Jump to content

Մակրինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակրինոս
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք հին հռոմեական կրոն
Ծննդյան օր 164[1][2] կամ 165[3][4][5]
Ծննդավայր Շերշել, Mauretania Caesariensis
Վախճանի օր 218[1][2][3][…]
Վախճանի վայր Կապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Դինաստիա Սևերոսներ
Քաղաքացիություն Հին Հռոմ
Ամուսին Նոնիա Ցելսա
Զավակներ Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս

Մակրինոս (անգլ.՝ Marcus Opellius Severus Macrinus Augustus, 164[1][2] կամ 165[3][4][5], Շերշել, Mauretania Caesariensis - 218[1][2][3][…], Կապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա), Հռոմեական կայսրն էր 217 թվականի ապրիլի 21-ից մինչև 218 թվականի հունիսի 8-ը։

Մակրինոսը ծագումով բերբեր էր Մավրիտանիայի Կեսարիա քաղաքից։ Հեծյալների դասից լինելով, նա էր հռոմեական առաջին կայսրը Մավրիտանիայից[6]։ Մինչ այդ Մակրինոսը ծառայել է կայսր Կարակալլայի օրոք որպես պրետոր պրեֆեկտ և զբաղվել է Հռոմի քաղաքացիական գործերով։ Հետագայում նա դավադրություն է կազմակերպել Կարակալլայի դեմ և սպանել նրան սեփական կյանքը պաշտպանելու մտադրությամբ, դարձել Հռոմի հաջորդ կայսր։ Մակրինոսը կայսր է հռչակվել 217 թվականի ապրիլի 11-ին կայսրության արևելյան նահանգներում և հետագայում որպես այդպիսին հաստատվել Սենատի կողմից։ Այնուամենայնիվ, իր տիրապետության ընթացքում նա երբեք հնարավորություն չի ունեցել գահակալելու Հռոմում[7]։ Նրա նախորդը՝ Կարակալլան պատերազմներ էր մղում մի քանի երկրների դեմ, այդ թվում՝ Պարթևստանի, Հայաստանի և Դակիայի։ Հռոմի պետական գանձարանը դատարկվել էր, ուստի Մակրինոսը նախ փորձել է բարեփոխումներ իրականացնել Հռոմի միջազգային դրության և տնտեսական կայունության ապահովման համար։ Մինչ Մակրինոսը դիվանագիտական գործողություններով խաղաղություն էր հաստատում առանձին թագավորությունների հետ անհաջող բախումերի արդյունքում, կատարվող լրացուցիչ դրամական ծախսերը և դրան հաջորդած հարկային բյուջետային բարեփոխումները դժգոհություն էին առաջացրել հռոմեական բանակում[8]։ Սպանված Կարակալլայի մորաքույրը՝ Յուլիան, օգտվել է առիթից և ապստամբություն հրահրել, որպեսզի իր տասնչորս տարեկան թոռը՝ Կարակալլայի օրինական ժառանգ Հելիոգաբալոսը, կայսր հռչակվի։ Պարտություն կրելով Անտիոքի ճակատամարտում 218 թվականի հունիսի 8-ին, Մակրինոսը լքել է մարտադաշտը և փորձեց Փոքր Ասիայով հասնել Հռոմ, բայց գերեվարվել է Քաղկեդոնում և ավելի ուշ մահապատժի ենթարկվել Կապադովկիայում։ Մինչ այդ նա իր որդուն՝ Դիադումենիանոսին ուղարկել էր Պարթևստանի Արտավան V-ի մոտ, սակայն այս քայլն էլ է ձախողվել։ Դիադումենիանոսը գերեվարվել և սպանվել է։ Հելիոգաբալոսը, հռոմեական լեգեոնների աջակցությամբ հռչակվել է կայսր։ Մակրինոսի մահից հետո Սենատը հայտարարել է, որ և՛ Մակրինոսը և՛ նրա որդին՝ Դիադումենիանոսը Հռոմի թշնամիներն են, և նրանց անունները և պատկերները ջնջվել, ոչնչացվել են։

