Jump to content

Աթթիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթթիլա (այլ կիրառումներ)
Աթթիլա
լատին․՝ Attila, հուն․՝ Ἀττήλας
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 390 և ոչ ուշ քան 400
Մահացել է453[1][2][3][…]
Մահվան վայրՊանոնիա, Հին Հռոմ
ՔաղաքացիությունHunnic Empire
Մասնագիտությունցեղի առաջնորդ
ԱմուսինԿրեկա, Ildico? և Eskam's daughter?
Ծնողներհայր՝ Մունձուկ
Զբաղեցրած պաշտոններking of the Huns?
ԵրեխաներԷլլակ, Դենգիզիք և Էռնակ
 Attila the Hun Վիքիպահեստում

Աթիլա (լատին․՝ Attila, հուն․՝ Ἀττήλας, ոչ վաղ քան 390 և ոչ ուշ քան 400 - 453[1][2][3][…], Պանոնիա, Հին Հռոմ), նվաճող, զորավար, հոների խաքան (առաջնորդ) 434453 թթ։ Նա եղել է հոներից, օստգոթներից, ինչպես նաև ալաններից բաղկացած ցեղային կայսրության առաջնորդ, որը գտնվում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Իր հորեղբայր խաքան Ռոասի մահից հետո 434 թվականին իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ 444 (կամ 445) թվականին (հավանաբար) սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434 - 441 թվականներին, ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։ 436 թվականին ջախջախում է Բուրգունդական առաջին թագավորությունը (իրադարձությունները նկարագրված են «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան վիպերգության մեջ)։ 441 թվականից սկսում է պարբերական արշավներ Արևելյան Հռոմեական կայսրության մերձդանուբյան տարածքների վրա (Պաննոնիա, Դակիա, Մյոզիա), թալանում է Սերդիկա (ներկայիս Սոֆիա) և Սինգիդուն (ներկայիս Բելգրադ) քաղաքները։ 443 թվականին (այլ տվյալներով 447 թվականին) Պարսկաստան և Հայաստան կատարած անհաջող արշավանքից հետո նախաձեռնում է լայնածավալ ներխուժում Բալկաններ։ Հոների մի մասը հասնում է մինչև Հունաստանի Ֆերմոպիլները, մյուս մասը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս։ Թալանի և ավերածությունների են ենթարկվում Թրակիան, Մակեդոնիան, Հունաստանը, գրավվում է շուրջ 70 քաղաք։ Թրակիայի Քերսոնես քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (ներկայիս Հալիպոլի) Աթիլան ջախջախում է բյուզանդական զորքերը, սակայն որևէ փորձ չի կատարում զարգացնել հաջողությունը և գրավել Կոստանդնուպոլիսը, որը լավ ամրացված էր։ Բյուզանդական կայսր Թեոդոս II-ի հետ կնքված խաղաղության համաձայն Աթիլային էին զիջվում Դանուբից հարավ ընկած որոշ տարածքներ, կայսրությունը նաև պարտավորվում էր ամենամյա տուրք վճարել 2000 ոսկեդրամ։

