Շառլ Մեսսիե
Շառլ Մեսսիե ֆր.՝ Charles Messier | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1730[1][2][3][…] Բադոնվիլեր[4] |
Մահացել է | ապրիլի 12, 1817[1][3][5][…] (86 տարեկան) Փարիզ[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ստանիսլավի ակադեմիա[6] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7][8] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Charles Messier Վիքիպահեստում |
Շառլ Մեսսիե (ֆր.՝ Charles Messier, ՄՀԱ(ֆր.): [ʃaʁl me.sje], հունիսի 26, 1730[1][2][3][…], Բադոնվիլեր[4] - ապրիլի 12, 1817[1][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի աստղագետ։
Փարիզի գիտությունների ակադեմիայի (1770, adjoint astronome)[9], Լոնդոնի թագավորական ընկերության (1764)[10] անդամ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (1776)[11]։
Մեսսիեն սիստեմատիկաբար հայտնաբերել է նոր գիսաստղեր։ 1763-1802 թվականներին հայտնաբերել է 13 գիսաստղ, այդ թվում կարճ պարբերականությամբ D/1770 L1 գիսաստղը (հին անվանումը 1770 I), որը հետագայում կոչվել է Լեկսելի անունով[12]։ Կազմել է նաև միգամածությունների և աստղային կուտակումների կատալոգ, որը ստացել է աստղագետի անունը։ Կատալոգի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1774 թվականին և ներառել է 45 օբյեկտներ։ Կատալոգի երկրորդ հրատարակությունը (1781) ներառել է 103 օբյեկտ։ Նրա ժամանակակից տարբերակը ներառում է 110 օբյեկտ, որոնցից ավելի քան 60-ը հայտնաբերվել է անձամբ Մեսսիեի կողմից։
Մեսսիեի անունով են կոչվում Լուսնի վրա գտնվող Մեսսիե խառնարանը Առատության ծովում և 7359 Messier աստերոիդը։
Մանկություն և երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Մեսսիեն ծնվել է 1730 թվականի հունիսի 26-ին Բադոնվիլերում, որն այդ տարիներին պատկանում էր Զալմ կոմսությանը։ Նրա հայրը պալատական կարգադրիչ Նիկոլա Մեսսիեն էր (1682-1741), իսկ մայրը՝ Ֆրանսուազա Մեսսիեն։ Մեսսիեն ընտանիքի տասներորդ երեխան էր։ Մեսսիեների ընտանիքն ուներ զգալի հարստություն, ինչպես նաև կապեր բարձր շրջանակներում, ինչը մեծապես որոշել էր Շառլի կարիերան[13]։
Նիկոլա Մեսսիեն մահացել է, երբ Շառլը 11 տարեկան էր։ Մեսսիեի երեխաներից ավագը՝ Գիացինտը, ով Շառլից 13 տարով մեծ էր, ընտանիքի հոգսը իր ձեռքն էր վերցրել։ Այդ ժամանակ նա աշխատում էր որպես աճուրդավար և Շառլին վերցրել էր որպես աշակերտ իր գրասենյակում։ Շառլ Մեսսիեի պարտականությունները հիմնականում ներառում էին փաստաթղթերի հետ աշխատանքը։ Ուսուցումը Շառլին տվեց բազմաթիվ հմտություններ, որոնք օգտակար եղան նրա հետագա կարիերայում՝ լավ գրելու և նկարելու հմտություններ, ճշգրտություն և մանրակրկիտություն[13]: Հենց այդ ժամանակ էլ Շառլի մոտ արթնացավ աստղագիտության հանդեպ հետաքրքրությունը, 1744 թվականին նա դիտարկեց Շեզո վեց պոչանոց գիսաստղը, իսկ 1748 թվականին՝ արևի օղակաձև խավարումը[13]։
1751 թվականին Զալմի իշխանությունը մտավ Լոթարինգիայի դքսության կազմի մեջ, որը շուտով կորցրեց իր անկախությունը և մտավ Ֆրանսիայի կազմ։ Ընտանիքի ընկերը օգնեց Շառլ Մեսսիեին, որն այդ ժամանակ 21 տարեկան էր, աշխատանքի ընդունվել որպես օգնական Փարիզի նորաստեղծ ռազմածովային աստղադիտարանում։ Այդ գործում որոշիչ դեր էր խաղացել ոչ թե Մեսսիեի հետաքրքրությունը աստղագիտության նկատմամբ, այլ նրա գեղագրական հմտությունները[13]։
1751-1757 թթ. ռազմա-ծովային աստղադիտարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմա-ծովային աստղադիտարանը իրենից ներկայացնում էր փոքր հաստատություն, որը հեռու էր ֆրանսիական աստղագիտական համայնքի հիմնական իրադարձություններից: Դրա հիմնադիրն էր Ժոզեֆ Նիկոլա Դելիլը (1688–1768), ով Փարիզի թագավորական քոլեջի մաթեմատիկայի և աստղագիտության ուսուցիչ էր։ Աստղադիտարանը գտնվում էր Կլունի առանձնատան աշտարակում, որը պատկանում էր ֆրանսիական ռազմական նավատորմին և գտնվում էր Թագավորական քոլեջի դիմաց[14]։
Մեսսիեն լավ ընդունվեց Դելիլների ընտանիքում։ Դելիլի օգնական Լիբուրը, Մեսսիեին ուսուցանեց աստղագիտական գիտության հիմունքները և վստահեց նրան քարտեզների ձեռագիր պատճեններ պատրաստելն ու դիտարկումների օրագիր պահելը[14]։
Մեսսիեի առաջին աստղագիտական նվաճումը կապված էր Հալլեի գիսաստղի հետ։ Շառլին հանձնարարվել էր Դելիլի կողմից կատարված այդ գիսաստղի ուղեծրի հաշվարկների ստուգումը։ 1758 թվականից նա զբաղվում էր որոնումներով, ինչը հաջողությամբ պսակվեց 1759 թվականի հունվարի 21-ին։ Սակայն, Մեսսիեն առաջին աստղագետը չէր, ով տեսել էր գիսաստղը, 1758 թվականի դեկտեմբերի 25-ին այն հայտնաբերել էր դրեզդենցի սիրողական աստղագետ Յոհան Գեորգ Պալիչը։ Գիսաստղը չի գտնվել այնտեղ, որտեղ կանխատեսել էր Դելիլը, ինչի արդյունքում Մեսսիեն հայտնաբերումից հետո ևս երեք ամիս շարունակեց որոնումները, մինչև որ ակնհայտ դարձավ նրա ուսուցչի սխալը։ Մեսսիեն հրապարակեց իր դիտարկումները, սակայն ուշացման պատճառով մյուս աստղագետները կասկածի տակ դրեցին հայտնագործության անկախությունը, և այդ աշխատանքը չճանաչվեց աստղագիտական հանրության կողմից, ինչը մեծ հիասթափություն դարձավ Մեսսիեի համար[15]։
Սակայն գիսաստղի որոնումների ժամանակ տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն։ 1758 թվականի օգոստոսին դե լա Նյուի կողմից հայտնաբերված C/1758 K1 գիսաստղը դիտարկելիս Մեսսիեն հայտնաբերեց միգամածություն, որը նա սկզբում շփոթեց գիսաստղի հետ[15]։ Սակայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ այն չունի սեփական շարժում, հայտնի դարձավ, որ բացահայտված օբյեկտը գիսաստղ չէ։ Մեսսիեն որոշեց կազմել նմանատիպ օբյեկտների ցուցակ, որոնք խանգարում էին նրա «գիսաստղերի որսին»։ 1758 թվականի սեպտեմբերի 12-ին նա այդ օբյեկտը գրանցեց ցուցակի 1-ին համարի տակ[16]։ Դա դարձավ Մեսսիեի կատալոգի սկիզբը:
1759-1770 թթ. Գիսաստղ որոնողը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած առաջին անհաջողությանը, գիսաստղերի դիտարկումը Շառլ Մեսսիեի համար իսկական կիրք դարձավ։ 1758-1804 թվականներին նա ավելի քան 1100 գիշեր նվիրեց այդ գործունեությանը[15]: Նա դարձավ պատմության մեջ առաջին հայտնի «գիսաստղերի որսորդը»՝ ունենալով իր հետևորդներին բնորոշ շատ հատկանիշներ՝ աշխատասիրություն և ոգևորություն, որոնք արտահայտվում էին նոր գիսաստղերի անխոնջ փնտրտուքով՝ արդյունք տալով նույնիսկ պարզ սարքավորումներով։ Ընդհանուր առմամբ, Մեսսիեն դիտարկել էր 44 գիսաստղ, որոնցից 15-ը հայտնաբերվել էր միայն նրա կողմից, այլ դիտորդների հետ միասին հայտնաբերվել էին ևս 5 գիսաստղեր[15]։
Մեսսիեն ոչ միայն նոր գիսաստղեր էր հայտնաբերում, այլ զբաղվում էր դրանց համակարգված ուսումնասիրությամբ, շարունակական ուշադրություն հատկացնելով դրանցից յուրաքանչյուրին: Երկնակամարում նրա կատարած չափումները գիսաստղերի դիրքերի վերաբերյալ հնարավորություն էին տվել հաշվարկել դրանց ուղեծրերը։ Դրանով զբաղվում էր Մեսսիեի ընկերը՝ Ժան դե Սարոնը[15]: Սարոնի հաշվարկները չափազանց կարևոր էին Մեսսիեի աշխատանքի համար. հենց դրանց շնորհիվ նա կարողացավ նորից գտնել նախկինում հայտնաբերված գիսաստղը։
1760 թվականի հունվարի 26-ին Մեսսիեն հայտնաբերեց իր անունով առաջին գիսաստղը։ Դրան հաջորդեց հաջողությունների երկար շարք. 1763-1771 թվականներին աստղագետների կողմից դիտարկված բոլոր 8 գիսաստղերը հայտնաբերվեցին Մեսսիեի կողմից[15]։
Մեսսիեն նաև այլ դիտարկումներ էր կատարել․ 1752-1770 թվականներին դիտարկել էր Լուսնի կողմից աստղերի 93 խավարում, Յուպիտերի արբանյակների 400 խավարում, արևի 5 խավարում, լուսնի 9 խավարում և չափագրել 400 աստղերի գտնվելու վայրը։ Բացի այդ, նա դիտարկել էր Մերկուրիի չորս անցումներ Արեգակի սկավառակի վրա և Վեներայի երկու անցումներ, մասնակցել էր նաև Նիդերլանդների և Բելգիայի առափնյա աստղագիտական ժամացույցների չափորոշման[15]։
Մեսսիեն ճանաչում էր ստացել գիտական հանրության կողմից։ 1764 թվականին ընտրվել էր Անգլիայի և Հոլանդիայի գիտական ակադեմիաների անդամ[15]։ 1769 թվականին մեծ գիսաստղի հայտնաբերումը նրան ճանաչում բերեց Ֆրանսիայի լայն հասարակության կողմից: Նույնիսկ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ը հետաքրքրվեց գիսաստղով և ստացավ քարտեզ, որտեղ նշված էր գիսաստղի դիրքը, որը նկարել էր հենց ինքը՝ հայտնաբերողը[15]։ Լյուդովիկոս XV-ից Մեսսիեն ստացավ իր հայտնի մականունը le furet des comètes (բառացիորեն «գիսաստղ նավակ», սովորաբար ռուսերեն թարգմանվում է որպես «գիսաստղ բռնող»[17]), քանի որ նա այնքան լավ էր «ավերում գիսաստղերի բները», որ ոչ մի գիսաստղ «ձվից դուրս չէր գալիս» երկար տարիներ՝ առանց Մեսսիեի կողմից նախապես հայտնաբերվելու[15]:
1770 թվականին՝ հաջորդ գիսաստղի հայտնաբերումից երկու շաբաթ անց (ներկայումս այն սովորաբար կոչվում է Լեքսելի գիսաստղ՝ ի պատիվ այն աստղագետի, ով հաշվարկել է նրա ուղեծիրը), Մեսսիեն ընդունվել էր Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա, այնուհետև՝ այլ արտասահմանյան գիտական ընկերություններ[18]։ 1771 թվականին նա ստացել էր նաև «Ռազմա-ծովային աստղագետ» տիտղոսը, որը նախկինում պատկանում էր Դելիլին[18]։
1770-1789 թթ. վերելքներ ու վայրէջքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1770 թվականի նոյեմբերի 26-ին Մեսսիեն ամուսնացավ Մարի-Մադլեն Դորդոլո դե Վերմոշանի հետ, որին ճանաչում էր տասնհինգ տարի։ Ազնվական տիկնոջ և բուրժուազիայի ամուսնությունը այդ ժամանակվա համար շատ արտասովոր էր, որը հնարավոր դարձավ միայն Մեսսիեի գիտական մեծ հաջողությունների շնորհիվ[18]։
1771 թվականին Մեսսիեն հայտնաբերեց երկու նոր գիսաստղեր և ավարտեց իր միգամածությունների կատալոգի առաջին հրատարակությունը, որը ներառում էր 45 օբյեկտ[18]։ 1772 թվականի մարտի 15-ին ծնվեց Մեսսիեի որդին՝ Անտուան-Շառլ Մեսսիեն։ Սակայն Մեսսիեին լուրջ հարված էր սպասվում՝ 1772 թվականի մարտի 22-ին մահացավ նրա կինը հետծննդյան տենդից, իսկ մարտի 26-ին մահացավ նաև նրա որդին[18]։
Չնայած ճակատագրի հարվածներին՝ Մեսսիեն շարունակում էր ինտենսիվորեն աշխատել։ Որդու մահվան օրը նա սկսել էր դիտարկել Մոնտենի կողմից հայտնաբերված նոր գիսաստղը, իսկ 1772 թվականի օգոստոսին մեկնել էր Զալմ, որտեղ դարձյալ շարունակել էր իր լարված աշխատանքը[18]։ Ընտանիքի հետ հանդիպումը օգնեց որոշակի կարգուկանոն հաստատել Մեսսիեի երերուն անձնական կյանքում․ Փարիզ վերադառնալիս նրան ուղեկցում էին եղբորորդին՝ Ժոզեֆ-Գիացինտը և նրա քույրը՝ Բարբեն[18]:
Մեսսիեն շարունակում էր իր դիտարկումները, և 1780 թվականին լույս տեսավ միգամածությունների կատալոգի երկրորդ հրատարակությունը, որն արդեն ներառում էր 68 օբյեկտ[18]։ Կատալոգը շարունակում էր համալրվել, չնայած այն հանգամանքին, որ այն ներառում էր միայն օբյեկտներ, որոնք պատահաբար հայտնվել էին Մեսսիեի տեսադաշտում «գիսաստղերի որսի» ժամանակ։ Կատալոգի երրորդ հրատարակությունը, որտեղ ներկայացված էր 103 օբյեկտների նկարագրություն, թողարկվել էր 1781 թվականին։ Դրանում ներառված օբյեկտներից շատերը հայտնաբերել էր ոչ թե ինքը՝ Մեսսիեն, այլ նրա նոր գործընկեր Պիեռ Մեշենը։ Կատալոգի երրորդ հրատարակությունը դարձավ վերջինը[18]։
Մեսսիեն առաջին աստղագետներից մեկն էր, ով դիտարկել էր Ուրան մոլորակը։ Հենց Մեսսիեին էր դիմել նրա առաջին հայտնաբերող Հերշելը նրան՝ խնդրելով ստուգել, թե արդյոք իր տեսած օբյեկտը նոր գիսաստղ է։ Մեսսիեի չափումները և Սարոնի հաշվարկները հնարավորություն տվեցին որոշել այդ օբյեկտի ուղեծիրը, որը, պարզվեց, նախկինում անհայտ մոլորակ էր[19]։
Շուտով Հերշելը Մեսսիեից վերցրեց նոր միգամածությունների հայտնաբերողի էստաֆետը, Մեսսիեի համեմատ ավելի կատարելագործված սարքավորումների օգտագործումը և համակարգված որոնումները թույլ տվեցին նրան հայտնաբերել ավելի քան 2000 նման օբյեկտներ[19]:
1781 թվականի նոյեմբերի 6-ին ողբերգական դժբախտ պատահարը ստիպեց Մեսսիեին երկար ընդմիջում կատարել որոնողական աշխատանքներում։ Մոնսո այգում զբոսնելիս նա որոշել էր զննել շենքի նկուղի մուտքը, սայթաքել և ընկել էր ութ մետր բարձրությունից՝ կոտրելով ազդրը, ուսը, երկու կողերը, դաստակը և կորցրել մեծ քանակությամբ արյուն։ Վնասվածքից վերականգնումը չափազանց դժվար էր։ Ոտքը նորմալ չէր սերտաճել և ստիպված էին եղել նորից կոտրել: Միայն մեկ տարի անց Մեսսիեն կարողացավ սկսել դիտարկումները (1782 թվականի նոյեմբերի 12-ին նա դիտարկեց Մերկուրիի անցումը Արեգակի սկավառակի վրայով), սակայն դրանից հետո իր ողջ կյանքի ընթացքում նա կաղացել էր: Հերշելը նշել էր, որ Մեսսիեն երբեք լիովին չէր ապաքինվել այդ դժբախտ պատահարից հետո[19]։
1789-1817 թվականների Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Մայրամուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1789 թվականի հուլիսի 14-ին ապստամբ ժողովուրդը գրոհով գրավեց Փարիզի Բաստիլ բանտը։ Բանտի գրավմանը հաջորդեց ժողովրդի կյանքի հաստատված կարգի անկումը, այդ թվում՝ Մեսսիեի համար: Ռազմա-ծովային նավատորմի փլուզումը հանգեցրեց նրա աստղադիտարանի ֆինանսավորման դադարեցմանը: Մեսսիեն դիտարկումները շարունակեց միայն իր գործընկեր Լալանդի աջակցությամբ, ով դարձավ այն հաստատության տնօրեն, որը նախկինում եղել էր Փարիզի թագավորական աստղադիտարան[20]:
Այնուհետև հաջորդեցին այլ աղետներ, 1793 թվականին բոլոր ակադեմիաները լուծարվեցին, իսկ 1794 թվականի ապրիլի 20-ին մահապատժի ենթարկվեց դե Սարոնը, որը մինչև վերջին պահը զբաղվում էր Մեսսիեի կողմից հայտնաբերված գիսաստղերի ուղեծրերի հաշվարկով։ Զալմի բռնակցումը ծանր դրության մեջ դրեց Մեսսիեների ընտանիքին, որը սերտորեն կապված էր տեղական ազնվականության հետ[20]։
Տերմիդորյան հեղաշրջումը և հեղափոխական տեռորի վերջը որոշ չափով կարգավորեցին Մեսսիեի կյանքը։ 1795 թվականին նա դարձավ նորաստեղծ Գիտության և արվեստի ազգային ինստիտուտի անդամներից մեկը, իսկ 1796 թվականին՝ Երկայնությունների բյուրոյի աստղագետներից մեկը[20]։ 1806 թվականին Նապոլեոն I-ը Մեսսիեին շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան (հիացած այդ մրցանակից՝ տարեց գիտնականը բավականին փչացրեց իր հեղինակությունը՝ հայտարարելով, որ 1769 թվականի մեծ գիսաստղը ազդարարեց Ֆրանսիայի ապագա կայսրի ծնունդը)[20]։
1801 թվականին, 71 տարեկան հասակում, Մեսսիեն հայտնաբերեց իր վերջին գիսաստղը[21]։ Նրա վերջին դիտարկումն արվել էր 1807 թվականին, որից հետո նրա առողջական վիճակը սկսել էր կտրուկ վատանալ։ 1808 թվականից տեսողության վատթարացման պատճառով նա այլևս չէր կարողանում գրել և կարդալ, իսկ 1812 թվականին մի կողմից կաթվածահար էր եղել[21]։
Մեսսիեն մահացել է 1817 թվականի ապրիլի 11-ին՝ 86 տարեկան հասակում։ Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Վերականգնված Գիտությունների թագավորական ակադեմիայի քարտուղար Դելամբրին իր հուղարկավորության խոսքում ասել է հետևյալը[21].
