Միտաննի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վաշուգանե | |||
Լեզու | Խուրրիերեն | |||
Ազգություն | Խուրրիներ | |||
Կրոն | Խուրրիական կրոն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն |
Միտաննի (այլ անվանումներ են Մաիտանի, Հանիգալբատ, Հալիգալբադ), հնագույն հուրրիական (հուրրի=հայեր)պետություն հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավային մասերում մ․թ․ա․ մոտ 17-13 դարերում։ Սկսել է գլխավոր դեր խաղալ Առաջավոր Ասիայում Խեթական թագավորության ժամանակավոր թուլացման պայմաններում: Այս պետության մասին ավելի քիչ բան գիտենք, քան խեթական թագավորության մասին։
Աշուրի անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 19-18 դարերում Միջագետքի և Ասորիքի հյուսիսում ամենահզոր պետությունն է դառնում Աշուրը, Տիգրիս գետի վրա. իշխանությունն իր ձեռքն է վերցնում Շամշի-Ադադ Ա-ը՝ թագավոր տիտղոսով և ժամանակավորապես իր գերիշխանությանը ենթարկում արևմուտքում՝ Եփրատի և արևելքում՝ Զագրոսի միջև ընկած ողջ տարածքը։ Սակայն նրա մահվանից շատ չանցած նախ Եփրատի միջին հոսանքի շրջանը, այնուհետև ինքը՝ Աշուրը կամ նրա հարևան քաղաքները, (օրինակ՝ Նինվեն) հարկադրված են լինում ենթարկվելու Բաբելոնի Համմուրաբի թագավորին։ Համմուրաբի դինաստիայի իշխանությունը ևս այս շրջաններում անկայուն եղավ։ Մ. թ. ա. 18-րդ դարի կեսերից այստեղ գերիշխող են արդեն դառնում կասսիտական ցեղերը, իսկ 17-րդ դարից՝ հուրրիները։
Միտաննիի կազմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք մանր քաղաք-պետությունների նվաճման և միավորման հետևանքով (հայագիտական ուսումնասիրությամբ Միտաննի բառը ծագում է մեկ տան մեջ միավորվելուց) մ.թ.ա. 16-րդ դարում Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում, Հյուսիսային Միջագետքում ստեղծվեց Միտաննի թագավորությունը՝ Վաշշուգանե մայրաքաղաքով։ Թեև նրա թագավորները, հավանաբար, հնդիրանական անուններ էլ էին կրում, բայց կենցաղում օգտագործում էին Հուրիերենը, իսկ պաշտոնական շրջաններում՝ նաև աքքադերենը և սեպագրի աքքադական սիստեմը։ Հավանաբար «Հուրի» և «Միտաննի» տերմինները խեթերն օգտագործել են որպես նույնանիշներ։
Պետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտաննի հուրիական պետության կազմավորում, հուրիական «Միտաննի» պետության հայտ գալը Առաջավոր Ասիայում, մ.թ.ա. 16-րդ դարում։ Միտաննին էլ ավելի հեղհեղուկ պետական կառուցվածք ուներ, քան խեթական թագավորությունները. նրա կազմի մեջ մտել էին շատ կիսանկախ շրջաններ և մանր թագավորություններ, որոնք պարտավոր էին տուրք վճարել և ռազմիկներ տրամադրել միտաննական թագավորներին։ Նրա ազդեցությունը տարածվել է՝ արևելքում ներկայիս Քիրքուքից (հնագույն Առապխա) մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրական ծովեզերքը (Ուգարիթ) և Կիլիկիան Տավրոսի լեռները, ուր գտնվում էր Կիզզվատնա թագավորությունը։ Հուրիների պետական կառուցավածքը, ինչպես խեթական թագավորության մեջ, այստեղ ևս առանձին խոշոր շրջանները կառավարվում էին արքայազունների կողմից և Միտաննի թագավորությանը ենթարկվում էին (առավել կամ պակաս ձևականորեն) մի շարք ինքնավար թագավորություններ։ Այսպես, օրինակ, Աշուրում, որը լիովին պահպանել էր իր ներքին կառուցվածքը և կառավարվում էր ավագների խորհրդի և կառավարչի կողմից, կար նաև միտանտական «դեսպան» (սուկալլու), որը մասնակցում էր քաղաքի կառավարմանը։ Միտաննիում (և առհասարակ հուրիական հասարակություններում) տեղական կառավարիչները, իսկ որտեղ դրանք չկային՝ ավագների խորհուրդը, հավանաբար, բավական անկախ էին։
