Jump to content

Նվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվիկ
Նվիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Միաշաքիլավորներ
Ընտանիք Նվիկազգիներ
Ցեղ Նվիկ
Լատիներեն անվանում
Arum
L., 1753
Հոմանիշներ

Gymnomesium Schott

Տիպիկ ներկայացուցիչներ

Arum maculatum L.

Տեսակներ

Տես տեքստը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նվիկ (լատին․՝ Arum), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվիկ բծավոր։ Բուսաբանականմ նկարազարդումը Հակոբ Շտուրմանի «Deutschlands Flora in Abbildungen» գրքից, 1796

Արմատը պալարանման է կամ հորիզոնական գլանաձև։ Տերևները ծոցավոր են և կոթունավոր, նետաձև կամ աղեղնաձև։ Ծաղկակիր ցողունը մերկ է։ Ծաղկաբույլը պատյանով ծածկված կողր է, ծաղիկները՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղներով խիտ դասավորված պտղաբույլ է։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատում հայտնաբերված են անկայուն գրգռիչ նյութեր, սապոնիններ, ցիանածին գլիկոզիդներ, այդ թվում՝ արոնին, մինչև 70% օսլա, խեժ, յուղ, ալկալոիդներ և պիգմենտ։

Բուժական նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույսը գիտական բժշկության մեջ չի կիրառվում։ Ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում օգտագործում են բույսի կոճղարմատը, իսկ որոշ դեպքերում՝ նաև տերևները և պտուղները։ Կոճղարմատը և տերևները հավաքում են գարնանը, հատկապես մայիս ամսին։ Տերևները հյուսելով ավելուկի նման, կախում են չորացնելու հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, իսկ կոճղարմատը մաքրելով հողից և կեղևներից, լվանում են ջրով, կտրատում, շարում թելին ու չորացնում արևի տակ։ Թարմ վիճակում ամբողջ բույսը թունավոր է։ Նվիկը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմուրյուն։ Այսպես, Չինաստանում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, կատվածահարության և ուղեղի մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Իտալիայում կոճղարմատը օգտագործում են պոդագրայի ռեմատիզմի, Չեխոսլովակիայում՝ ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների և որպես խուխամուղ՝ շնչուղիների սուր և խրոնիկական մի շարք հիվանդությունների ժամանակ։ Բուլղարիայում, ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը օգտագործում են ձայնալարերի բորբոքման և ձայնի խռպոտման, խրոնիկական բրոնխիտների և հազի, բարձր թթվությամբ ընթացող խրոնիկական գաստիրիտների, ստամոքսաաղիքային խիթերի, երիկամաքարային հիվանդության, թութքի ախտահարումների ժամանակ։ Ավիցեննան բուսահյութը օգտագործել է կաթիլների փևով ականջի հիվանդությունների ժամանակ։ Ղևոնդ Ալիշանի մեջբերումով, Հին բժշկարանի տվյալներով, եթե նվիկը եփվի կծվությունը անցնի, օգտակար է կրծքացավին, լուծին, հազին, սալջարդին, իսկ եթե մեղրի հետ խառնվի, քսման ձևով օգտակար է քոսին և պեպեններին։ Ասար սարկավագի ասելով դեղաբույսը օգուտ է հազին և ջրգողությանը, մեղրի հետ շաղախված՝ բուժում է մաշկի խոցը։ Մենք նվիկի չորացած տերևները օգտագործել ենք խրոնիկական ընտելացված փորկապությունների ժամանակ։ Բուժման ընթացքում պարզվել է տապակած տերևների և դրանց հատկությունները։ Այդ պատճառով նվիկը մենք առաջարկել ենք լեղապարկի դիսկինեզիաների և թերսեկրետոր բնույթի խրոնիկական գաստրիտների ժամանակ։ Մեր տվյալներով, ակտիվացնելով աղիների գալարակծկումները, դեղաբույսն ունի նաև արտահայտված փքահան հատկություն։

Տարածված է Եվրոպայից մինչև Արևմտյան Չինաստան. Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կորսիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Սիցիլիայում, Թուրքիայում, Հարավսլավիայում, Ռուսաստանում, Կովկասում, Ուկրաինայում, Ալժիրում, Լիբիայում, Մարոկկոյում, Թունիսում, Կանարյան կղզիներում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Աֆղանստանում, Կիպրոսում, Իրանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Չինաստանում, Նեպալում, Պակիստանում[1]։ Տարածված է նաև Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը (700-2000 մ բարձրություններ)։ Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, ջրերի մոտ, նոսր անտառներում։

Արևմտյան Եվրոպայում ամենատարածված տեսակներից են՝ Նվիկ իտալական և Նվիկ բծավոր։ Ղրիմում աճում է՝ Նվիկ արևելյան (A. orientale) և Նվիկ ժայռային (A. rupicola)[2]:

Չնայած նրան, որ նվիկը թունավար է, սիրելի կեր է համարվում վայրի խոզերի համար, այդ պատճառով այն երբեմն կոչվում է «խոզի շուշան»[3]։

Թարմ վիճակում բույսն ամբողջովին թունավոր է։ Որոշ տեսակների չորացրած պալարներն օգտագործվում են սննդի մեջ (պարունակում են մինչև 25 % օսլա)։ Կան և դեղաբույսեր, օգտագործում են երիկամաքարային, լյարդի հիվանդությունների, շնչուղիների, մարսող համակարգի բորբոքումների ժամանակ։

Պտուղները
Ծաղկաբույլը

Հայաստանում՝ 6 տեսակ՝

  • Նվիկ արևելյան (A. orientale),
  • Նվիկ ժայռային (A. rupicola),
  • Նվիկ բծավոր (A. maculatum) և այլն։

Դասը պարունակում է 30 տեսակ[4]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվիկն ունի բարձր սննդային արժեք։ Բնակչության լայն խավերի կողմից այն օգտագործվում է ավելուկի նման։ Արմատը եփելիս վերանում է նրա թունավոր հատկությունը, նրանից կարելի է ստանալ նուրբ օսլա, որը պիտանի է խոհարարական պրակտիկայում։ Բույսն ունի որոշակի դեկորատիվ նշանակություն։ Չինաստանում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, կաթվածահարության և ուղեղի մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По информации Королевских ботанических садов Кью, Великобритания. См раздел «Ссылки»
  2. Аронник// www.flora.crimea.ru
  3. Аронник(չաշխատող հղում)// www.veloxpestur.ru
  4. Список видов Arum в базе данных Королевских ботанических садов Кью, Великобритания

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кузенева О. И. Род 240. Аронник — Arum // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 485—488. — 636 + XXV с. — 5175 экз.
  • Грудзинская И. А. Семейство аронниковые (Araceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 6. Цветковые растения / Под. ред. Тахтаджяна А. Л.. — М.: Просвещение, 1982. — С. 486—487.
  • Mayo S. J., Bogner J., Boyce P. C. The genera of Araceae. — 1997. — 370 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arum в базе данных Королевских ботанических садов Кью, Великобритания
  • Arum(չաշխատող հղում)// www.cate-araceae.org (անգլ.)
  • Arum Արխիվացված 2008-02-25 Wayback Machine// www.agbina.com
  • Arum// flower.onego.ru
  • «Arum species». IPCS Poisons Information Monograph (PIM) G006 (ֆրանսերեն). IPCS. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվիկ» հոդվածին։