Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը[2]։ 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։
Սարաևոն իր անվանումը ստացել է 15-րդ դարի կեսերին կառուցված պալատի անունից։ Առաջին անգամ «Սարայ-օվասի» տերմինը կիրառվել է 1455 թվականի փաստաթղթում, որը կարող է թարգմանվել որպես «պալատի արևմտյան մասում գտնող դաշտ», թուրքերեն «saraj» և «ovasi» բառերից, որոնք համապատասխանաբար թարգմանվում են «պալատ» և «դաշտ»[3][4]։ Քաղաքը նախկինում կոչվել է Բոսնա Սարայ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «պալատ, վարչական բաժանում» (բառացիորեն «բոսնիական պալատ»), որը կառուցվել է Գազի Հուսրև Բեգ փաշայի կողմից XVI դարում։ Բոսնիայի Ավստրո-Հունգարիային միանալուց հետո 1878 թվականին անվանափոխվել է և դարձել Սարաևո, որը բառացիորեն թարգմանվում է «պալատական»[5][6]։
Վարկածներից մեկի համաձայն՝ Սարաևո քաղաքը հիմնադրվել է միջնադարյան Վրխբոսնա քաղաքի վայրում (առաջին անգամ հիշատակվում է 1415 թվականին[7])՝ «գետի վերին հոսանքը» կամ «լեռ Բոսնայի վերևում», սերբերեն «վրխ»՝ «բարձունք, լեռ» և ''Բոսնա''՝ գետ, որի մոտակայքում գտնվում էր քաղաքը[5]։
Բոսնիացիները քաղաքն անվանել են «Շեհեր-Սարաևո», իսկ թուրքերը՝ «Նոր Դամասկոս»[8]։ Էթնոկրոնական բազմազանության պատճառով քաղաքն անվանում էին նաև Եվրոպական կամ Բալկանյան Երուսաղեմ[9]։
Միլյացկա գետի հովիտը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Գիտնականներն ենթադրում են, որ այդ տարածքով արևելքի ուղղությամբ անցնում էր հին հռոմեական ճանապարհ։ 6-8-րդ դարերում հովտում սկսեցին բնակեցվել սերբեր[10][11][12]։
Սարաևոն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Քաղաքը շրջապատում են անտառածածկ ժայռերը և Դինարյան բարձրավանդակի լեռները։ Դրանցից ամենաբարձրը Տրեսկավիցա լեռն է (2088 մ), այնուհետև Բելաշնիցան (2067 մ), Յախորինան (1913 մ), Տրեբևիչը (1627 մ), ամենացածրը՝ Իգման լեռն է (1502 մ)։ Վերջին չորսը հայտնի են նաև Օլիմպիական լեռներ անունով։ Քաղաքի լանդշաֆտը նույնպես բլրապատ է, ինչի մասին վկայում են քաղաքի բազմաթիվ զառիթափ փողոցները և բնակելի շենքերը, որոնք կառուցված են սարալանջերին։ Պատմական կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 541 մետր[13]։
Սարաևո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման։ Ամառը տաք է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,1 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը դիտվել է 1946 թվականի օգոստոսի 19-ին՝ 40,0 °C: Սարաևոյում ամառը տևում է 68 օր։ Ձմեռը հով է։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -1,3 °C միջին ջերմաստիճամբ։ Ձմեռը հաճախ լինում է ուժեղ մառախուղ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է 1942 թվականի հունվարի 24-ին՝ -26,4 °C: Ձնածածկույթը պահպանվում է 139 օր։ Ադրիատիկ ծովի մոտ գտնվելու պատճառով աշունը ավելի տաք է, քան գարունը։
Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 1830-ի, այդ թվում 260 ժամ՝ օգոստոսին և 46 ժամ՝ դեկտեմբերին[14]։ Քաղաքը գտնվում է 7-րդ ցրտադիմացկունության գոտում[15]։ Բոսնա գետի և նրա վտակների, այդ թվում նաև Միլյացկայի ափերից դուրս գալու ժամանակ քաղաքում լինում են ջրհեղեղներ[16]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարաևոում