Jump to content

Լյուբլյանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լյուբլյանա
Ljubljana
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքԼյուբլյանա
Ներքին բաժանում17 համայնքներ
ԺուպանԶորան Յակովիչ
Առաջին հիշատակում12-րդ դար
Այլ անվանումներԷմոնա, Լյուվիգանա, Լեյբա
Մակերես163,8 կմ²
ԲԾՄ295 մ
Կլիմայի տեսակկոնտինենտալ
Պաշտոնական լեզուսլովեներեն
Բնակչություն284 293 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ագլոմերացիա508 607
Ազգային կազմ74% սլովենացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+386 1
Փոստային դասիչ1000
Ավտոմոբիլային կոդLJ
Պաշտոնական կայքljubljana.si
Լյուբլյանա (Սլովենիա)##
Լյուբլյանա (Սլովենիա)

Լյուբլյանա (սլովեներեն՝ Ljubljana), Սլովենիայի մայրաքաղաք, Սլովենիայի խոշորագույն քաղաք։ Բաժանված է 17 շրջանների։

Բնակչությունը՝ 284 293 մարդ (հունվարի 1, 2022)[1], որը կազմում է երկրի բնակչության 13 %-ը։ Քաղաքային ագլոմերացիայում ապրում է ավելի քան 500,000 մարդ։ Գտնվում է Լյուբլյանիցա գետի ափին՝ Սավա գետին միախառնվելու տեղի մոտ։

Սլովենիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնն է։ Այստեղ են կենտրոնացած երկրի ՀՆԱ-ի 40 %-ը և Սլովենիայի խոշորագույն ընկերությունների շտաբ-բնակարանների մեկ երրորդը։ Քաղաքում գործում է Լյուբլյանայի համալսարանը, որում սովորում է ավելի քան 50,000 ուսանող։ Հասարակական տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից։

Քաղաքի պատմական կենտրոնը Գրադ ամրոցի շրջակայքն է, որի մոտ գտնվում է Հին քաղաքը։ Այնտեղ կան անտիկ և միջնադարյան կառույցներ, 16-18-րդ դարերի բարոկկո ոճով համալիրներ, 20-րդ դարի առաջին կեսի կառույցներ, որոնք կառուցվել են ճարտարապետ Յոժե Պլեչնիկի նախագծով։

1-ին դարից հռոմեական Էմոն քաղաքը, որը լքվել է 5-րդ դարում, որպես միջնադարյան բնակավայր հայտնի է դարձել 12-րդ դարում։ 1335-1918 թվականներին այն եղել է Հաբսբուրգյան միապետության կազմում գերմանական Լայբախ անունով։ 14-րդ դարից դարձել է Կրայնայի վարչական կենտրոնը։ 1918 թվականին ստացել է սլովենական Լյուբլյանա անունը ու դարձել Սլովենիայի մայրաքաղաք։

1-ին դարում այստեղ եղել է հռոմեական ճամբար, որը հետագայում վերածվել է քաղաքի և կոչվել Էմոն (լատիներեն՝ Emon, կործանվել է 5-րդ դարում)։ Որպես սլավոնական բնակավայր հայտնի է 1144 թվականից։ 19-րդ դարի 2-րդ կեսին Լյուբլյանան (գերմաներեն՝ Լայբախ) ստացել է քաղաքի իրավունք[2]։

Քաղաքի անվան ծագումը պարզ չէ։ Նորագույն մեկնաբանությունների համաձայն՝ քաղաքի անունը առաջացել է Լյուբլյանիցա (Ljubíja) գետի անունից (ժամանակակից տարբերակն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում Պրիմոժ Տրուբարի կողմից)։ Ժամանակի հետ սկզբնական տարբերակը ձևափոխվել է ու դարձել Լյուբլյանա։ Քաղաքի գերմանական անվանումն առաջացել է Labach բառից, որը Բավարիայի բարբառով ճահիճ է նշանակում։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբլյանիցա գետ

Լյուբլյանան գտնվում է Սլովենիայի կենտրոնական մասում՝ Լյուբլյանայի գոգահովտում՝ Լյուբլյանայի Բարյեի ճահիճների մեջ՝ Լյուբլայանայի դաշտից հյուսիս։ Քաղաքի հարավում Կարավանկե լեռն է, արևելքում՝ Յուլյան Ալպերը։

