Kraftwerk (քրաֆթվերք, կրաֆտվերկ, գերմ.՝ էլեկտրակայան), գերմանական երաժշտական խումբ Դյուսելդորֆից։ Մեծ ավանդ ունի Էլեկտրոնային երաժշտության զարգացման գործում։ Խումբը ձևավորվել է 1968 թվականին Ֆլորիան Շնայդերի և Ռալֆ Հյութերի կողմից, սակայն մեծ հռչակ է ձեռք բերել քառյակ դառնալուց հետո, երբ խմբին են միացել նաև Վոլֆգանգ Ֆլյուրն ու Կարլ Բարտոոսը։ Այս երաժիշտների առաջին միավորումը Organisation անվամբ կվինտետն էր։
Organisation-ի և Kraftwerk -ի (մինչև Autobahn ալբոմը, 1974 թվական) վաղ շրջանի աշխատանքներում երաժշտությունը փորձառական էր և առավելապես էլեկտրոնային։ Գերիշխող ոճերն էին քրաութ ռոքը և ավանգարդը։ Այդ ժամանակ Kraftwerk համագործակցում էր հնչյունային ազդեցիկ ինժեներ Կոնի Պլանկի (գերմ.՝ Conny Plank, աշխատել է նաև Can, Neu!, Eurythmic խմբերի հետ), ինչպես նաև` փորձարկումներ էր անում տարբեր երաժիշտների հետ։ Kraftwerk խմբի անդամներն են եղել Միխայիլ Ռոտերը (գերմ.՝ Michael Rother) և Կլաուս Դինգերը (գերմ.՝ Klaus Dinger), որոնք ի վերջո հիմնել են Neu! խումբը։
Autobahn ալբոմը (1974 թվական) բեկումնային է դառնում ոչ միայն խմբի ստեղծագործության, այլ նաև` ամբողջ ժամանակակից երաժշտության համար` ցուցադրելով այդ ժամանակվա սինթեզատորների ու էլեկտրոնիկայի հնարավորությունները։ «Autobahn» երգի թեման, որն էլ որոշել է ալբոմի անվանումը, վերաբերում էր գերմանական մայրուղիներով մեքենայով ճամփորդությանը։ Այս երգի տևողությունը 22 րոպե է, այն զբաղեցրել վինիլե ձայներիզի մեկ երեսը։
Սկսած 1974 թվականից` երաժշտությունը դարձել է ավելի քիչ փորձառական, ավելի որոշակի էլեկտրոնային ռիթմ կառուցվածքով։ Հաջորդ երեք ալբոմները` Radio-Activity (1975), Trans-Europe Express (1977) և The Man Machine (1978), մեծապես ազդել են էլեկտրոնային երաժշտության և առհասարակ` ժամանակակից երաժշտության վրա։ Այս ալբոմներում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Das Model», «The Robots», «Trans-Europe Express», «Radio Activity», «Neon Lights», «Showroom Dummies» երգերը։ Սրանից հետո Kraftwerk-ի որոշ ալբոմներ թողարկվել են տարբեր լեզվային տարբերակներով, անգլերեն ու գերմաներեն երգի տեքստերով։
Kraftwerk խումբը համարվում է էլեկտրո երաժշտական ժանրի հիմնադիրը, հաճախ խմբին է վերագրվում նաև տեխնո ժանրի ստեղծումը։ Նրանք առաջին փոփ խմբերից էին, որ ստեղծել են երաժշտական կոմպոզիցիա` միայն էլեկտրոնային գործիքների օգնությամբ։ Անգամ ձայնը երբեմն ստեղծվում էր գեներատորի միջոցով կամ անցնում էր վոկոդերի միջով` դառնալով ռոբոտանման։
1980-ական թվականներին խումբը լույս է ընծայում ևս երկու` «Computer World» (1981) և «Electric Cafe» (1986) ալբոմները, ինչպես նաև` Tour de Franceսինգլը։ Սրան հաջորդում է երկար դադար, որի ընթացքում խումբը մի քանի համերգային ուղևորություններ է ունենում, թողարկում է հին կոմպոզիցիաների նորացված տարբերակներ։
«Electric Cafe»-ից հետո թողարկած առաջին երգը «Expo 2000»-ն էր (1999 թվական)։
2003 թվականին թողարկվում է երկար սպասված «Tour de France Soundtracks» ալբոմը, որը ժամանակակից հնչողություն ունի, բայց միևնույն ժամանակ խմբի ոճով է։ Ալբոմին հաջորդում է համաշխարհային շրջագայություն, որի նյութերը հիմք են դառնում «Minimum-Maximum» CD և DVD-ների համար[1]։
2009 թվականի հունվարին, ըստ EMI պաշտոնական տվյալների, խումբը լքել է դրա հիմնադիրներից մեկը` Ֆլորիան Շնայդերը, ով Kraftwerk-ի հետ աշխատել էր համարյա 40 տարի։ Նրա տեղը գրավում է Շտեֆան Պրաֆեն, ով ավելի վաղ խմբում աշխատել է որպես վիդեո ինժեներ։
2009 թվականի վերջին-2010 թվականի սկզբին խումբը հայտարարել է նոր ստուդիային ալբոմի ձայնագրման մասին։ Ալբոմի թողարկման օրն ու անունն անհայտ էին, սակայն խմբի անդամները հայտարարում էին, թե երկրպագուները կարող են լսել այն 2010 թվականի վերջին։ Հայտարարված ալբոմն այդպես էլ չի թողարկվում։
2011 թվականին 1971 թվականին խմբի կողմից թողարկած «K4» ալբոմը 50 ռոքնռոլ ալբոմների մեջ 14-րդ տեղն է գրավում ըստ Uncut ամսագրի վարկանիշի[2]։
2010 թվականին խումբը ելույթ է ունեցել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։