Jump to content

Ֆրանսիայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի ինստիտուտ
Տեսակգիտական ընկերություն
Հիմնադրված էհոկտեմբերի 25, 1795
ՀիմնադրիրԱզգային կոնվենտ
Երկիր Ֆրանսիա
Կայքinstitut-de-france.fr(ֆր.)
Ֆրանսիայի ինստիտուտ (Ֆրանսիա)##
Ֆրանսիայի ինստիտուտ (Ֆրանսիա)
Ֆրանսիայի ինստիտուտ, Ֆրանսիա
 Institut de France Վիքիպահեստում

Ֆրանսիայի ինստիտուտ (ֆր.՝ Institut de France), Ֆրանսիայի հիմնական պաշտոնական ուսումնական հաստատությունը, որը միավորում է հինգ ազգային ակադեմիաներ.

  • Ֆրանսիական ակադեմիա (ֆր.՝ Académie française), հիմնադրվել է կարդինալ Ռիշելյեի օրոք՝ 1635 թվականին՝ ֆրանսերեն լեզուն ու գրականությունը զարգացնելու համար, ունի 40 անդամ («immortels»),
  • Գրությունների ու գեղեցիկ բանասիրության ֆրանսիական ակադեմիա (ֆր.՝ Académie des inscriptions et belles-lettres), հիմնադրվել է Ժան Բատիստ Կոլբերի կողմից 1663 թվականի փետրվարին և սկզբում նախատեսված է եղել Լյուդովիկոս XIV-ի պատվին հուշարձանների ու մեդալների վրա գրությունների կազմման համար, ավելի ուշ համախմբել է պատմության, հնագիտության և լեզվաբանության բնագավառների հումանիտար գիտնականներին, ակադեմիայի պաշտոնական կարգավիճակ ունի 1701 թվականից[1], ունի 55 ֆրանսիացի և 40 օտարերկրացի անդամներ[2],
  • Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա (ֆր.՝ Académie des sciences), հիմնադրվել է 1666 թվականին Լյուդովիկոս XIV-ի կողմից Ժան Բատիստ Կոլբերի առաջարկով մաթեմատիկայի, բնական գիտությունների ու բժշկության համար,
  • Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիա (ֆր.՝ Académie des Beaux-Arts), ստեղծվել է 1803 թվականին Ֆրանսիայի գեղանկարչության ու ճարտարապետության ակադեմիայի (հիմնադրվել է 1648 թվականին, ցրվել է 1793 թվականին), Ֆրանսիայի երաժշտության ակադեմիայի (հիմնադրվել է 1669 թվականին), Ֆրանսիայի ճարտարապետության ակադեմիայի (հիմնադրվել է 1671 թվականին) միավորմամբ, ակադեմիայի պաշտոնական կարգավիճակ ունի 1816 թվականից. ներկայում ավելացվել են կինեմատոգրաֆիայի ու լուսանկարչության բաժանմունքներ, ունի 57 անդամ,
  • Բարոյական և քաղաքական գիտությունների ֆրանսիական ակադեմիա (ֆր.՝ Académie des sciences morales et politiques), հիմնադրվել է 1795 թվականին, 1803 թվականին ցրվել է և վերականգնվել 1832 թվականին, ներկայում ունի հետևյալ բաժինները՝ փիլիսոփայության, բարոյական գիտությունների ու սոցիոլոգիայի, օրենսդրության, հանրային իրավունքի ու արդարադատության, քաղաքատնտեսության, վիճակագրության և ֆինանսների, պատմության ու աշխարհագրության, ընդհանուր։

Կարդինալ և նախարար Ջուլիո Մազարինին 1661 թվականի մարտի 6-ի իր կտակով նշանակալի միջոցներ է փոխանցել երիտասարդ թագավոր Լյուդովիկոս XIV-ին՝ կառուցելու քոլեջի շենք ազնվականական տոհմերի վաթսուն ներկայացուցիչների համար այն գավառներից, որոնց միավորվել են թագավորական իշխանությամբ Վեստֆալյան (1648) և Պիրենեյան (1659) հաշտության պայմանագրերով (այդտեղից էլ վերցվել է անվանումը՝ Չորս ազգերի քոլեջ, որոնք էին՝ Արտուա, Էլզաս, Պիներոլո և Ռոսելյո)[3]։ Մազարինին ցանկություն է հայտնել թաղվել քոլեջի մատուռում (ինչպես իր նախորդ կարդինալ Ռիշելյեն Սորբոննայում), ինչպես նաև ապագա քոլեջին է ժառանգել իր անձնական գրադարանը[4]։