Ծառայության ասպարեզում առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակրինոսի ստացած կրթությունը հնարավորություն է տվել մուտք գործել Հռոմի քաղաքականության ոլորտ։ Տարիների ընթացքում նա հեղինակավոր իրավաբանի անուն էր վաստակել և կայսր Սեպտիմիոս Սեվերոսի օրոք դարձել է կարևոր պաշտոնատար անձ։ Սեվերոսի իրավահաջորդ Կարակալլան հետագայում նրան նշանակել է պրետորյան գվարդիայի պրեֆեկտ։

Մակրինոսը, հավանաբար, վայելում էր կայսր Կարակալլայի վստահությունը և գուցե այն փոխվել էր, երբ ավանդույթի համաձայն, կանխատեսվել էր, որ Մակրինոսը կներկայացնի կայսրին և կհաջորդի նրան։ Սա էլ հոգալով իր անվտանգության մասին, վճռել է սպանել Կարակալլային, նախքան նրա կողմից դատապարտվելը։ 217 թվականի գարնանը Կարակալլան գտնվում էր կայսրության արևելյան նահանգներում պատրաստվելով Պարթևական թագավորության դեմ արշավանքին։ Մակրինոսը, ինչպես և պրետորյան գվարդիայի մյուս անդամները նրա անձնակազմի մեջ էր։ Ապրիլ ամսին Կարակալան այցելելու էր Խառանի ճակատամարտի վայրում գտնվող Լուսնի տաճարը։ Նրան ուղեկցում էր միայն նրա թիկնապահը, որին ներգրավել էր Մակրինոսը։ Ապրիլի 8-ին տաճարի ճանապարհին Կարակալլային դանակահարել է զինվոր Հուստին Մարտիալիսը, ում Մակրինոսը հավաքագրել էր սպանության կատարման համար։ Դրանից հետո Մարտիալիսը սպանվել է Կարակալլայի մարդկանցից մեկի կողմից։ Երկու-երեք օր Հռոմը մնացել է առանց կայսր։ Ապրիլի 11-ին Մակրինոսն իրեն հռչակել է կայսր և ստանձնել բոլոր կայսերական տիտղոսներն ու լիազորությունները՝ առանց Սենատի որոշմանը սպասելու։ Բանակը սատարել է Մակրինոսի հայցը որպես կայսր, և Սենատը, հեռու լինելով չի միջամտել։ Մակրինոսը երբեք չի վերադարձել Հռոմ որպես կայսր և իր իր կառավարման ընթացքում մնացել է Անտիոքում։ Նա ընդունել է Սեվերոս անունն ի պատիվ Սևերոսների դինաստիայի, և Ավգուստա կայսերական տիտղոսը հանձնել է իր կնոջը՝ Նոնիա Ցելսային։ Մակրինոսը Կեսարի և Անտոնինոսի անունները տվել է իր որդուն՝ Դիադումենիանոսին, ի պատիվ Անտոնինոսների տոհմի, դրանով իսկ նրան դարձնելով իշխանության մեջ երկրորդը։ Դիադումենյանոսը գահ բարձրանալիս ութ տարեկան էր։

Կայսերական իշխանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծյալներից ծագող Մակրինոսին Սենատն ընդունել է երկու պատճառով։ Նախ, որ հեռացվել էր Կարակալլան և հետո՝ որպեսզի ապահովվի բանակի հավատարմությունը։ Սենատորները ավելի քիչ էին անհանգստացած Մակրինոսի մավրիտանական ծագմամբ, քան նրա հեծյալներից դուրս եկած լինելով և հետևում էին իբրև կայսր նրա գործողություններին։ Նրանց դուր չէր գալիս Մակրինոսի կողմից բարձր պաշտոններում անորոշ անցյալով մարդկանց նշանակելը։ Միայն Սենատն իրավունք ուներ իր կազմից կայսր ընտրել, ինչին-որ Մակրինոսը չէր համապատասխանում։ Մակրինոսը պետք է լուծեր իր նախորդից մնացած խնդիրները։ Կարակալլան դիվանագետ չէր, ռազմատենչ էր և իր հետևից թողել էր մի շարք հակամարտություններ։ Բացի այդ Կարակալլան անամոթաբար ծախսում էր Հռոմի ստացած եկամուտը։ Փողի մեծ մասը հատկացվում էր բանակին։ Նա զորքի տարեկան վարձատրությունը 2000 սեստերցից հասցրել է 3000-ի։

