Կազան (ռուս.՝ Казань, թաթ.՝ Казан, Qazan), քաղաք Ռուսաստանում, Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքը, խոշոր նավահանգիստ է Վոլգայի ձախ ափին։ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ու մարզական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Կազանի կրեմլն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Քաղաքն ունի գրանցված բրենդ՝ «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք»։ Ոչ պաշտոնապես ու կիսապաշտոնական անվանվում է «ռուս ֆեդերալիզմի մայրաքաղաք» ու «աշխարհի բոլոր թաթարների մայրաքաղաք»։
2005 թվականին տոնվել է Կազանի հազարամյակը։
2011 թվականին Կազանում անցկացվել է ծանր աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։ 2013 թվականին քաղաքն ընդունել է 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադան, 2014 թվականին՝ սուսերամարտի աշխարհի առաջնությունը։
Կազանում հայ համայնքը կազմավորվել է 15-րդ դարում և 16-րդ դարի առաջին կեսին։ Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կազանի խանության միջև մղված կռիվներին։ Ցայսօր պահպանվել են Հայկական փողոց, Հայկական հրապարակ, Հայկական գերեզմանատուն անվանումները, գերեզմանատանը՝ հայկական տապանաքարեր և արևի ժամացույց։ Հայերի բնակության շրջանը կոչվել է Մահուդի թաղամաս, ինչը վկայում է, որ հայերի մեջ եղել են ոչ միայն առևտրականներ, այլև արհեստավորներ։ Տեղեկություններ կան նաև 16-17-րդ դարերի հայկական եկեղեցու մասին։ Կազանում բռնկված համաճարակի հետևանքով հայերը հեռացել են այստեղից։ 1839-1852-ին Կազանի համալսարանում գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842-1849-ին ղեկավարել է Ստեփանոս Նազարյանը[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 154)։