Jump to content

Քուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուին
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերպրոգրեսիվ ռոք, գլեմ ռոք[1], հարդ ռոք, ռոք[2][3], արտ ռոք[4], փոփ ռոք, հևի մետալ[5] և մետալ
Գործունեություն1970–ներկա
ԼեյբլElektra Records, Capitol Records, EMI Records, Hollywood Records, Parlophone, Island Records և EMI
Կապված
Պարգևներ
Կայքqueenonline.com
Անդամներ
Բրայան Մեյ
Ռոջեր Թեյլոր
Նախկին անդամներ
Ֆրեդի Մերկուրի
Ջոն Դիքոն
 Queen (musical group) Վիքիպահեստում

Քուին (անգլ.՝ Queen), բրիտանական ռոք խումբ, որը ստեղծվել է 1970 թվականին Լոնդոնում Ֆրեդի Մերկուրիի, Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի կողմից։ Այնուհետև նրանց խմբին միացել է Ջոն Դիքոնը (բաս կիթառ)։ Նրանց առաջին ստեղծագործությունները ստեղծվել են պրոգրեսիվ ռոքի, հարդ ռոքի և հևի մետալի ազդեցությամբ, սակայն շուտով խումբը սկսել է ձայնագրել նաև ավելի ավանդական երգեր։

Մինչև Queen խումբը ստեղծելը, Մեյը և Թեյլորը Smile խմբի կազմում էին։ Մերկուրին նրանց երկրպագուն էր։ Նա խմբին միացել է 1970 թվականին և առաջարկել «Queen» անվանումը։ Դիքոնը միացել է խմբին 1971 թվականի մարտին, մինչև խմբի նույնանուն ալբոմը թողարկելը։ Մեծ Բրիտանիայում Queen-ը առաջին անգամ հայտնել է իր մասին 1974 թվականին՝ Queen II ալբոմի հետ։ 1975 թվականին «Sheer Heart Attack» և «A Night at the Opera» ալբոմները նրանց միջազգային հռչակ են բերել։

1977 թվականին թողարկվել է «News of the World» ալբոմը, որը իր մեջ ներառվել են «We Will Rock You» և «We Are The Champions» երգերը։ Այս երգերը դարձել են տարբեր սպորտային առաջնությունների և իրադարձությունների օրհներգեր։ 1980 թվականների սկզբին Queen խումբը դարձել է աշխարհում ամենավաճառվող արենա ռոք խմբերից մեկը։ «Another One Bites the Dust»-ը դարձել է նրանց ամենավաճառվող սինգլը, իսկ նրանց 1981 թվականի Greatest Hits ալբոմը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող ալբոմը և ութ անգամ պլատինե հավսատագրում է ստացել ԱՄՆ-ում։ Նրանց ելույթը 1985 թվականի Live Aid համերգի ժամանակ տարբեր հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես լավագույն ելույթ ռոք երաժշտության ամբողջ պատմության մեջ։ 1986 թվականի օգոստոսին Մերկուրին վերջին անգամ է հանդես եկել խմբի հետ։ 1991 թվականին նա մահացել է թոքաբորբից, ինչը ՁԻԱՎի հետևանքներից մեկն էր։ Դիքոնը լքել է խումբը 1997 թվականին։ 2004 թվականից Մեյը և Թեյլորը հյուրախաղերով հանգես են գալիս Queen անվան տակ, վոկալիստներ Ադամ Լամբերտի և Փոլ Ռոջերսի հետ միասին։

Խմբի «Bohemian Rhapsody», «We Will Rock You», «We Are the Champions», «Another One Bites the Dust», «Radio Ga Ga», «The Show Must Go On» երգերը դասական ռոքի օրինակներ են[6]։ Queen-ի վաճառքների քանակը տատանվում է 170 միլիոնից մինչև 300 միլիոն ձայնագրումներ, դարձնելով նրանց ամբողջ աշխարհում ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը։ Միայն 2009 թվականին Queen-ը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում BBC Two-ի կողմից անցկացված «Բոլոր ժամանակների լավագույն խումբը» հարցման արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին և Ռոլինգ Սթոունզին գրավել է առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991 թվականին՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո, Քուինը կարողացել է պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։ 2001 թվականին խումբը մտել է «Ռոքնռոլի փառքի սրահ»։

Խմբի բոլոր չորս անդամներն էլ հիթ երգերի հեղինակներ են։ Դրա շնորհիվ նրանք 2003 թվականին ընդգրկվել են «Երգերի հեղինակների փառքի սրահ»-ում։

2018 թվականին ստացել են «Grammy Lifetime Achievement Award» մրցանակ։

«Rolling Stone» ամսագիրը նրանց ընդգրկել է 100 լավագույն արտիստների ցանկի 52-րդ հորիզոնականում[7]։

1968-1974 թվականներ՝ վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
«PRS for Music» պատմական մրցանակը, որը խորհրդանշում է «Քուինի» առաջին ելույթը։

1968 թվականին Լոնդոնի Կայսերական քոլեջի կիթառահար Բրայան Մեյը և բասիստ Թիմ Սթաֆելը որոշել են երաժշտական խումբ ստեղծել։ Մեյը քոլեջում տեղադրել է «Փնտրում ենք Միտչ Միտչելի/Ջինջեր Բեյքերի նման թմբկահար» հայտարարությունը, ինչին արձագանքել է ատամնաբուժություն սովորող երիտասարդ Ռոջեր Թեյլորը և դարձել խմբի անդամ։ Խումբը ստացել է «Smile» անվանումը[8]։ Իլինգի արվեստի դպրոցում Սթաֆելը ծանոթացել է զանզիբարցի հնդկական ծագմամբ ուսանող Ֆարոկ «Ֆրեդի» Բուլսարայի հետ[9]։ Բուլսարան այդ ժամանակ Հիթրոու օդանավակայանում աշխատում էր որպես բեռնափոխադրող։ Ծանոթանալով «Smile» խմբի ոճին՝ դարձել է խմբի երկրպագուներից մեկը[10]։

1970 թվականին Սթաֆելը լքել է «Smile»-ը և միացել «Համփի Բոնգ» խմբին։ Նրա փոխարեն խմբի նոր անդամ է դարձել Բուլսարան, որը ոգեշնչել է խմբի անդամներին փոխել խմբի անունը և դնել «Queen»։ Հուլիսի 18-ին կայացել է նոր կազմով առաջին ելույթը[11]։ Որոշ ժամանակահատված խումբը չէր կարողանում գտնել համապատասխան բասիստ։ 1971 թվականի մարտին որոշումը վերջապես կայացվել է և Ջոն Դիքոնը ընտրվել է բասիստ, ինչից հետո նրանք սկսել են պլանավորել առաջին ալբոմի թողարկումը։ Նրանք ձայնագրել են իրենց առաջին փորձնական չորս երգերը՝ «Liar»-ը, «Keep Yourself Alive»-ը, «The Night Comes Down»և«Jesus»-ը, սակայն ոչ ոք հետաքրքրված չէր դրանցով[12]։ Այդ ժամանակահատվածում «My Fairy King» երգի «Մայր Մերկուրի, տես թե ինչ են նրանք ինձ արել» տողից ոգեշնչված Ֆրեդին որոշել է ազգանունը փոխել «Մերկուրի»[13]։ 1971 թվականի հուլիսի 2-ին «Քուինը» ունեցել է իր առաջին ելույթը հիմնական կազմով (Ֆրեդի Մերկուրի, Ջոն Դիքոն, Բրայան Մեյ և Ռոջեր Թեյլոր)[14]։