Մեծաքանակ ծախսերի արդյունքում Հռոմը հայտնվել էր ծանր հարկաբյուջետային իրավիճակում։ Այս խնդրի լուծումը ևս թողնվել էր Մակրինոսին։ Մակրինոսը 217 թվականին Մծբինի ճակատամարտից հետո հաշտություն է կնքել Արտավան V Պարթևի հետ և մեծաքանակ ռազմատուգանք վճարել Պարթևստանին։ Հռոմը խնդիրներ ուներ նաև Դակիայի և Հայաստանի հետ։ Կարակալլան Հայոց Խոսրով Ա-ին ընտանիքով հանդերձ բանտարկել էր, օգտագործելով հայր-որդիներ ընտանեկան խնդիրները։ Արդյունքում հռոմեական ներխուժումն ավարտվել էր հայերի կողմից նրանց ջախջախմամբ։ Մակրինոսը խաղաղության պայմանագիր է կնքել, թագը և ավարը վերադարձրել է Խոսրովի իրավահաջորդին, որդուն՝ Տրդատ ІІ-ին, ազատել նրա մորը, վերականգնվել է Հռոմի հետ բարեկամության կարգավիճակը։ Մակրինոսը խաղաղություն է հաստատել նաև դակերի հետ, պատանդներին ազատ արձակելով, որ Մարկուս Ագրիպպայի նախաձեռնությունն էր։ Արտաքին քաղաքականության հարցերում Մակրինոսը դրսևորել է հակամարտությունները, վեճերը դիվանագիտական միջոցներով կարգավորելու և ոչ ռազմական առճակատմամբ։ Դա ըստ երևույթին ավելի շատ պայմանավորված էր ռեսուրսների և աշխատուժի բացակայությամբ, քան կայսեր անձնական նախընտրությամբ։

Մակրինոսը սկսել է փոխել Կարակալլայի վարած հարկաբյուջետային քաղաքականությունը և հակվել Սեպտիմիոս Սեվերոսի կողմից նախանշվածին։ Նման քաղաքական փոփոխություններից մեկը վերաբերում էր հռոմեական լեգեոներների վարձատտրությանը։ Կարակալլայի օրոք զինծառայողները հսկայական վճարներ էին ստանում, իսկ դրանց կրճատումն անհնար էր և հավանական կդարձներ ապստամբության վտանգը։ Փոխարենը, Մակրինոսը թույլատրել է ծառայող զինվորներին պահպանել իրենց ավելի բարձր վճարումները, իսկ նորակոչիկների վարձատրությունը իջեցրել Սեվերոսի սահմանած մակարդակին։ Մակրինոսը վերագնահատել է հռոմեական արժույթը, ավելացնելով արծաթյա դինարի մաքրությունն ու կշիռը Կարակալլայի ժամանակվա 50,78 տոկոսից և 1.66 գրամից հասցնելով 57,85 տոկոսի և 1,82 գրամի՝ 217-ի աշնանից մինչև իր թագավորության ավարտը։ Սա Սեվերոսի 197–209 թվականներին վարած դրամական քաղաքականության հայելային արտացոլումն էր։ Մակրինոսի կատարած հարկային փոփոխությունները կարող էին պաշտպանության արժանանալ, եթե դրանք չարվեին զինվորականների համար։ Հռոմեական զորքի հզորությունը չափազանց մեծ էր, և իրագործված բարեփոխումները՝ զայրացրել են վետերան զինվորներին, որոնք դիտում էին նորակոչիկների վարձատրությունը նվազեցնելու նրա գործողությունները՝ որպես իրենց արտոնությունների և վարձատրության վերջնական կրճատման կանխատեսում։ Սա էապես իջեցրել է Մակրինոսի ժողովրդականությունը այն լեգիոնների մոտ, որոնք իրեն կայսր էին հռչակել։

