Jump to content

Լևոն Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն II (այլ կիրառումներ)
Լևոն Բ
Կիլիկիայի Հայկական Թագավորության Թագավոր
Իշխանություն1187 թ. - 1219 թ., մայիսի 2
Թագադրում1198 թ., հունվարի 6
Լրիվ անունԼևոն Բ Մեծագործ
ՏիտղոսներԼեռների իշխան
Ծնվել է՝1150
ԾննդավայրԱնհայտ
Մահացել է՝մայիսի 2, 1219(1219-05-02)
Վախճանի վայրՍիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Թաղվել է՝Սիս (մարմինը)
Ակներ (սիրտը)
ԱզգությունՀայ
ՆախորդՌուբեն Գ
Ակներև ժառանգՖիլիպ
ՀաջորդողԶապել
ՈւղեկիցՍիբիլլա Լուսինյան
ՏոհմՌուբինյաններ
գերիշխան
ՀայրՍտեփան Ռուբինյան
ՄայրՌիտա
ԵրեխաներՌիթա–Ստեփանիա[1] և Զապել Ա Ռուբենյան
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Լևոն Բ[2] (1150, Կիլիկիայի Հայկական Թագավորություն - մայիսի 2, 1219(1219-05-02), Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայոց թագավոր 1198 թվականի հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։

Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլիկիայի հայկական թագավորությունը

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։

Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։

Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ըստ որում, Ռայմոնդի գահը կժառանգվի Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։

1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։

Կիլիկյան Հայաստանը Լևոն Բ Մեծագործի օրոք։

Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին Անտիոքի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։ Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն-Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ, 1201 թվականին հափշտակեց Անտիոքի գահը։ Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203 թվականի նոյեմբերի 11-ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206 թվականին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս. Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն-Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց արծաթյա լատինագիր շքադրամ։ 1209 թվականին և 1211 թվականին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211 թվականին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը։ 1216 թվականի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին Կիլիկիա և հունվարի 25-ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք գորականների հետ գերի ընկավ։ Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14-ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն-Ռայմոնդին։ 1219 թվականի սկզբին Անտիոքի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22-ամյա Ռուբեն-Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր Զապելին։

Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիսում, սիրտը՝ Ակներում։

Կառավարման արդյունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lundy D. R. The Peerage
  2. Runciman, Steven. A History of the Crusades – Volume III.: The Kingdom of Acre and the Later Crusades.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Բ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 589