Մերկուրին հաճախել է արվեստի քոլեջ և ունենալով համապատասխան հմտություններ՝ անձամբ ստեղծել է խմբի լոգոն և անվանել «Քուինի խաչ»։ Քիչ հետո թողարկվել է խմբի առաջին ալբոմը[15]։ Խորհրդանիշը ստեղծվել է բոլոր չորս անդամների աստղակերպերի համախմբումից։ Երկու աստղերը խորհդանշում են Դիքոնին և Թեյլորին, խեցգետինը՝ Մեյին, իսկ երկու փերիները՝ Ֆրեդիին[15]։

«Քուինի» կիթառը (The Rolling Stones-ի կիթառի կողքին) Լիվերպուլի «Cavern» ակումբում։ Խորհրդանշում է 1970 թվականի հոկտեմբերի 31-ի «Քուինի» համերգը այդ վայրում։

1972 թվականին «De Lane Lea Studios»-ում Ջոն Էնթոնին նկատել է խմբին և ծանոթացել նրանց աշխատանքին, ինչից հետո սկսվել են բանակցություններ «Trident Studios»-ի հետ։ Այդ իրադարձություններից հետո Նորման Շեֆիլդը առաջարկել է խմբին համագործակցել «Neptune Productions»-ի հետ, որը «Trident»-ի ենթաբաժիններից մեկն էր։ Այն պետք է կառավարեր խումբը և օգներ նոր ձայնագրող սարքավորումների տրամադրմամբ։ Գործարքը ձեռնտու էր բոլոր կողմերի համար, քանի որ ստուդիան ստանում էր հնարավորություն զարգանալ մենեջմենթի ոլորտում, մինչդեռ խումբը այսուհետև կարող էր օգտագործել և ձայնագրել նույն սարքավորումներով, որոնցով աշխատում են «The Beatles»-ը և Էլթոն Ջոնը[16]։ Ռոջեր Թեյլորը հետագայում այդ ստուդիայում անցկացված ժամերն անվանել է «ոսկե փոշի»[17]։

1973 թվականին խումբը պայմանագիր է կնքել «Trident»-ի հետ։ Մինչև նույն տարվա հուլիսը «Քուինը» թողարկել և հանրությանն է ներկայացրել իր դեբյուտային ալբոմը, որը ներառել է ծանր մետալի և պրոգրեսիվ ռոքի խառնուրդը։ Ալբոմը քննադատների կողմից լավ գնահատականներ է ստացել։ «Rolling Stone»-ի Գորդոն Ֆլեթչերը անվանել է այն «գերազանց», իսկ Չիկագոյի «Daily Herald» ամսագիրը նշել է, որ «դեբյուտային ալբոմը միջինից բարձր որակի է»։ Լավագույն երգը՝ «Keep Yourself Alive»-ը, սակայն, չնչին վաճառքներ է ունեցել, իսկ ալբոմը հանրության կողմից բավական ուշադրության չի արժանացել։

1974 թվականին թողարկվել է խմբի երկրորդ մինի ալբոմը՝ «Queen II»-ը, որի շապիկի վրա խմբի պատկերն էր։ Դրա հեղինակը ռոք լուսանկարիչ Միկ Ռոքն էր[18]։ 1975 թվականին այդ պատկերը հանդիսացել է «Բոհեմական Ռապսոդիա» երգի տեսահոլովակի հիմք[18]։ Այն դարձել է «Քուինի» առաջին ալբոմը, որը հայտնվել է Բրիտանիայի չարթերում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնական[19]։ Ֆրեդի Մերկուրիի գրած գլխավոր սինգլը՝ «Seven Seas of Rhye»-ը, Մեծ Բրիտանիայի չարթերում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը և դարձել խմբի առաջին հիթը[19]։ Ալբոմը խմբի յուրահատուկ բազմաշերտ հնչողության առաջին իրական վկայությունն է և պարունակում է երկար ու բարդ գործիքային հատվածներ, ֆենտեզի թեմայով տեքստեր և երաժշտական վիրտուոզություն[20]։ Ալբոմը ներառում էր նաև «The March of the Black Queen» երգը, որը տևում էր 6 րոպե և կրկներգ չուներ[21]։ Քննադատների կարծիքները տարբեր են եղել։ «Daily Vault»-ն այն բնութագրել է որպես «սպառնալից»[22]։ «Winnipeg Free Press»-ը, գովաբանելով խմբի դեբյուտային ալբոմը, նշել է, որ չի հավանել «Queen II»-ը՝ նկարագրելով այն որպես «գերհագեցած հրեշավորություն»։ «AllMusic»-ն այն համարել է խմբի մոլի երկրպագուների կողմից ամենասիրված ալբոմը[23]։ Այն «Քուինի» երեք ալբոմներից առաջինն է, որը տեղ է գտել «1001 ալբոմ, որոնք դու պետք է լսես նախքան մահանալը» գրքում։

1974–1976 թվականներ՝ «Sheer Heart Attack»-ից մինչև «A Night at the Opera»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի մայիսին՝ ԱՄՆ-ում խմբի առաջին շրջագայության բացումից մեկ ամիս անց, Բրայան Մեյի մոտ հայտնաբերել են հեպատիտ, ինչի պատճառով խումբը ստիպված է եղել չեղյալ հայտարարել շրջագայության մնացած համերգները[24]։ «Քուինը» սկսել է աշխատել երրորդ ալբոմի վրա առանց Բրայանի, քանի որ նա դեռ ապաքինվում էր։ Կիթառահարը խմբին միացել էր ձայնագրության կեսից[25]։ 1974 թվականին թողարկվել է «Sheer Heart Attack» ալբոմը, որը Մեծ Բրիտանիայի չարթերում զբաղեցրել է երկրորդ տեղը, լավ վաճառքներ է ունեցել Եվրոպայում, իսկ Միացյալ Նահանգներում ոսկե հավաստագրման է արժանացել[26]։ Այն հիթ է դարձել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում[27]։ Այն ստեղծվել է երաժշտական բազմաթիվ ժանրերի միավորմամբ (ներառյալ՝ Բրիտանական մյուզիք հոլլ, ծանր մետալ, բալլադ, ռեգթայմ և կարիբյան)։ Այդ ժամանակվանից «Քուինը» սկսել է փոխել իր ոճը՝ պրոգրեսիվ ժանրի առաջին և երկրորդ ալբոմներից անցնելով ավելի մեղեդային «Sheer Heart Attack»-ին[28]։ Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ «Sheer Heart Attack»-ը լսարանին է ներկայացրել ձայնի և մեղեդու նոր ունակություններ։

«Sheer Heart Attack» ալբոմի «Killer Queen» սինգլը Բրիտանիայի չարթերում զբաղեցրել է երկրորդ տեղը և դարձել խմբի առաջին հիթը ԱՄՆ-ում։ «Billboard Hot 100»-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[29]։ Երգը մասամբ ձայնագրվել է Ուելսի «Rockfield Studios»-ում[30]։ Մերկուրիի դաշնամուրի և Մեյի հանճարեղ կիթառի օգնությամբ, երգը միավորել է քեմփ, վոդևիլ և Բրիտանական մյուզիք հոլլ ժանրերը։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Now I'm Here»-ը, ավանդական ծանր ռոք ժանրի ստեղծագործություն է։ Այն Մեծ Բրիտանիայի չարթերում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ «Stone Cold Crazy» սինգլը պատկանում է արագ մետալ ժանրին՝ Մեյի արագ տեմպով իֆերի պատճառով[31]։ Ալբոմը ընդունվել է որոշ երաժշտական ամսագրերի կողմից։ 2006 թվականին «Classic Rock» ամսագիրը ալբոմը ներառել է «100 լավագույն բրիտանական ռոք ալբոմներ» ցանկի մեջ՝ տեղադրելով այն ցանկի 28-րդ հորիզոնականում[32]։ 2007 թվականին «Mojo»-ն ալբոմը տեղադրել է «100 ձայնագրություններ, որոնք փոխել են աշխարհը» ցանկի 88-րդ հորիզոնականում[33]։ Այն նաև «Քուինի» երեք ալբոմներից երկրորդն է, որը տեղ է գտել «1001 ալբոմ, որոնք դու պետք է լսես նախքան մահանալը» գրքում։

