Հայաստանում բոլոր գետակներում եղել է, սակայն որոշ տեղեր ոչնչացել է։
Կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է։ Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ՝ Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում։ Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը։ Սառնասեր է։ Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված։ Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ։ Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով։ Թեփուկները մանր են։ Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից։ Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն։ Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում։ Արուներն ավելի վաղ են հասունանում։ Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7 °C ջերմաստիճանային պայմաններում։ Դնում է մինչև 5 հզ. ձկնկիթ։ Սնվում է ջրի վրա ընկնող միջատներով, նրանց թրթուրներով, ջրային իշուկներով, անձրևաորդերով, փափկամարմիններով, խոշոր առանձնյակները՝ նաև մանր ողնաշարավորներով։ Բազմացման շրջանում կարող է սնվել նաև ձկնկիթով։
Կարմրախայտը Հայաստանի արժեքավոր ձկնատեսակներից է, որի պաշարները, սակայն, գրեթե սպառվել են, և ձուկը կորցրել է արդյունագործական նշանակությունը։ Կատարվում են արհեստական պայմաններում կարմրախայտ բուծելու փորձեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 336)։