմոնի մահից հետո Իսրայելն ապստամբել է և անկախացել[3]։

Աստվածաշնչում Սողոմոնը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kuhrt, Amiele (1995). The Ancient Near East. Routledge. p. 438. ISBN 978-0415167628.
  2. Tubb, Jonathan (2006). Canaanites. The British Museum Press. p. 115. ISBN 0-7141-2766-3.
  3. Bloom, Harold (2004). The Book of J. Grove Press. ISBN 0802141919.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի հրեական թագավորություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։