Զորագունդ
Զինվորական կազմավորում | ||
---|---|---|
Տիպային ստորաբաժանումներ | Տիպային քանակ | Տիպային հրամանատար |
ջոկ | 8–12 | սերժանտ |
դասակ | 15–30 | լեյտենանտ |
վաշտ | 80–150 | կապիտան/մայոր |
գումարտակ | 300–800 | փոխգնդապետ |
զորագունդ/ բրիգադ |
3,000–5,000 | գնդապետ/ բրիգադի գեներալ |
դիվիզիա | 10,000–30,000 | գեներալ-մայոր |
կորպուս | 30,000–50,000 | գեներալ-լեյտենանտ |
դաշտային բանակ | 100,000–300,000 | գեներալ |
բանակային խումբ | 2+ դաշտային բանակներ | ֆելդմարշալ/ բանակի ղեկավար |
Մարզ/ ռազմաբեմ |
4+ բանակային խմբեր | գերագույն գլխավոր հրամանատար |
Զորագունդ կամ պարզապես գունդ (ռուս.՝ Полк, անգլ.՝ Regiment), խոշոր ռազմական զինված կազմավորում, զորամաս (հրաձգային, հետևակային, հեծելազորային, տանկային, հրետանային, ավիացիոն, ինժեներական և այլն)։
Զորագունդ բառեզրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանի»՝ «զօրագունդ» գոյականը (ռազմական տերմին) նշանակում է «զօրքի մի բաժանում, բաղկացած չորս գումարտակից (բատալիոն), որ ունի առանձին կառավարութիւն»։ Ըստ նույն բառարանի՝ «Չորս զօրագունդը կազմում են դիվիզիա»։ Կա «Հետևակ զօրագունդ» և «Հեծեալ զօրագունդ», այդ զորամասի գլուխ կանգնած է «Զօրագնդի հրամանատարը»[2]։ Ըստ Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»` «Զորագունդը» նշանակում է «1. Չորս գումարտակից բաղկացած զորական միավորում, գունդ»։ «2. Մեկ ամբողջություն կազմող զորք»[3]։ Ըստ Աշոտ Մուրադի Սուքիասյանի «Հայոց Լեզվի Հոմանիշների Բացատրական Բառարանի»` «Զորագունդը» նշանակում է «Ռազմագունդ, գունդ (մի քանի գումարտակից կամ մարտկոցից բաղկացած միավորում)»[4]։ Ըստ Նելլի Ռուբենի Բարաթյանի «Անգլերեն-հայերեն բառարանի»՝ «regiment» անգլերեն գոյականը թարգմանվում է «գունդ», «զորագունդ»[5]։ Ըստ Խաչատուր Հայկազի Հեքիմյանի «Ֆրանսերեն-հայերեն դպրոցական բառարանի»՝ «régiment» ֆրանսերեն գոյականը թարգմանվում է «գունդ», «զորագունդ»[6]։ Ըստ Արարատ Սահակի Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանի»՝ «полк» ռուսերեն գոյականը նշանակում է «գունդ», «զորագունդ», նաև՝ հնացած և փոխաբերական իմաստով՝ «ամբոխ, բազմություն, զորք»[7]։
Զորագունդը Աստվածաշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորագունդը (դասական կամ մաշտոցյան ուղղագրությամբ՝ «զօրագունդ») բազմիցս հիշատակվում է Աստվածաշնչում՝ մաշտոցյան գրերով 5-րդ դարի սկզբներին առաջինը թարգմանված գրքում։ Ընդ որում՝ այդ հիշատակություններում զորագունդը ներկայանում է որպես մի հսկա զորամիավորում՝ 32.200-ից մինչև 74.600 անձնակազմով։
- 27 հ «Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, և բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ»[8]։
- 4 «և նորա զօրագունդը և համարուածները եօթանասունևչորս հազար վեց հարիւր հոգի»[9]։
- 6 «և նորա զօրագունդը և համարուածները յիսունևչորս հազար չորս հարիւր հոգի»[10]։
- 8 «և նորա զօրագունդը և համարուածները յիսունևեօթը հազար չորս հարիւր հոգի»[11]։
- 11 «և նորա զօրագունդը և համարուածները քառասունևվեց հազար հինգ հարիւր հոգի»[12]։
- 13 «և նորա զօրագունդը և համարուածները յիսուն ինը հազար երեք հարիւր հոգի»[13]։
- 15 «և նորա զօրագունդը և համարուածները քառասունևհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի»[14]։
