Քարոզ
Քարոզ, քրիստոնեական հավատի ուսուցման և տարածման միջոց, կրոնադավանական, բարոյախրատական պատվիրանների հրապարակային ուսուցում, խրատ։ Քարոզ է կոչվում նաև եկեղեցու բեմից հոգևորականի՝ ժողովրդին ուղղված խոսքը։
Լայն առումով վաղքրիստոնեական լեզվում հասկացվել են նաև հավատացյալներին և քրիստոնյա առաջին համայնքներին ուղղված թղթերը, ավելի ուշ՝ ճառերը։
Քարոզի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմատիկ առումով թղթերից և ճառերից քարոզը տարբերվում է նրանով, որ ավելի շատ նվիրված է ոչ թե կրոնադավանական զանազան հարցերի արծարծմանն ու բացատրությանը, այլ՝ այդ հասկացությունների միջոցով ունկնդրի և ընթերցողի վրա ներազդելուն՝ նրան մղելով ապրել քրիստոնյա հավատով և բարոյականությամբ։
Քարոզը, ունենալով ընդհանուր ճանաչողական, մեկնողական, ջատագովական և ներբողային բնույթ, հիմնականում բարոյադաստիարակչական է։
Քարոզի ժամանակ քրիստոնեական հիմնական հավատալիքները՝ Սուրբ Երրորդություն, Քրիստոսի Աստվածություն, Մարդեղություն, Փրկագործություն ևն, փոխանցվում են ժողովրդին ոչ թե դավանաբանական խրթին բանաձևումներով, այլ՝ բարոյական սկզբունքների հետ ընդելուզված ձևով։ Քրիստոնեական քարոզի առարկան Քրիստոսի քարոզած խոսքերն ու ճշմարտություններն են, որոնք ուղղակի, անմիջական աղերս ունեն մարդկանց առօրյա կյանքի, ապրելակերպի, գործերի և փոխհարաբերությունների հետ։
Քարոզխոսության բարձրագույն նպատակը Քրիստոսի անձի և գործի մշտնջենական վերակենդանացումն է եկեղեցու հավատացյալների գիտակցության և կյանքի մեջ։
Քարոզի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոզի կարևորությունը, անհատի ու հասարակության վրա ունեցած ներազդեցությունը շեշտվում է դեռևս Հին կտակարանում, իսկ Նոր կտակարանում թե՛ Հովհաննես Մկրտչի, թե՛ Քրիստոսի և թե՛ առաքյալների գործունեությունն սկսվում է քարոզով։ Առաքյալներին պատվիրելով տարածել նոր վարդապետությունը՝ Հիսուսն ասում է. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկ. 16.15)։
Քարոզությունը Քրիստոսի առաքելության տարածման գլխավոր միջոցն է։ Քանի որ առաքյալների գործունեությունն սկսվել է քարոզությամբ, քրիստոնեության վաղ շրջանում ավետարանելը և քարոզելը նույնացվել է ու միմյանց համարժեք ներկայացվել։ Հետագայում քարոզի գործառնական նշանակությունը փոխվել է։ Եթե սկզբնական շրջանում այն ծառայել է ավետարանական քարոզչությանը, քրիստոնեության տարածմանն ու ամրապնդմանը, ապա ավելի ուշ՝ քրիստոնեական գաղափարների, արժեքների և բարոյականության անխաթար պահպանմանը, այսինքն՝ ավետարանելուն փոխարինել է ավետարանված գաղափարներին հետևելու քարոզությունը։ Եթե ավետարանելը ծառայում է նոր կրոնի տարածմանը, անհատական և հաս. գիտակցության հեղաբեկմանը, ապա քարոզը՝ ընդունված հոգևոր-բարոյական նորմերից չշեղվելուն (որն իրականացվում է հրապարակախոս. ներազդման միջոցով)։
Քարոզը և Քրիստոսի խոսքի տարածումը, սկսած առաքելական շրջանից, եկեղեցու հովիվների կյանքի և գործունեության կարևոր տեղն է գրավում։ Քարոզությունը առաքյալներից և առաքելական հայրերից փոխանցվել է Ընդհանրական եկեղեցու հայրերին, և քարոզը դարձել է հեթանոսության դեմ մղվող պայքարում քրիստոնեության գլխավոր զենքը։ Եկեղեցու առաջին չորս դարերի հայրերը հռչակվել են իրենց կենդանիքարոզխոսությամբ, որը հիմնականում կրել է ջատագովական բնույթ։ Քարոզի ներգործուն ուժը և թողած տպավորությունը լավագույնս արտահայտվել է Ընդհանրական եկեղեցու հռչակավոր հայրերից Հովհան Ոսկեբերանին տրված «Ոսկեբերան» բնորոշման մեջ։
