Բամբակ (բամբակենի) (լատին․՝ Gossypium), փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է 35 տեսակ, որից 5-ը՝ մշակովի։ Ծառեր և թփեր են։ Մշակության մեջ օգտագործվում են միայն կյանքի առաջին տարում և այդ պատճառով էլ սխալմամբ համարվում են միամյա։ Գլխավոր արմատը լավ զարգանում է, ցողունը ճյուղավոր է, ընձյուղները՝ մոնոպոդիական և սիմպոդիական են։ Տերևաթրթեղները ունեն 3-5-7 բլթակ։ Տերևակիցները 2-ն են, կոկոնը շրջապատված է 3 ծաղկակիցներով։ Բաժակը ձուլաթերթ է, պսակը բաժանաթերթ է՝ 5 պսակաթերթերով։ Պսակաթերթերի գույնն ավելի հաճախ բաց դեղին է՝ հիմքում մոռագույն բծերով։ Երեկոյան դեմ պսակը դառնում է կարմրակապույտ։ Ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում է կատարվում։ Գինեցեյումը ցենոկարպ է, սերմնարանը՝ վերնադիր, 3-5 բնով, յուրաքանչյուր բնում մի քանի սերմնասկզբնակ։ Պտուղը տուփիկ է։ Սերմերի ամբողջ մակերեսը ծածկված է խավով և երկար մազիկներով կամ թե սերմերը լերկ են։ Էնդոսպերմ չկա։ Մազիկների երկարությունը տարբեր է՝ 10-ից մինչև 65 մմ։ Հենց մազիկների համար էլ բամբակը մշակում են։ Բամբակը շատ բազմազան կիրառություն ունի։ Սերմերից ստանում են 16-20% ճարպայուղ։
Ծաղկի բանաձևը՝ [1]: Ծաղկումն սկսում է հունիսին և շարունակվում է մինչև ցրտերը։ Բամբակը վայրի վիճակում աճում է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։
Բամբակենին թուփ է՝ կանգուն, ճյուղավորվող ցողունով, բարձրությունը՝ 70–140 սմ և ավելի։ Տերևները կանաչ են՝ 3–7-բլթականի։ Ծաղիկը խոշոր է, դեղին, բաց դեղին, վարդագույն, հիմնականում՝ ինքնափոշոտվող, երբեմն՝ խաչաձև փոշոտվող։ Պտուղը 3–5-բնանի, բաց կամ մուգ կանաչ, երբեմն՝ կարմիր, հարթ կամ մանր փոսիկներով տուփիկ է (կնգուղ), պարունակում է 20–40 ձվաձև, մազմզուկապատ սերմ (փաթիլ)։ Սերմի կեղևի արտաքին բջիջներից առաջանում են բամբակի թելերը։ Բամբակենին արժեքավոր տեխնիկական, թելատու, ձիթատու և մեղրատու բույս է։
Մշակովի տեսակներից ամենաարժեքավորը և տարածվածը 3-ն են. սովորական կամ մեքսիկական բամբակենին տալիս է բամբակի համաշխարհային հումքի 70 %-ը. մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հնդկաստանում, Չինաստանում, Աֆրիկայի և Ավստրալիայի որոշ շրջաններում։ Պերուական բամբակենին եգիպտական և խորհրդային նրբաթել բամբակենին է, որից ստացվում է երկարությամբ, բարակությամբ և ամրությամբ լավագույն թելը։ Մշակվում է Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Պերուում։ Հնդկաչինական բամբակենին մշակվում է Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, միջինասիական պետություններում, Ադրբեջանում։
Տեսակներից են նաև՝
- բամբակ ուպլանդ G. hirsutum - ծաղկակիցները կարճ են։
- բամբակ եգիպտական G. barbadense – տերևակիցները երկար են, նշտարաձև։
- բամբակ ասիական G. herbaceum, ղուլա - տուփիկը հասունացած վիճակում թույլ է բացվում։
Հայաստանում բամբակենին մշակվել է մինչև 1966 թվականը։
Բամբակենին շատ է սիրում ջերմություն, լույս, արգավանդ հող և խոնավություն։ Սովորաբար այն աճեցնում են արհեստական ոռոգմամբ։ Երբ պտուղը հասունանում է, նրա փեղկերը բացվում են, և նրանից դուրս է գալիս սպիտակ, փափուկ մանրաթելի մի փոքրիկ զանգված։ Մանրաթելը հավաքում են սերմերի հետ միասին՝ հիմնականում բամբակահավաք մեքենաներով։ Հատուկ մեքենաները սերմերի վրայից հեռացնում են մանրաթելը և ուղարկում մանվածքային ֆաբրիկաներ, որտեղ բամբակը մանում են ու գործվածքներ գործում։ Բամբակից պատրաստում են նաև պլաստմասսա, թաղանթանյութ, լուսանկարչական ժապավեն ու թուղթ։ Բամբակենու սերմերից քամում են ձեթ, որն օգտագործում են պահածոների արդյունաբերության, մարգարինի և օճառի արտադրության մեջ։ Ձեթը քամելուց հետո մնում է քուսպը, որը խտացրած անասնակեր է, պարունակում է մինչև 40 % սպիտակուցներ։ Ձեթը քամելու ընթացքում առաջացած մյուս մնացորդներից անջատում են հանքաձյութ, որն օգտագործում են ճանապարհային ամուր ծածկույթների և ջերմակայուն լաքեր պատրաստելու համար։ Սերմերի կեղևը կիրառում են էթիլ և մեթիլ սպիրտների արտադրության մեջ։ Ցողունը վառելանյութ է և շինանյութ։ Տերևներից անջատում են կիտրոնաթթու և խնձորաթթու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 261)։
|