Դագաղ
Դագաղ, հատուկ ձևով սարքած, երկարավուն փայտյա արկղ՝ հիմնականում փայտից, որի մեջ դնում և թաղում են դիակը[1][2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դագաղ բառը ըստ Հրաչյա Աճառյանի թերևս ծագել է բնիկ հնդեվրոպական՝ dhogu/dheguh «այրել» արմատից. դագաղ-ը սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»[3]։ Գևորգ Ջահուկյանը այս ստուգաբանությունը անհավանական է համարում[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դագաղը սովորաբար երկարավուն հատուկ ձևով սարքած, կափարիչով արկղ է։ Հաճախ լինում է կտորով պատված՝ արտաքինից մուգ գույներով, իսկ ներսից սպիտակ։ Կախված մշակույթից լինում է զարդարված կտորի երիզներով, մետաղական կամ փայտյա զարդերով, խաչերով։ Հաճախ սարքում են երեսպատված և լաքապատված փայտատաշեղային սալերից։ Դագաղը պատրաստում են ննջեցյալի հասակից 8-9 սմ երկար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտյա դագաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտյա դագաղի ամենավաղ գտածոն թվագրված է մ․ թ․ ա․ 5000 թվականով։ Դագաղի մնացորդները հայտնաբերվել են Չինաստանի Շենսի նահանգում՝ Բեյշոուլինի համար 4 գերեզմանում։ Նույն նահանգում հայտնաբերված Յանշաո մշակույթի Բանպո բնակավայրում դագաղը առաջինն է, որ վկայում է քառանկյուն դագաղի մասին։ Այն չորսամյա աղջկա դագաղ է, ունի 1,4 մ երկարություն և 0,55 մ լայնություն։ Տախտակը 2-9 սմ հաստություն ունի։ Չինաստանի Շանդուն նահանգում հայտնաբերվել են Դավենկոու մշակույթի (4100–2600 թթ. մ․ թ․ ա․) 10 փայտյա դագաղ[5][6]։ Դագաղի հաստությունը կախված էր նրանում եղած շերտերի՝ դագաղների քանակից։ Ըստ «Դասական ծիսակատարություններ»[7], Xunzi[8] և Չուանցզի գրքերի[9], իրար մեջ դրված դագաղների քանակը ընդգծում էր ննջեցյալի ազնվական աստիճանը։ Նոր քարեդարյան բնակավայրերում հայտնաբերվել են Լյանչժու մշակույթի (3400–2250 թթ. մ․ թ․ ա․) երկշերտ դագաղ` կազմված արտաքին և ներքին դագաղներից։ Շանդուն նահանգի Սչուֆեն և Ինցզյաչեն բնակավայրում հայտնաբերվել են Լունշան մշակույթի (3000-2000 թթ. մ․ թ․ ա․) եռաշերտ դագաղներ[10]։
Սարկոֆագ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկոֆագը (բառացի՝ միս խժռող, մի տեսակ կրաքարի անվանում, որն իբր ոչնչացնում էր դիակները), այլ կերպ ասած՝ քարադագաղ, քարատապան, դագաղ, ոչ մեծ դամբարան է հին ժողովուրդների մոտ, լայն առումով՝ ճարտարապետորեն և գեղարվեստորեն ձևավորված որևէ դագաղ է։ Հատկապես դիտարժան են հին եգիպտական (բազմաթիվ մասերից կազմված, սկզբում՝ կացարանի տեսքով, իսկ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակից՝ մումիակերպ), Էտրուսկյան (կափարիչին մահացածի ֆիգուրով), հելլենիստական, Հին հռոմեական և վաղ միջնադարյան (հարթաքանդակներով և ճարտարապետական հարդարանքով) սարկոֆագները։ Անտիկ սարկոֆագների տիպը զարգացում է գտել Վերածննդի և բարոկկոյի դարաշրջաններում[11]։ Մինչև 19-րդ դարը հյուսիսային Սուլավեսիում որոշ մահացածներ պահվում էին վերերկրյա սարկոֆագներում, մինչև որ հոլանդացիները արգելել են այդ պրակտիկան։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դագաղը կարող է անմիջականորեն թաղվել հողի մեջ, տեղադրվել դամբարանում կամ հրկիզվել։ Որպես այլընտրանք հնարավոր է տեղադրել հողից վեր դամբարանում, ժամատանը, եկեղեցում կամ անձավում։ Շատ երկրներում դագաղը օգտագործվում է բացառապես մեկ ձևով, մյուսներում կախված մշակույթի պահանջներից հնարավոր են օգտագործման այլ ձևեր։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում հարգում են նախնիներին, և նրանց դիակները հաճախ դագաղներում պահում են երկար տանը կից, մինչև որ հնարավոր է դառնում կատարել ծիսական թաղում։ Կիրառվում են նաև զանգվածային թաղումներ։
