Jump to content

Ջեյն Էյր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյն Էյր (այլ կիրառումներ)
Ջեյն Էյր
անգլ.՝ Jane Eyre
ԵնթավերնագիրAn Autobiography
ՀեղինակՇառլոթ Բրոնտե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրeducation novel?, ինքնակենսագրական վեպ, սիրավեպ և գոթական գրականություն
Թեմաորբ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյն Էյր, Mr. Rochester?, Բերթա Մեյսոն, St. John Rivers?, Diana Rivers? և Mary Rivers?
Նկարագրում էԹորնֆիլդ Հոլ և Անգլիա
ՀաջորդՇերլի
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀրատարակիչSmith, Elder & Co.[1] և Harper[2]
Հրատարակման տարեթիվ1847
Թարգմանիչ հայերենԱ. Բուդաղյան
OCLC940099920
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/1260
ՎիքիքաղվածքՋեյն Էյր
 Jane Eyre Վիքիպահեստում

Ջեյն Էյր (անգլ.՝ Jane Eyre [ˌdʒeɪn ˈɛər]), անգլիացի բանաստեղծ և գրող Շառլոթ Բրոնտեի դասական ստեղծագործությունն է՝ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի սիրավեպերից մեկը։ 2003 թվականի տվյալներով լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Գրքի բովանդականության հիման վրա նկարահանվել են մոտ մեկ տասնյակ ֆիլմեր։ Վեպը թարգմանվել է նաև հայերեն[3]։

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1847 թվականին «Ջեյն Էյր. կենսագրություն» վերնագրով Քարեր Բելլ (Currer Bell) կեղծանունով։

Հայերեն է թարգմանվել 1988 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Բուդաղյան[4]։

Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։

Ջեյն Էյրի անկախ կյանքը սկսվում է Թորնֆիլդում։ Ութ տարի Լոուդի դպրոցում անցկացնելուց հետո 18-ամյա Ջեյնը որպես դաստիարակչուհի աշխատանքի է ընդունվում Թորնֆիլդում, որի տիրոջ՝ միստր Ռոչեստրի հետ ծանոթանալուց հետո սկսվում է համաշխարհային գրականության մեջ ամենահայտնի ու անհավանական սիրավեպերից մեկը։ Որոշ ժամանակ իր տիրոջ հետ շփվելուց հետո Ջեյնն իր ամբողջ էությամբ սիրահարվում է նրան՝ միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ այդ միությունն անհնար է։ Երկուսի մեջ մի մեծ արգելք կար՝ սոցիալական դիրքերի անհամապատասխանություն։ Չէր կարող մեծ շրջապատ ունեցող, գեղեցկուհի օրիորդների ուշադրությունը վայելող, հարուստ միստր Ռոչեստրը համակրել աղքատ, ծնողազուրկ ու ոչ գեղեցիկ Ջեյն Էյրին, որը պարզապես իր ապօրինի դստեր՝ Ադելի դաստիարակչուհին էր։

Բայց որքան մեծ էր Ջեյնի ուրախությունն ու երջանկությունը, երբ մի օր նա իմացավ, որ իր տիրոջ սիրտն իրեն է պատկանում։ Միստր Ռոչեստրը Ջեյն Էյրին համարում էր ամենաշքեղ օրիորդն ու պատրաստվում էր Ջեյնի հետ Լուսին թռչել։ Միստր Ռոչեստրին ամենաշատը հիացնում էր Ջեյնի անկեղծությունն ու պարզությունը։

Որոշ ժամանակ անց եկավ ամուսնության օրը, որն իր հետ բերեց մի սարսափելի գաղտնիքի բացատայտում։ Միստր Ռոչեստրը խելագար կին ունի, որը նույնպես ապրում էր Թորնֆիլդում՝ հատուկ խնամակալության տակ։ Անգլիական օրենքը նման դեպքերում ամուսնալուծությունն արգելում է։ Ջեյնը չի համաձայնվում որպես սիրուհի ծառայել իր տիրոջը, և գրպանում գումար չունենալով, փախչում է՝ չիմանալով, թե ուր։

