Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։
Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6[1]) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում[1][2]), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին[3]։
Խոհարարության մեջ չրերն կիրառվում են խմորեղենների, մրգային հացի, չոր նախաճաշերի, քաղցրավենիքի, մրգաջրերի պատրաստման համար։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղցր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։
Արտադրական պայմաններում կարող են մշակվել ազոտի երկօքսիդով՝ արտադրանքի գույնի պահպանման և չբորբոսնելու համար։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ, մանավանդ այն երկրներում, որտեղ մասնավոր գործարանների և նրանց կողմից արտադրվող սննդային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը բացակայում է կամ ձևական բնույթ է կրում, նույն նպատակով չրերը մշակում են քիմիական լուծույթներով և գոլորշիներով, որոնք բնավ նախատեսված չեն մթերքների համար, իսկ երբեմն էլ թունավոր են․ միջատասպան միջոցները և նավթամթերքներն օգտագործում են բնական եղանակով ստացված չրերը փոշուց կամ կեղտից՝ լվանալու միջոցով մաքրելու համար, որը պտղի վերին շերտի վրա թողնում է բարակ շերտ՝ պաշտպանելով նեխելուց և վնասակար միջատներից, բայց դրա հետ մեկտեղ օգտագործողների առողջությանը նկատելի վնաս է հասցնում, որի վերաբերյալ ապրանքապիտակի վրա հաճախ ոչ մի նախազգուշացում կամ հիշատակում չի լինում։ Ազոտի երկօքսիդով չմշակված չրերը կարող են ունենալ համեմատաբար մուգ գույն։