Սև
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև (այլ կիրառումներ)
Սև | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #000000 |
sRGBB (r, g, b) | (0, 0, 0) |
CMYKH (c, m, y, k) | (0, 0, 0, 100) |
HSV (h, s, v) | (0°, 0%, 0%) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր) |
Սև, ամենամուգ գույնը, լույսի բացակայության կամ ամբողջական կլանման արդյունքը։ Այն սպիտակի հակառակն է, որը լույսի սպեկտրի գույների ընդհանրությունն է[1]։ CMYK գունային մոդելում հիմնական գույներից մեկն է՝ երկնագույնի, դեղինի, մանուշակագույնի հետ։
Սև գույնը նեոլիթի ժայռանկարչության մեջ գործածված առաջին գույներից մեկն է։ 14-րդ դարի Եվրոպայի ազնվականությունը, հոգևորականները, դատավորները և կառավարական գործիչները հագնում էին սև հագուստ։ Սև էին նաև 19-րդ դարի Անգլիայի պոետների հագուստը։ 20-րդ դարում սև հագուստը դարձել է շատ մոդայիկ[2]։
Հռոմեական կայսրությունում սևը սգի գույնն էր, դարեր շարունակ այն ասոցացվել է մահվան, չարիքի, վհուկների և կախարդության հետ։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ սևը ավարտի, սգի, գաղտնիքների, կախարդության, ուժի, բռնության և նրբագեղության հետ ամենաշատ ասոցացվող գույնն է[3]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերենում սև (սև) բառը սեաւ բառի այլընտրանքային տարբերակն է։ Սեաւը պարթևերենից փոխառություն է syʾw (syāw, սև), որն էլ իր հերթին ծագում է հին պարսկերեն siyava և զանդկերեն syava բառերից, վերջինս պահպանվել է միայն հատուկ անունների մեջ[4]։
Հին հույները կարող էին մեկ բառով նկարագրել տարբեր գույներ, եթե վերիններս ունեն նույն խորությունը։ Այսպես kuanos' կարող էր նշանակել մուգ կապույտ և սև[5]
Հին Հռոմում սևի համար երկու բառ կար. ater-ը տափակ և խամրած սևն էր, niger -ը փայլող, հագեցած սևը։ Niger բառից է ծագել Նիգերիա երկրի անունը[6], անգլերեն negro բառը և ռոմանական լեզուների «սև» բառը (ֆրանսերեն՝ noir; իսպաներեն՝ negro; իտալերեն՝ nero).
Հին բարձր գերմաներենում նույնպես սևի համար երկու բառ կա՝ swartz խամրած սևի և blach լուսավոր սևի համար[5]
Հերալդիկայում սևի համար օգտագործվող խորհրդանիշը սամույրն է[7] իր սև մորթու պատճառով։
Պատմություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևը արվեստում օգտագործված առաջին գույներից մեկն է։ Ֆրանսիայի Լասկո քարանձավում կան պալեոլիթի նկարիչների կողմից 18 000 - 17 000 պատկերված ցուլեր և այլ կենդանիներ։ Սկզբում օգտագործվել է ածուխը, իսկ հետո ավելի հագեցած սևի համար՝ վառված ոսկորներ, մագնեզիումի օքսիդի փոշի[5]։
Հին Եգիպտոսում սևը ասոցացվում էր դրական երևույթների հետ, այն Նեղոսի բերած հագեցած սև գույն ունեցող բերրի հողի գույնն էր։ Այն Անուբիսի՝ ստորգետնյա երկրի աստծո գույնն էր, ով ուներ շնագայլի դեմք և պատշտպանում էր չարից և մահից։
Հին հույների համար սևը նույնպես ստորգետնյա աշխարհի գույնն էր, որը աշխարհի մյուս մասից առանձնանում էր Աքերոն գետով, որի ջուրը սև էր։ Ամենածանր մեղք գործած մարդիկ ուղարկվում էին Տարտարոս, ստորգետնյա աշխարհի ամենախոր և մութ մակարդակը։ Տարտարոսի կենտրոնում Հադեսի՝ ստորգետնյա աշխարհի աստծո պալատն էր, որտեղ նա նստում էր էբենոսի փայտից պատրաստված գահին։
Սևը հին հույն նկարիչների կողմից օգտագործվող ամենակարևոր գույնն էր։ Մ.թ.ա. 6-րդ դարում նրանք շատ յուրահատուկ տեխնիկայով սկսեցին պատրաստել սև իսկ ավելի ուշ՝ կարմիր պատկերներով կավե անոթներ։ Սև պատկերներով կավագործության մեջ, նկարիչը փայլուն ներկով կարմիր կավե անոթի վրա պատկերներ էր նկարում։ Հետո կավե անոթը թրծվում էր, ներկը սևանում էր։ Հետագայում հին հույներն սկսեցին ներկել պատկերների ֆոնը, բուն պատկերների տարածությունը թողնելով կարմիր։ Ստացվում էին կարմիր պատկերներ՝ հագեցած սև ֆոնի վրա[8]։
Հին Հռոմի հասարակական հիերարխիայում մանուշակագույնը կայսեր հագուստի գույնն էր, կարմիրը՝ զինվորների, սպիտակը՝ քահանաների, իսկ սևը՝ արհեստավորների և արվեստագետների հագուստների գույները։ Հագուստի սև գույնը հագեցած և հարուստ չէր, քանի որ հագուստի ներկման ժամանակ օգտագործվող ներկը բուսական էր, հաճախ խամրում էր և վերածվում մոխրագույնի շագանակագույնի[փա՞ստ]:
Լատիներենում սև բառը՝ «ater» և սևացնել բայը՝ «atere» ասոցացվում էին դաժանության, բրուտալության և չարի հետ[9]։
Հին Հռոմում սևը նաև մահվան և սգի գույնն էր։ Մ.թ.ա. երկրորդ դարում հռոմեացի մագիստրոսները սգո արարողությունների ժամանակ սկսեցին հագնել սև տոգա, որն անվանվում էր «toga pulla»: Հետագայում մահացածի ընտանիքը նույնպես սև էր հագնում երկար ժամանակ, սգի ավարտից հետո տոգան սևից փոխվում էր սպիտակի։ Հռոմեական պոեզիայում մահը անվանվում էր «hora nigra»՝ սև ժամ[5]։
Գերմանացիները և սկանդինավցիները ունեին գիշերվա սեփական աստվածուհին՝ Նոտը, ով երկնքում թռչում էր սև ձիերով կառքի վրա։ Սկանդինավյան դիցաբանության մեջ Հելը մահվան թագավորության աստվածն է, ում մաշկը մի կողմում սև էր, մյուսում՝ կարմիր։ Ագռավը համարվում էր սուրբ կենդանի։ Ավանդության համաձայն՝ Օդինը, սկանդինավյան պանթեոնի գլխավոր աստվածը ուներ երկու սև ագռավ, որոնք ամբողջ աշխարհում շրջում էին տեսնում և լսում ամեն ինչ՝ փոխանցելով Օդինին[10]։
-
Լասկո քարանձավի ցուլերի նեոլիթյան պատկերները
-
Թութենհամոնի դամբարանի Անուբիսը՝ ստորգետնյա աշխարհի աստված
-
Հունական սև պատկերներով կավե անոթները։ Այաքսը և Աքիլեսը խաղում են (մ.թ.ա. 540-530 թթ) (Վատիկանի թանգարան)
-
Կարմիր պատկերներով կավե անոթներ։ Թետիսի դեմքը (մ.թ.ա. 470-480 թթ) (Լուվր)
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ Միջնադարում սևը ասոցացվում էր մթության և չարիքի հետ։ Միջնադարյան նկարչության մեջ սատանան պատկերվում էր մարդու տեսքով, բայց թևերով և սև մաշկով[11]։
Նորաձևության մեջ ամենաբարձր դասվող գույնը կարմիրն էր՝ ազնվականության գույնը։ Կարմիր էին հոգևորականների շորերը որպես համեստության և քավության նշան։ 12-րդ դարում ցիստերցիան և բենետիկյան հոգևականների մեջ վեճ ծագեց։ Բենեդիկտների աբբա՝ Պիեռ Պատկառելին մեղադրեց ցիստերցիան հոգևորականներին հպարտության մեջ, քանի որ վերջիններս սպիտակ հագնելով հպարտություն են ցուցադրում։ Սուրբ Բեռնար Կլերվոյացին պատասխանել է, որ սևը դժոխքի և չարի գույնն է, այն դեպքում, երբ սպիտակը խորհրդանշում է «մաքրությունը, անմեղությունը և մյուս առաքինությունները»[12]։
Սևը միջին դարերում խորհրդանշում էր փառքը և գաղտնիությունը։ Գերմանիայի Սուրբ Հռոմեական Կայսրության խորհրդանիշը սև արծիվն էր։ Միջնադարի պոեզիայում սև ասպետը առեղծվածային կերպար էր, ով թաքցնում էր իր ինքնությունը[13]։
Սևը Միջնադարի ամենակարևոր և ազդեցիկ գյուտի՝ տպագրության կարևոր բաղադրամասն էր։ Գրիչներում օգտագործվող թանաքը, որը հայտնաբերվել էր հնադարյան Չինաստանում և Հնդկաստանում խամրում էր տպագրության ժամանակ։ 15-րդ դարում մրից, սկիպիդարից և ընկույզի ձեթից պատրաստվեց նոր տեսակի թանաք՝ տպագրական թանաքը։ Նոր թանաքը հնարավորություն տվեց տպագրել և տարածել գրքեր, հասարակայնացնել արվեստը՝ սև սպիտակ փորագրությունների և պատկերների միջոցով։
-
Իտալացի նկարիչ Դուչո դի Բուոնինսենյայի նկարը, որտեղ Քրիստոսը արտաքսում է սև մազերով ծածկված Սատանային (1308–11)
-
Ֆրա Անգելիկոյի «Վերջին դատաստանի» նկարը, որտեղ դժոխքում սև դևերը տանջում են մեղսագործներին
-
Բենեդիկտինների դաշինքի հոգևորականի դիմանկար (1484)
-
Միջնադարյան սիրավեպում (Le Livre du cœur d'amour épris, մոտ 1460) պատկերված սև ասպետ
-
Գուտենբերգի Աստվածաշունչը (1451–1452)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ և մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shorter Oxford English Dictionary. 5th Edition (2002): "Opposite to white: colourless from the absence or complete absorption of light.
- ↑ Heller, 2009
- ↑ Eva Heller (2000), Psychologie de la couleur - effets et symboliques (p. 105–27).
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, Երևան, էջ 195։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Michel Pastoureau, Noir - Histoire d'une couleur, p. 34.
- ↑ "African nation, named for the river Niger, mentioned by that name 1520s (Leo Africanus), probably an alteration (by influence of Latin niger "black") of a local Tuareg name, egereou n-igereouen, from egereou "big river, sea" + n-igereouen, plural of that word.
- ↑ Friar, Stephen, ed. (1987). «A New Dictionary of Heraldry». London: Alphabooks/A&C Black. էջեր 294 and 343. ISBN 0 906670 44 6.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Stefano Zuffi, Color in Art (p. 270).
- ↑ Webster's New World Dictionary of the American Language, New York: World Publishing Company (1964).
- ↑ Michel Pastoureau, Noir - Histoire d'une couleur, pp. 34–45.
- ↑ Stefano Zuffi, Color in Art, p. 272.
- ↑ Michel Pastoureau, Noir- Histoire d'une couleur, p. 80.
- ↑ Michel Pastoureau, Noir - Histoire d'une couleur, pp. 86–90.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pastoureau, Michel (2008). Noir - Histoire d'une couleur. Editions du Seuil. ISBN 978-2-7578-2430-6.
- Heller, Eva (2009). Psychologie de la couleur - Effets et symboliques. Pyramyd (French translation). ISBN 978-2-35017-156-2.
- Zuffi, Stefano (2012). Color in Art. Abrams. ISBN 978-1-4197-0111-5.
- Gage, John (2009). La Couleur dans l'art. Thames & Hudson. ISBN 978-2-87811-325-9.
- Flam, Jack (1995). Matisse on Art. University of California Press. ISBN 0-520-20037-3.
- Cranshaw, Whitney (2004). Garden Insects of North America. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 0-691-09560-4.
- Gottsegen, Mark (2006). The Painter's Handbook: A Complete Reference. New York: Watson-Guptill Publications. ISBN 0-8230-3496-8.
- Varichon, Anne (2000). Couleurs - pigments et teintures dans les mains des peuples. Paris: Editions du Seuil. ISBN 978-2-02-084697-4.