«Բերքի պահապան» համաստեղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1775 թվականին աստղագետ Լալանդը առաջարկել էր Բերքի պահապան (լատին․՝ Custos Messium) համաստեղությունը անվանակոչել ի պատիվ Մեսսիեի, որը չեղարկվել է[22]։
Իր հիշողություններում Լալանդը նշել է․ «Այդ անունը միշտ կհիշեցնի ապագա աստղագետներին մեր աշխատասեր դիտորդ Մեսսիեի խիզախության և ջանասիրության մասին, որը 1757 թվականից ի վեր, թվում է, զբաղված է եղել մեկ բանով՝ պարեկություն կատարելով երկնքում գիսաստղերի որոնման համար»[23]:
Աստղային երկնքի քարտեզներում նա պատկերված էր պահակի տեսքով, որը հսկում էր ցորենի արտը և հաճախ ստորագրում էր ֆրանսերեն «Մեսսիե» անունով։ Նա գտնվում էր Ընձուղտ, Կասիոպեա և Ցեֆեոս համաստեղությունների միջև, ինչպես նաև հետագայում չեղարկված Հյուսիսային եղջերու համաստեղության մոտ։
Ինքը՝ Մեսսիեն, գտնում էր, որ Լալանդն ընտրել է երկնքի այդ տարածքը, քանի որ այնտեղ է հայտնաբերվել 1774 թվականի գիսաստղը: Այդ գիսաստղը Մեսսիեի կնոջ մահից հետո անցած 14 տարիների ընթացքում միակն էր, որը չէր հայտնաբերվել Մեսսիեի կողմից, ինչը բավականին մեծ հարված էր նրա համար[23]։
-
«Բերքի պահապան» համաստեղություն (Ընձուղտի հետևի մասում, հյուսիսային եղջերուի կողքին)
Մեսսիեի հայտնաբերած գիսաստղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мессье Шарль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.academie-stanislas.org/wp-content/uploads/2024/03/messier-charles-joseph.pdf
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Les membres du passé dont le nom commence par M Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2020 Wayback Machine-ի միջոցով:(ֆր.)
- ↑ Messier; Charles (1730 - 1817)
- ↑ Мессье Шарль-Жозеф
- ↑ «Maik Meyer. Catalog of comet discoveries». Արխիվացված է օրիգինալից 2008-07-16-ին. Վերցված է 2008-05-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 13,0 13,1 13,2 13,3 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 15.
- ↑ 14,0 14,1 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 16.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 19.
- ↑ «NGC 1952 (M1)». Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-03-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Астрономы мира. Шарль Мессье и его каталог туманностей». Астрогалактика. Արխիվացված է օրիգինալից 2011-11-19-ին. Վերցված է 2009-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 18,8 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 20.
- ↑ 19,0 19,1 19,2 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 22.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 23.
- ↑ 21,0 21,1 21,2 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 24.
- ↑ «Мессье, Шарль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 23,0 23,1 Stoyan R. et al. Atlas of the Messier Objects: Highlights of the Deep Sky. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 18.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Մեսսիեի ինտերակտիվ կատալոգ // Գրինհոք աստղադիտարան(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մեսսիե» հոդվածին։ |
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1730 ծնունդներ
- Ապրիլի 12 մահեր
- 1817 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի աստղագետներ
- Գիսաստղ հայտնաբերողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ֆրանսիացի գիտնականներ