Ադրիատիկ ծովից հեռավորությունն ուղիղ գծով 65 կմ է։ Եվրոպական ամենամոտ մայրաքաղաքներից ուղիղ գծով հեռավորությունը հետևյալն է․ 140 կմ Զագրեբից, 380 կմ Վիեննայից, 440 կմ Բուդապեշտից ու Բրատիսլավայից, 500 կմ Սարաևոյից և 531 կմ Բելգրադից։

Քաղաքի մակերեսը ազգային վիճակագրության տվյալներով 163,8 կմ² է, քաղաքամերձ արվարձաններով՝ 275 կմ², որից 127 կմ²-ն կանաչ տարածքներ են[3][4]։

Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 295 մ է[5], ծովի մակարդակից ամենաբարձր կետը Յանշկի բլուրն է (794 մ), ամենացածր կետը՝ Լյուբլայանիցայի թափվելը Սավայի մեջ (260 մ)։ Քաղաքի աշխարհագրական կոորդինատներն են՝ 46° 03' լայնություն և 14° 30' երկայնություն[6]։

Լյուբլյանայով են հոսում Լյուբլյանիցա, Գրադաշչիցա, Մալիյ Գրեբեն, Գլինշչիցա, Պրժանեց, Բիզովիշկի Պոտոկ, Գրաբեն, Դոլգի Պոտոկ գետերը, ինչպես նաև Գրուբերի ջրանցքը, որը կառուցվել է 1782 թվականին քաղաքի կենտրոնը հեղեղումների պահպանելու համար։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիվոլի այգի

Խոշոր անտառներով ծածկված Ռոժնիկ և Գոլովեց լեռները մխրճվում են Լյուբլյանայի կենտրոն։ Քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք տեղակայված է Լյուբլյանայի ամենամեծ քաղաքային այգին՝ Տիվոլին՝ 5 կմ² մակերեսով։ Լանդշաֆտային այգին, որը հիմնադրվել է Նապոլեոնի ժամաններում, իր անունը ստացել է Փարիզի այգիների անունից․ քաղաքն իր ներկայիս տեսքը՝ ծառուղիներով ու քանդակներով, ձեռք է բերել 20-րդ դարում ճարտարապետ Յոժե Պլեչնիկի շնորհիվ։ Այգու տարածքում է գտնվում Լյուբլյանայի կենդանաբանական այգին։ Անտառածածկ Ռոժնիկ լեռան հետ այն համարվում է պահպանվող բնության տարածք՝ 452 հա ընդհանուր մակերեսով։

Կենտրոնից արևելք հառնում է Զամկովայա լեռը, իսկ Գրուբերի ջրանցքից այն կողմ՝ Գոլովեց լեռը։ Բուսաբանական այգում, որը հիմնադրվել է 1810 թվականին, աճում է ավելի քան 4,500 բուսատեսակ։ Քաղաքի կենտրոնում՝ Կոնգրեսի հրապարակի մոտ, կա ևս մեկ ոչ մեծ այգի՝ «Աստղը», որը հիմնադրվել է 1824 թվականին և իր անունը ստացել տարբեր կողմերի բաժանվող ծառուղու շնորհիվ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացված լինելու հիշատակին, երբ քաղաքը շրջապատված է եղել փշալարերով, 1957 թվականին հիմնադրվել է Հիշողության ու ընկերության ճանապարհը[7]։

2009 թվականին քաղաքը «Եվրոպայի ամենականաչ 30 քաղաք» անվանակարգում զբաղեցրել է 19-րդ տեղը՝ մյուս քաղաքներին զիջելով հիմնականում ջրատարների և կոյուղագծերի վատ ցանցի, վերականգնվող էներգետիկայի կիրառման ոչ բարձր մակարդակի և շենքերի վատ ջերմամեկուսացման պատճառով։ Նշվել է CO2 գազի արտանետումների նվազեցման ռազմավարության բացակայությունը, նեղ ճանապարհների պայմաններում դանդաղ արագության պատճառով ավտոբուսներով ուղևորահոսքի նվազումը[8]։

Լյուբլյանայի կլիման բնորոշվում է չափավոր ցամաքայինից ծովային կլիմայի անցմամբ, որը մեղմանում է լեռների ու ծովի մոտ լինելուց։ Տեղի ձմեռների առանձնահատկության պատճառով Լյուբլյանայում դիտարկվում է ջերմաստիճանի ինվերսիա, որի ժամանակ ցուրտ ու խոնավ օդը մնում է մթնոլորտի ստորին շերտերում[9][10]։ Ամռանը տիրում են Ադրիատիկից եկող տաք օդային հոսանքները[11]։

