Ջահան, Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհանե, Ճիհուն, Ճիյհուն, Պիռամես, Պիռամոս, Պիրամ, Պիրամյուս, Պիրամոս, Պիրան, Պյուռամիս, Պյուռամոս, Պյուռանոս, Պյարամիս, Պյուրամոս, Պուրամուս, Ջաիհան, Ջահուն, Ջեյխան, Ջեյհան, Ջեյհուն, Ջիհան, Ջիհուն, Ջիուն, Ջհան, Փիրամոս, Փիրամուս, գետ Միջերկրական ծովի ավազանում` Կիլիկիայի արևելյան մասում։ Հնում կոչվում էր Պիռամոս (Պյոռամոս)։ Երկարությունը 474 կմ է, ավազանը՝ 21200 կմ2։ Կիլիկիայի ամենաջրառատ գետն է։ Կազմվում է Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջերից սկիզբ առնող 3 գետակների (Խուրմա, Կոկիսոնի գետ, Սյոգութլու) միավորվելուց։ Նեղ ձորերով ու կիրճերի միջով հոսում է դեպի հարավ՝ իր մեջ ընդունելով մի շարք վտակներ, այդ թվում՝ Զեյթունի գետը, Անդրունը[3], Ագար Յարունսու[4] և այլն։ Մտնելով Դաշտային Կիլիկիա` Ջահանի ընթացքը դանդաղում է. այստեղ աջ կողմից իր մեջ է ընդունում Կապանի և Սսի գետերը, իսկ ձախ կողմից՝ Բուլանըկ և Կարասուն գետերը։ Ստորին հոսանքի շրջանում Ջահան գետը թեքվում է դեպի արևելք և, շատ չանցած, թափվում Հայոց ծոցը։ Հնում Ջահան գետը ծովն էր թափվում այժմյան գետաբերանից մոտ 45 կմ արևմուտք։ Նավարկելի է եղել. ծովային նավերը գետի ընթացքով հասել են մինչև Մամեստիա քաղաք։ Սակայն այժմ Կիլիկիայի ափերը մերկանալու և գետի քերած տիղմի կուտակման պատճառով Ջահան գետը դարձել է ոչ նավարկելի[5]։