Կարակալլայի մայր Յուլիա Դոմնային Մակրինոսի կայսր դառնալուց հետո հանգիստ են թողել։ Այդ վիճակը փոխվել է, երբ Մակրինոսն իմացել է իր դեմ ուղղված դավադրության մասին և Անտիոքում դատապարտել է տնային կալանքի։ Այդ կինը կրծքի քաղցկեղով էր տառապում և շուտով մահացել է, ըստ երևույթին իրեն սովամահության դատապարտելով։ Այնուհետև Մակրինոսը Դոմնայի քրոջը՝ Յուլիա Մեսային և երեխաներին ուղարկել է հետ՝ Սիրիայում գտնվող Եդեսիա քաղաքը։ Այստեղից Յուլիան իրականացրել է Մակրինոսի գահընկեցության պլանները։ Մակրինոսը մնացել էր Անտիոքում, Հռոմ գնալու փոխարեն, կայսր հռչակվելուց հետո, քայլ, որը չէր նպաստել Հռոմում նրա ժողովրդականությանը, արագացնելով նրա վերջնական անկումը։

Յուլիա Մեսան հեռացել էր իր հայրենի Եդեսիա քաղաքը քսան տարվա ընթացքում կուտակված հսկայական հարստությամբ։ Նա իր հետ տարել է իր երեխաներին՝ Յուլիա Սոհեմիային և Յուուլիա Մամեային, նաև թոռներին, այդ թվում՝ Հելիոգաբալոսին։ 14-ամյա Հելիոգաբալոսը Եդեսիայում գտնվող փյունիկյան արևի աստվածուհի Հելիոգաբալոս (կամ էլ-Գաբալ) գլխավոր քուրմն էր։ Գալլիական III լեգեոնի զինվորները, որոնք տեղակայված էին Ռափանեայի մոտակայքում գտնվող ճամբարում, հաճախ այցելում էին Եդեսիա, տեսնելու թե այնտեղ գտնվող լինելով, երբ Հելիոգաբալոսը ինչպես է քրմական ծեսերն ու պարտականությունները։ Դրանից էլ օգտվել է Յուլիա Մեսան լեգիոներներին հավատացնելով, որ Հելիոգաբալոսն իսկապես Կարակալլայի անօրինական զավակն է։ Մայիսի 16-ին, Հելիոգաբալոսը Գալլիական III լեգեոնի կողմից կայսր է հռչակվել Ռափանեայի ճամբարում։ Հելիոգաբալոսի ապստամբությունից հետո Մակրինոսն ուղևորվել է Ապամեա և իր որդուն՝ Դիադումենիանոսին տվել Օգոստոսի տիտղոսը և նրան դարձրել է գահակից։