Ռոյ Թոմաս Բեյքերը դարձել է Քուինի առաջին ալբոմների պրոդյուսերը

1975 թվականի հունվարին խումբը ուղևորվել է համաշխարհային շրջագայության։ Նրանք գաստրոլներով հանդես են եկել ԱՄՆ-ում և առաջին անգամ Կանադայում[34]։ Դրանից հետո նրանք ելույթներ են ունեցել Ճապոնիայի տարբեր քաղաքներում ապրիլի կեսից մինչև մայիսի սկիզբ։ Սեպտեմբերին՝ Trident-ի հետ վիճաբանությունների պատճառով խումբը պայմանավորվել է պայմանագիրը չեղյալ համարել։ Նրանք սկսել են նոր մենեջեր փնտրել։ Տարբերակներից մեկը Led Zeppelin խմբի մենեջեր Փիթեր Գրանտն էր։ Գրանտը ուզում էր, որ նրանք պայմանագիր կնքեն Led Zeppelin-ի Swan Song Records սեփական լեյբլի հետ։ Խումբը համարել է այդ պայմանագիրը անընդունելի և կապնվել է Էլթոն Ջոնի մենեջեր Ջոն Ռիդի հետ, ով համաձայնվել է զբաղեցնել այդ պաշտոնը[35]։

1975 թվականի վերջում Queen-ը ձայնագրել և թողարկել են «A Night at the Opera» ալբոմը, վերցնելով այդ անվանումը Մարքս եղբայրների հայտնի ֆիլմից։ Այն ժամանակ դա երբևէ թողարկված ամենաթանկարժեկ ալբոմն էր[36]։ Ալբոմը տարբերվում է երաժշտական ոճերի բազմազանությամբ և ստերեոձայնի հետ փորձերով։ Մերկուրիի կողմից գրված «Love of My Life» երգը ներառում էր արֆա և լրացուցիչ վոկալային հարմոնիաներ[37]։ Ալբոմը ամենահաջողակն էր Մեծ Բրիտանիայում։ Այն երեք պլատինե հավաստագրման է արժանացել Միացյալ Նահանգներում։ 2004 Channel-ի հարցման արդյունքներով ալբոմը ճանաչվել է բոլոր ժամանակների 13-րդ լավագույն երգ[38]։ Գինեսի համաշխարհային հարցման արդյունքով այն ճանաչվել է 19-րդ մեծագույն ալբոմ[39]։ 2004 թվականի Q ամսագրի «50 լավագույն բրիտանական ալբոմներ» ցանկում այն գրավել է 16-րդ հորիզոնականը։ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն ալբոմներ» ցանկում ալբոմը 11-րդ տեղ է գրավել[40]։

Նա հստակ գիտեր, թե ինչ է անում։ Դա Ֆրեդիի երեխան էր։ Մենք պարզապես օգնում էինք դա իրականացնել։

—Բրայան Մեյը Մերկուրիի "Bohemian Rhapsody" երգի և տեսահոլովակի մասին.[41]

A Night at the Opera-ն Queen-ի երրորդ և վերջին ալբոմն է, որը ներկայացվել է «1001 ալբոմ, որոնք դու պետք է լսես նախքան մահանալը» գրքում[42]։

Ալբոմի վրա եղել է նաև «Bohemian Rhapsody» հիթ սինգլը, որը գլխավորել է Բրիտանիայի չարթերը 9 շաբաթ շարունակ։ Ֆրեդիի մոտ ընկերը և խորհրդատուն՝ Քենի Էվերետը մեծ դեր է ունեցել սինգլի ստեղծման մեջ[43][44]։ Դա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երրորդ ամենավաճառվող երգն է «Do They Know It’s Christmas?» և «Candle in the Wind 1997» երգերից հետո։ Այն նաև իններորդ տեղ է զբաղեցրել ԱՄՆ-ի չարթում։ Դա միակ սինգլն է, որը վաճառվել է միլիոնից ավելի պատճեններով երկու տարբերակով[45]։ «Bohemian Rhapsody»-ն ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն երգ երեք հարցումների արդյունքում[46][47][48]։

Խումբը որոշել էր տեսահոլովակ նկարահանել, օգտագործելով նոր տեխնոլոգիաներ․ արդյունքը, որպես կանոն համարվում է առաջին «իրական» տեսահոլովակը[49][50]։ Մինչև այդ ուրիշ խմբեր նկարահանում էին կարճ գովազդային ֆիլմեր կամ տեսահոլովակներ։ Սակայն, դրանց մեծամասնությունը կոնկրետ հեռուստաշոուների համար էր ստեղծվել։ Բրայան Մեյի խոսքերով, տեսահոլովակը այնպես էր նկարահանված, որ խումբը խուսափեր ուրիշ խմբերի երգերի նմանեցումից[51]։

Տեսահոլովակի մասին «Rolling Stone» ամսագիրը հայտնել է, որ դրա ազդեցությունը դժվար է գերագնահատել[52]։ The Guardian-ը ասել է, որ «այսօրվանից երգը կդառնա կարևոր գործիք երաժշտության մարքեթինգի համար»[53]։ «You're My Best Friend» երկրորդ սինգլը՝ Ջոն Դիքոնի կողմից գրված երկրորդ երգը, տասնվեցերորդ տեղ է գրավել Միացյալ Նահանգների չարթում։ A Night at the Opera Tour շրջագայությունը սկսել է 1975 թվականի նոյեմբերին, ընդգրկելով ամբողջ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Ավստրալիան[54]։

A Day at the Races (1975—1976)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի դեկտեմբերին խումբը թողարկել A Day at the Races ալբոմը, որը դարձել է A Night at the Opera ալբոմի տրամաբանական շարունակությունը[55][56]։ Queen-ը որոշել են ինքնուրույն դառնալ ալբոմի պրոդյուսեր (մինչ այդ նրանց օգնում էր Ռոյ Թոմաս Բեյքերը

Ֆրեդի Մերկուրի, 1978 թվական

Ալբոմը քննադատների մոտ զայրույթ է առաջացրել՝ Queen-ին մեղադրում էին նախորդ ալբոմը կրկնելու փորձի մեջ։ Բրայան Մեյը ասել էր, որ բոլոր երգերը պատրաստվում էին միաժամանակ, պարզապես մի քանի երգեր թողարկվել են 1975 թվականին, մյուսները՝ 1976-ին։ Այնուամենայնիվ, A Day at the Races-ը առաջին տեղ է զբաղեցրել բրիտանական չարթում, և երկրորդ՝ ԱՄՆ-ում[57], իսկ «Somebody to Love» հիթ է դարձել։ «Tie Your Mother Down» կոմպոզիցիայի կարճ տարբերակը կատարվել է Քուինի համերգների մեծամասնությունների ժամանակ[58][59]։ Բացի այդ, «Somebody to Love» և «Good Old-Fashioned Lover Boy» երգերի համար տեսահոլովակներ են նկարահանվել։

Queen-ը որոշել են, որ պետք է ժամանակ գտնել հաջողությունները նշելու և երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար, մեծ համերգ ունենալով Գայդ պարկում։ Այն ավելի քան 150000 մարդ է հավաքել, և նրանք շրջագայություն են կազմակերպել Շոտլանդիայով, ԱՄՆ-ով, Ճապոնիայով և Ավստրալիայով[60][61]։

