Jump to content

Սպագետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպագետտի
Տեսակմակարոնի տեսակ
Ենթատեսակstring-like macaroni products? և լափշա
Առաջացման երկիր Իտալիա
 Spaghetti Վիքիպահեստում
Փաթեթավորված սպագետտի
Սպագետտի
Սպագետտի կտրատող ավանդական սարք
Սպագետտի պատրաստելու հատուկ պատառաքաղ

Սպագետտի (իտալ.՝ Spaghetti), մակարոնեղենի տարատեսակ (իտալ.՝ Pasta) շրջանագծային կտրվածքով, որի տրամագիծը մոտ 2 մմ է իսկ երկարությունը, որպես կանոն՝ 25 սմ։ Առավել բարակ սպագետտիներն անվանում են «սպագետտինի» (իտալ.՝ Spaghettini), իսկ առավել հաստ կտրվածք ունեցողներին՝ «սպագետտոնի» (իտալ.՝ Spaghettoni)։ Սպագետտիի հայրենիքը համարվում է Իտալիան։ Այս մակարոնը լայնորեն կիրառվում է իտալական խոհանոցում և հաճախակի մատուցվում է տոմատի մածուկով։ Համարվում է իտալական ազգային կերակուրների հիմքը. օրինակ՝ Spaghetti Napoli (սպագետտին նեապոլիտանական ձևով)՝ տոմատի մածուկով, Spaghetti all’Aglio ed Olio (սպագետտին սխտորով և յուղով)՝ ձիթապտղի տաք յուղով և նրանում թեթևակի տապակած սխտորով։

Սպագետտին առաջին անգամ պատրաստվել է Նեապոլում։ Պոնտեդասիո քաղաքում, որը Ջենովայի հարևանությամբ է, գտնվում է սպագետտիի թանգարանը, որտեղ հավաքված են այս սննդամթերքի հարյուրավոր բաղադրատոմսեր։ Այստեղ է պահպանվում նաև մի փաստաթուղթ (Ջենովայի արխիվից)՝ թվագրված 1279 թվականի փետրվարի 4-ին, որտեղ խմորից պատրաստած խոհանոցային արտադրանքը նշված է «մակարոնիս» անվանումով։

«Մակարոնի տոնակատարություն» անվամբ ամենամյա ավանդական տոնը անցկացվում է Գրանյանոյում՝ Նեապոլի մոտակայքի քաղաքներից մեկում։

Հենց այստեղ էլ գտնվում են մակարոնեղենի բազմաթիվ գործարաններ, որոնց արտադրանքը հանվում է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներ։

Սպագետտիի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպագետտիի թանգարանում պահպանվում են ավելի քան 176 տեսակի մակարոնեղեն։ Իտալական «spaghetti» բառը բոլոր մակարոններին չի վերաբերում։ Այն հատուկ է միայն այս տարատեսակին։ Սկզբնականում սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտետեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի։ Չնայած, որ, այսօր էլ կարելի է գտնել կեսմետրանոց սպագետտիներ, որոնք պատրաստում են իտալացի արկածախնդիր խոհարարները։

Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ մի սոուսով, որոնց թիվը հասնում է ավելի քան տասը հազարի։ Փաստացիորեն այն, ինչ որ կարելի է ուտել, ավելացվում է սպագետտիի մեջ։ Իտալիայում այս մակարոնի մեջ տարատեսակ համեմունքների ավելացումը համարվում է կարևոր և նախընտրելի «գիտություն»։ Հասարակության մեջ մեծ տեղ է զբաղեցնում մակարոն պատրաստող վարպետը։

Իտալիայի քսան շրջաններում տարբեր է սպագետտիի պատրաստման եղանակները։ Քանի որ դրանց մեծամասնությունը ելք ունի դեպի ծով, ապա մակարոնեղենի հետ մատուցվում է ծովամթերք։ Իսկ «ցամաքային շրջաններում»՝ Վալլե դ’Աոստա, Տրենտինո Ալտո Ադիջե, Արևելյան Տոսկանա, ավելացնում են անտառի և գյուղատնտեսական բարիքներ։ Սիենայում մեծ քանակությամբ աղացած միս են ավելացնում։ Սիցիլիայում և Սարդինիայում մատուցելիս սպագետտիին ավելացնում են ձուկ, սիպել, կաղամար, կակղամորթ, ծովախեցգետին, լանգուստ։

Ջենովայում մատուցում են կանաչ գույնի սոուսով՝ «պեստրո ալլա ջենովեզե», որի բաղադրության մեջ մտնում է ռեհանի տերևներ, սխտոր, միջերկրածովային սոճու կաղիններ և այծի պանիր։

Լացիո շրջանում, և իհարկե նաև Հռոմում, ավանդական սոուս է համարվում կարբոնարան (Spaghetti alla carbonara[1]), որի բաղադրության մեջ կան ձու, հավի կրծքամիս և աղացած պղպեղ։

  • Մի քանի ատամներով սպագետտիի պատառաքաղը հայտնվել է դեռևս 1700 թվականին[2]:
  • «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմում 44-րդ րոպեին կա Լուկա Սպագետտի անունով հերոս, որի ընտանիքը, իբր թե, հորինել է սպագետտին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pasta carbonara recipe: authentic Italian pasta alla carbonara». thefoodellers.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «GEO» ակումբ՝ փաստեր մակարոնի մասին(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպագետտի» հոդվածին։