Jump to content

Հայկ նահապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Նահապետ
Հայքի հիմնադիր արքա
ՀաջորդողԱրամանյակ
ՏոհմՀայկազունիներ
գերիշխան
ՀայրԹորգոմ
ԵրեխաներԱրամանյակ, Մանավազ Հայկազունի, Ապահ Հայկազունի, Մեհեկան, Քաղոց, Խոռ Հայկազունի և Արամ

Հայկ նահապետ (նաև Հայկ թագավոր[1], Հայկ դյուցազուն, Հապետոսթյան Հայկ), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։

Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի։ Ըստ նույն պատմիչի՝ Թորգոմը ուներ 8 զավակ։ Կովկասյան բոլոր ժողովուրդները, ըստ նրա, սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է (Kartlos), ապա՝ աղվանների և մյուսների։ Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի)։ Այս եզրույթը վրացի և հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն և համահունչ չեն ինչպես Մովսես Խորենացու, այնպես էլ Լեոնտի Մրովելիի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան և Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ։

Հայկի նախնիները (աստվածաշնչյան տեսակետ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աստվածաշնչի Հայկը Նոյի հինգերոդ սերունդ է։ Համաձայն 9-րդ դարի վրացի պատմիչ Լեոնտի Մրովելլու «Քարթլիս Ցխովրեբա » «վիրաց թագավորների պատմության» Թորգոմը ուներ ութ զավակ Հայոս-Հայկ, Քարթլոս-Վրացի,Բարդոս-Ավար,Մովական-Ուդին,Լեկոս-Լեզգին,Էրոս-Դարգին, Կավկաս-Նախ,Էգրոս-Աբխազ։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյ
 
 
 
 
 
 
 
Հաբեթ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գամեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թիրաս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թորգոմ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հայկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայկը վայելչակազմ էր,թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, ովքեր ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու։

Հայկ թագավորի կյանքի հայտնի դրվագներից է նրա պատերազմը բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատները և ցեղակիցները նույնպես։ Ըստ Մովսես Խորենացու՝ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր»,; Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Կորճայքում, Արարադ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմյանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև նետով նետահարում է նրան։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Այս հաղթանակից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արևը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։

Առասպելաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ հեղինակների՝ չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։ Բացի այդ, Հայկի անունը և առասպելացված արարքները հիշատակվում են նաև արևմտաիրանական ցեղերի մոտ և գտել են իրենց արտացոլումը Ավեստայում Հայոշյանգ (Հուշանգ) անվան տակ։

Ըստ Մովսես Խորենացու և այլ հայ պատմագիրների՝ Հայկից է սերում Հայկազունիների արքայատոհմը։ Այդ ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե արքան զոհվեց Գավգամելում, Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։

«Հաբեթի սերունդների Ցանկը սահմանել և առաջադրել է Մովսես Խորենացին, որպես Հին Կտակարանի ազգաբանության ցանկերին այլընտրանք, քանզի, Պատմահայրը բողոքում է. «ս. գիրքը յուրայիններին (հրեաներին. հեղ) զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան…(հավելելով) մեր Հաբեթի սերունդները բոլորովին չկան»։ Խորենացին առաջադրել է սեփական՝ Նոյի Հաբեթ որդու ազգաբանության Ցանկ, հավելելով, որ այն ավելի հավաստի է, քան Ծննդոց բաժնի ցանկերը, քանի որ այնտեղ Հաբեթի սերունդները բացակայում են(Մ. Խորենացի, ՀՊ, էջ՝ 77-78)։ Ի տարբերություն իրենից առաջ և հետո պատմություններ գրող պատմիչների, Պատմահայրը ազնվորեն թվարկում է, թե Հաբեթի ազգաբանությունը ճշտելիս, ինքը ինչ աղբյուրներից է օգտվել՝ Աբյուդենոս, Կեփաղիոն, հունարեն գրականություն, իսկ Հին Կտակարանի Ծննդոց բաժնի ազգանության ցանկերը որևէ հավաստի աղբյուրներ չունեն։ Սկսած Խորենացուց, մեր բոլոր պատմիչները անփոփոխ են թողել «Հաբեթից սկսվող ազգաբանության», այդ թվում «Առաջին հայկյանների»՝ Հայկից մինչև Արա Գեղեցիկ» Հայկազունի առաջնորդների Ցանկը։
Ըստ Խորենացու մի շարք հայոց ազնվական տոհմեր իրենց ակունքների սկիզբ են համարում Հայկ Նահապետին։ Դրանցից են Բզնունիները, Խորխոռունիները, Մանդակունիները, Վահևունիները, Վարաժնունիները, Առանշահիկները և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. Պ․Մ․Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան 2006 թվական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 166