News of the World և Jazz (1977—1979)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Queen Նյու Հեյվենում համերգին, 1977 թվականի նոյեմբեր

1977 թվականի հոկտեմբերին թողարկվել է News of the World սկավառակը, որի մեջ Queen-ը քայլ է կատարել արտ ռոքից դեպի հնչման պարզություն և զսպվածություն[62]։ Այդ սկավառակը երեք սուպերհիթ է բերել խմբին․ «We Will Rock You», «Spread Your Wings» և «We Are the Champions»։ Մնացած հարցերով այն այդքան էլ հաջող չէր։ Մեծ Բրիտանիայի չարթում զբաղեցրել է չորրորդ և ԱՄՆ-ում՝ երրորդ հորիզոնականները[63]։ Խումբը համերգներով հանդես է եկել Շվեդիայում և շրջագայություն է անցկացրել Հյուսիսային Ամերիկայով և Եվրոպայով։

1978 թվականին թողարկվել է խմբի ամենասկանդալային Jazz ալբոմը։ Այն տարբերվում է ավելի թեթև հնչմամբ։ «Mustapha» կոմպոզիցիան, որը սկավառակի հետ միասին էր գնում, ներկայացնում էր իրենից Մերկուրիի վոկալային փորձը հզոր կիթառային սաունդի տակ։ Այն չի ընդունվել քննադատների կողմից։ Սակայն, երկրպագուները համարում են, որ «Don't Stop Me Now»-ն «Queen»-ի լավագույններից երգերից մեկն է։ Հետագայում այն ներառվել է Greatest Hits ժողովածուի մեջ։ «Fat Bottomed Girls», «Bicycle Race» և «Don’t Stop Me Now» երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ։ Չնայած քննադատությանը, Jazz-ը երկրորդ հորիզոնական է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում և վեցերորդ հորիզոնական՝ ԱՄՆ-ում[64]։

1979 թվականին թողարկվել է Live Killers ալբոմը, «Queen»-ի համերգային ալբոմը, որի մեջ հետագայում ներառվել են խմբի հայտնի երգերի համերգային տարբերակները։ Այն թողարկվել է նոր ստուդիական ալբոմի փոխարեն, քանի որ երաժիշտները լիովին նվիրվել են համերգներին։ Մերկուրին առաջին անգամ դուրս է եկել բեմ Fender Telecaster կիթառով, «Crazy Little Thing Called Love» կոմպոզիցիան կատարելու համար, որը հետագայում ընդգրկվել է The Game ալբոմի մեջ։ Դա միակ երգն է, որի ժամանակ Մերկուրին կիթառ է նվագում։ Live Killers ալբոմը 3-րդ տեղ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում և 16-րդ՝ ԱՄՆ-ում[65]։

The Game, Flash Gordon և Hot Space (1980—1982)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականներին սկսվում է Queen-ի ստեղծագործության նոր շրջան։ Խումբը աստիճանաբար հեռացել է գլեմ ռոքից, իսկ Մերկուրին փոխել իր բեմային կերպարը․ կտրել է մազերը, բեղեր աճեցրեց։

Queen-ը 1982 թվականի ապրիլի 12-ին Նորվեգիայում

1980 թվականներին թողարկվել է The Game ալբոմը։ «Play the Game»-ը՝ ալբոմի գլխավոր երգը, ուղեկցվում էր տարօրինակ տեսահոլովակով․ հետևի պլանին կրակ է, որի մեջ ձուլվում են երաժիշտները․ դա համակարգչային գրաֆիկայի առաջին օգտագործումն է։ Հատուկ հաջողություն էր վայելում Դիքոնի «Another One Bites the Dust» երգը։

Նույն թվականին Queen-ը երաժշտություն է ձայնագրել «Ֆլեշ Գորդոն» ֆիլմի համար։ Դա լավ է ընդունվել Մեծ Բրիտանիայում, բայց ձախողվել է ամերիկյան հարթակում։ Ձայնագրման ժամանակ որպես գերակշռող գործիք օգտագործվել է սինտեզատորը։

1981 թվականին թողարկվել է Greatest Hits ժողովածուն։ Խումբը Դեյվիդ Բոուիի հետ ձայնագրել է «Under Pressure» երգը, որը թողարկվել է որպես սինգլ և առաջին հորիզոնական գրավել ինչպես Անգլիայում, այդպես էլ մի շարք այլ երկրներում։ Խմբի համերգը Մոնրեալում ձանագրվել է 35 մմ ժապավենի վրա և թողարկվել «Queen Rock Montreal» անվան տակ։1982 թվականը նշանավորվել է մեծ համերգային շրջագայություններով․ «Queen»-ը մոտ 70 համերգ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում։ Թողարկվել է Hot Space նոր ալբոմը, որի գլխավոր հիթն է դարձել «Under Pressure»-ը։ Բրիտանական հեռուստատեսությունը ֆիլմ է նկարահանել համերգի մասին, որը թողարկվել է 2004 թվականին «Queen on Fire՝ Live at the Bowl» անվան տակ։

Queen Ֆրանկֆուրտում համերգին (1984 թվական)

Մամուլի բացասական քննադատության պատճառով խումբը ստիպված էր ավելի քիչ հարցազրույցներ ունենալ[66]։

The Works և A Kind of Magic (1983—1986)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի սկզբում խումբը կանգնեցրելը աշխատանքը՝ բոլոր երաժիշտները աշխատում էին մենակատար պրոեկտների վրա։ Մերկուրին և Թեյլորը սոլո ալբոմներ էին ձայնագրել՝ Mr. Bad Guy և Strange Frontier։ Մեյը մինի ալբոմ է թողարկել «Star Fleet Project» անվանմամբ, Էդի Վան Հալենի հետ համագործակցությամբ։

1984 թվականին The Works ալբոմը երկրորդ տեղ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի չարթերում։ «Radio Ga Ga» երգը գլխավորել է աշխարհի 19 երկրների չարթերը։ Շատ էմոցիաներ է առաջացրել «I Want to Break Free» երգի համար տեսահոլովակը։ Տեսահոլովակի հիմնական սյուժեն տեղի է ունենում «Coronation Street» հայտնի բրիտանական հեռոսւտասերիալի դեկորացիաներում, իսկ երաժիշտները կանացի հագուստ են կրում։ Երգը դարձել է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի պաշտոնական օրհներգ։ Խումբը ելույթ է ունեցել «Golden Rose» փառատոնին Մոնտրյո քաղաքում, իսկ ելույթի ձայնագրությունը մտել է «Greatest Video Hits II» DVD-ի կազմ։

1985 թվականին «Queen»-ը մասնակցել է «Rock in Rio» փառատոնին։ Հետո այդ ելույթը հայտնվել է «Live in Rio» DVD-ի վրա, ինչպես նաև Տոկիոյում մասիսի 11-ի համերգը։ 1985 թվականի հուլիսի 13-ին խումբը ելույթ է ունեցել «Live Aid» խոշոր բարեգործական համերգին։ Շատ քննադատներ անվանել են այդ ելույթը լավագույնը երաժշտության ամբողջ պատմության մեջ[67]։

1986 թվականին թողարկվել է A Kind of Magic ալբոմը։ Երաժիշտները կազմակերպել են համերգների սերիա «Magic Tour» անվանմամբ։ Երեք ամենախոշոր համերգները Լոնդոնում, Նեբուորտում և Բուդապեշտում 400000 մարդ են հավաքել։ «Magic Tour»-ը դարձել է խմբի վերջին համերգային շրջագայությունը։ Դրանից էլ սկսել են Մերկուրիի հիվանդության մասին շշուկները։ Նա ժխտում էր դա, ասելով, որ առողջ տեսք ունի։