Ամենատաք ամիսը հուլիսն է, ամենացուրտը՝ հունվարը։ Տեղումների քանակությամբ Լյուբլյանան Եվրոպայի ամենախոնավ մայրաքաղաքներից է։ Ամենից անձրևային ամիսը հունիսն է։ Մայիսից սեպտեմբեր ամիսներին բնորոշ են ամպրոպները։ Ձյուն տեղում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին։ Աշնանից ձմեռ անցման շրջանում լինում է մառախուղ[12]։

Լյուբլյանան ամբողջ Սլովենիայի հետ գտնվում է սեյսմիկ ակտիվությամբ աչքի ընկնող Եվրասիական տեկտոնական շերտի հարավային սահմանին, Միջերկրա-Հիմալայան սեյսմիկ գոտու հյուսիսարևմտյան սահմանին[13]։ Քաղաքի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը՝ 6,1 մագնիտուտ ուժով, գրանցվել է 1895 թվականի ապրիլի 14-ին, որի հետևանքով քանդվել են շինություններ, եղել են մարդկային զոհեր։

Լյուբլյանան գտնվում է հնարավոր հեղեղումների տարածքում, որոնք պայմանավորված են քաղաքային գետերի ջրի մակարդակի բարձրացումով։ Այսպես, 1926 թվականի սեպտեմբերին չորս օրվա ընթացքում 300 մմ տեղումներ են գրանցվել, ինչն աղետալի ջրհեղեղի պատճառ է դարձել[14]։

Լյուբլյանայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.8
(60.4)
19.7
(67.5)
24.3
(75.7)
27.8
(82)
32.4
(90.3)
35.6
(96.1)
37.1
(98.8)
40.2
(104.4)
30.3
(86.5)
25.8
(78.4)
20.9
(69.6)
16.7
(62.1)
40.2
(104.4)
Միջին բարձր °C (°F) 3.4
(38.1)
6.4
(43.5)
11.4
(52.5)
16.1
(61)
21.4
(70.5)
24.6
(76.3)
27.3
(81.1)
26.7
(80.1)
21.6
(70.9)
15.9
(60.6)
8.8
(47.8)
3.8
(38.8)
15.6
(60.1)
Միջին օրական °C (°F) 0.3
(32.5)
1.9
(35.4)
6.5
(43.7)
10.8
(51.4)
15.8
(60.4)
19.1
(66.4)
21.3
(70.3)
20.6
(69.1)
16.0
(60.8)
11.2
(52.2)
5.6
(42.1)
1.2
(34.2)
10.9
(51.6)
Միջին ցածր °C (°F) −2.5
(27.5)
−2.0
(28.4)
1.7
(35.1)
5.8
(42.4)
10.3
(50.5)
13.7
(56.7)
15.5
(59.9)
15.2
(59.4)
11.5
(52.7)
7.7
(45.9)
2.8
(37)
−1.1
(30)
6.6
(43.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.3
(−4.5)
−23.3
(−9.9)
−14.1
(6.6)
−3.2
(26.2)
0.2
(32.4)
3.8
(38.8)
7.4
(45.3)
5.8
(42.4)
3.1
(37.6)
−5.2
(22.6)
−14.5
(5.9)
−14.5
(5.9)
−23.3
(−9.9)
Տեղումներ մմ (դյույմ) 69
(2.72)
70
(2.76)
88
(3.46)
99
(3.9)
109
(4.29)
144
(5.67)
115
(4.53)
137
(5.39)
147
(5.79)
147
(5.79)
129
(5.08)
107
(4.21)
1362
(53,62)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 11 9 11 14 14 15 12 12 12 13 14 14 153
Միջին ամսական արևային ժամ 71 114 149 178 235 246 293 264 183 120 66 56 1974
Աղբյուր #1: Slovenian Environment Agency (ARSO)[15] (data for 1981–2010)
Աղբյուր #2: Slovenian Environment Agency (ARSO)[16] (some extreme values for 1948–2013)

Խորհրդանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիշապի քանդակ Վիշապների կամրջին

Լյուբլյանայի զինանշանը ծիրանագույն վահանն է, որը կանաչ գետնին արծաթագույն ամրոց է պատկերում։ Ամրոցը երկհարկ է՝ պսակված ուղղանկյուն ատամնաձև եզրերով։ Ունի սև պատուհաններ և բարձրացված ոսկե ճաղավանդակով դարպասներ։ Վերին հարկում հորիզոնական դիրքով նստած է կանաչ վիշապը՝ բացած թևերով, պարուրաձև փաթաթած պոչով, դուրս գցած ծիրանագույն լեզվով և ոսկե մագիլներով։ Վահանը պարուրված է ոսկեգույն նեղ ժապավենով։