Զինվորական ուժերի կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական պարհակի և զինվորական ուժերի կազմակերպումը հուրիական հասարակության մեջ, ամենայն հավանականությամբ, նման էր այն ձևին, որ տեսանք Խեթական թագավորության մեջ։ Ռազմիկներ էին տրամադրում և նրանց մասամբ հանդերձավորում համայնքները, բայց զորատեսի և արշավանքների ժամանակ նրանց պահում էր արքունիքը։ Նա էլ նետեր և այլ հանդերձանք էր մատակարարում շարքային ռազմիկներին։ Սակայն պետական և ռազմական կազմակերպությունը Միտաննիում, հավանաբար, պակաս արդյունավետ էր, քան խեթականը, քանի որ խեթերի դեմ մղված պայքարում միտանցիները արագ պարտություն կրեցին։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասկածից վեր է, որ Միտաննիի եթե ոչ անմիջական իշխանությունը, ապա գոնե ազդեցությունը տարածվել է նաև մի զգալի տերիտորիայի վրա՝ Եփրատի հովտով դեպի վեր (Տիգրիսի ակունքներից հյուսիս), առնվազն մինչև Արածանիի նրա մեջ թափվելը։ Դժվար է ասել, թե մինչև ուր էր տարածվում Միտաննիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջաններում։ Միանգամայն հավանական է, որ Միտաննիի ազդեցությունը տարածվել է հայկական Տավրոսից հարավ ընկած շրջանների վրա, ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտերը։ Ուշագրավ է եգիպտական աղբյուրների այն վկայությունը, թե մարտակառքերի համար շինանյութը Եգիպտոս էր բերվում Նախարինա երկրից (եգիպտացիներն այդպես էին կոչում Միտաննին), ըստ որում հիշատակվում են այնպիսի ծառատեսակներ, որոնք աճում են Տրապիզոնից ոչ հարավ, կամ Արարատի ստորոտներին։
Հզորության հիմանդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտաննիի հզորության հիմնադիրներ կարող են համարվել Պարատտառնա (մ.թ.ա. 16-րդ դար) և Սաուսսադատտար (մ.թ.ա. 15-րդ դարի առաջին կես) թագավորները, ժամանակի միջազգային հարաբերություններում Եգիպտոսի, Բաբելոնի, խեթական պետության թագավորների շարքում Միտաննիի թագավորը ևս կոչվում էր մեծ թագավոր։ Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհի հարավ–արևմուտքում, Միջագետքում և արևելամիջերկրյածովյան ավազանում, Առաջավոր Ասիայի մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը, որում կարևոր դերակատարում ուներ Միտաննիի թագավորությունը։ Մի շարք մանր իշխանությունների միավորման հետևանքով մ.թ.ա. XVI դ. Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում Հայաստանի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծված է Միտաննիի թագավորությունը Վաշշուգանե մայրաքաղաքով։ Միտաննիի պետական կառուցվածքի բնորոշ գծերից էր նրա կազմի մեջ բազմաթիվ կիսանկախ շրջանների և մանր թագավորությունների առկայությունը, որոնք պարտավոր էին տուրք վճարել և մարտիկներ տրամադրել պատերազմների ժամանակ։ Միտաննի թագավորությունն սկսում է էական դերակատարում ունենալ Առաջավոր Ասիայում մ.թ.ա. XVI դ. վերջերից։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտաննիի արքաների ազդեցությունը տարածվել է արևելքում մինչև Արապխա, ներկայիս Իրաքի տարածքում գտնվող Քերքուքը, ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտները, արևմուտքում մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրականի ծովեզերքը և Կիլիկյան Տավրոսի լեռները։ Միտաննիի իշխանությունը հյուսիսում տարածվել է առնվազն մինչև Արևմտյան Եփրատի և Արածանիի միախառնման շրջանը։ Դժվար է ասելը, թէ մինչև ուր էր տարածվում Միտանիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան շրջաններում։ Միտաննիի արքա Տուշրատտայի մ.թ.ա. XIV դ. կեսերին մի արձանագրությունից եզրակացվել է, որ Միտաննիի կառավարման համակարգի մեջ մտել են Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանն ամբողջությամբ։ Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին։ Այդ մասին են վկայում նրանց ինչպես հնդեվրոպական անունները, այնպես էլ դիցարանի հնդեվրոպական բնութագիրը։ Բավական է նշել, որ Միտաննիի դիցարանում պաշտվում էին հնդեվրոպական գլխավոր աստվածներ Միհրը (Միթրան), Վարունան, Ինդրան։
Պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտաննիի թագավորությանը վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի նոր թագավորության տիրակալների դեմ, քանի որ վերջիններս շարունակում էին հիքսոսների դեմ վրիժառու պատերազմը հարվածներն ուղղելով դեպի Միջերկրական ծովի արևելյան ավազան, ուր հիքսոսյան արշավանքներից հետո գոյացել էին մի քանի պետություններ։ Վերջիններիս դեմ հաջողության հասնելով Թութմոս Գ փարավոնը մ.թ.ա. 1450- ական թթ. անցնում է Եփրատը և բախվում Միտաննիի հետ։ Եգիպտոսի և Միտաննիի պատերազմը մղվում է Միջերկրական ծովի արևելյան ավազանում գերիշխանության համար։ Թութմոս Գ-ն հասնում է որոշակի հաջողության, սակայն դրությունը փոխվում է նրա հաջորդ Ամենհոթեպ Բ-ի օրոք, երբ Միտաննիի տիրակալ Սաուսադատարը շռնդալից հաջողությամբ հաղթանակներ տանելով արվել է միջերկրածովյան ավազանի մեծ մասը, ազատում է Եգիպտացիներից, այնտեղ ամրապնդելով Միտաննիի իշխանությունը։ Ամենհոթեպ Բ-ն բազմաթիվ արշավանքներ է ձեռնարկում Միտաննիի դեմ, որոնք, ըստ էության ոչ մի փոփոխություն չեն մցնում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ի վերջո նրա որդին Թութմոս Դ փարավոնը մ.թ.ա. 1400-1390 թթ. ստիպված էր հաշտություն առաջարկել Միտաննիի արքա Արտադամային։ Կնքված հաշտությունը ամրապնդվում է խնամիական ամուսնություններով։ Մի քանի սերունդ Միտաննիի արքայադուստրերը դառնում էին Եգիպտական փարավոնների առաջին տիկնայք, որոնցից ամենանշանավորը Նեֆերտիտին էր, որի անվան հետ է կապվում Եգիպտոսում արևի՝ որպես միակ աստծո պաշտամունքը, ինչը, ըստ էության, ներմուծված էր Միտաննիից։ Դաշինքի կնքման համար առավել շահագրգռված էր Եգիպտական կողմը։
Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական, ու մշակութային կապեր։ Միջերկրածովյան արևելյան ավազանի հարավն անցավ Եգիպտոսի նոր թագավորության տիրակալներին, իսկ հյուսիսը Հայաստանի հարավում և հյուսիսային Միջագետքում բարձրացող Միտաննի հնդեվրոպական թագավորությանը, որի տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ Հայկազուններ։
Միտաննիի անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեթերի գլխավոր թշնամին, սակայն, մնում է Միտաննին։ Սուպպիլուլիումասը պատերազմ է սկսում Միտաննիի դեմ։ Հարձակումը տեղի է ունենում հյուսիսից, Վերին Եփրատի հովտով, ըստ երևույթին Թեգարամայի վրայով։
Պատերազմը Միտաննիի դեմ երկարատև եղավ և հանգեցրեց այդ թագավորության լիակատար ջախջախման, դարձնելով նրան խեթերի վասալը։ Խեթերի կողմից Կարքեմիշը գրավվելու հետևանքով շրջապատման մեջ է ընկնում նաև Կիզվատնան, որը շուտով վեր է ածվում խեթական թագավորության ինքնավար մարզի։
Միտաննիի արքայացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրտա մ.թ.ա. 1550-1525
- Շուտարնա I մ.թ.ա. 1525-1500
- Պարատտարնա մ.թ.ա. 1500-1470
- Սաուսադատտար մ.թ.ա. 1470-1430
- Արտատամա I մ.թ.ա. 1430-1400
- Շուտարնա II մ.թ.ա. 1400-1375
- Արտասշումարա
- Տուշրատտա մ.թ.ա. 1375-1350
- Արտատամա II մ.թ.ա. 1360-1340
- Շուտարնա III մ.թ.ա. 1340-1320
- Շատտիվազա մ.թ.ա. 1320-1300
- Շատուարա I մ.թ.ա. 1300-1285
- Վասաշատնա մ.թ.ա. 1285-1275
- Շատուարա II մ.թ.ա. 1275-1260
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժելա Տերյան "Միտանի Հայոց Հնագույն Պետություն" 2006 թ.
- Արտակ Մովսիսյան "Հայոց Պատմության Աշխարհակալությունները" 2008 թ.