Քարոզը Հայոց եկեղեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոզն իր գործուն ազդեցությունն է ունեցել նաև հայոց կյանքում, մեծ կարևորություն և նշանակություն ստացել Հայ եկեղեցում։ Հայոց դարձը սկսվել է քարոզությամբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը Խոր վիրապից ելնելուց հետո իր քարոզությամբ ժողովրդին նախապատրաստել է քրիստոնեության ընդունմանը։ Գրիգոր Ա Լուսավորիչով սկիզբ առած հայկական քարոզխոսությունն իրենց հովվական և ուսուցողական գործունեությամբ շարունակել են Հայ եկեղեցու հայրերը (Ներսես Ա Մեծ, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Ա Պարթև, Հովհաննես Ա Մանդակունի, Հովհաննես Գ Օձնեցի, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Եսայի Նչեցի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի, Մաղաքիա Օրմանյան, Եղիշե Դուրյան և ուրիշներ), որոնք նաև իրենց ժամանակի մեծագույն քարոզիչներն են եղել։
Քարոզխոսությունն այնքան է կարևորվել, որ Գրիգոր Տաթևացին այն ավելի հեղինակավոր դարձնելու նախապայման է համարել վարդապետական իշխանություն ունենալը։ Վարդապետական և ծայրագույն վարդապետական գավազանի տվչությունը, որպես նշան ուսուցողական, քարոզչական իշխանության, խորհրդանշում է Հայ եկեղեցում քարոզխոսության կարևորությունն ու արժեքը։
Քարոզի կառուցվածքը և բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոզի կառուցվածքին, ունեցած նշանակությանը, դերին ու ազդեցությանն անդրադարձել է Գրիգոր Տաթևացին իր «Վասն մեղաց լեզուի» և «Վասն երկրագործաց» քարոզներում, որոնցից առաջինը նվիրված է քարոզի մատուցման կերպին ու միջոցներին, երկրորդը՝ կառուցվածքին։ Նա քարոզի ժանրային կառուցվածքը բաժանել է հինգ մասի՝ բնաբան, նախերգանք, քարոզ, հորդորակ և օրհնություն։ Քարոզը ասվում է բարձր տեղից, ըստ Սուրբ Գրքի՝ «պարիսպների գլխից» (Առակ. 1.21)։ Ժողովրդից վեր մի կետից քարոզելու գաղափարն իր արտահայտությունն է գտել նաև եկեղեցու ընդհանուր կառուցվածքում։ Եկեղեցու բեմը, որի բարձրությունից քարոզում է քահանան, համաձայն քրիստ. խորհրդաբանության, միջանկյալ տեղ է գրավում երկնքի ու երկրի միջև։ Աստվածաշնչում շեշտվում է նաև, որ քարոզը պետք է լինի հրապարակային։ Դրա լավագույն օրինակը «Լեռան քարոզն» է (Մատթ. 5.1–12), որը նաև կոչվում է «փոքր Ավետարան», իսկ Խրիմյան Հայրիկի խոսքերով՝ «մարգարիտ Արքայության երկնից», և խտացված ձևով բովանդակում է քարոզած ճշմարտությունների բուն կորիզը։ Ըստ Պողոս առաքյալի, քարոզը բխում է ոչ թե մարդկային կամեցողությունից կամ իմաստությունից, այլ՝ «աստվածային Սուրբ Հոգուց», և պետք է ասվի Սուրբ Հոգու զորությամբ ու վարդապետությամբ (Ա Կորնթ. 2.3–5, 11–14)։
Քարոզը հիմնվում է Աստվածաշնչի, մասնավորապես՝ Նոր կտակարանի վրա։ Սուրբ Գրքի ընթերցումից հետո քարոզիչը բեմ է բարձրանում և օրվա ընթերցումներից ընտրում իր քարոզի բնաբանը։ Ավելի ուշ շրջանում բնաբաններ են ընտրվում նաև շարականներից և առանձին դեպքերում՝ հայ դասական մատենագրության՝ եկեղեցու կողմից նվիրագործված հատվածներից։ Քարոզները, նվիրված լինելով օրվա տոնին կամ այդ օրը եկեղեցում կարդացվող սուրբգրային համապատասխան ընթերցվածին (սաղմոսներ, մարգարեական, առաքելական և ավետարանական հատվածներ, որոնք որոշված են հաստատուն կերպով), այնուհետև տվյալ տոնը շաղկապում են ժամանակի խնդիրներին և ազգային կարևոր իրադարձություններին, իսկ օրվա ընթերցվածների վրա խարսխված քարոզներում, նույն կերպ ավետարան. գաղափարներն արծարծելուց հետո, քարոզիչներն անդրադառնում են այն հարցին, թե որքանով են մարդիկ կարողանում հավատարիմ մնալ այդ գաղափարներին։ Դրանով սուրբգրային մնայուն գաղափարներին, քրիստոնեական բարոյականությանը և արժեքներին հաղորդվում է արդիական հնչեղություն։