Վիշապը Լայբախի հին խորհրդանշանն է, որ հայտնի է դեռևս 15-րդ դարից։ Դրան նախորդել է թևավոր առյուծը, որը պատկերված է քաղաքի՝ 13-րդ դարի կնիքում։ Վիշապի ի հայտ գալը, հնարավոր է, պայմանավորված է սուրբ Գևորգի՝ օձին հաղթելու ավանդական պատկերումով։ Լեգենդի համաձայն՝ Լոյւբլյանիցայի ափին արգոնավորդների առաջնորդ Յասոնը հաղթել է թևավոր օձին։

Լյուբլյանայի դրոշը երկու իրար հավասար հորիզոնական շերտեր են՝ վերևինը սպիտակ, ներքևինը կանաչ։ Լայնության հարաբերությունը երկարությանը 1:2,5 է։ Դրոշի կենտրոնում Լյուբլյանայի զինանշանն է։

Լյուբլյանայի պատկերանիշը նախատեսված է գովազդային նպատակներով։ Այն երկնագույն քառակուսի է սպիտակ ֆոնին և ունի վիշապի շեղ խորհրդանշան։ Զինանշանը, դրոշն ու պատկերանիշը հաստատվել են Լյուբլյանայի քաղաքային խորհրդում 2012 թվականին[17]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակ
1869—2012 թվականներ, հազար մարդ
[18]

2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով Լյուբլյանայի բնակչությունը 258,873 մարդ է (սա 953ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից), որից 47 %-ը տղամարդիկ են, 53 %-ը՝ կանայք[3]։

2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակիչների 74 %-ը սլովենացիներ են, 5 %-ը՝ սերբեր, 4 %-ը՝ բոսնիացիներ, 3 %-ը՝ խորվաթներ։ Սլովենական բնակչության 79 %-ի համար սլովեներենը հարազատ լեզու է։ հաջորդ տարածված լեզուներն են սերբերենը, խորվաթերենը, բոսնիերենը։ Բնակչության 40 %-ը կաթոլիկ է, 5 %-ը՝ ուղղափառ, 5 %-ը՝ մուսուլման, 19 %-ը՝ աթեիստ ու որևէ դավանանքի չհետևող, 17 %-ը՝ հրաժարվել է պատասխանել կրոնական պատկանելության հարցին[19]։

Լյուբլյանայի ագլոմերացիայի տարածք են ձևավորում․

  • Լյուբլյանա քաղաքը (Լյուբլյանայի քաղաքային բնակչությունը)
  • Լյուբլյանայի քաղաքային համայնքը
  • Լյուբլյանայի ագլոմերացիան, որ բաղկացած է քաղաքից և հարևան 9 համայնքներից։
  • Լյուբլյանայի ուրբանիզացված շրջանը (համընկնում է Միջին Սլովենիայի վիճակագրական շրջանին, ներառում է հարևան 26 համայնքները, երկրի բնակչության 25 %-ը, երկրի տարածքի 12,6 %-ը[20]), համապատասխանում է Եվրամիության վիճակագրական վարչության՝ Եվրոստատի ուրբանիզացման տարածքին, որի բնակչությունը 2007-2009 թվականներին կազմել է 508,607 մարդ[21]։
  • Մետրոպոլիտենի շրջանը՝ ավելի քան 600,000 բնակչությամբ[22]։

Իշխանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Լյուբլյանան երկրի մայրաքաղաքն է։ 2011 թվականից այստեղ է գտնվում Եվրամիության կազմակերպության՝ Էներգիայի փոխադարձ կարգավորման միության շտաբ-գրասենյակը։

Վարչականորեն Լոյւբլյանայի քաղաքային համայնքը կառավարվում է կենտրոնացված իշխանության կողմից, որը ներկայացնում են ժուպանը, քաղաքային խորհուրդը, վերստուգիչ խորհուրդը, իսկ ավելի ստորին մակարդակում՝ ինքնակառավարվող 17 շրջանների խորհուրդները։ Իշխանական մարմինները տեղակայված են Քաղաքային հրապարակի հարևանությամբ գտնվող քաղաքապետարանում։ Ներկայացուցչական իշխանությունը բաղկացած է 45 անդամից, որոնք չորս տարին մեկ ընտրվում են քաղաքի բնակչության կողմից։ Այն ունի քաղաքային համայնքում կարգուկանոնի փոփոխության, բյուջեի ընդունման լիազորություններ։ Լյուբլյանայի քաղաքապետը կոչվում է ժուպան․ նա քաղաքային վարչակարգի ղեկավարն է, ընտրվում է չորս տարին մեկ։