The Miracle, Innuendo, Made in Heaven և Queen Forever (1989-2014)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին խումբը թողարկել է The Miracle ալբոմը, որը տարբերվում էր Քուինի նախորդ ալբոմներից։ Մերկուրիի ձայնը մի փոքր փոխվել էր, նա սափրել էր բեղերը և սկսել էր ավելի լուրջ հագնվել։ Ալբոմի հետ միասին թողարկվել է հինգ սինգլ։ Տեսահոլովակների թողարկումը Մերկուրիի հիվանդության մասին շշուկներին հանգեցրեց, որը ակտիվորեն հերքվում էր ինչպես խմբի անադմների, այնպես էլ Մեկուրիի կողմից։ Ալբոմի գլխավոր երգը դարձավ հինգ րոպե տևողությամբ «The Miracle» ստեղծագործությունը։ Ձայնի փոփոխումը, հնարավոր է, որ տեղի է ունեցել հիվանդության ազդեցության պատճառով, սակայն հայտնի է, որ 1990 թվականին թոքերի զարգացող հիվանդության պատճառով Մերկուրին դադարել է ծխել։

1990 թվականին խմբի մասին ոչ մի տեղեկություն չհայտնվեց, խմբի բոլոր անդամները հաղորդեցին, որ «ամեն ինչ կարգին է», սակայն կյանքի և իմիջի ոճի կտրուկ փոփոխությունը երկրպագուների շրջանում զարմանք և տագնապ առաջացրեց։ Քուինը «Brit Awards» երաժշտական մրցանակ ստացավ, իսկ մրցանակաբաշխության ժամանակ Մերկուրիի հայտնվելը դարձավ նրա վերջին հրապարակային հայտնվելը։ Ավանդական խոսքերի փոխարեն Մերկուրին ուղղակի ասաց՝ «Շնորհակալություն, բարի գիշեր» (անգլ. Thank you, good night)։

1991 թվականը դարձավ Քուին խմբի փաստացի գոյության վերջին տարին։ Մերկուրիի մահվանից քիչ առաջ թողարկվեց Innuendo ալբոմը։ Շատ երկրպագուներ այն համարում են Քուինի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը։ Ալբոմը սկսվում է նույնանուն երգով, որը հիշեցնում է «Bohemian Rhapsody» երգը՝ ստանդարդ երեք րոպե տևողության փոխարեն վեց րոպե տևողությամբ և տարբեր երաժշտական ուղությունների համադրությամբ։ Այս երգը դարձավ սկզբունքների ևս մեկ շեղում։ Բոլոր ձայնագրվել են Քուինի կողմից և առանց այլ սեսիոն երաժիշտների ներգրավման։ «I'm Going Slightly Mad» երգի համար գրոտեսկ ոճի, թատրոնային սև և սպիտակ տեսահոլովակ է նկարահանվել՝ պինգվինների և գորիլայի դեր կատարող դերասանի մասնակցությամբ։

Ալբոմի ամենահայտնի երգը դարձավ «The Show Must Go On»-ը, որտեղ լիրիկական հերոսը հարցնում է գոյության իմասի մասին և հայտնում է, որ հույս ունի մահից հետո ֆիզիկական և հոգևոր ազատություն ձեռք բերել։ Բառացի թարգմանության մեջ երգի կրկներգը ասում է՝

Շոուն պիտի շարունակվի:
Իմ սիրտը կոտրվում է,
Իմ դիմահարդաումը փչանում է,
Բայց իմ ժպիտը, այնուամենայնիվ, մնում է:

«The Show Must Go On» երգը ներառվել է 20-րդ դարի լավագույն հարյուր երգերի ցանկում և ունի մեծ թվով քավեր տարբերակներ։ Իր մահից առաջ Մերկուրին կարգադրել էր «Bohemian Rhapsody» երգի վերահրապարակումից ստացված ողջ հասույթը փոխանցել Թերի Հիգինսի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար բարեգործական ֆոնդին։ Երկու «Ա» կողմերով թողարկվել է «Bohemian Rhapsody» / «These Are the Days of Our Lives» սինգլը։ Սա երաժշտության պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ նույն երգը տարբեր տասնամյակների չարթերում կարողացել է առաջին հորիզոնական զբաղեցնել։ «These Are the Days of Our Lives» երգի տեսահոլովակը դարձավ Մերկուրիի կյանքի ընթացքում նրա մասնակցությամբ վերջին տեսահոլովակը։ Իր մահից առաջ Ֆրեդին ստիպել է Բրայան Մեյին թողարկել «Driven By You» սոլո սինգլը, պնդելով, որ սա դրա համար լավագույն ժամանակն է։ 1991 թվականի նոյեմբերի 23-ին Ֆրեդին հայտնեց աշխարհին, որ նա իսկապես հիվանդ է ԶԻԱՀ-ով և մեկ օր անց մահացավ իր Կենսինգտոնյան առանձնատանը։

1992 թվականի ապրիլի 20-ին լոնդոնյան «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Ֆրեդի Մերկուրիի հիշատակի համերգ, որը կազմակերպվել էր խմբի մնացած երաժիշտների կողմից։ Այդ օրը բեմ բարձրացան նրանք, որոնց Մերկուրին իրեն ընկերներ էր համարում, որոնց հետ անձամբ է աշխատել՝ Ջո Էլիոտ, Ջորջ Մայքլ, Էքսլ Ռոուզ, Էլթոն Ջոն, Թոնի Այոմի, Ջեյմս Հեթֆիլդ, Ռոբերտ Պլանտ, Դեյվիդ Բոուի, Սիլ, Ռոջեր Դոլտրի, Էնի Լենոքս, Լիզա Սթենսֆիլդ և Մերկուրիի սիրելի դերասանուհին՝ Լայզա Մինելլին։ Սփայք Էնդին, ով Քուինի բազմաթիվ համերգների ժամանակ ստեղնաշարեր էր նվագում, այս համերգը «Fred Aid» անվանեց՝ հիշեցնելով 1985 թվականին Քուինի ֆենոմենալ ելույթը «Live Aid»-ի ժամանակ։

1995 թվականին թողարկվեց Քուինի՝ Made in Heaven ստուդիական ալբոմը, որը կազմված է խմբի 1991 թվականի սեսիոն ձայնագրություններից, որոնք արվել են Mountain ստուդիայում։ Ալբոմում ներառված են Մերկուրիի Mr. Bad Guy սոլո ալբոմից երկու կրկին գործիքավորված երգեր («Made in Heaven», «I Was Born to Love You»), Ռոջեր Թեյլորի The Cross խմբի մեկ ստեղծագործություն («Heaven for Everyone») և որոշ ստեղծագործություններ, որոնք մինչ այդ լույս չէին տեսել։ «A Winter's Tale»-ը Մերկուրիի կողմից գրված վերջին ստեղծագործությունն է, իսկ «Mother Love»-ը նրա ձայնի վերջին ձայնագրությունը։

2014 թվականին թողարկվել է Queen Forever հավաքածուն, որը իր մեջ էր ներառում նախկինում չհրապարակված «Let Me In Your Heart Again» երգը Մերկուրիի վոկալով, ինչպես նաև «Love Kills» և «There Must Be More to Life Than This» երգերի նոր տարբերակները։ Վերջինս իր մեջ Մայքլ Ջեքսոնի հետ համատեղ վոկալային դուետ է ներառում։