- 19 «և նորա զօրագունդը և համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի»[15]։
- 21 «և նորա զօրագունդը և համարուածները երեսունևերկու հազար երկու հարիւր հոգի»[16]։
- 23 «և նորա զօրագունդը և համարուածները երեսունևհինգ հազար չորս հարիւր հոգի»[17]։
Զորագնդի կազմը և անձնակազմի թվաքանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորագունդը (գունդը) կազմված է գումարտակներից[18] (կազակական հարյուրյակներից[19], վաշտերից[20] կամ էսկադրոններից[21]) (և/կամ դիվիզիոններից, Էսկադրիլիաներից և այլ ստորաբաժանումներից)։ Զորագունդը կամ գունդը գլխավորում է Գնդապետի աստիճան ունեցող ռազմական պաշտոնյան (ռուս.՝ Полковник, անգլ.՝ Colonel)։ Երբեմն գնդի և գումարտակի միջև սահմանը կարող է բացակայել, թեպետ գունդը համարվում է առավել խոշոր զինված կազմավորում, քան գումարտակը։ Զորագունդն ունի ինքնուրույն շտաբ, ապահովման և թիկունքային ստորաբաժանումներ։ Գնդերի խումբը կազմում է զորք կամ զորաբանակ (հին ժամանակներում) և բրիգադ[22] կամ դիվիզիա նոր և նորագույն ժամանակներում։ Այսինքն, գնդերը, որպես կանոն, մտնում են զորամիավորումների (դիվիզիաներ, բրիգադներ) կազմի մեջ։ Զորագնդում զինվորների նվազագույն թվաքանակը կազմում է շուրջ 500 մարդ[20], իսկ առավելագույնը՝ ավելի քան 2500 զինվոր (4 գումարտակ՝ յուրաքանչյուրում՝ 660-ական մարտիկ)[23] Սակայն կան նաև զորագնդի այլ կազմեր և թվաքանակներ։ Մասնավորապես Հնդկաստանի բանակի Ասսամյան զորագունդը բաղկացած է 25 գումարտակներից։ Դրանից զատ, այդ զորագնդի կազմում են երեք Ռաշտրիյա հրաձգային ստորաբաժանումները, Տարածքային բանակի երեք հետևակային գումարտակները, Տարածքային բանակի երկու բնապահպանական գումարտակները և Արունաչալի հետախույզների երկու գումարտակները։ Այդպիսով տվյալ հսկա զորագունդը բաղկացած է գրեթե 35 գումարտակներից[24][25]։ Նույն կերպ խոշոր զորամիավորումներ են դարձել նաև Հարավային Ասիայի որոշ այլ բանակների զորագնդերը։ Օրինակ՝ Փանջաբի զորագունդը սկզբնական չորս գումարտակից 1956 թ․ դարձավ 20 գումարտակից կազմված մի հսկա զորամիավորում[26]։ Այժմ այդ զորագունդն ունի 47 գումարտակ[27]։ Պակիստանում որոշ զորագնդեր ունեն նույնիսկ 50–ից ավելի գումարտակներ։
Գունդը Հին աշխարհի պետություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհի պետություններում գունդ է կոչվել ամբողջ զորքը, բանակը, իսկ ավելի ուշ՝ մարտում որոշակի նշանակության զորամասերը (առաջապահ, կողմնապահ, թիկնապահ կամ վերջապահ, պահեստային, պաշարող և այլն)։ Ըստ զինվածության գնդերը կոչվել են աղեղնազեն, նիզակավոր և այլն[28]։
Գունդը հին և միջնադարյան Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին և միջնադարյան Հայաստանում բանակը կազմվել է արքունական և նախարարական կամ իշխանական գնդերից։ Արքունական կամ Ոստանիկ գունդ կոչվել է նաև Այրարատյան (թագավորական կալվածք Այրարատ նահանգի անունով)։ Փավստոս Բուզանդը հիշատակում է «Մատենիկ գունդ», որը հավանաբար Պարսից «Մատյան» կամ «Անմահներ» կոչվող գնդի նման բաղկացած է եղել 10 հազար ընտիր մարտիկներից (մարտում զոհվածների տեղերն անմիջապես համալրվել են)։ Նախարարական կամ իշխանական ուժերը կոչվել են «Տանուտիրական գունդ», «Ազատագունդ վաշտս», «Ազատագունդ զորք» և այլն։ Հայր Մարդպետի առաջնորդած զորամասը կոչվել է «Մարդպետական գունդ»։ Թովմա Արծրունին և Ասողիկը հիշատակում են հետևակ «Սաղար գունդը», որը հավանաբար