Լյուբլյանայի բյուջետային եկամուտները 2010 թվականին կազմել են 408,7 միլիոն եվրո։ Եկամուտների կառուցվածքում 52,6 %-ը բաժին է ընկնում հարկային եկամուտներին, 25,6 %-ը՝ կապիտալին, 9,2 %-ը՝ ոչ հարկային եկամուտներին։

Համայնքի շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բեժիգրադ
  2. Ցենտր
  3. Չրնուչե
  4. Дравле
  5. Գոլովեց
  6. Յարշե
  1. Մոստե
  2. Պոլե
  3. Պոսավիե
  4. Ռոժնիկ
  5. Ռուդնիկ
  6. Սոստրո[Ն 1]
  1. Շենտվիդ
  2. Շիշկա
  3. Շմարնա գորա
  4. Տրնովո
  5. Վիչ

Լյուբլյանա համայնքի մեջ, բացի Լյուբլյանա քաղաքից, մտնում է ևս 37 համայնք[23]։

  • Կարել Դեժման, 1871-1874
  • Պետեր Գրասելի, 1882-1896
  • Լեոն Ռուպնիկ, 1942-1945
  • Ֆրան Ալբրեխտ, 1945-1948
  • Յակոբ Ավշիչ, 1951-1953
  • Մարյան Դերմաստիա, 1954-1960

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրնովո կամուրջ

Սոցիալիզմի ժամանակ Լյուբլյանան եղել է Հարավսլավիայի կազմի մեջ մտնող հանրապետությունների ամենածաղկուն մայրաքաղաքը․ 1981 թվականին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է հարավսլավիայի միջին ցուցանիշի 260 %-ը[24]։

Մայրաքաղաքը կենտրոնացնում է ազգային ՀՆԱ-ի 42,6 %-ը (2009)[25]։

Այստեղ են տեղակայված Լյուբլյանայի ֆոնդային բիրժան, Սլովենիայի 300 խոշորագույն ձեռնարկություններից 119-ի շտաբ-բնակարանները (2011), որոնց թվում են նավթային Petrol, միջազգային սուպերմարկետների Mercator ցանցը, էներգետիկ Holding Slovenske elektrarne, հեռահաղորդակցման Telekom Slovenije, դեղագործական Lek, գազային Geoplin, ծխախոտի արտադրության Tobačna Grosist, դեղերի վաճառքի Kemofarmacija, էլեկտրասարքերի արտադրության Hella Saturnus Slovenija ընկերությունները[26]։

2010 թվականին քաղաք է այցելել 393,000 զբոսաշրջիկ՝ ներառյալ օտարերկրացի զբոսաշրջիկները[27]։

Համաձայն Lonely Planet հրատարակչության՝ 2014 թվականի ուսումնասիրությունների՝ Լյուբլյանան մտել է Եվրոպայի լավագույն տասը քաղաքների մեջ, որը հետաքրքիր է ճարտարապետությամբ, բնությամբ, պատմությամբ ու խոհանոցով[28]։

Կոմունալ ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբլյանայում և նրա արվարձաններում կոմունալ ծառայություններ են մատուցում Լյուբլյանայի հասարակական հոլդինգի դուստր-ձեռնարկությունները քաղաքային իշխանությունների մասնակցությամբ։

Ջրամատակարարման, ջրահեռացման և ստորերկրյա ջրերի մաքրման ծառայություններ է մատուցում Vodovod-kanalizacija ընկերությունը։ Լյուբլյանայի ջրամատակարարման գլխավոր աղբյուրը Սավա գետի ձախ ափին գտնվող Լյուբլյանայի դաշտի ստորերկրյա ջրերն են։ Ջրի մանրէազերծման համար երբեմն քլոր է կիրառվում։ Կենտրոնական մաքրող կայանները, որոնք գտնվում են քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում, օրական 80,000 մ³ ծավալով ջուր են մշակում։ Քաղաքի կենտրոնում տաք եղանակին աշխատում են խմելու ջրի ցայտաղբյուրներ։