Մեկ տարի հետո, երբ Ջեյնն իր հանգուցյալ հորեղբորից 5000 ֆունտ ժառանգություն է ստանում, որոշում է փնտրել միստր Ռոչեստրին ու պարզել նրա որպիսությունը։ Նա Թորնֆիլդը գտնում է ավերված ու վառված վիճակում, իսկ իր նախկին տիրոջը՝ կուրացած ու հաշմանդամ դարձած։ Ջեյն Էյրի հեռանալուց մի քանի ամիս հետո Ռոչեստրի խելագար կինը գաղտնի դուրս էր եկել իր սենյակից, և սկսել էր վառել այն ամենը ինչ կար տանը, չխնայելով ոչինչ ու ոչ ոքի։ Իր գործն ավարտելուց հետո խելագարը աշտարակից նետվել էր ցած և մահացել։ Հրդեհից տուժել էր նաև նրա ամուսինը, ում մի աչքը դուրս էր եկել, իսկ ձեռքը՝ անդամահատվել։ Ջեյնը խոստացավ միշտ միստր Ռոչեստրի կողքին լինել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ նա այդպես անպաշտպան ու սնանկացած վիճակում էր։ Նրանք ամուսնանում են։ Կյանքի մնացած տարիներին Ջեյնն ու միստր Ռոչեստրը միասին են ապրում, որի ընթացքում միստր Ռոչեստրի մի աչքի տեսողությունը վերականգնվում է և նա ի վիճակի է լինում տեսնել իր առաջնեկին։

Ջեյնն ուժեղ ու անկախ բնավորության տեր մարդ էր՝ սկզբունքային նույնիսկ սիրո հարցում։ Չնայած նա աշխարհում ամենից շատ սիրում էր միստր Ռոչեստրին, չհամակերպվեց անազնիվ ամուսնության ու խաբեության հետ, այլ հետևեց քրիստոնեական օրենքին։ Նրանց վիճակցած էր միասին ապրել, որովհետև այդպես նրանք երջանիկ էին ու ազատ։ Գլխավոր հերոսները բազմաթիվ փորձությունների միջով անցավ, ճաշակեցին կյանքի դառնությունները, միայնությունն ու թախիծը, բայց ճակատագիրը միավորեց նրանց, և հատուցեց նրանց կրած տառապանքները։

Վաղ իրադարձությունները, երբ որբացած Ջեյնը սովորում է խիստ դպրոցում, հիմնված են հեղինակի անձնական փորձի վրա։ Նրա երկու քույրերը մահացել էին մանուկ հասակում՝ ինտերնատի վատ պայմանների պատճառով։

Մեջբերումներ գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եթե վախենաք մարդկանցից, նրանք ձեզ չեն սիրի։
  • Ոչ ոք չի կարող հույսը դնել ապագայի վրա։
  • Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին։
  • «Մնաս բարով».- գոռաց սիրտս, երբ ես գնում էի, իսկ հուսահատությունը ավելացրեց՝ «Մնաս բարով ընդմիշտ»։
  • Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
  • Տուր ինձ երջանկություն, և ես քեզ երջանիկ կդարձնեմ։
  • Բարեկամները միշտ մոռանում են նրանց, ում բախտը լքում է։
  • Այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ։
  • Մտքերս լողում էին իմ և էջերի միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. WorldCat(բազմ․) — 1971.
  2. Swartz A. Open Library — 2007. — 555 p.
  3. Ջեյն Էյր։ Վեպ / Շ. Բրոնտե; Թարգմ. և վերջաբ.՝ Ա. Բուդաղյան. - Երևան։ Հայպետհրատ, 1959. — 638 էջ
  4. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն (PDF). Vol. Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 171. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեյն Էյր հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Էյր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Էյր» հոդվածին։