ճակատամարտում ունեցել է առաջատար, գլխավորող՝ սալարական (զորավարական) դեր։ Առանձին գունդ է կազմվել շինականներից ու ռամիկներից[28]։ Բագրատունիների ժամանակ Հայոց թագավարության զորքը բաղկացած էր արքունական և մարզպետական գնդերից։ Իշխանական ուժերից կազմված զորքը կոչվել է «Մարզպետական» կամ «Մարզպանական» գունդ, որի գլուխ կանգնած էր մարզպետ կամ մարզպան կոչվող զորավարը[29]։ Ըստ 12-րդ դարի հայ պատմիչ Մատթէոս Ուռհայեցու՝ միայն մարզպետական գունդը՝ առանց արքունական գնդի, 45.000 քաջ այրերից էր բաղկացած[30]։ Ուռհայեցու այս տեղեկությունը համընկնում է Աստվածաշնչում «զորագունդ» անվանումը կրող զորամասերի կամ զորամիավորումների թվաքանակների հետ (32.000-74.000)։ 11-րդ դարի հայ պատմիչ Արիստակես Լաստիվերտցին Բագրատունյաց ժամանակվա զորքի հիմքը՝ հեծելազորը անվանել է «սեպուհ գունդն ազատաց», որը ճոխությամբ էր օժտված[31]։
Գունդը միջնադարում և նոր ժամանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորագունդը կամ եվրոպական տերմինով՝ regiment–ը որպես զորամաս իր դերով և չափով խիաստ տարբեր էր՝ պայմանավրոված նրանով, թե որ երկրում կամ որ զորատեսակի կազմում էր այն գտնվում։ Միջնադարյան Եվրոպայում, "regiment" տերմինով նշվում էր գծային կամ ռազմաճակատային զինվորների ցանկացած խոշոր միավորում[32], որը հավաքագրվում կամ զորահավաքվում էր մեկ աշխարհագրական շրջանում՝ մի ռազմական առաջնորդի կամ հրամանատարի կողմից, ով հաճախ միաժամանակ նաև այդ զինվորների ավատատերն էր՝ ֆեոդալ տերը։ Մոտավորապես 17–րդ դարում լիարժեք գունդը սովորաբար ուներ հազար հոգուց բաղկացած անձնակազմ և սովորաբար գտնվում էր գնդապետի հրամանատարության ներքո։ Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում գունդը որպես զորամասի անվանում (ռուս.՝ полк, գերմ.՝ Regiment, ֆր.՝ régiment, իսպ.՝ regimiento, իտալ.՝ reggimento, հոլ.՝ regiment, անգլ.՝ Regiment) տարածվել է XVI — XVIII դարերում։ Մինչև XX դ․ գունդը ենթարկվել է կազմակերպական փոփոխությունների։ Այժմ համարյա բոլոր բանակներում ունի միևնույն նշանակությունը[28]։
ԱՄՆ–ի բանակի հետևակային լիակազմ զորագունդը 1855 թվականի դրությամբ բաղկացած էր 880 զինծառայողից․ այդ թվում՝ 36 սպա և 844 զինվոր։ Մարտակարգ կազմելիս ամերիկյան հետևակային զորագնդի խորությունը կազմում էր 300 յարդ՝ մոտ 274 մետր։ Զորագնդի 10 վաշտերից 8–ը ճակատ էին կազմում երկու շարքով։ 30 քայլ նրանցից դեպի ետ՝ ևս երկու վաշտ պատրաստ առաջխաղալու որպես դետքեր կամ էլ՝ մարտ հրահրողներ։ Դրանք կարող էին նաև զորասյուներ կազմել և ապահովել զորագնդերի թևերի անվտանգությունը[33]։
Հայկական զորագնդերը 20–րդ դարի երկրորդ տասնամյակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի կայսերական բանակի կազմում ստեղծվեցին հայկական գրեթե մեկ տասնյակ կամավորական ջոկատներ։ Պատերազմի ընթացքում Ռուսաստանը ենթակա ազգություններից ստեղծեց ազգային զորագնդեր՝ լատիշական, լեհական և այլն։ Հայկական կամավորական ջոկատների հիման վրա ստեղծվեցին հայկական ազգային զորագնդերը, որոնք փոքր–ինչ անց սկսեցին քանակապես ավելանալ և դարձան հայկական ազգային բանակային կորպուսի հիմքը։ Հենց նրանց մղած մարտական գործողությունների արդյունքում էլ Հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ վերստեղծելու դեռ 1375 թվականին կորսված իր ազգային պետականությունը՝ 1918 թվականի մայիսի 28–ին հռչակելով Հայաստանի Հանրապետությունը։
Զորագնդերն ըստ տիպերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի տարբեր երկրներում զորագնդերը դասակարգում են հիմնականում հետևյալ կերպ։
- Ըստ զորատեսակների – հրաձգային, (հետևակային), հեծելազորային, տանկային (զրահատանկային), մոտոհրաձգային, կապի զորքերի, ինժեներական կամ ճարտարագիտական, ճանապարհային և այլն։
- Ըստ կատարվող խնդիրների – կործանիչ, գրոհային, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ), ռազմական ոստիկանության և այլն։
- Ըստ հիմնական սպառազինության առկայության – պոնտոնակամրջային, ծանր տանկային, լողացող տանկերի և այլն։
Փաստացի զորագունդը համազորային կազմավորում է, որը բաղկացած է տարբեր զորատեսակների և մասնագիտական ծառայությունների ստորաբաժանումներից, այնպես որ զորագնդի անունը տրվում է հաշվի առնելով, թե որն է զորագնդում գերակշռող զորատեսակը կամ ծառայությունը կամ որոնք են գերակշռող խնդիրները կամ էլ որն է գերակշռող սպառազինությունը։
Զորագունդը կառուցվածքային առումով կարող է մտնել դիվիզիայի կազմի մեջ կամ ուղղակիորեն ենթարկվել բանակային կորպուսի, համազորային բանակի, նավատորմիղի, ռազմական օկրուգի (զորախմբի, նավատորմի) շտաբին։ Այդ դեպքում զորագնդի անվան մեջ առկա է «առանձին» ածականը. օրինակ՝ առանձին մոտոհրաձգային զորագունդ, առանձին տանկային զորագունդ, առանձին հրետանային զորագունդ, առանձին ավիացիոն զորագունդ, առանձին ինժեներական զորագունդ, առանձին կապի զորագունդ, առանձին ՌԷՊ–ի զորագունդ, առանձին զենիթահրթիռային զորագունդ, առանձին ուղաթիռային զորագունդ, առանձին լեռնահրաձգային զորագունդ, առանձին պարաշյուտա–դեսանտային զորագունդ և այլն։
Զորագնդերի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորագնդերը կարող են ունենալ կառուցվածքային որոշակի սկզբունքային ընդհանրություններ, սակայն կարող են նաև բավական խիստ տարբերվել՝ ըստ իրենց խնդիրների, կազմի, սպառազինության և այլն։
ԽՍՀՄ ԶՈՒ մոտոհրաձգային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև սխեմայի տեսքով ներկայացված է խորհրդային բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 371-րդ Բեռլինյան, Սուվորովի և Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր գվարդիական մոտոհրաձգային զորագնդի կառուցվածքը՝ 1986 թվականի դրությամբ։ Ոչ պաշտոնական[34]։
ԽՍՀՄ ԶՈՒ հրետանային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև սխեմայի տեսքով ներկայացված են խորհրդային բանակի հրետանային զորագնդերից երկուսի կազմակերպչահաստիքային կառուցվածքները։
Մոտոհրաձգային դիվիզիայի կազմում գտնվող հրետանային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախ՝ 108-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 1074-րդ հրետանային զորագնդի կազմակերպչահաստիքային կառուցվածքը՝ 1986 թվականի հուլիսի դրությամբ։ Ոչ պաշտոնական[35]։
Համազորային բանակի շտաբին ուղղակիորեն ենթակա բանակային հրետանու զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուհետև ներկայացված է ԽՍՀՄ Զինված Ուժերի 40-րդ բանակի (1979—1989 թթ․) 28-րդ բանակային հրետանային զորագնդի կազմակերպչահաստիքային կառուցվածքը՝ 1988 թվականի հունվարի դրությամբ։ Ոչ պաշտոնական[36]։
ԽՍՀՄ ԶՈՒ տանկային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացված է 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 24-րդ գվարդիական տանկային զորագնդի կազմակերպչահաստիքային կառուցվածքը՝ 1986 թվականի սեպտեմբերի դրությամբ։ Ոչ պաշտոնական[37]։