Խումբը Ֆրեդիի մահից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկուրիի մահվանից հետո խմբում հանդես են եկել Ջորջ Մայքլը, Ռոբբի Վիլյամսը և «Five» խումբը։ Սակայն ամենահաջող ելույթները եղել են բրիտանական բլյուզ ռոքի հանրահայտ աստղ Փոլ Ռոջերսի հետ։ Ծրագիրը կոչվում էր «Queen + Paul Rodgers. Return of the Champions»։ Queen-ի բաս կիթառահար Ջոն Դիքոնը հրաժարվել է փոփոխված կազմով հանդես գալ և 1995 թվականին ավարտել է իր երաժշտական կարիերան։

2011 թվականի նոյեմբերի 6-ին խումբը մասնակցել է MTV. Europe Music Awards-ի հանդիսությանը։ 2000 թվականին հարցման արդյունքում, որին ի դեպ մասնակցել է 190 հազար մարդ, «Bohemian Rhapsody»-ն ճանաչվել է հազարամյակի լավագույն երգ՝ առաջ անցնելով անգամ Ջոն Լենոնի հանրահայտ «Imagine» երգից։ Այդ չարթում 10-րդ հորիզոնական է զբաղեցրել խմբի մեկ այլ ստեղծագործություն՝ «Under Pressure»-ը։

2002 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը «Bohemian Rhapsody»-ն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի վերջին 50 տարիների լավագույն սինգլ։ 2005 թվականի հարցումներով Ֆրեդի Մերկուրին աշխարհի բոլոր ժամանակների երգիչների մեջ ճանաչվել է երկրորդը, Բրայան Մեյը կիթառահարների մեջ՝ յոթերորդը, իսկ Ռոջեր Թեյլորը հարվածողների մեջ՝ ութերորդը։ 2006 թվականին Queen-ի «Greatest Hits» հավաքածուն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն վաճառվող ձայնասկավառակ։ Ընդհանուր առմամբ վաճառվել էր ավելի քան 6 միլիոն օրինակ, իսկ համացանցից այն քաշել էին 2,27 միլիոն անգամ։

2007 թվականին BBC-ի մոտ 20 հազար ռադիոլսողներ Queen-ին համարել էին Բրիտանիայի բոլոր ժամանակների լավագույն ռոք խումբ։ Sony Ericsson ընկերության հարցման արդյունքում (մասնակցել է ավելի քան 700 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից), «We Are the Champions» երգը ճանաչվել է աշխարհի ամենամեծ մասսայականություն վայելող երգ։

Queen-ը երաժշտության մեջ իր մեծ ավանդի ներդրման համար Հոլիվուդի փառքի պուրակում արժանացել է աստղի։ Queen-ը միակ ռոք խումբն է աշխարհում, որ ունեցել է միաժամանակ 4 ալբոմներ Մեծ Բրիտանիայի լավագույն քսանյակում․ Queen, Queen II, Sheer Heart Attack և A Night at the Opera-ն 1975 թվականին։ Խումբը ստացել է ամերիկյան «Billboard» մրցանակը՝ «Disco, Rock/Pop և R&B» անվանակարգերում։

Կարողացել է Արգենտինայում 10 ալբոմներով գրավել չարթի 10 վերին հորիզոնականները մեկ շաբաթ շարունակ։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք երաժշտության պատմաբանները Queen-ին վերագրում են հարդ ռոքին և գլեմ ռոքին։ Նրանց հաճախ համեմատում են Led Zeppelin-ի, Դեյվիդ Բոուիի, Roxy Music-ի հետ։ Queen-ը սկսել է ինչպես ավանդական հարդ ռոք խումբ, սակայն փորձերը փոխել են նրանց ոճը, հեռու տանելով ռոքից։

Խմբի հնչման վառ հատկություն է բոլոր մասնակիցներից երգչախումբը, որը դարձել է խմբի այցետոմս։

Նոր երգի ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Queen խմբի երաժիշտները կթողարկեն Ֆրեդի Մերկուրիի վոկալով անհայտ երգը։ Ինչպես իր կայքում հայտնել է կիթառահար Բրայան Մեյը, երաժիշտները երգ են հայտնաբերել, որը ստեղծվել է ավելի քան 30 տարի առաջ՝ Մերկուրիի մահից շատ տարիներ առաջ։ Ձայնագրության վրա առկա է Queen-ի առաջին կազմի բոլոր 4 մասնակիցների ձայնը՝ Մերկուրիի, Բրայան Մեյի, թմբկահար Ռոջեր Թեյլորի ու բասիստ Ջոն Դիքոնի։

Երգն անավարտ է, և Մեյն ու Ռոջեր Թեյլորը ներկայում մտածում են, թե ինչպես այն ավարտեն։

Թրեքի անվանումը Մեյը չի հայտնել։

Այն, որ խմբի արխիվներում հայտնաբերվել է Ֆրեդի Մերկուրիի վոկալով երգը, Մեյը հայտնել էր դեռ 2013 թվականի դեկտեմբերին։

  • Queen լեգենդար բրիտանական ռոք խումբը հանդիսանում է աշխարհի լավագույն խմբերից մեկը ժամանակակից երաժշտության պատմության մեջ։
  • Queen-ը համարվում է կուլտային խումբ և մինչ օրս ունի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ, իսկ խմբի շատ երգեր երաժշտական քննադատները համարում են ռոքի դասական գործեր։
  • Խումբը թողարկել է տասնհինգ ստուդիական, հինգ համերգային և բազմաթիվ հավաքածու ալբոմներ։
  • Queen-ի տասնութ ալբոմները տարբեր երկրների չարթերում զբաղեցրել են առաջին հորիզոնական։
  • Queen-ի համերգային ելույթները նույնպես համարվում են ռոքի պատմության մեջ ամենավառ և ամենանշանակալից երևույթներից մեկը։

Աղդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Queen-ը աղդել է այնպիսի կատարողների վրա, ինչպիսիք են Ben Folds Five[68], Blind Guardian[69], Def Leppard[70], Dream Theater[71], Extreme[72], Foo Fighters[73], Frankie Goes to Hollywood[74], Guns N' Roses[75], Helloween[76], Judas Priest[77], Kansas[78], Քեթի Փերրի[79], Keane[80], Iron Maiden[81], Manic Street Preachers[82], Մերիլին Մենսոն[83], Metallica[84], Megadeth[85], Ջորջ Մայքլ[86], Միկա[87], Muse[88], My Chemical Romance[89], Panic at the Disco[90], Queensrÿche[91], Radiohead[92], Ռոբբի Վիլիամս[93], Steve Vai[94], Styx[95], Sweet, The Ark, The Darkness, The Smashing Pumpkins[96], Trivium[97]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Live Killers (1979)
  • Live Magic (1986)
  • At the Beeb (1989)
  • Live at Wembley '86 (1992)
  • Queen on Fire՝ Live at the Bowl (2004)
  • Queen Rock Montreal (2007)
  • Hungarian Rhapsody: Queen Live in Budapest ’86 (2012)