Թաղում կիրառող երկրները օգտագործում են տարատեսակ դագաղներ։ Ինդուիզմը պահանջում է պարզ դագաղ, առանց զարդարանքների և մետաղական մասերի։ Դագաղները հավաքելու համար մեխերի փոխարեն փայտյա ցցիկնր են օգտագործում։ Հրեաները դիակը ուսերից մինչև ծունկ փաթաթում են սպիտակ սավանով, անկախ հանգուցյալի սոցիալական դիրքից, սեռից կամ տարիքից։ Չինաստանում և Ճապոնիայում ժողովրդականություն են վայելում բուրումնավետ, դժվար փտող փայտերից դագաղները։ Ավստրալիական որոշ ցեղեր թաղման համար օգտագործում են թելաբույսերով կարած կամ սոսնձած ծառի գլանաձև կեղևները։ Գլանը լցնում են չոր խոտերով[12]։
Հաճախ դագաղները պատրաստվում են դիակը մշտապես ցուցադրելու համար։ Այսպիսին են Հարալդսկարի կնոջ ապակե դագաղը Դանիայում Վայլեի Սուրբ Նիկոլայի եկեղեցում կամ Լենինի ապակյա դագաղը Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Դամբարանում։
Հաճախ դագաղը օգտագործվում է միայն դիակը տեղափոխելու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Regula Tschumi: The Figurative Palanquins of the Ga. History and Significance, in: African Arts, Vol. 46, Nr. 4, 2013, p. 60-73.
- Roberta Bonetti: Alternate Histories of the Abebuu Adekai. African Arts, Vol. 43, No. 3, 2010, p. 14-33.
- Thierry Secretan: Going into darkness: Fantastic coffins from Africa. London 1995.
- Regula Tschumi: The Buried Treasures of the Ga. Coffin Art in Ghana. Benteli, 2008. 978-3-7165-1520-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, ed. (1969). «Դագաղ». Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. Երևան: Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ.
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան (1976). «Դագաղ». Արդի հայերենի բացատրական բառարան («Հայաստան» Հրատարակչություն ed.). Երևան.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան։ Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երևան, 1926, էջ 610
- ↑ Հայերեն ստուգաբանական բառարան, Գևորգ Ջահուկյան։ «Ասողիկ» Հրատարակչություն, Երևան, 2010, էջ՝ 179
- ↑ China General Social Survey 2009, Chinese Spiritual Life Survey (CSLS) 2007. Report by: Xiuhua Wang (2015, p. 15) Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
- ↑ Underhill, Anne P. 2002. Craft Production and Social Change in Northern China. New York: Kluwer Academic/ Plenum Publishers. Underhill, Anne P., Gary M., 106.
- ↑ Legge, James (1885). Sacred Books of the East, volumes 27 and 28. Oxford: Oxford University Press.(2004), 525.
- ↑ Watson, Burton (2003). Xunzi: Basic Writings. Columbia University Press. p.101. ISBN 978-0231129657.
- ↑ Mair, Victor H. (1994). Wandering on the Way: Early Taoist Tales and Parables of Chuang Tzu. New York: Bantam Books. ISBN 0-553-37406-0. (Google Books)
- ↑ Liu, Li (2005), The Chinese Neolithic: Trajectories to Early States, Cambridge University Press, ISBN 978-0-521-81184-2.
- ↑ «Սարկոֆագ». Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 10. Երևան: Հայկական հանրագիտարան. 1984. էջ 236.
- ↑ «Bark coffin, National Museum of Australia». Nma.gov.au. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «դագաղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագաղ» հոդվածին։ |
|