Դիստոնիա, նյարդաբանական շարժողական խանգարման (neurological movement disorder) համախտանիշ, որի ժամանակ պահպանված կամ կրկնվող մկանային կծկումները հանգեցնում են պտտական և կրկնվող շարժումների կամ կայուն ոչ նորմալ դիրքերի։ Շարժումները կարող են դող հիշեցնել։ Դիստոնիան հաճախ ինտենսիվանում և սրանում է ֆիզիկական ակտիվությունից, և ախտանշանները կարող են տարածվել հարակից մկաններին։
Խանգարումը կարող է լինել ժառանգական կամ այլ գործոնների ազդեցության հետևանք, ինչպիսիք են՝ ծննդաբերական կամ այլ ֆիզիկական բնույթի տրավման, ինֆեկցիան, թունավորումը (օրինակ՝ կապարով թունավորում), դեղորայքի նկատմամբ ռեակցիան (մասնավորապես՝ նեյրոլեպտիկներ) կամ սթրեսը։ Բուժումը պետք է լինի անհատի պահանջներին հնարավորինս հարմարեցված և կարող է ներառել պեր-օրալ ընդունվող դեղորայք, բոտուլինոտոքսինի ներարկումներ, ֆիզիկական թերապիա կամ այլ ուղեկցող բուժումներ և վիրաբուժական միջամտություններ, ինչպես օրինակ գլխուղեղի խորը խթանումը։
Կան բազմաթիվ տիպի դիստոնիաներ, ինչպես նաև բազմաթիվ հիվանդություններ և իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դիստոնիայի առաջացման։
Դիստոնիան դասակարգվում է ըստ՝
Կլինիկական բնութագրերի, ինչպիսիք են՝ կլինիկական դրսևորման տարիքը, օրգանիզմի վրա տարածվածության աստիճանը, ախտանիշների տեսակը և միաժամանակ դիտվող այլ դրսևորումներից, որոնցից են հավելյալ շարժողական խանգարումները և նյարդաբանական ախտանիշները։
Պատճառի, որը ներառում է նյարդային համակարգում առաջացած փոփոխությունները կամ վնասումը և ժառանգականությունը։
Բժիշկները օգտագործում են այդ դասակարգումները ախտորոշման և բուժման եղանակների ընտության մեջ կողմնորոշվելու համար։