Համերգային շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Early Queen Tours (1970–1973)
  • Queen I Tour (1973–74)
  • Queen II Tour (1974)
  • Sheer Heart Attack Tour (1974–1975)
  • A Night at the Opera Tour (1975–1976)
  • Summer Gigs 1976 (1976)
  • A Day at the Races Tour (1977)
  • News of the World Tour (1977–1978)
  • Jazz Tour (1978–1979)
  • Crazy Tour (1979)
  • The Game Tour (1980–1981)
  • Hot Space Tour (1982)
  • The Works Tour (1984–1985)
  • The Magic Tour (1986)
  • Queen + Paul Rodgers Tour (2005–2006)
  • Rock the Cosmos Tour (2008)
  • Queen + Adam Lambert Tour 2012 (2012)
  • Queen + Adam Lambert Tour 2014–2015 (2014–2015)
  • Queen + Adam Lambert 2016 Summer Festival Tour (2016)
  • Queen + Adam Lambert Tour 2017–2018 (2017–2018)
  • The Rhapsody Tour (2019–2020)
Ներկա կազմ
Նախկին անդամներ
«Queen +…» նախագծի համար հրավիրված արտիստներ
Համերգային անդամներ
  • Սփայկ Էդնի՝ ստեղնաշարայիններ, դաշնամուր, ռիթմ կիթառ, բեք վոկալ
  • Նիլ Ֆեյրքլաֆ՝ բաս կիթառ, բեք վոկալ (2011՝ հիմա)
  • Թայլեր Ուորեն՝ պերկուսիա, հարվածայիններ, բեք վոկալ (2017՝ հիմա.)
Նախկին համերգային անդամներ
  • Մորգան Ֆիշեր՝ ստեղնաշարայիններ, դաշնամուր (1982)
  • Ֆրեդ Մենդել՝ ստեղնաշարայիններ, դաշնամուր (1982)
  • Ջեյմի Մոզես՝ ռիթմ կիթառ, բեք վոկալ (2005—2009)
  • Դենի Միրանդա՝ բաս կիթառ, բեք վոկալ (2005—2009)
  • Ռուֆուս Թայգեր Թեյլոր՝ պերկուսիա, հարվածայիններ, բեք վոկալ (2011—2017)
Վաղ տարիների խմբի մասնակիցներ[98][99][100]
  • Մայկ Գրոուզ՝ բաս կիթառ[101] (1970)
  • Բարի Միտչել՝ բաս կիթառ (1970—1971)
  • Դուգ Էվոդ Բոգի՝ բաս կիթառ (1971)
Այլ երաժիշտներ, որոնք համագործակցել են խմբի հետ
Queen–ի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղու վրա
  • 2000 թվականին հարցման արդյունքում, որին մասնակցել է ավելի քան 190 հազար մարդ, «Bohemian Rhapsody» անվանվել է հազարամյակի լավագույն երգ, առաջ անցնելով Ջոն Լենոնի «Imagine»–ից։ Այդ հիթ շքերթում տասերորդ հորիզոնական է գրավել «Under Pressure» երգը[103]։
  • 2001 թվականին խումբը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահ[104]։
  • 2002 թվական։ Գինեսի ռեկորդների գիրք․ Մեծ Բրիտանիայի լավագույն սինգլ վերջին 50 տարվա ընթացքում («Bohemian Rhapsody»)։
  • 2005 թվականին երաժշտության 3500 սիրահարներ Ֆրեդի Մերկուրիին դրել են երկրորդ տեղում լավագույն վոկալիստների ցանկում, Բրայան Մեյը յոթերորդ հորիզոնական՝ լավագույն կիթառահարների ցանկում, իսկ Ռոջեր Թեյլորը՝ լավագույն թմբկահարների[105]։
  • 2006 թվականին Greatest Hits–ը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող սկաառակ։ Ընդհանուր վաճառքների թիվը հասնում էր 5,4 միլիոնի[106]։
  • 2006 թվականին Greatest Hits–ը ճանաչվել է iTunes Store–ում ամենավաճառվող ալբոմ։
  • 2007 թվականին BBC–ի ավելի քան 20 հազար լսողներ ընտրել են «Queen»–ը որպես բոլոր ժամանակների լավագույն բրիտանական ռոք խումբ։
  • «We Are the Champions» երգը ճանաչվել է ամենահայտնի երգ ամբողջ աշխարհում Sony Ericsson ընկերության հարցման արդյունքում, որին մասնակցել են ավելի քան 700 հազար մարդ տարբեր երկրներից։
  • «Queen» խումբը աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղու վրա երաժշտության մեջ ներդրումի համար։
  • 2009 թվականին Ֆրեդի Մերկուրին գլխավորել է «ռոքի մեծագույն 50 ձայներ» ցուցակը, որը ստեղծվել է Classic Rock ամսագրի կողմից։
  • Խումբը պատվավոր Գրեմմի է ստացել 2018 թվականին «ամբողջ կյանքի երաժշտական նվաճումների» համար[107]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Brooks, Greg (1995). Queen Live: A Concert Documentary. London: Omnibus Press. ISBN 978-0-7119-4814-3.
  • Dawson, Mike (2008). Freddie & Me. London: Jonathan Cape. ISBN 978-0-224-08193-1.
  • Dean, Ken; Charlesworth, Chris (1991). Queen: The New Visual Documentary. London: Omnibus Press. ISBN 978-0-7119-2828-2.
  • Goodall, Nigel; Lewry, Peter (1998). The Ultimate Queen. London: Simon & Schuster. ISBN 978-0-684-82149-8.
  • Gunn, Jacky; Jenkins, Jim (1992). Queen: As It Began. London: Sidgwick & Jackson. ISBN 978-0-330-33259-0.
  • Hodkinson, Mark (2005). Queen: The Early Years. London: Music Sales Limited. ISBN 978-0-7119-6012-1.
  • Hogan, Peter (1994). The Complete Guide to the Music of Queen. London: Omnibus Press. ISBN 978-0-7119-3526-6.
  • Jackson, Laura (2002). Queen: The Definitive Biography. London: Piatkus. ISBN 978-0-7499-2317-4.
  • Jones, Lesley-Ann (2012). Mercury: An Intimate Biography of Freddie Mercury. Simon and Schuster.
  • Michael, Mick (1992). Queen, In Their Own Words. London: Omnibus Press. ISBN 978-0-7119-3014-8.
  • Nester, Daniel (2003). God Save My Queen: A Tribute. Brooklyn, NY: Soft Skull Press. ISBN 978-1-887128-27-8.
  • Nester, Daniel (2004). God Save My Queen II: The Show Must Go On. Brooklyn, NY: Soft Skull Press. ISBN 978-1-932360-51-6.
  • Prato, Greg (2018). Long Live Queen: Rock Royalty Discuss Freddie, Brian, John & Roger. self-published. ISBN 978-1-726879-40-8.
  • Purvis, Georg (2006). Queen: Complete Works. Richmond: Reynolds & Hearn. ISBN 978-1-905287-33-8.
  • Sutcliffe, Phil (2009). Queen: The Ultimate Illustrated History of the Crown Kings of Rock. Voyageur Press. ISBN 978-0-7603-3719-6.
  • Sutcliffe, Phil (2015). Queen, Revised Updated: the Ultimate Illustrated History of the Crown Kings of Rock. Voyageur Press. ISBN 978-0-7603-4947-2.
  • Արմեն Մախչանյան. Քուին՝ քմահաճ «Թագուհու շքերթը», «Գարունի» 1989, № 6:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.albumoftheyear.org/ratings/8-all-music-highest-rated/1981/1
  2. http://en.academic.ru/dic.nsf/enwiki/1553435
  3. Montreux Jazz Festival Database
  4. https://myspace.com/queen/music/album/live-at-wembley-stadium-6060
  5. Metal Evolution — 2011.
  6. http://www.allmusic.com/artist/queen-mn0000858827
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  8. Hodkinson, Mark (2009). "Queen: The Early Years". p.118
  9. «Freddie Mercury's complex relationship with Zanzibar». BBC. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Freddie Mercury fans hit Heathrow to celebrate Queen star's stint as a baggage handler». The Times. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  11. «Heritage award to mark Queen's first gig». bbc.co.uk. 2013 թ․ մարտի 5.
  12. «Queen Biography for 1971». Queen Zone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Blake, Mark. "Is This the Real Life?: The Untold Story of Queen". p. 96
  14. "Queen: The Ultimate Illustrated History of the Crown Kings of Rock". p.26. Voyageur Press, 2009
  15. 15,0 15,1 «Queen Logo». Famouslogos.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  16. Sheffield, Norman (2013 թ․ հուլիսի 2). Life on Two Legs.
  17. «Queen: From Rags to Rhapsody – BBC Four». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  18. 18,0 18,1 Pryor, Fiona (2007 թ․ մայիսի 10). «Photographer lives the Rock dream». BBC News. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  19. 19,0 19,1 Roberts, David (2006). «British Hit Singles & Albums». London: Guinness World Records Limited. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. Stephen Thomas Erlewine. «Queen II». AllMusic.
  21. «Queen II». Winnipeg Free Press.
  22. Bruce Rusk. «Queen II». Daily Vault.
  23. Thomas, Stephen (1974 թ․ ապրիլի 9). «link Queen II: Allmusic review». AllMusic. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  24. Mark Hodkinson. Queen: the early years. Omnibus Press 2004. Retrieved 28 August 2011
  25. Legends of rock guitar: the essential reference of rock's greatest guitarists. Booksgoogle.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  26. «Queen – Sheer Heart Attack». Chart Stats.
  27. «Queen Discography». Queen Online. «... and in November released Sheer Heart Attack which was a hit on both sides of the Atlantic.»
  28. Queen: Sheer Heart Attack Արխիվացված 11 Հուլիս 2012 Wayback Machine
  29. Whitburn, Joel (2006). «The Billboard Book of Top 40 Hits». Billboard Books. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  30. Popoff, Martin (2018). Queen: Album by Album. Voyageur Press. էջ 36.
