Խորեա
Խորեա | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 333.5 |
ՀՄԴ-10 | G25.525.5 |
Chorea Վիքիպահեստում |
Խորեա (հուն, xopela — պար), նյարդային համակարգի հիվանդություն, բնորոշվում է ակամա, անկանոն, ջղաձիգ շարժումներով (հիպերկինեզ), որոնք պայմանավորված են՝ ըստ ֆունկցիայի և տեղադրության տարբեր մկանախմբերի ոչ ռիթմիկ կծկումներով։ Խորեաի դեպքում ախտահարման օջախներ են հայտնաբերվել ենթակեղևային գոյացություններում (զոլավոր մարմին), ուղեղիկի ատամնաձև, կարմիր կորիզներում, հիպոթալամուսային շրջանում և գլխուղեղի կեղևում։ Խորեան մի շարք հիվանդությունների (փոքր խորեա, հղիների խորեա, Հենտինգտոնի խորեա) հիմնական ախտանշանն է, առաջանում է նաև գլխուղեղի ուռուցքների, ուղեղաբորբերի դեպքում։ Առավել հաճախ հանդիպում է փոքր խորեան։
Փոքր խորեա (ռևմատիկ խորեա, վարակական խորեա, Սիդենհամի խորեակամ Սուրբ Վիտտի պար)։ Պատճառը ռևմատիզմն է։ Բնորոշվում է մեծ կիսագնդերի կեղևի, ուղեղաթաղանթների, ենթակեղևային հանգույցների տարածուն ախտահարումներով։ Հաճախ զուգակցվում է սրտի ախտահարման հետ։ Սովորաբար հիվանդանում են 5—14 տարեկան երեխաները, հաճախ՝ աղջիկները։ Զարգանում է դանդաղ։ Երեխան դառնում է քմահաճ, դյուրագրգիռ, հաճախակի լիզում է շրթունքները, հանում լեզուն, ծամածռություններ անում։ Ծնողներն այս երևույթը հաճախ դիտում են որպես չարաճճիություն։ Սակայն շուտով ի հայտ են գալիս խորեային հատուկ կլինիկական այլ ախտանշաններ, դեմքի մկանների, լեզվի, ձեռքերի, ոտքերի, իրանի ակամա շարժումներ (հիպերկինեզ), մկանային տոնուսի խիստ իջեցում (հիպոտոնիա), խանգարվում է քայլվածքը, խոսակցությունը, պսիխիկան (երեխան դառնում է լացկան)։ Հուզումների և մտավոր լարվածության դեպքում երևույթներն ուժեղանում են։ Հիվանդությունը տևում է 1—2 ամիս։ Ժամանակին հոսպիտալացման և ճիշտ բուժման դեպքում ելքը մեծ մասամբ բարեհաջող է։
Հղիների խորեա, կլինիկական երևույթներով չի տարբերվում փոքր խորեայից։ Առաջանում է երիտասարդ կանանց մոտ, հղիության առաջին կեսին։ Նպաստում են կրկնվող անգինաները։ Որոշ դեպքերում այն փոքր խորեայի ռեցիդիվ է, որին նպաստում են հղիության ժամանակ օրգանիզմում առաջացած նյարդա-էնդոկրին տեղաշարժերը։
Հենտինգտոնի խորեա, նյարդային համակարգի ժառանգական հիվանդություն է, որի առաջին ախտանշանները դրսևորվում են 25—50 տարեկանում։ Ուղեկցվում է մտավոր ունակությունների հարաճուն անկմամբ։ Ելքն անբարեհաջող է։
Բուժումը. Փոքր խորեայի դեպքում՝ հոսպիտալացում, անկողնային ռեժիմ, անտիբիոտիկներ, սալիցիլաթթվի, կալցիումի, հակահիտոամինային պատրաստուկներ, ամիդոպիրին, բութադիոն, գլյուկոկորտիկոիդների խմբի հորմոններ, խմբի վիտամիններ, սրտային դեղամիջոցներ։ Հենտինգտոնի խորեայի դեպքում՝ ռեզերպին, հազվադեպ՝ ամինազին, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։
Կանխարգելումը. բերանի խոռոչի, քիթ-ըմպանի հիվանդությունների և ռևմատիզմի բոլոր ձևերի բուժում։ Հենտինգտոնի խորեայով հիվանդներին խորհուրդ չի տրվում երեխա ունենալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 87)։ |
|