Տաք ջրի կենտրոնացված մատակարարումը և բնական գազի բաշխումն իրականացնում է Energetika Ljubljana ընկերությունը։ Կոշտ թափոնների մշակմամբ, ճանապարհների մաքրությամբ, ինչպես նաև փողոցային գովազդի, հասարակական արտաքնոցների հարցերով զբաղվում է Snaga ընկերությունը[29]։

Լյուբլյանան մայրուղային ճանապարհների խոշոր հանգույց է։ Քաղաքի շրջակայքով անցնում է օղակաձև ավտոճանապարհ, որը կառուցվել է 1999 թվականին։ Քաղաքի կենտրոնի մեծ մասը 2007 թվականից փակ է ավտոմեքենաների երթևեկության համար։ Քաղաքով են անցնում․

  • A1 մայրուղին, որը ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք և Լլուբլյանան կապում է երկրի մյուս խոշոր քաղաքներին՝ Մարիբորին, Ցելեին և Կոպեր ծովային նավահանգստին։ Եվրոպական ավտոմոբիլային E 57 և E 70 երթուղիներն անցնում են քաղաքով ու այն կապում Վիեննային, Տրիեստին և խորվաթական Ռիեկայիին։
  • A2 ավտոմայրուղին ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք և Լյուբլյանան կապում Սլովենիայի բնակավայրերին։
Սլովենիայի ազգային թանգարան

Լյուբլյանայի բնակիչները խոսում են Լյուբլյանայի բարբառով (սլովեն.՝ ljubljanščina), որը պատկանում է սլովեներենի գորենյան բարբառին[30]։

Քաղաքում կանոնավոր ձևով կազմակերպվում են փառատոներ։ Դրանցից են այլընտրանքային ու էթնիկ Druga godba, ջազային ու փողոցային թատրոնի Ana Desetnica, այլընտրանքային մշակույթի Trnfest, ժամանակակից արվեստի Կանանց քաղաք փառատոները, LIFFE կինոփառատոնը, գրաֆիկայի բիենալեն, Լյուբլյանայի մարաթոնը[31]։

Քաղաքի գլխավոր տոնը նշվում է մայիսի 9-ին՝ ի հիշատակ 1945 թվականին ֆաշիստական զավթիչներից Լյուբլյանայի ազատագրման։ Քաղաքի երկրորդ տոնը նշվում է ապրիլի 14-ին․ այդ օրվան է վերագրվում քաղաքի մասին գրավոր առաջին հիշատակությունը[32]։

2010 թվականին քաղաքում հաշվվում էր 10 թատրոն, 14 թանգարան, 56 պատկերասրահ, արհեստավարժ 4 նվագախումբ[33]։ Պատմական ու գեղարվեստական արժեքների խոշորագույն հավաքածուները պահվում են Սլովենիայի ազգային թանգարանում (հիմնադրվել է 1821 թվականին), Ազգային պատկերասրահում (հիմնադրվել է 1918 թվականին)։ Մշակութային խոշոր այլ հաստատություններից են Սլովենիայի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի ու բալետի ազգային թատրոնը։

Ֆուտբոլային գլխավոր ասպարեզը «Բեժիգրադ» մարզադաշտն է, որ նախատեսված է 8,000 հանդիսատեսի համար։ Այն կառուցվել է 1935 թվականին Յոժե Պլեչնիկի նախագծով, «Օլիմպիա» թիմի տնային մարզադաշտն է։

  • Լյուբլյանայի համալսարանը, որը հիմնադրվել է 1919 թվականին, Սլովենիայի խոշորագույն կրթական, գիտահետազոտական հաստատությունն է, որտեղ սովորում է ավելի քան 60,000 ուսանող։ Համալսարանի կազմի մեջ են մտնում երեք ակադեմիաներ՝ երաժշտական, գեղարվեստի և թատրոնի, կինոյի ու հեռուստատեսության։ Համալսարանական գրադարանը նաև Սլովենիայի ազգային համալսարանական գրադարանն է։ Համալսարանի բժշկական ֆակուլտետը Սլովենիայի ամենամեծ բժշկական հաստությունն է, որը հիմնադրվել է 1975 թվականին։
  • Սլովենիայի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1938 թվականին։ Բաղկացած է 6 բաժանմունքնրից՝ ներառյալ բժշկականը։ Ակդեմիային կից 1981 թվականից գործում է գիտահետազոտական կենտրոն։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբլյանան ունի աստղաձև պլանային կառուցվածք, որի կենտրոնը Ռոժնիկ բլրի կեչուտն է արևմուտքում, Զամկովայա և Գոլովեց բլուրները արևելքում, Սավա գետի ափամերձ կանաչ հատվածը հյուսիսում ու Լյուբլյանայա բարյա ճահիճը հարավում[34]։ Ամրոցի պատճառով, որն իշխող տեսք ունի Հին քաղաքի նկատմամբ, Լյուբլյանան հաճախ անվանում են «փոքրիկ Պրահա»։