Մակրինոսը կարծել է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, բայց տքնել է որոշելու համար հետագա գործողությունների ընթացքը և մնացել էր Անտիոքում։ Նա Ուլպինուս Յուլիանոսի հրամանատարությամբ հեծելազորէ ուղարկել վերահսկելու համար ապստամբներին, բայց նրանք պարտվել են և Ուլպինոսը սպանվել է։ Այս անհաջողությունն էլ ավելի է ամրապնդել Հելիոգաբալոսի բանակը։ Շատ չանցած Հելիոգաբալոսի դաստիարակ Գաննիսի հրամանատարությամբ մի զորք շարժվել է դեպի Անտիոք և մարտի մեջ մտել Մակրինոսի զորքի հետ 218 թվականի հունիսի 8-ին, Իմմա գյուղի մոտակայքում, որը գտնվում էր Անտիոքից մոտավորապես 24 մղոն հեռավորության վրա։ Հետագայում, Անտիոքի ճակատամարտի ընթացքում, Մակրինոսը լքել է մարտադաշտը և վերադարձել է Անտիոք։ Այնուհետև Մակրինոսին ստիպել են փախչել Անտիոքից, քանի որ քաղաքում կռիվներ են սկսվել։ Հելիոգաբալոսը հետագայում մտել է Անտիոք ՝ որպես Հռոմեական կայսրության տիրակալ։ Մակրինոսը փախուստի դիմեց դեպի Հռոմ։ Հասնելով Քաղկեդոն նա ճանաչվել և գերեվարվել է։ Նրա որդին և գահակից Դիադումենիանոսը, որ ուղարկվել էր Պարթևստանի Արտավան V-ի խնամքին, նույնպես գերեվարվել էր Զեգմայի գետանցման ժամանակ և սպանվել 218 թվականի հունիսին։ Դիադումենիանոսի գահակից լինելը տևել է ընդհանուր առմամբ 14 ամիս, սպանվելով 10 տարեկան հասակում։ Մակրինոսն իմանալով որդու մահվան մասին, փորձել է փախչել գերությունից, բայց վիրավորվել է այդ անհաջող փորձի արդյունքում և այնուհետև մահապատժի ենթարկվել Կապադովկիայում։ Նրա գլուխը ուղարկվել է Հելիոգաբալոսին։ Մակրինոսի նման, Դիադումենիանոսի գլուխը նույնպես կտրվել և ուղարկվել է Հելիոգաբալոսին որպես գավաթ։

Հիշատակի ուրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակրինոսի և նրա որդու՝ Դիադումենիանոսի մահվան լուրը ստանալուն պես Սենատը նրանց հռչակել է պետության թշնամիներ։ Դա նաև պաշտոնական հայտարարության մասն էր գահը զավթած Հելիոգաբալոսի համար, ով Սենատում ճանաչվել էր որպես նոր կայսր։ Այդ հռչակագիրը հանգեցրել է երկու գործողության, որ ուղղված էին նախկին կայսրերի պատկերների դեմ։ Նախ և առաջ, նրանց դիմանկարները ոչնչացվել են և անունները ջնջվել են արձանագրություններից և պապիրուսներից։ Երկրորդ գործողությունը, որը ձեռնարկել են հօգուտ Հելիոգաբալոսի՝ Մակրինոսի դեմ ապստամբած զինվորներն այն էր, որ ոչնչացնեին Մակրինոսի բոլոր գործերն ու ունեցվածքը։ Մակրինոսի դեմ ուղղված հիշատակի ուրացումը Սենատի կողմից ընդունված նման պատժամիջոցներից առաջիններից մեկն է։ Մակրինոսի գոյություն ունեցած մարմարե կիսանդրիներից շատերը պղծվել և ջարդվել են ի պատասխան հիշատակի ուրացման։ Ոչնչացվել են նաև Մակրինոսին և Դիադումենիանոսին պատկերող մետաղադրամներից շատերը։ Մակրինոսի դեմ ուղղված այս գործողությունները Հռոմում նրա ոչ ժողովրդական լինելու վկայությունն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evene
  4. 4,0 4,1 http://symogih.ish-lyon.cnrs.fr/?q=actor-record/43761&lang=fr
  5. 5,0 5,1 http://symogih.org/resource/Actr43761
  6. Naylor, Phillip (2015). North Africa, Revised Edition: A History from Antiquity to the Present. University of Texas Press. ISBN 978-0-292-76190-2.
  7. Potter, David (2004). The Roman Empire at Bay, AD 180-395 (անգլերեն). Routledge. էջ 146. ISBN 978-0-415-10057-1.
  8. Mennen, Inge (2011). Impact of Empire, Volume 12: Power and Status in the Roman Empire, AD 193–284. Brill Academic Publishers. էջ 15. OCLC 859895124.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակրինոս» հոդվածին։