Կառավարվան ժամանակ եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության և Բյուզանդական կայսրության ամենասարսափելի թշնամին։ Նա երկու անգամ անցել է Դանուբ գետը, թալանել Բալկանյան թերակղզին, սակայն չի կարողացել գրավել Կոստանդնուպոլիսը։ Նրա՝ դեպի Սասանյան Պարսկաստան անհաջող արշավից հետո 441 թվականին ներխուժել է Բյուզանդական կայսրություն, որից հետո՝ արևմուտք։ 451 թվականին հավաքելով իրեն ենթակա ցեղերից մեծ զորք՝ Աթիլան անցնում է Հռենոսը և ներխուժում Գալլիա (ժամանակակից Ֆրանսիան)։ Սակայն հռոմեացի զորավար Աեցիոսը վեստգոթերի աջակցությամբ ստիպում է Աթիլային նահանջել։ Անցնելով Ռեյն գետը 451 թվականին հունիսի 23-ին և հասնելով մինչև Ավրելիան (Օռլեան)՝ նա կանգ է առնում Կատալաունի հարթավայրերի մղվող մարտում (Մառնա գետի հովտում)։ «Ժողովուրդների ճակատամարտ» անունով հայտնի այդ մարտում հռոմեացիները և նրանց դաշնակից վեսթգոթերը, բուրգունդները և ֆրանկները ջախջախում են հոներին։ Ըստ պատմիչ Իորդանի վկայության ճակատամարտում ընկել է 180 հազար մարդ։ Սակայն Աեցիոսը ավարտին չի հասցնում հոների ջախջախումը՝ թույլ տալով նրանց նահանջել Հռենոսի աջ ափ։ Դա ուներ իր պատճառը՝ փոքր տարիքում Աեցիոսը վերցվել էր որպես գերի հոների կողմից՝ այդ ժամանակներում ընդունված կարգի համաձայն՝ ի նշան խաղաղության կողմերի միջև։ Հավանաբար նրա ստացած հոնական դաստիարակությունը խաղաց իր դերը այդ ժամանակ։ 452 թվականին գարնանը հավաքելով նոր զորք Աթիլան ներխուժում է Իտալիա՝ գրավելով ու թալանելով հյուսիսային պրովինցիանները՝ Աքվիլեա, Կոնկորդիա, Ալտինում, Պատավիում (Պադուա), Մեդիոլան և Տիցինում (Պավիա) քաղաքները, նրա առջև դարպասներն են բացում Վիցետիա (Վիչենցա), Վերոնա, Բրիկսիա (Բրեշիա) և Բերգամում (Բերգամո) քաղաքները։ Սակայն Հռոմի պապ Լևոն I հետ հանդիպումից հետո Աթիլան հրաժարվում է Հռոմը գրավելու մտադրությունից՝ բավարարվելով ամենամյա տուրք վճարելու խոստումով։ Հավանաբար դեր խաղացին Պապի՝ Աստծո մասին ասածները, ինչպես նաև իր սեփական խորհրդականների նախազգուշացումները մահվան մասին, ինչը եղավ, թեև առանց Հռոմի գրավման։ 453 թ. Աթիլան հանկարծամահ է լինում կաթվածից Պանոնիայի Տիս գետի մոտ իր ռազմակայանում, երբ նախապատրաստվում էր նոր արշավանքի դեպի Բյուզանդիա։ Ըստ մի վարկածի նա սպանվել է դավադրության արդյունքում։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա մահացել է իր սեփական հարսանիքի ժամանակ։ Բանն այն է, որ ամեն մի տեղում, ուր հաստատվում էին հոները, Աթիլան իրեն կին էր ընտրում այդ վայրից։ Այսպիսով նրա այդ կինը առաջինը չէր, բայց վերջինն էր։ Ասում են, որ նա պարզապես խեղդվել է գինարբուքի ժամանակ։ Ավանդության համաձայն թաղված է երեք դագաղներում՝ ոսկյա, արծաթյա և երկաթյա. նրա գերեզմանն առ այսօր գտնված չէ։ Նա կազմակերպել էր արշավներ դեպի Հին Հռոմ, սակայն չկարողացավ վերցնել Հռոմը։ Նա մահացել է 453 թվականին։ Աթիլայի մահից հետո նրա ստեղծած տերությունը փուլ առ փուլ ձուլվելով՝ կազմալուծվում է․ նրա մտերիմ խորհրդատուն` Ջեփիդսի Արդարիկը, գլխավորել է գերմանական ապստամբությունը հոների դեմ, ինչից հետո Հունական կայսրությունը փլուզվել է։

Հոները համարում էին Աթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա դարձավ գերմանական և սկանդինավյան վիպերգերի գործող անձ. «Ասք Նիբելուլգների մասին» երկում նա հանդես է գալիս Էտցել, իսկ «Ավագ Էդդայում»՝ Աթլի անվամբ։ 5-րդ դարի քրիստոնյաների համար Աթիլան հանդիսանում էր «Աստծո խարազան», որն ուղարկված է որպես պատիժ մեղքերի համար։ Հետագայում համարվում էր եվրոպական քաղաքակրթության գլխավոր թշնամիներից մեկը։ Նրա կերպարը գրավել է բազմաթիվ գրողների, երգահանների և նկարիչների ուշադրությունը (Ռաֆայել «Սբ. Լևոնի և Աթիլայի հանդիպումը» որմնանկարը, Պ.Կոռնել «Աթիլա» ողբերգությունը, Ջ. Վերդի «Աթիլա» օպերա և այլն)։

Աթիլայի կազմվածքը Հունգարիայի թանգարանում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթթիլա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթթիլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 132