Ժան Բատիստ Կոլբերը հանձնարարել է թագավորական ճարտարապետ Լուի Լե Վոյի կազմել քոլեջի պլանը՝ առաջարկելով այն կառուցել Լուվրի դիմաց՝ Սենայի մյուս ափին։ Շինարարությունն կատարվել է 1662 թվականից մինչև 1688 թվականը։ Մազարինիի գրադարանը բացվել է 1682 թվականին քոլեջի շենքի արևելյան թևում։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ 1796 թվականից, շենքում տեղակայվել է Փարիզի երեք կենտրոնական բարձրագույն դպրոցներից մեկը[5]՝ «Չորս ազգերի կենտրոնական դպրոցը»։ Դպրոցը փակվել է 1802 թվականին, իսկ 1805 թվականին կայսր Նապոլեոն Բոնապարտը քոլեջի շենքում տեղավորել է Ֆրանսիայի ինստիտուտը։

Նախքան Ֆրանսիական մեծ հեղափոխությունը երկրում գործել են հինգ ինքնուրույն ակադեմիաներ՝ Ֆրանսիական, գրությունների ու մեդալների, բնական գիտությունների, գեղանկարչության ու քանդակագործության, ճարտարապետության։ Դրանք կազմալուծվել են 1793 թվականի Ազգային կոնվենտով։

Գիտությունների ու արվեստի ազգային ինստիտուտը հիմնադրվել է Ֆրանսիայի սահմանադրության 1795 թվականի օգոստոսի 22-ի 298 հոդվածի համաձայն՝ «գտածոների հավաքման և արվեստների ու գիտության կատարելագործման» համար։ 1795 թվականի հոկտեմբերի 25-ի (համարվում է Ֆրանսիայի ինստիտուտի հիմնադրման ամսաթիվ) օրենսդիր ակտով ստեղծվել է երեք դասարան (բաժին).

  • ֆիզիկայի և մաթեմատիկայի,
  • բարոյական և քաղաքական գիտությունների,
  • գրականության և արվեստների։

Նապոլեոն Բոնապարտի կոնսուլական դեկրետով 1803 թվականին փակվել է բարոյական և քաղաքական գիտությունների դասարանը, իսկ գրականության և արվեստների դասարանի փոխարեն հիմնադրվել են երեք նոր դասարաններ՝ ֆրանսերեն լեզվի ու բանասիրության, հնագույ պատմության ու գրականության, գեղեցիկ արվեստների։ 1806 թվականին Գիտությունների ու արվեստի ազգային ինստիտուտը վերանվանվել է Ֆրանսիայի ինստիտուտի[6]։ 1816 թվականին դասարանները նորից կոչվել են ակադեմիա։ 1832 թվականին Ֆրանսիայի ինստիտուտի կազմում վերստեղծվել է Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիան, և ինստիտուտի ենթակառուցվածքն ստացել է հինգ ակադեմիաների տեսք, ինչը պահպանվում է մինչ օրս[7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ինստիտուտի հիմնական գործունեությունը գիտական նյութերի հրատարակությունն է, գրադարանների, թանգարանների, շենքերի ու հուշարձանների, ինչպես նաև շուրջ 1000 տարբեր հիմնադրամների գործունեության ապահովումը, համագործակցությունը ազգային կրթական համակարգի հետ։ Ֆրանսիայի ինստիտուտը շնորհում է մրցանակներ ու դրամաշնորհներ, որոնց ընդհանուր չափը 2006 թվականին կազմել է շուրջ 12 մլն եվրո[8]։ Ինստիտուտին առընթեր ստեղծվել է «Canal Académie» առցանց ռադիոալիքը[9]։

Եռամսյակը մեկ անգամ անցկացվում է բոլոր ակադեմիաների ընդհանուր ժողով՝ քննարկելու համար ընդհանուր հարցեր։ Նոր անդամների ընտրության արդյունքները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվում յուրաքանչյուր ակադեմիայի ժողովներում, հաստատվում են Ֆրանսիայի նախագահի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիայի ինստիտուտի պաշտոնական կայքը(ֆր.)
  • «Институт французский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Институт Франции // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի ինստիտուտ» հոդվածին։