Լյուբլյանան հիմնադրվել է որպես միջնադարյան տիպիկ քաղաք, որտեղ բլրի ստորոտին կա ամրոց, իսկ Լյուբլյանիցա գետը դարեր շարունակ ծառայել է որպես թշնամիներից բնական պաշտպանության միջոց։ Լյուբլյանայի ուղիղ կապը հին բնակավայր Էմոնի հետ բացակայում է․ 6-րդ դարում այստեղ հաստատված սլավոնները այդ բնակավայրի ավերակներն են գտել միայն։ Ուշ միջնադարում Լյուբլյանայում եղել են ամրոցային երեք պատեր։ Միջնադարում տները հիմնականում կառուցվել են փայտից, աղյուս սկսել են օգտագործել 15-րդ դարի երկրորդ կեսից։ Պահպանված միջնադարյան կառույցներից է Գրադ ամրոցը։

16-17-րդ դարերում քաղաքը շարունակել է զարգանալ ամրոցային պատերից ներս։ 16-րդ դարում Լյուբլյանա է ներթափանցել Վերածննդի ճարտարապետական ոճը։ Ներկայիս Լյուբլյանայի հնագույն շինությունը գտնվում է նախկին Ձկան հրապարակում։ Այն թվագրվում է 1528 թվականին, կառուցված է աղյուսից։ Զամկովայա լեռան վրա գոթական ոճով կառուցվել է Սուրբ Յուրիի կապելլան։ Լյուբլյանայի հնագույն պաշտպանական պլանը վերաբերում է 1586 թվականին․ դրա հեղինակը ճարտարապետ Ն․ Անգելինիան է։

17-18-րդ դարերը անցել են բարոկկո ոճի գերիշխանությամբ։ Այս ոճով են կառուցվել Ստիչենսկի առանձնատունը Հին հրապարակում, Ավետման եկեղեցին Պրեշերնի հրապարակում, Քաղաքային հրապարակում ռատուշայի շենքը, Սուրբ Նիկոլայի մայր տաճարը, որի հեղինակը իտալացի ճարտարապետ Անդրեա դել Պոցցոն է, Երեք գետերի շատրվանը, պալատը, որը կառուցվել է ճարտարապետ Գաբրիել Գրուբերի նախագծով։ 1639 թվականին իտալացի Ջովանի Պիերոնին պատկերել է Լյուբլյանան՝ ամրոցային պատերով։ Ժամանակի հետ միջնադարյան ամրությունների դերը նվազել է, և 18-րդ դարի վերջին քանդել են պատերը՝ քաղաքի առանձնացված մասերը միավորելով մեկ ամբողջության մեջ։ 19-րդ դարում բարոկկոյին փոխարինելու է եկել կլասիցիզմը։ Նոր ոճով են կառուցվել Կազինի պալատը։ 19-րդ դարի երկրորդ կեսի ճարտարապետության մեջ առաջատար է դարձել էկլեկտիկ ոճը։ Նեոռենեսանս ոճով են կառուցվել նախագահական պալատը, կենտրոնական դեղատունը, Սլովենիայի ազգային թանգարանը[35]։

1895 թվականի երկրաշարժից հետո քաղաքը մասնակիորեն կառուցվել է Մաքս Ֆաբիանիի նախագծով․ դարերի սահմանագծին ի հայտ են եկել մոդեռն ոճի շինություններ։ Այս ժամանակին է վերաբերում Վիշապների կամուրջը, որը զարդարված է չորս վիշապների արձաններով․ դրանք քաղաքի խորհրդանիշն են։ 20-րդ դարի առաջին կեսին զգալիորեն փոխվել է Լյուբլյանայի կերպարանքը՝ շնորհիվ սլովենացի ճարտարապետ Յոժե Պլեչնիկի։ Նրա նախագծով են կառուցվել Եռաթև կամուրջը, ձևավորվել Ժալե և Նավյե գերեզմանատները։

Գրադ Լյուբլյանայի համալսարանի գլխավոր շենքը Սուրբ Նիկողայոս տաճար Սլովենիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքը

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբլյանան համագործակցում է աշխահի 21 քաղաքի հետ[36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pxweb.stat.si/SiStatData/pxweb/en/Data/-/H232S.px/table/tableViewLayout2/
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 212.
  3. 3,0 3,1 «List of settlements named 'Ljubljana'». // stat.si. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  4. {{{заглавие}}} = Ljubljana. Osebna izkaznica MOL. — Любляна: Городская община Любляна, 2011. — С. 5, 7.
  5. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin». // stat.si. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  6. Ljubljana v številkah 2003-2008. — Любляна: Городская община Любляна, 2010. — С. 13. — ISBN 978-961-6449-30-4
  7. «Ljubljana. Actual Green Supply». // urge-project.ufz.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  8. Economist Intelligence Unit. Индекс зелёных городов Европы = European Green City Index. — Мюнхен: Siemens AG, 2009. — С. 69.(չաշխատող հղում)
  9. «Ljubljana, Slovenia Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Արխիվացված է օրիգինալից 2019-02-24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  10. «MODERN CLIMATE CHANGE IN SLOVENIA». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  11. «ARSO». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «Vreme. Ljubljana». // arso.gov.si. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  13. «Seismology». // arso.gov.si. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  14. Добравц, Мина. Оценка угрозы наводнений в городской общине Любляна = Ocena ogrozenosti v mestne obcine Ljubljana zaradi poplav. — Любляна: Городская община Любляна, 2009. — С. 6, 8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  15. «Climate normals 1981–2010» (PDF). ARSO. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «Extreme values of measured yearly, monthly and daily values of chosen meteorological parameters in 1948–2011». ARSO. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  17. «Grb, zastava in ime MOL ter znak Ljubljana». // ljubljana.si. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  18. По источнику, указанному в словенском разделе Википедии: Krajevni leksikon Slovenije. — Любляна: DZS, 1995. — С. 297.
  19. {{{заглавие}}} = Simulacija priseljevanja v Ljbljansko urbano regio. — Любляна: Inštitut za narodnostna vprašanja, 2005. — С. 17, 37, 39.
  20. {{{заглавие}}} = Ljubljana. Osebna izkaznica MOL. — Любляна: Городская община Любляна, 2011. — С. 49.
  21. «Population and living conditions in Urban Audit cities, larger urban zone (LUZ)». Евростат. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  22. Коуч, Крис и др. Расползание городов в Европе: пейзаж, изменения в землепользовании и политика = Urban sprawl in Europe. — Оксфорд, Великобритания (также США и Австралия): Blackwell Publishing Ltd, 2007. — С. 123. — ISBN 978-1-4051-3917-5
  23. О муниципальном и территориальном устройстве городской общины Любляна см. Устав городской общины Любляна: «Statut Mestne občine Ljubljana». // uradni-list.si. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  24. Радовинович, Радован и др. Atlas svijeta: Novi pogled na Zemlju. — Загреб: Sveučilišna naklada Liber, 1984.
  25. {{{заглавие}}} = Ljubljana. Osebna izkaznica MOL. — Любляна: Городская община Любляна, 2011. — С. 5.
  26. «Top 300. The Largest Companies in Slovenia» (PDF). // investslovenia.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  27. City of Ljubljana — Profile. — Любляна: Городская община Любляна, 2011. — С. 8.
  28. «Названо лучшее место для отдыха в Европе». // regnum.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  29. По материалам сайта «Javni Holding Ljubljana». // jhl.si. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  30. «Mehanizem jezikovnega prilagajanja in variantnost sodobne ljubljanščine» (PDF). // centerslo.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  31. «Festivals of all kinds and sizes». // visitljubljana.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  32. City of Ljubljana — Profile. — Любляна: Городская община Любляна, 2011. — С. 7.
  33. «Ljubljana in figures». // ljubljana.si. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  34. Постановление о территориальном планировании городской общины Любляна = Odlok o občinskem prostorskem načrtu Mestne občine Ljubljana. — Любляна: Городская община Любляна, 2010. — С. 22——26. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  35. Сухадольник, Йоже. Stavbni razvoj v Ljubljani (1144—1895) // Kronika. — 1994. — С. 11—25.
  36. «Medmestno in mednarodno sodelovanje». // ljubljana.si. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  1. Շրջանի զգալի մասը ծածկված է անտառներով, տե՛ս Լյուբլյանա համայնքի տարածքային զարգացման 2010 թվականի պլանը հոդվածի Խորհրդանշաններ բաժնում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլյանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 643