ԽՍՀՄ ԶՈՒ օդադեսանտային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև սխեմայի տեսքով ներկայացված են խորհրդային բանակի օդադեսանտային զորագնդերից երկուսի կազմակերպչահաստիքային կառուցվածքները։
Գվարդիական օդադեսանտային դիվիզիայի գվարդիական պարաշյուտա–դեսանտային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ ներկայացված է 05–րդ գվարդիական օդադեսանտային Վիեննայի Կարմրադրոշ դիվիզիայի 351-րդ գվարդիական պարաշյուտա–դեսանտային զորագնդի կառուցվածքը՝ 1979 թվականի հուլիսի դրությամբ[38]։
Գվարդիական առանձին օդադեսանտային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ ներկայացված է 345-րդ գվարդիական առանձին պարաշյուտա–դեսանտային զորագնդի կառուցվածքը՝ 1988 թ․ ամռան դրությամբ[39]։
Զրահահեծելազորային հետախուզական զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացվում է Ֆրանսիական բանակի RC 80 մոդելի զորագնդի կառուցվածքը՝ օրգանոգրամա–սխեմայի տեսքով։ Զորագունդը սպառազինված էր 80 միավոր «Լեկլերկ» տանկերով։ Կիրառվել է 1990 թվականի վերջից մինչև 2009 թվականը։ Իր կազմում ուներ 67 սպա, 315 ենթասպա և սերժանտ, 703 զինվոր։ Ընդամենը՝ 1085 զինծառայող։
Ամերիկյան բանակի ռեյնջերների զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացվում է ԱՄՆ բանակի էլիտար զորամասերից մեկի՝ ռեյնջերների 75–րդ զորագնդի կառուցվածքը՝ օրգանոգրամա–սխեմայի տեսքով, 2008 թ․ դրությամբ։ Զորագունդը բաղկացած էր 75–րդ հատուկ նշանակության գումարտակից և երեք ռեյնջերական գումարտակից։ Անձնակազմի թիվը մոտ 3․500 է[40]։ Ստեղծվել է 1974 թվականի հունվարի 28–ին, որպես առաջին ռեյնջերական գումարտակ։ Ըստ որոշ տվյալների՝ ռեյնջերների 1–ին գումարտակը ստեղծվել է դեռևս 1942 թվականին և գործում է մինչև այժմ։ 2006 թվականին ստեղծվել է և մինչև այժմ գործում է այս զորագնդի կազմում գտնվող հատուկ նշանակության գումարտակը։ Զորագունդը ենթարկվում է ԱՄՆ–ի հատուկ գործողությունների հրամանատարությանը։ Զորագնդի ներկայիս հրամանատարն է գնդապետ Մարկուս Ս․ Էվանսը (Colonel Marcus S. Evans)։ Զորագնդի շտաբը տեղակայված է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆորթ–Բենինգս ռազմաբազայում։ Այս զորագնդի գումարտակներից մեկը մշտապես պատրաստ է նետվելու ցանկացած ուղղությամբ։ Հրաման ստանալուն պես՝ նրանք կարող են 18 ժամում հասնել Երկրագնդի ցանկացած վայր։
Զորագունդը մասնակցել է հետևյալ պատերազմներին։
- II Համաշխարհային պատերազմ
- Կորեական պատերազմ
- Վիետնամական պատերազմ
- Ներխուժում Գրենադա
- Ներխուժում Պանամա
- Պարսից ծոցի պատերազմ
- Մոգադիշոյի ճակատամարտ (1993)
- Կոսովոյի պատերազմ
- Պատերազմ Աֆղանստանում (2001–ից մինչև այժմ)
- Իրաքի ապատերազմ
- Պատերազմ Աֆղանստանում (2015-ից մինչև այժմ)
Նշանակալից օպերացիաները․
- 1–ին ռեյնջերական գումարտակը, Օպերացիա «Րաթթեր»
- 1–ին ռեյնջերական գումարտակը, Օպերացիա «Թորչ»
- Pointe du Hoc, Օպերացիա «Օվերլորդ»
- 6–րդ ռեյնջերական գումարտակը, Օպերացիա «Կաբանատուան»
- Ազդանշանի Բլուրի ճակատամարտը, Վիետնամ, Օպերացիա «Դելավեր»
- Օպերացիա «Իգլ Քլոու»
- Օպերացիա «Գոթիկ Սերպենտ»
- Օպերացիա «Էնդյուրինգ Ֆրիդոմ»
- Օպերացիա «Ռինո»
- Օպերացիա «Անակոնդա»
- Օպերացիա «Իրաքի Ֆրիդոմ»
75–րդ Ռեյնջերական զորագնդի կազմի մեջ մտնող ստորաբաժանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորաբաժանում | Տեղակայման վայր |
---|---|
|
Ֆորթ Բեննինգ, Ջորջիա նահանգ, ԱՄՆ |
1–ին ռեյնջերական գումարտակ
|
Հանթեր բանակային օդանավակայան, Ջորջիա |
2–րդ ռեյնջերական գումարտակ
|
Լյուիս – Մաք Քորդ համազորային բազա, Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ |
3–րդ ռեյնջերական գումարտակ
|
Ֆորթ Բեննինգ, Ջորջիա |
Հատուկ նշանակության ուժերի գումարտակ
|
Ֆորթ Բեննինգ, Ջորջիա |
ԱՄՆ բանակի զրահահեծելազորային զորագնդի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև սխեմայի տեսքով ներկայացված է ԱՄՆ բանակի 11-րդ զրահահեծելազորային զորագնդի կազմակերպչահաստիքային կառուցվածքը Վիետնամի պատերազմի ժամանակ։ Զորագնդի կազմի մեջ մտնում էին երեք զրահահեծելազորային էսկադրոններ՝ 1–ին, 2–րդ, 3–րդ, 11–րդ օդային զրահահեծելազորային դասակը, 37–րդ բժշկական, 919–րդ ինժեներական վաշտերը, ռազմական ոստիկանության 720 գումարտակի Bravo վաշտը, 17–րդ հանրային տեղեկատվության ստորաբաժանումը, 28–րդ ռազմապատմական ստորաբաժանումը, 33–րդ քիմիական պաշտպանության ստորաբաժանումը, 75–րդ հետևակային ստորաբաժանումը՝ 75–րդ ռեյնջերական վաշտը, 124–րդ ավիոնիկ ստորաբաժանումը, ռազմական հետախուզության երկու ստորաբաժանումները՝ 202–րդ և 504–րդ վաշտերը, 390–րդ տրանսպորտային ստորաբաժանումը, 409–րդ բանակային անվտանգության գործակալության ստորաբաժանումը, 7–րդ ավտոմատ տվյալների մշակման դասակը, 46–րդ հատուկ հետևակային դասակը՝ հետախուզական շներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կանադայի արքայական Նյուֆաունդլենդյան զորագնդի դասակներից մեկը՝ 18–րդ դարի համազգեստով․ վարժանքներ
-
Հյուսիսցիների բանակի 54–րդ կամավորական հետևակային զորագնդի գրոհը հարավայինների դեմ․ ԱՄՆ, 1861-1865 թթ․ քաղաքացիական պատերազմ
-
Կանադայի արքայական Նյուֆաունդլենդյան զորագնդի դասակներից մեկի անձնակազմը․ 1–ին Աշխարհամարտ
-
Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստների կազմած ասիական դիվիզիայի զորագնդերից մեկը
-
1–ին լեհական զրահատանկային զորագնդի հրամանատար, փոխգնդապետ Շտեֆանովիչն ընդունում է զորագնդի Դրոշը․ Բելգիա․ մարտի 3, 1946․
-
ԱՄՆ–ի բանակի Պուերտո–Ռիկոյի 65–րդ հետևակային զորագնդի սվինագրոհը չինական դիվիզիայի դեմ․ 1950-1953 թթ․ Կորեական պատերազմ
-
Կանադայի արքայական 22–րդ զորագնդի վաշտերից մեկը զորահանդեսին․ Խորհրդարանի բլուր, Օտտավա
-
ԱՄՆ պարաշյուտիս ռենջերները ներխուժում են Գրենադա․ 25 հոկտեմբերի 1983 թ․
-
Գերմանական Ժողովրդավարական Հանրապետության Ֆ․Էնգելսի անվան պատվո պահակային գունդը, 1985 թ․, Արևելյան Բեռլին
-
ԱՄՆ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության 75–րդ ռեյնջերական զորագնդի 3–րդ գումարտակը․ Սոմալի, 1993 թ․
-
Լատվիայի զորագնդերից մեկի դասակը՝ 1998 թ․ ԱՄՆ–ի Հյուս․ Կարոլինա նահանգում ՆԱՏՕ—ի համատեղ անցկացվող զորավարժության ժամանակ
-
Բրիտանական արքայական հրաձիգների զորագնդերից մեկը․ զորահանդես
-
Հնդկաստանի Ասսամյան զորագնդի վաշտերից մեկը․ Հանրապետության օրվա զորահանդեսին
-
Բելգիական արքայական բանակի 7–րդ բրիգադի 2/4–րդ զրահահեծելազորային հետախուզական զորագնդի դասակներից մեկը․ 2007 թ․ Փարիզ, զորահանդես
-
75–րդ_Ռեյնջերական զորագնդի զինվորները մարտե են մղում Իրաքում․26 ապրիլի, 2007 թ.
-
Բրիտանական արքայական ՌՕՈՒ–ի զորագնդի 2–րդ էսկադրոնի հրաձիգները․ «Մերլին» ուղղաթիռից դեսանտ․ Աֆղանստանում, 2012 թ․
-
Բրիտանական արքայական լեյբ–գվարդիայի զորագնդի հեծյալները․ Ուայթհոլ, Լոնդոն
-
Բրիտանական արքայական բանակի գվարդիական գնդերի զորահանդեսը․ Թագուհու ծննդյան օրը, 2013 թ․
-
Բելգիական արքայական բանակի 7–րդ բրիգադի 2/4–րդ զրահահեծելազորային հետախուզական զորագնդի դրոշը
-
1–ին լեհական զրահատանկային զորագնդի մարտադրոշը 2–րդ Աշխարհամարտի ժամանակ
-
Շոտլանդական արքայական գվարդիայի զորագնդի խորհրդանշանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Учение и хитрость ратного строения пехотных людей», 1647.
- ↑ Ստեփան Մալխասեանց։ Հայերէն բացատրական բառարան։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երևան, 1944, էջ 42։
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան։ Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976, hատոր 1, Էջ 378։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց Լեզվի Հոմանիշների Բացատրական Բառարան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2009, էջ 306։
- ↑ Նելլի Ռուբենի Բարաթյան։ «Անգլերեն-հայերեն բառարան»։ Երևանի Պետական Համալսարան, Երևան, 2011, էջ 678։
- ↑ Խաչատուր Հայկազի Հեքիմյան։ «Ֆրանսերեն-հայերեն դպրոցական բառարան»։ «Լույս» հրատարակչություն, Երևան, 1971, էջ 237։
- ↑ Արարատ Սահակի Ղարիբյան։ «Ռուս-հայերեն բառարան»։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1977, էջ 835։
- ↑ Մատթեոս 27:27
- ↑ Թվոց 2:4
- ↑ Թվոց 2:6
- ↑ Թվոց 2:8
- ↑ Թվոց 2:11
- ↑ Թվոց 2:13
- ↑ Թվոց 2:15
- ↑ Թվոց 2:19
- ↑ Թվոց 2:21
- ↑ Թվոց 2:23
- ↑ 4-րդ գուրկխաների հրաձգային գունդ,
- ↑ Ներչինյան 1-ին կազակային գունդ
- ↑ 20,0 20,1 Բաթումի հուսարական գունդ
- ↑ Ալեքսանդրյան 5-րդ հուսարական գունդ
- ↑ 58-րդ Նյու-Յորքյան հետևակային գունդ
- ↑ 75-րդ ռեյնջերական գունդ։
- ↑ http://bharat-rakshak.com/ARMY/units/112-Assam-Regt.html
- ↑ http://www.globalsecurity.org/military/world/india/rgt-assam.htm
- ↑ http://www.globalsecurity.org/military/world/india/rgt-punjab.htm
- ↑ Brig. Syed Haider Abbas Rizvi (Ret.), "Veteran campaigners: a history of the Punjab Regiment, 1759–1981 (Pakistan Army)." Wajidalis, Lahore, in 1984․
- ↑ 28,0 28,1 28,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, էջ 252։
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Երևան, 1976, հատոր III, էջ 273։
- ↑ «Մատթէոսի Ուռհայեցւոյ Ժամանակագրութիւն», Վաղարշապատ, 1898, էջ 3։
- ↑ «Պատմութիւն Արիստակէսի Լաստիվերտցւոյ», աշխատությամբ Կարէն Յուզբաշյանի, Երևան, 1963, էջ 60։
- ↑ Բրիտանական հանրագիտարան, 11–րդ հրատարակություն, հատոր XXIII, էջ 39, անգլ.՝ Encyclopædia Britannica:
- ↑ https://majjamesbronan.wordpress.com/2014/03/11/lob/