  31. Jones, Chris (2007 թ․ հունիսի 7). «Queen: Sheer Heart Attack Review». BBC. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  32. «Classic Rock 'The 100 Greatest British Rock Albums Ever'». rocklistmusic. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  33. Mojo, June 2007, "The 100 Records That Changed the World"
  34. «Guitar Player: Brian May Interview». Queenarchives.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  35. Hodkinson, Mark (2009). "Queen: The Early Years". p.166
  36. «A Night at the Opera». Acoustic Sounds.
  37. Prato, Greg. «Review: Queen: Love of My Life». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  38. «100 Greatest Albums». Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 21-ին.
  39. «Guinness poll». London Evening Standard. UK. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  40. «A Night at the Opera». Acclaimed Music. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  41. Black, Johnny (2002). «The Greatest Songs Ever! Bohemian Rhapsody». Blender. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  42. «1001 Albums You Must Hear Before You Die». Rocklistmusic.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012-01-30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  43. "When Freddie Mercury Met Kenny Everett". (1 June 2002). Channel 4
  44. "Kenny Everett – The best possible way to remember a true pioneer". The Independent. Retrieved 24 January 2015
  45. «Queen Discography: A Night at the Opera». Queen Online.
  46. «Queen rock on in poll». BBC News. 2002 թ․ մայիսի 8. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 16-ին.
  47. «'Bohemian Rhapsody' Top Chart Topper». CBS News. 2002 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 16-ին.
  48. «Queen's 'Bohemian Rhapsody' greatest song of all time». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  49. Medium cool: music videos from soundies to cellphones. p.157. Duke University Press, 2007. Books.google.com.
  50. Monahan, Mark (2011 թ․ նոյեմբերի 24). «Top five Queen music videos». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  51. Directed by Carl Johnston (4 December 2004). The Story of Bohemian Rhapsody (Television production). BBC. Retrieved 9 March 2019
  52. Sutherland, Mark (2015 թ․ հոկտեմբերի 30). «Party On: Queen's Brian May Remembers 'Bohemian Rhapsody' on 40th Anniversary». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  53. Hann, Michael (2011 թ․ հունիսի 12). «Queen herald the age of the music video». The Guardian. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  54. «Queen on tour: A Night At The Opera 1975-1976». Queenconcerts.com.
  55. «A Day at the Races». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  56. «Queen». Disco Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին.
  57. «A Day at the Races». Queenonline.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  58. «Queen Concertography». Queenconcerts.com. «"Tie Your Mother Down" has been included in all of the band's tours from the summer of 1976 to the most recent Return of the Champions tour»Կաղապար:Verify quote
  59. Rivadavia, Ed. «Song Review: Tie Your Mother Down». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  60. «Queen play Hyde Park». BBC. Վերցված է 2009 թ․ ապրիլի 9-ին.
  61. «Queen Biography 1976». Queen Zone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին.
  62. «Queen Interviews - Database error - Queen Archives: Freddie Mercury, Brian May, Roger Taylor, John Deacon, Interviews, Articles, Reviews». queenarchives.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 7 мартa 2019-ին.
  63. «Chart Stats - Queen - News of the World» (անգլերեն). chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 28 октября 2010-ին.
  64. «Chart Stats - Queen - Jazz» (անգլերեն). chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 11 января 2011-ին.
  65. «Queen». Billboard. Vol. 92, no. 29. 1980 թ․ հուլիսի 19. էջ 33 – via Books.google.com.
  66. Classic Rock № 8 (январь-февраль 2002).
  67. Greene, Andy (2013 թ․ փետրվարի 5). «Flashback: Queen Steal the Show at Live Aid». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  68. «Ben Folds Five». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  69. «Blind Guardian - From Middle-Earth to the opera - November 2002». Metal Osberver. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  70. «Def Leppard». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  71. «Dream Theater». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  72. «Extreme». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  73. «Day Grohl and Taylor Hawking induct Queen». Rockhall.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  74. «Frankie Goes to Hollywood». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  75. «Guns N' Roses». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  76. «Helloween». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  77. «2006.10.xx - Classic Rock - UK - Freddie 60th tribute - Queen». Queencuttings.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  78. «Kansas». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  79. «Katy Perry». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  80. «Keane FAQ». Keaneshaped.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  81. «Iron Maiden». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  82. «Manic Street Preachers». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  83. «Marilyn Manson». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  84. «Metallica». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  85. «The Quietus | Features | Baker's Dozen | Th1rt3en Best: Dave Mustaine Of Megadeth's Favourite Albums». The Quietus. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  86. «George Michael». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  87. Emma Jones. «Sound of 2007: Mika». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  88. «Muse». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  89. «My Chemical Romance». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  90. «Panic at the Disco». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  91. «Queensrÿche». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  92. «Radiohead». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին. {{cite web}}: Unknown parameter |v= ignored (օգնություն)
  93. «Robbie Williams». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 5-5-2011-ին.
  94. «Steve Vai». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. {{cite web}}: Unknown parameter |v= ignored (օգնություն)
  95. «Styx». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  96. «Smashing Pumpkins». All Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  97. «Trivium's Matt Heafy chooses his top five Queen songs». ClassicRockMagazine.com/. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 1-5-2011-ին.
  98. Queen on tour Queen Concerts. Retrieved 5 April 2012
  99. Queen Live — 1970 Queen Online. Retrieved 5 April 2012
  100. Queen — FAQs (11 January 2011) Queen Online. Retrieved 5 April 2012
  101. Умер первый бас-гитарист Queen // март 2019
  102. Angermiller, Michele Amabile (2014 թ․ օգոստոսի 27). «Watch Lady Gaga Join Adam Lambert Onstage in Homage to the Queen "Mothership"». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  103. «Чудо в перьях». Газета.Ru. Վերցված է 7 мартa 2019-ին.
  104. Queen, Rock & Roll Hall of Fame, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2-ին
  105. «Zeppelin voted 'ideal supergroup'». news.bbc.co.uk. 10 июля 2005. Վերցված է 7 мартa 2019-ին.
  106. «Любимым альбомом британцев стал сборник хитов Queen». lenta.ru. Վերցված է 7 мартa 2019-ին.
  107. «Class Of 2018 Special Merit Awards Recipients». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուին» հոդվածին։