Խաղաղ գոյակցություն (ռուս.՝ мирное сосуществование), մարքսիզմ-լենինիզմի համատեքստում Խորհրդային Միությունում մշակված միջպետական հարաբերություններին վերաբերող տեսություն, որը ենթադրում է՝ հրաժարվել պատերազմից որպես պետությունների միջև վիճելի հարցերը լուծելու միջոց, այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով. իրավահավասարություն, փոխըմբռնում և վստահություն պետությունների միջև, հաշվի առնել միմյանց շահերը, չմիջամտել ներքին գործերին, ընդունել, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ կերպով ընտրելու իր սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգը, խստորեն հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, զարգացնել տնտեսական և մշակութային համագործակցությունը լիակատար հավասարության և փոխադարձ շահավետության հիման վրա։ Հակադրվում էր անտագոնիստական հակասությունների սկբունքին, որը բացառում էր սոցիալիզմի և կապիտալիզմի խաղաղ գոյակցումը։ Խորհրդային Միությունն այն կիրառում էր արևմտյան աշխարհի, մասնավորապես Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի երկրների և Վարշավայի պայմանագրի կազմակերպությանի երկրների միջև հարաբերություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 709)։