- ↑ Սխեմայի հեղինակն է Kalabaha1969–ը, որը հիմնվել է 371-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի կայքից վերցված տվյալների վրա՝ http://371msp.ru/, ինչպես նաև 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի կայքից վերցված լրացուցիչ տվյալների վրա՝ http://5d.webio.ru/content.php?id=29։(չաշխատող հղում) Գծագրված է AutoCAD 2005–ում և հրապարակված է ռուսերեն վիքիպեդիայում։
- ↑ Սխեմայի հեղինակն է Kalabaha1969–ը, որը հիմնվել է 108-րդ մոտոհրաձգային դիվիզիայի կայքից վերցված տվյալների վրա՝ http://108msd.ru/ Արխիվացված 2017-10-09 Wayback Machine, Ալեքսանդր Իվանովիչ Բեշկարյովի «Խորհրդային զորամասերի ցանկը Աֆղանստանում (1979-1989 թթ.) աշխատանքից (ռուս.՝ "Бешкарев Александр Иванович, "ПЕРЕЧЕНЬ СОВЕТСКИХ ВОИНСКИХ ЧАСТЕЙ В АФГАНИСТАНЕ (1979-1989 гг.)", որոնք գտնվում էին http://www.soldat.ru/force/sssr/afganistan/perechen.html կայքում, ինչպես նաև զորագնդի վետերանների տված տվյալներից։ Գծագրված է անձամբ Kalabaha1969–ի ձեռքով AutoCAD 2005–ում և հրապարակված է ռուսերեն վիքիպեդիայում։
- ↑ Սխեմայի հեղինակն է Kalabaha1969–ը, որը հիմնվել է 28-րդ հրետանային գնդի կայքից վերցված տվյալների վրա 1Վ126 («Կապուստնիկ-Բ») ղեկավարման համակարգի նկարագրության հիման՝ վրա վերցված http://otvaga2004.ru/kaleydoskop/kaleydoskop-c4/upravlenie-ognem-samoxodnoj-artillerii/ համացանցային կայքից, ինչպես նաև 9Կ57 "Ուրագան" համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մասին՝ http://rbase.new-factoria.ru/missile/wobb/uraga/uraga.shtml կայքից վերցված տվյալներից։ Գծագրված է անձամբ Kalabaha1969–ի ձեռքով AutoCAD 2005–ում և հրապարակված է ռուսերեն վիքիպեդիայում։
- ↑ Սխեմայի հեղինակն է Kalabaha1969–ը, որը հիմնվել է 24-րդ գվարդիական տանկային զորագնդի կայքից վերցված տվյալների վրա՝ http://24tp.org Արխիվացված 2021-01-13 Wayback Machine, ինչպես նաև 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի կայքից վերցված տվյալների հիման վրա՝ http://5d.webio.ru/content.php?id=29։(չաշխատող հղում) Գծագրված է անձամբ Kalabaha1969–ի ձեռքով AutoCAD 2005–ում և հրապարակված է ռուսերեն վիքիպեդիայում։
- ↑ Սխեմայի հեղինակն է անձամբ Kalabaha1969–ը, որը և հրապարակել է ռուսերեն վիքիպեդիայում։
- ↑ Սխեմայի հեղինակն է անձամբ Kalabaha1969–ը, որը հիմնվել է 345-րդ գվարդիական առանձին պարաշյուտա–դեսանտային զորագնդի երկու կայքերից վերցված տվյալների վրա՝ http://www.345polk.ru/ Արխիվացված 2015-08-01 Wayback Machine և http://www.combat345.ru/ Արխիվացված 2008-03-06 Wayback Machine, ինչպես նաև օդադեսանտային զորքերի վետերանների ветеранов ВДВ - http://desantura.ru/ կայքի տվյալների վրա։ Այս աշխատանքի հեղինակը այդ տվյալներից իր ձեռքով AutoCAD 2005–ում պատրաստված սխեման հրապարակել է ռուսերեն վիքիպեդիայում։
- ↑ Government Accountability Office. «GAO Congressional report, Special Operations Forces: Opportunities Exist to Improve Transparency of Funding and Assess and Potential to Lesson Some Deployments». gao.gov.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 252)։ |