Խաչափառներ (լատին․՝ Brachyura), տասոտանի խեցգետնակերպերի կարգի անողնաշարավոր կենդանիների ենթակարգ։ Խաչափառների մարմինը բաժանվում է 2 մասի՝ գլխակուրծք և փոր։ Գլխակուրծքը լայն է, եռանկյուն կամ ձվաձև, խիտինային զրահով ծածկված։ Փորը նեղ է, կարճ, գլխակրծքի տակ քաշված։ Քայլող ոտքերի առաջին զույգն ունի աքցանաձև ճանկեր, որոնք հիմնականում կերը բռնելու և մանրացնելու համար են։ Ունեն ցողունավոր աչքեր, որոնք կարող են շարժվել բոլոր ուղղություններով։ Բաժանասեռ են, էգը և արուն արտաքինից տարբերվում են։ Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրամբարներում, ցամաքում։ Զարգանում են մետամորֆոզով (բացառությամբ քաղցրահամ ջրերում ապրողների), ձվիկներից դուրս է գալիս զոեա թրթուրը, որը փոխարինվում է մեգալոպի, ապա հասուն խաչափառի։ Քաղցրահամ ջրերում ապրող տեսակները ազատ լողացող թրթուր չունեն և զարգանում են առանց մետամորֆոզի։ Խաչափառներ սնվում են անողնաշարավորներով։ Հայտնի է 4 000 տեսակ, որից 50-ը՝ նաև ՍՍՀՄ-ում։ Հայաստանի համարյա բոլոր գետերում ու գետակներում նույնպես տարածված են։ Խաչափառների առանձին տեսակներ սննդարդյունաբերական նշանակություն ունեն, որոշ խաչափառներ վնաս են հասցնում արտադրական նշանակություն ունեցող փափկամարմիններին և ձկներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 24)։