Քարոզը սոսկ իր բնաբանի մեկնությունը չէ, այլ ուղղված է տվյալ ժամանակի ունկնդրին, որի համար տարբեր ժամանակներում աստվածաշնչյան միևնույն մնայուն մտքի ու հոգևոր խորհրդի արտահայտությունն իմաստային տարբեր նրբերանգներ է ձեռք բերում և ըստ այդմ էլ ընկալվում ու կարևորվում։
Հայ եկեղեցու քարոզիչը, եթե եպիսկոպոս կամ վարդապետ է, կրում է իր իշխանությամբ տրված գավազանը։ Քահանա քարոզիչը կրում է ձեռաց խաչ, սարկավագը՝ Ավետարան։
Հոգևորականը, «Ամեն»-ով ավարտելով քարոզը, ձեռքի խաչով խաչակնքում է՝ «կնքէ զբանն»։ Ծիսական այս ընթացքի հոգևոր խորհրդի բացատրությունը Գրիգոր Տաթևացին խարսխում է Ղուկասի Ավետարանի «սերմը Աստծո խոսքն է» (Ղուկ. 8.11) և Մարկոսի Ավետարանի «Եվ լավ հողի մեջ սերմանվածները այն մարդիկ են, որ լսում են խոսքը և ընդունում ու պտուղ են տալիս...» (Մարկ. 4.20) խոսքերի վրա։ Ըստ այդ զուգահեռի, քարոզը այն սերմն է, որ ծլարձակում է մարդու հոգում, այսինքն՝ ներազդում նրա վրա, և ինչպես հողագործները սերմանելուց հետո ջրում են, նույն կերպ և քարոզիչները քարոզելուց հետո խաչով կնքում են, այսինքն՝ օրհնում այն հոգիները, որտեղ սերմանել են «Բանն Աստուծոյ»։ Գրիգոր Տաթևացին զգուշացնում է նաև, որ քարոզը կարող է ներազդել միայն այն դեպքում, եթե քարոզիչը հետևում է իր քարոզածին և ապրում իր քարոզած կյանքով։
Քարոզը` եկեղեցական մատենագրության ժանր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հայրերը և մատենագիրները Քրիստոսի խոսքի մեկնության և տարածման համար գրել են քարոզներ, որոնք հայոց մեջ երբեմն հայտնի են ճառ անունով։ Դրանք ունեցել են աստվածաբանական, դավանաբանական, փիլիսոփայական, մեկնողական, ջատագովական, ներբողական, բարոյադաստիարակչական բնույթ և եկեղեցական քարոզխոսության ու հրապարակախոսության լավագույն նմուշներից են։ Հայկական քարոզագրությունն սկսվել է V դ., Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և եկեղեցու այլ նշանավոր հայրերի ճառերի թարգմանությամբ ու մեկնությամբ։ Քարոզներից կազմվել են ժողովածուներ՝ Քարոզգրքեր։ Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք»-ը և Հովհաննես Ա Մանդակունուն վերագրվող «Ճառք»-ը Հայ եկեղեցու առաջին Քարոզգրքերն են։ Հայ քարոզագրության լավագույն նմուշներից է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզչութեանը»` իր «Ամարան» և «Ձմերան» հատորներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեր - Մկրտչյան Կ., Քարոզի նշանակությունը և գործադրության եղանակը, «Արարատ», 1895, դ 2, էջ 41–43:
- Կյուլեսերյան Բ., Քարոզելու արվեստը, «Լույս», 1905, դ 3, էջ 49–54:
- Հովսեփյան Գ., Դեպի լույս և կյանք, Անթիլիաս, 1986, էջ 7–10:
- Գարեգին Ա, Համառոտ ձեռնարկ հովվական աստվածաբանության, Էջմիածին, 1995։
- Վարդանյան Մ., Քարոզը որպես միջնադարյան հրապարակախոսության հոգևոր արտահայտություն, «Էջմիածին», 2000, դ 4։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |