Պորտուգալիա
Պորտուգալիայի Հանրապետություն República Portuguesa |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ A Portuguesa Ա Պորտուգեզա (գրադարձություն) Պորտուգալիայի ազգային օրհներգ |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Լիսաբոն | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն | |||
Կառավարում | նախագահական-խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Մարսելու Ռեբելու դե Սոզա | ||
- | Վարչապետ | Պեդրո Պասոս Կոելլո | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 92,212 կմ² (111-րդ) | ||
- | Ջրային (%) | 0,5 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 10,825,309[1] (58-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 10,335,597[2] | ||
- | Խտություն | 117 /կմ² (97-րդ) 290 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $288.553 միլիարդ[3] (46-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $27,734[4] (61-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $197.510 միլիարդ[4] (51-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $18,984 միլիարդ[5] (72-րդ) | ||
Ջինի (2013) | 34.2[6] (միջին) | |||
ՄՆԶԻ (2013) | 0.822[7] (շատ բարձր) (41th) | |||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | 0, +1 | |||
Ազգային դոմեն | .pt | |||
Հեռախոսային կոդ | ++351 |
Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ , պորտ.՝ Portugal), նախկինում՝ Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալական Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա[8]։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք hանրապետության կազմում ունեն ինքնավարություն։
Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներում։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ Ռեկոնկիստայից հետո։ 1128 թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ Աֆոնսու I Էնրիկեշի գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ 1139 թվականին, Օուրիկի դաշտում Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է Պորտուգալիայի թագավոր։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն 1143 թվականին՝ Սապորայի պայմանագրով։
15-16-րդ դարերում պորտուգալացիները ստեղծում են առաջին համաշխարհային կայսրությունը՝ դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերից մեկը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակահատվածում պորտուգալացի ծովագնացներն արքայազն Հենրիխի հովանավորությամբ 1418 թվականից սկսում են նավարկել Աֆրիկայի արևմտյան ափերով։ Հիմնական հայտնագործությունները կատարվում են 1488 թվականից հետո, երբ Բարտոլոմեու Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ 1498 թվականին Հնդկաստան է հասնում Վասկո դա Գաման։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերին։ 1522 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Ֆեռնան Մագելանը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ 1415 թվականին ձևավորվում է Պորտուգալիայի գաղութային կայսրությունը, որն ներառում էր մի շարք գաղութներ Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Այնուամենայնիվ, 1755 թվականի Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը, Նապոլեոնյան պատերազմների ընթացքում երկրի բռնազավթումը և Բրազիլիայի անկախության հռչակումը նպաստեցին Պորտուգալիայի հեղինակության և ազդեցության նվազմանը։ 1910 թվականին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն, սակայն Երկրորդ աշխարհամարտի նախօրեին երկրում հաստատվեց ֆաշիստների «Էստադո Նովո» ավտորիտար վարչակարգը, ինչն էլ հանրապետությունը փոխարինեց բռնապետությամբ։ Ժողովրդավարությունն այս երկրում վերականգնվեց միայն մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 թվականին։ Պորտուգալիայի գաղութային վարչակարգը վերացավ 1999 թվականին, երբ Մակաոն հանձնվեց Չինաստանին։
Պորտուգալիան զարգացած երկիր է՝ եկամտաբեր տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով։ Այն աշխարհի երրորդ ամենախաղաղապահ երկիրն է, որն ունի կիսանախագահական կառավարման համակարգ։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է քառամյա ժամկետով։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն Եվրոպայի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ Պորտուգալացիները կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը[9]։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունը։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։
Ներկայումս Պորտուգալիան Հյուսիսատլանտյան դաշինքի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և մի շարք այլ համաեվրոպական կառույցների անդամ է։ 1996 թվականին Պորտուգալիայի նախաձեռնությամբ ստեղծվում է Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը, որին անդամակցում են մի շարք պետություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմական և հռոմեական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Պորտուգալիայի տարածքը բնակեցված է եղել տակավին հինքարեդարյան ժամանակաշրջանում։ Եվրոպայի հարավարևմտյան հատվածում գտնվող Իբերական թերակղզում պահպանվել են պալեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց հետքեր, որոնք վկայում են այն մասին, որ Պորտուգալիան մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է։ Շատ ապացույցներ վկայում են, որ այստեղ ի սկզբանե հաստատվել նեանդերթալյան մարդը, իսկ ժամանակակից հումանոիդը սկսել է բնակվել թերակղզում միջին և նոր քարի դարերից ի վեր։ Պորտուգալիայի հնագույն քարանձավների հետազոտությունների արդյունքում գտնվել են որսորդական շատ գործիքներ, որոնցով տեղաբնիկները մորթել են կենդանիների կամ այլ հումանոիդների։ Այստեղից հայտնաբերվել նաև են կրակի հետքեր, որով ամենայն հավանականությամբ վերջիններս եփել են միսը։ Բրոնզի դարում Պորտուգալիայի հյուսիսում սկսում է զարգացանալ է մետաղամշակությունը։ Մերօրյա հնագիտությունը ցույց է տալիս, որ պորտուգալացիների նախնինները եղեն են կելտերը, սակայն վերջիններս ժամանակի ընթացքում ենթարկվելով ռոմանականացման մասնակիորեն փոխել են իրենց Էթնոգենեզը։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի երկրորդ կեսին Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատում կելտերը, իսկ մ․թ․ա․ 4-Մ.թ.ա. 3–րդ դարերում՝ քոչվոր անասնապահությամբ զբաղվող լուզիտանները։ Գաղութացման գործընթացից հետո Պորտուգալիայի տարածք են խուժում փյունիկեցիները, հին հույները և կարթագենացիները։ Գաղութարար կարթագենացիները երկրի հարավում հիմնադրում են Տավիրա բնակավայրը, որը հետագայում դառնում է Ալգարվի երկրամասի առևտրային կենտրոնը։ Մ.թ.ա. 2-րդ դարում լուզիտանները համառ պայքար են մղում երկիր ներխուժած հռոմեացի զավթիչների դեմ։ Երկարատև դիմադրությունից հետո միայն մ․թ․ա․ 1-ին դարի վերջին, հռոմեական անպարտելի բանակին հաջողվում է կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Հռոմեական Հանրապետության պրովինցիա։
Իբերիա թերակղզին հռոմեական առաջին ներխուժմանը ենթարկվել է Մ.թ.ա. 219 թվականին։ Այդ տարի Պունիկյան պատերազմներում հաղթանակած հռոմեացիները կարողացան կարթագենացիներին դուրս մղել Պորտուգալիայի ափամերձ գաղութներից։ Հուլիոս Կեսարի կառավարման վերջին տարիներին մերօրյա Պիրենեյան թերակղզին գրեթե ամբողջությամբ կցվեց Հռոմեական Հանրապետությանը։ Հռոմեական տիրապետությունը, որը Պորտուգալիայի հնագույն պատմության անբաժանելի մասն է կազմում, այս տարածաշրջանում շարունակվում է շուրջ երկու հարյուր տարի։ Այդ ընթացքում տեղաբնիկ ցեղերը ենթարկվում են ստրկության և վաճառվում կայսրության տարբեր ծայրերում։ Մ.թ.ա. 150 թվականին Պորտուգալիայի հյուսիսում Վիրիատուսի գլխավորությամբ լուզիտանները և այլ տեղաբնիկ ցեղեր բարձրացնում են ապստամբություն։ Կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվում է վերահսկողություն սահմանել Իբերիայի ամբողջ արևմտյան հատվածում։ Խուճապահար Հռոմը ստիպված է լինում ապստամբության ճնշման նպատակով երկրի արևմտյան դարպաս ուղարկել իր լավագույն լեգեոններին ու գեներալներին, սակայն լուզիտաններն անկոտրում էին և շարունակում էին վերանվաճել թերակղզու տարածքը։ Հռոմեական սենատը որոշում է փոխել երկրի ռազմավարությունը՝ կաշառելով Վիրիատուսի թիկնազորում ծառայող մի քանի դավաճանների։ Մ.թ.ա. 139 թվականին Վիրատուսը սպանվում է, իսկ ապստամբության առաջնորդ դառնում է Թութալուսը, ով թույլ գտնվելով կարճ ժամանակ անց անձնատուր է լինում։ Հռոմը Լուսիտանիայում վերստին հաստատում է իր գաղութային վարչակարգը։ Մ.թ.ա. 27 թվականին Լուսիտանիան ստանում է հռոմեական պրովինցիայի կարգավիճակ (վարչատարածքային միավոր Հռոմեական կայսրությունում)։ Այն ներառում էր ներկայիս Պորտուգալիայի ամբողջ տարածքը, Իսպանիայի Էկստրեմադուրա ինքնավար համայնքի տարածքը և Սալամանկայի մի փոքր հատվածը։ Ավելի ուշ ստեղծվում է Լուսիտանիայի հյուսիսային պրովինցիան, որն առավել հայտնի էր Գալլիցիա անվանումով։ Պրովինցիայի մայրաքաղաքը եղել է Բրակարա Աուգուստա (մերօրյա Բրագա) քաղաքը։ Հռոմեական տիրապետությունը մեծ ազդեցություն է ունեցել Պորտուգալիայի պատմության և քաղաքակրթության կերտման գործում։ Մինչ օրս էլ երկրի տարբեր հատվածներում պահպանվել են հռոմեական դարաշրջանում կառուցված ճարտարապետական հուշարձաններ՝ բաղնիքներ, տաճարներ, կամուրջներ, ճանապարհներ, կրկեսներ, թատրոններ և բնակատեղիներ։ Գտնվել են նաև հռոմեական կայսրերի դիմապատկերներով մետաղադրամներ և կերամիկական կտորներ։ Պորտուգալիայի այս շրջանի պատմությունը մեզ է հասել Պաուլուս Օրոսիուսի աշխատություններից։ Օգոստինոս Երանելու առաջարկով 416-417 թվականներին Պաուլուսը գրում է յոթ գրքից բաղկացած «Պատմություն հեթանոսների դեմ» պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև գոթերի կողմից Հռոմի գրավումը։
Գերմանների թագավորությունները Պորտուգալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]5-րդ դարի սկզբին գերմանական ցեղերը, մասնավորապես՝ սվևները և վանդալները, իրենց դաշնակից սարմատների ու ալանների հետ միասին ներխուժում են Պիրենեյան թերակղզի, որտեղ էլ վերջիններս հիմնում են իրենց թագավորությունը։ Սվևների թագավորությունը գերմանական հետհռոմեական թագավորություն էր, որը ստեղծվել էր նախկին Գալիսիա-Լուսիտանիա երկրամասի տարածքում։ Ալանների հետքերը նկատվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ալենկերը, Կոիմբրան և նույնիսկ ժամանակակից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ Մոտ 410 թվականին արդեն Սվևների թագավորությունը վերածվել էր պաշտոնապես ճանաչված պետության։ Նախքան երկրի ղեկն իր որդուն փոխանցելը՝ երկրի գործող առաջնորդ Հերմերիկը խաղաղության պայմանագիր է կնքում Գալիսիայի բնակիչների հետ, որից հետո միայն արքայական թագը հանձնում իր իրավահաջորդին՝ արքայազն Ռեխիլային։ Հոր մահից հետո՝ 448 թվականին, Ռեխիլան ստանձնում է երկրի միահեծան ղեկավարի պաշտոնը։
500 թվականին Պիրենեյան թերակղզին գրավվում է մեկ այլ գերմանական ցեղի՝ վեստգոթերի կողմից։ Վեստգոթերն իրենց ռազմական կենտրոնը դարձնում են Տոլեդո քաղաքը և 584-585 թվականներին գրավում Սվևների թագավորության մայրաքաղաք Բրագան (ներկայումս գտնվում է Պորտուգալիայում)։ Արդյունքում՝ սվևների վերջին թագավոր Աուդեկան և նրա գահակից Մալարիկը ստիպված են լինում լքել երկրի գահը։ Շուտով Սվևների թագավորությունը դառնում է Հիսպանիայի վեստգոթական թագավորության վեցերորդ նահանգը։ Հաջորդ 300 տարիների ընթացքում Պիրենեյան թերակղզում շարունակաբար իշխում են վեստգոթ թագավորները։ Բարբարոսների տիրապետությունը Պորտուգալիայում և Իսպանիայում շարունակվում է մինչև 711 թվականը, երբ արքա Ռոդերիկը դավադրաբար սպանվում է։ 720 թվականին հիմնահատակ կործանվում է Վեստգոթական թագավորությունը և վերջինիս քայքայման արդյունքում Պիրենեյան թերակղզում ձևավորվում են նոր պետական կազմավորումներ։ 718 թվականին նվիրակոչվում է Աստուրիայի թագավորությունը, որի մեջ էլ միավորվում է Պորտուգալիայի հյուսիսային հատվածը։ Հարավային Պորտուգալիան գրավվում է արաբների կողմից և 929 թվականին դառնում Կորդովայի խալիֆայության տիրույթ։ Պիրենեյան թերակղզում իշխող գերմանները՝ ի դեմս սվևների, իրենց մեծ ազդեցությունն են թողել ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ Գալիսիայում և Աստուրիայում։
Արաբա-իսպանական տիրապետություն և Ռեկոնկիստա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերօրյա մայրցամաքային Պորտուգալիան՝ Իսպանիայի մեծ մասի հետ միասին, 711-ից 1249 թվականներին միավորվում է ալ-Անդալուսի թագավորության մեջ։ Անդալուսի գերակայությունը պորտուգալական և իսպանական տիրույթների վրա ավարտվում է Օմայյանների նվաճումներից հետո։ Ընդհանուր հաշվով՝ մուսուլմանական տիրապետությունը Պորտուգալիայում տևում է ավելի քան հինգ դար։ Եմենական ծագում ունեցող զորավար Մուսա իբն Նուայրը 711 թվականին անցնում է Աֆրիկան Պիրենեյան թերակղզուց բաժանող Ջիբրալթարի նեղուցը (արաբ․՝ جبل طارق` Ջաբալ Տարիկ՝ զորավար Տարիկի անունով) և 5 տարում նվաճում գրեթե ողջ Պիրենեյան թերակղզին։ Բերբերները կրոնափոխվել էին իսլամի գրեթե մեկ դար դրանից առաջ և համարվում էին «երկրորդ կարգի» արաբներ։ Իսպանիայի և Պորտուգալիայի նվաճման գործում մեծ դերակատարում ունեցան նաև սիրիացի վարձկան ձիավորները, ովքեր նույնպես արաբներին հավասար չէին դասվում։ 714 թվականին Նազիր իբն Մուսան նվաճում է թերակղում պորտուգալա-իսպանական բանակի վեջին հենակետը՝ Աստուրիայի լեռները։ Աստուրիացիների առաջնորդ Պելագիուսը Կովադոնգայում հաղթում է արաբներին ու ազատագրում լեռնային երկիրը՝ դառնալով Աստուրիայի արքա։ Այսպիսով՝ Պիրենեյան թերակղզու հյուսիսային մի հատվածում դեռևս պահպանվում է քրիստոնեական պետականությունը։
Վերջնականապես տարածաշրջանից դուրս մղելով վեստգոթերին՝ օմայյանները շարունակում են իրենց նվաճումները Պիրենեյան թերակղզում՝ հասնելով Ֆրանսիայի հարավային սահմանին։ Սակայն ֆրանկների առաջնորդ Կառլոս Մարտելը Պուատիեի դաշտում պարտության է մատնում արաբական հեծելազորին՝ կասեցնելով արաբների հետագա առաջխաղացումը Եվրոպայում։ Խալիֆայությունն իր հզորության գագաթնակետին է հասնում Վալիդ I-ի օրոք, որից հետո էլ սկսում է նրա աստիճանական թուլացումն ու ճգնաժամը։ Այդ ճգնաժամը կրում էր համակարգային բնույթ և ներառում էր բոլոր ոլորտները՝ տնտեսական, քաղաքական, կառավարման, ռազմական և այլն։ Այս ամենի տրամաբանական վախճանը հանդիսացավ Օմայյանների ստեղծած կայսրության անկումը։ 750 թվականին Դամասկոսում Օմայանները գահընկեց են արվում, և Արաբական խալիֆայության ղեկավարումն անցնում է Աբբասյանների արքայատոհմին։ Սակայն այս իրադարձությունը շրջադարձային է լինում Պիրենեյան թերակղզու քրիստոնյա պորտուգալացիների և իսպանացիների համար։
Սիրիայում Օմայանների բոլոր ներկայացուցիչները՝ բացի Աբդ ալ-Ռահմանից, սպանվում են։ Նրան հաջողվում է փախչել Եգիպտոս, ապա՝ Հյուսիսային Աֆրիկա (Մաղրիբ)։ Այս տարածքներում, սակայն, նա չի կարողանում հաստատվել, և 755 թվականին հեռանում է ալ-Անդալուս։ Իշխանը գրավում է Կորդովան և իրեն ամիրա հռչակում։ Սկզբնական շրջանում նա ձևականորեն ընդունում էր Աբբասյանների գերիշխանությունը, սակայն Աբու ալ-Աբբասին (750-754) հաջորդած երկրորդ խալիֆի՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի ժամանակ՝ 765 թվականին, ալ-Անդալուսն ապստամբում է կենտրոնական իշխանության դեմ և դառնում ինքնուրույն։ Այն կարողանում է հաստատել իր իշխանությունը հաստատել Պիրենեյան թերակղզու տարածքում և շրջակա կղզիների վրա։
Այսպիսով՝ Պորտուգալիայի հարավային հատվածը հայտնվում է մի արաբահպատակ Կորդովայի ամիրայության տիրապետության տակ, իսկ հյուսիսային հողերը միավորվում են քրիստոնյա Լեոնի թագավորության կազմի մեջ։ Լեոնի թագավորությունը Պիրենեյների միակ քրիստոնյա երկրի՝ Աստուրիայի թագավորության մասն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Ռեկոնկիստայի՝ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարում։ 929 թվականին Կորդովայի ամիրայությանը փոխարինում է Կորդովայի խալիֆայությունը։
Պորտուգալիայի կոմսության հռչակում
[խմբագրել | խմբագրել կոդը]718 թվականին Պիրենեյների քրիստոնյաների առաջնորդ է ընտրվում վեստգոթ արիստոկրատ Պելագիուսը։ Պելագիուսը նոր դարաշրջան է ազդարարում Եվրոպայի հարավարևմտյան հատվածում ծվարած արաբահպատակ թերակղզու բնակիչների համար՝ հիմք դնելով Ռեկոնկիստայի պայքարի հաջողությունների սկզբին։ Ալֆոնսո III Մեծ-ի պատմագիր Ռոտենսիան Քրոնոկլի հավաստմամբ՝ Պելագիուսը եղել է Տոլեդոյի արքաների ժառանգը։ Նախքան առաջնորդ դառնալը՝ Պելագիուսը ապստամբություն է բարձրացնում Խիխոնում, սակայն պարտվում է։ Վեստգոթ ռազմահրամանատարը մեծ ժողովրդականություն և հեղինակություն է վայելում հատկապես Կովադոնգայի ճակատամարտում տարած վճռական հաղթանակից հետո։ Կովադոնգայի ճակատամարտը տեղի է ունեցել 718 թվականին՝ ազատատենչ աստուրիացիների և օմայյան բանակի միջև։ Չնայած թվային առավելության՝ արաբ բերբերները ջախջախիչ պարտություն են կրում։ Սա արաբական բանակի առաջին պարտությունն էր Պիրենեյան թերակղզում, ինչն էլ ազդարարեց Ռեկոնկիստայի սկիզբը։ Համաձայն Կովադոնգայի ճակատամարտի վերաբերյալ ամենատարածված հիպոթեզների (հիմնականում՝ աստուրիական աղբյուրների համաձայն, որոնք հղվում են մուսուլմանական գրագրություններին)՝ ճակատամարտի սկիզբն ազդարարել են աստուրիացիները՝ բերբերների շարասյան վրա ժայռերից հարձակվելով։ Այնուհետև կռիվը տեղափոխվում է դեպի Խիխոն տանող հովիտներ, որտեղ վճռական տրամադրված քրիստոնյաները մարտնչում են մինչև վերջ։ Արաբական բանակախումբը գրեթե ամբողջովին ոչնչանում է, իսկ ողջ մնացածները մահանում են ճանապարհին։ Պելագիուսի առաջնորդության տարիներին հաճախակի երևույթ դարձան արաբ բերբերների վրա հարձակումները։ Արյունարբու մարտերից հետո արաբների առաջնորդ Մունուզան որոշում է հրաժարվել Խիխոնից և տեղափոխվեց Պլատեու, որտեղ էլ սպանվում է լեռնաբնակ աստուրիացիների կողմից։ Պելագիուսը շարունակում է իր հաղթարշավը և հարձակվում Լեոնի թագավորության վրա, որպեսզի պաշտպանի լեռնային հատվածները բերբերների հարձակումներից։ Պելագիուսի կողմից Կովադոնգայի ճակատամարտում տարած հաղթանակից հետո ստեղծվում է Աստուրիայի թագավորությունը։ Թագավորներն այս երկրում իրենց կոչում էին «ռեքս», սակայն այս անվանումը գործում է մինչև Ալֆոնսու II-ի իշխանության գալը։
9-րդ դարի վերջին Մինյու և Դոուրու գետերի միջև ընկած Պորտուգալիայի երկրամասը Աստուրիայի թագավոր Ալֆոնսու III-ի հրամանով Վիմարանո Պերեսի կողմից ազատագրվում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիայում նախկինում եղել են երկու այնպիսի բարգավաճ քաղաքներ, ինչպիսիք են Պորտուս Կալեն և Բրագան, որոշվում է այն վերակառուցել և վերաբնակեցնել։ Պորտուգալիայի նոր բնակիչները դառնում են գալիսիացիներն ու պորտուգալացիները։ Վիմարանո Պերեսը կազմակերպում է տարածաշրջանի ազատագրման գործընթացը մավրերից՝ Պորտուգալիայից վռնդելով վերջին արաբ բերբերին։ Վիմարանո Պերեսն անգամ հասնում է նրան, որ Աստուրիայի թագավորը Պորտուգալիային շնորհում է կոմսության կարգավիճակ։ Նոր նվիրակոչված կոմսությունն իր անվան հիմք է ընդունում երկրի գլխավոր քաղաքի՝ Պորտուս Կալեի (ժամանակակից Պորտու) անվանումը։ Հենց այս ժամանակահատվածում էլ Վիմարանո Պերեսը երկրի հյուսիսում հիմնադրում է Վիմարանեշ քաղաքը, որը մեր օրերում հայտնի է Գիմարայնշ անվամբ։ Հենց այդ պատճառով էլ Գիմարայնշը հաճախ անվանում են «պորտուգալական ազգի ծննդավայր»։ Աստուրիայի թագավորության տարրալուծումից հետո Պորտուգալիան դառնում է սկզբում Գալիսիայի և ապա՝ Լեոնի թագավորության տիրույթ։ Պորտուգալիայի կոմսությունն իր կարգավիճակը պահպանում է մինչև 1139 թվականը։ Դրանից հետո այն հիմք է ծառայում Պորտուգալիայի անկախ թագավորության ստեղծման համար։
Անկախ պետականություն՝ Պորտուգալիան Աֆոնսու I-ի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]12-13-րդ դարերում Պորտուգալիայում ձևավորվում են ավատատիրական հարաբերությունները, որի արդյունքում գյուղացիության հիմնական մասն անձնական կախման մեջ է ընկնում ֆեոդալներից։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար աշխարհագրական դիրքի՝ արագորեն սկսում են զարգանալ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Լիսաբոնը, Պորտուն, Բրագան, Կոիմբրան և Լագուշը։ 1128 թվականի հունիսի 24-ին Գիմարայնշի մոտակայքում տեղի է ունենում Սան Մամեդեի ճակատամարտը։ Հաղթելով մոր՝ Թերեզա Լեոնցու ղեկավարած բանակին, պորտուգալական բանակի հրամանատար Աֆոնսու Էնրիկեշը դառնում է երկրի միակ տերն ու տիրականը։ Աֆոնսուի և Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնմեկ տարեկան էր, արքեպիսկոպոս Բրագին վերջինիս դարձնում է իր մոր դեմ գործող ընդդիմության առաջնորդ։ Կարճ ժամանակ անց սակայն խմբավորումն անհաջողություն է կրում և կոմսուհին Բրագիին ու իր որդուն վռնդում է երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դառնում է ասպետ և վերադառնում հայրենիք, որտեղ էլ տեղի է ունենում ռազմական բախումը երկու բևեռների միջև։
Մոր՝ կոմսուհի Թերեզայի բանակին հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռում է երկրի կայունության և անառիկության համար լուրջ վտանգ սպառնացող մավրերի վրա։ Աբդ ալ-Մումինի հիմնադրած Ալ-Մոհադների պետության տարածքների մեջ էին մտնում Թունիսն ու Տրիպոլին, որոնք գտնվում էին Պորտուգալիայից հարավ։ Մարոկկոյի դեմ մի շարք վճռական հաղթանակներից հետո մավրերը նորից սկսում են մտորել Պիրենեյան թերակղզու տիրապետության մասին և 1162 թվականին սկսում են նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն, մավր առաջնորդի հանկարծակի մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրա իրավահաջորդ Աբու Յակուբ Յուսուֆը չի շարունակում իր նախորդի քաղաքականությունը։ Միայն 1171 թվականին խալիֆը կրկին փորձում է իր ձեռքը վերցնել ալ-Անդալուսը, սակայն իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին։ Նրա մահից հետո` 1172 թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են Սևիլյան։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է Տոլեդոն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադներն արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում։ Ավելի ուշ` Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ՝ ջիհադ է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի (Լիսաբոնի մոտ) պաշարման ժամանակ վիրավորվում է և 1184 թվականին մահանում։ Մինչ այդ տեղի է ունենում մեկ այլ կարևոր ճակատամարտ, որը շրջադարձային է լինում Պորտուգալիայի պատմության համար։
1139 թվականի հուլիսի 25-ին Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ Աֆոնսուի ղեկավարած բանակը հաղթանակ է տանում Ալի իբն Յուսուֆի հեծելազորի նկատմամբ։ Հաղթանակից հետո Աֆոնսու I-ի զինվորները նրան հռչակում են անկախ Պորտուգալիայի արքա։ Դրանից հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրում է ժողով, որի ընթացքում գահ է ստանում արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է Կաստիլիայի թագավորությունից վասալական կախվածությունից և հռչակվում է անկախ։ Հռոմի պապի աջակցությունն ստանալու համար Աֆոնսուն երկրի տարբեր ծայրերում կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, իրեն և իր թագավորությունը հայտարարում է եկեղեցու ծառաներ, ինչպես նաև ուխտ է անում Պիրենեյան թերակղզուց վտարել իսլամադավան զավթիչներին։ 1143 թվականին Պորտուգալիայի թագավորի պաշտոնում Աֆոնսուին ճանաչում է Լեոնի թագավոր Ալֆոնսու VII-ը, իսկ 1179 թվականին՝ Հռոմի պապ Ալեքսանդր III-ը։ Ռեկոնկիստայի ընթացքում պորտուգալացիները՝ մյուս քրիստոնյա ազգերի օժանդակությամբ, վերանվաճում են Պիրենեյան թերակղզու տարածքը։ 1146 թվականին մուսուլմաններից ազատագրվում է Սանտարենը, իսկ 1147 թվականին՝ Լիսաբոնը։ Պորտուգալացիների համար Ռեկոնիստան ավարտվում է 1249 թվականին, երբ նվաճվում են Ալգարվայի հարավային ափին գտնվող վերջին արաբական հենակետերը։ Այս ժամանակից ի վեր Պորտուգալիայի սահմանները չեն փոխվել՝ չհաշված աննշան բացառություններին։ 1348-1349 թվականներին, ինչպես Եվրոպայի մնացած մասում, այնպես էլ Պորտուգալիայում տարածվում է սև մահը՝ ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր համավարակներից մեկն է մարդկության պատմության մեջ։ 1373 թվականին Պորտուգալիան դաշինք է կազմում Անգլիայի հետ, որը պատմությանը հայտնի է որպես երկու պետությունների միջև գոյություն ունեցած ամենաերկարաժամկետ դաշինք։ Ժամանակի ընթացքում այս դաշինքը վերաճում է Աֆրիկայում, Ամերիկայում և Ասիայում ֆրանսիացիների, իսպանացիների և հոլանդացիների դեմ մղվող գաղութային մրցավազքի։
Աշխարհագրական մեծ հայտնագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախօրեին Պորտուգալիան Եվրոպայի հզորագույն ծովապետություններից մեկն էր։ Բեատրիսա թագուհու մահից հետո երկրի գահին բազմել էր Կաստիլիայի թագավոր Խուան II-ը։ Խուանն իր վարած քաղաքականությամբ նպատակ ուներ Պորտուգալիայի թագավորությունը դարձնել Կաստիլիայի վասալը, սակայն վերջինիս այս քաղաքականությանը դեմ գնաց գալիսիական ազնվականական ընտանիքից սերող Ժուանը, ով հետագայում դառնալով թագավոր ստանում է «Մեծ» և «Բարի» պատվանունները։ Ալժուբարոտեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո իսպանամետ թագավորը վտարվում է արքունիքից և 1385 թվականին Ժուան I-ը մեծ շուքով թագադրվում է։ Այսպիսով՝ Պորտուգալիայում սկիզբ է դրվում Ավիզների արքայատոհմի ներկայացուցիչների ժառանգական գահակալությանը։
Պորտուգալացի ծովագնացները մեծ ավանդ ունեն աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում հայտնաբերված տարածքների ուսումնասիրության մեջ։ 1418 թվականին արքայազն Հենրիխը ծրագրում է իր կողմից ստեղծված հետազոտողների խմբի նավարկությունը Աֆրիկա մայրցամաքի արևմտյան հատվածով։ Ավելի քան կես դար պորտուգալացիներն ուսումնասիրում են Ատլանտյան օվկիանոսը և փորձում գտնել դեպի Հնդկաստան ու Չինաստան տանող ամենամոտ ծովային ուղին։ Այդ ուսումնասիրությունների ժամանակ պորտուգալական արշավախումբը հայտնաբերում է Ազորյան կղզիները, Մադեյրան և Կաբո Վերդեն, ինչպես նաև հաստատվում է Աֆրիկայի արևմտուտքում։ Հիմնական հայտնագործությունները սակայն կատարվում են 1488 թվականից հետո, երբ Բարտոլոմեու Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ Դեպի Ասիա տանող ծովային ճանապարհներ գտնելու մրցակցության մեջ Իսպանիայի միապետերը հովանավորում են Քրիստափոր Կոլումբոսին, ով իր առաջին ուղևորությունը կատարում է 1492 թվականին։ Նրա գաղափարը միշտ դեպի արևմուտք նավարկելն էր. այդպես նա հասնում է Հյուսիսային Ամերիկայի ափերին, իսկ նոր տարածքները ճանաչվում են որպես Նոր աշխարհ։ 1494 թվականին, հետագա քաղաքական առճակատումից խուսափելու համար Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքվում է Տորդեսիլայի պայմանագիրը, որով աշխարհը բաժանում էին հետազոտությունների երկու շրջանի, իսկ հայտնաբերվող տարածքները յուրաքանչյուրն իրեն կցելու անօտարելի իրավունք էր ունենում։ 1498 թվականին Վասկո դա Գաման հայտնաբերում է դեպի Հնդկաստան տանող ծովային ուղին՝ Պորտուգալիան դարձնելով համաշխարհային առևտրի գլխավոր կենտրոն։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերի մոտ։ Լիսաբոնից դուրս գալուց հետո հինգ ամիս անց միայն Վասկո դա Գամայի առագաստանավը հասնում է վերջին նշանին, որ Դիաշը դրել էր Աֆրիկայի ափին։ Դա Գաման սկսում է դանդաղ առաջ շարժվել հյուսիս-արևելյան ուղղությամբ։ 1498 թվականի մարտի 1-ին պորտուգալացիները մոտենում են Մոզամբիկին, որտեղ շուտով հաստատվում է պորտուգալացիների գաղութային վարչակարգը։
-
Առաջին քրիստոնեական պատարագը Բրազիլիայում, որին մասնակցում են տեղաբնիկ ցեղերն ու երկրամասի հայտնագործող Պեդրո Ալվարես Կաբրալը
-
Վասկո դա Գաման և իր արշավախումբը ծովային ճանապարհը հայտնագործելուց հետո Հնդկաստանի ափերի մոտ 1497 թվականին
-
Բրազիլիան հայտնաբերվել է 1500 թվականին՝ պորտուգալացի ծովագնաց Պեդրո Ալվարես Կաբրալի և իր շքախմբի կողմից
-
15-րդ դարի պորտուգալական առևտրային նավն Աֆրիկայի արևմտյան ափում նավարկելու ժամանակ։ Առագաստի վրա ծածանվում է Պորտուգալիայի դրոշը
Դեպի Հնդկաստան ու Չինաստան տանող առևտրային ճանապարհի հայտնաբերումից երկու տարի անց՝ 1500 թվականին, պորտուգալացիները ոտք են դնում Հարավային Ամերիկայի տարածք։ Մանուել I արքայի հովանավորությամբ արևմուտք մեկնած Պեդրո Ալվարես Կաբրալը ոտք է դնում ժամանակակից Բրազիլիայի արևելյան ափին։ Երկարատև ուսումնասիրություններից հետո Բրազիլիան, որի ընդերքը հարուստ էր բազմապիսի օգտակար հանածոներով, դառնում է Պորտուգալիայի գաղութը։ 1503-1515 թվականներին Աֆոնսո դե Ալբուկերկեի ջանքերով Պորտուգալիան մենաշնորհային դիրք է գրավում Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ծովային առևտրային ճանապարհների վրա։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների արդյունքում հայտնաբերված նոր տարածքները և 1495 թվականից պորտուգալական գահին բազմած Մանուել I-ի խոհեմ և հաշվեկշիռ քաղաքականությունը Պորտուգալիան դարձնում են գաղութատիրական հարուստ և հզոր կայսրություն։
Իբերական միություն և Պորտուգալիայի տրոհում
[խմբագրել | խմբագրել կոդը]1580-1640 թվականներին Պորտուգալիայի պետականությունն անկում է ապրում։ Քաղաքական նման քաոսային իրադրությունը ստեղծվում է Ավիզների արքայատոհմի վերջին երկու թագավորների՝ Սեբաստիանի (մահացել է Մարոկկոյում՝ Ալկասերի ճակատամարտի ժամանակ) և վերջինիս քեռու՝ Հենրիխի մահից հետո։ Ե՛վ Սեբաստիանը, և՛ Հենրիխը անժառանգ էին և սա է պատճառը, որ 1580 թվականին Պորտուգալիայում ստեղծվեց ճգնաժամային իրադրություն։ Հաջորդիվ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը զավթում է Պորտուգալիայի թափուր գահը և սկսում հանդես գալ Ֆիլիպ I անվան տակ։ Այսպիսով՝ Պորտուգալիայում պետականությունն անկում է ապրում և երկրի ղեկավարումն անցնում է Իսպանիայի կայսերը, որի ղեկավարած երկրի կազմված էր մի շարք մասամբ ինքնավար թագավորություններից։ Այս ժամանակահատվածում Իսպանիան աշխարհակալ տերություն էր։ Լինելով Իսպանիայի կազմում՝ պորտուգալական բանակը ստիպված է լինում մասնակցել անկախատենչ Նիդերլանդների հրահրած բուրժուական հեղափոխության ճնշմանը։ Նիդերլանդների դեմ մղած պատերազմը հանգեցնում է Պորտուգալիայի ամենահին դաշնակիցներից մեկի՝ Անգլիայի հետ հարաբերությունների վատթարացմանն ու Օրմուզի թագավորության կորստին (գտնվում է ժամանակակից Իրանի և Օմանի տարածքում)։ 1595-1663 թվականներին տեղի է ունենում հոլանդա-պորտուգալական պատերազմը, որի արդյունքում հոլանդացիները ներխուժում են Բրազիլիայի, Հնդկաստանի և Հեռավոր Արևելքի պորտուգալական գաղութներ՝ վերացնելով Հնդկաստանի պորտուգալական առևտրային մենաշնորհը։
1640 թվականին Բրագանսայի դուքս Ժուան IV-ը՝ դժգոհ ազնվականության աջակցությամբ բարձրացնում է ապստամբություն և հռչակվում Պորտուգալիայի թագավոր։ Իսպանական կայսրության և Պորտուգալիայի թագավորության միջև բռնկվում է պատերազմ, որը հայտնի է դառնում Պորտուգալիայի անկախության պատերազմ անվանումով։ Պատերազմի արդյունքում 1640 թվականին ստեղծվում է Իբերական միությունը և Պորտուգալիան վեց տարի ղեկավարվում է Հաբսբուրգների թագավորական տան ներկայացուցիչների կողմից։ Այնուհետև Պորտուգալիայում հաստատվում է Բրանսաների արքայատոհմի գերիշխանությունը, որը շարունակվում է այս երկրում մինչև 1910 թվականը։ Ժուանի միակ որդին՝ Աֆոնսուն, ուներ մտավոր և ֆիզիկական արատներ և այդ պատճառով երկրի ղեկավարումն անցնում է Լուիս դե Վասկոնսելոս ի Սոուսայի ձեռքը։ Այնուամենայնիվ, երկիրը փաստացիորեն ղեկավարում էին մահկանացուն կնքած թագավորի կինը՝ Մարիա-Ֆրանցիսկան և եղբայրը՝ Պեդրուն, ով հետագայում դառնալով թագավոր սկսում է հանդես գալ Պեդրու II Հանգիստ անվան տակ։ Շուտով Աֆոնսու VI-ը հայտարարվում է անմեղսունակ և աքսորվում է Ազորյան կղզիներ, ապա՝ Լիսաբոնի հարևանությամբ գտնվող Սինտրա ազգային պալատ։ Աֆոնսուի մահից հետո Պեդրուն գահ է բարձրանում ոպես Պեդրու II: Պեդրուն նպաստում է իշխանության ամրապնդմանը, անկախության պահպանմանն ու կայսրության ընդլայնմանը։ 1668 թվականին Իսպանիան ճանաչում է Պորտուգալիայի անկախությունը։
Իսպանական ժառանգության (1701-1714) համար պատերազմի մեջ ներքաշվելով Անգլիայի և Հոլանդիայի կողմում, Պորտուգալիան փաստորեն կախման մեջ ընկավ Անգլիայից։ Տնտեսական և մշակութային որոշ վերելք նկատվեց ժոզե I-ի (1759-1777) օրոք, երբ երկրում անցկացվեցին բարենորոգումներ, այսպես կոչված, լուսավորյալ բացարձակապետության ոգով։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Պորտուգալիան 1807-ին օկուպացրին ֆրանսիական զորքերը։ Թագավորական ընտանիքն ու արքունիքը փախան Բրազիլիա։
Պոմբալինյան ժամանակաշրջան և Լուսավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1738 թվականին մարքիզ Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելուն սկսում է իր դիվանագիտական գործունեությունը՝ դառնալով Պորտուգալիայի դեսպանը Լոնդոնում, իսկ որոշ ժամանակ անց նաև Վիեննայում։ Պորտուգալիայի թագավոր Ժուան V-ի կինը՝ Մարիա Աննա Ավստրիացին, սիրում էր Մելուիին և հենց այդ պատճառով էլ ավստրիացի թագուհին կազմակերպում է մարքիզ Սեբաստիանի ամուսնությունը Ավստրիայի մարշալ Լեոպոլդ Յոզեֆի դստեր հետ։ Այս ամենը դուր չի գալիս Պորտուգալիայի թագավոր Ժուանին և նա 1749 թվականին Մելուին ետ է կանչում Լիսաբոն։ Հաջորդ տարի՝ 1750 թվականին, Ժուանը մահանում է, իսկ Պորտուգալիայի թափուր գահը զբաղեցնում է արքայազն ժոզեն, ով օծվելով թագավոր ստանում է ժոզե I անվանումը։ Նորընտիր միապետը իր կառավարման հենց առաջին տարում Մելուին նշանակում է արտաքին գործերի նախարար։
Կարճ ժամանակահատվածում Մելուն կարողանում շահել թագավորի վստահությունը, որի արդյունքում էլ նա ստանում է պետական գործերին միջամտելու ավելի մեծ լիազորություններ։ 1755 թվականին Սեբաստիան Մելուն դառնում է վարչապետ։ Լոնդունում դեսպան լինելու տարիներին Մելուն տպավորվում է բրիտանական տնտեսական հաջողություններով և վերադառնալով հայրենիք հաջողությամբ նմանատիպ քաղաքականություն է իրականացնում Պորտուգալիայում ևս։ Նախ և առաջ Մելուն արգելում է ստրկությունը Պորտուգալիայում և Հնդկաստանի պորտուգալական գաղութներում, ստեղծում է կանոնավոր բանակ և նավատորմ, ավարտում է Կոիմբրայի համալսարանի շինարարական աշխատանքները և ավարտին է հասցնում Պորտուգալիայում տարածված տարբեր քրիստոնեական աղանդների դեմ իր նախնինների պայքարը։ Սակայան Սեբաստիանի բարեփոխումներն առավելապես ունեին տնտեսական և ֆինանսական բնույթ։ Նա երկրի խոշոր քաղաքներում բացեց մի շարք ընկերություններ և գիլդիաներ՝ երկրում առևտրային գործունեությունը համակարգելու համար։ Հենց այս ժամանակահատվածում էլ ստեղծվում է «Պորտվեյն» գինեգործական ընկերությունը, որը կարճ ժամանակահատվածում պորտուգալական գինին կարողանում է դարձնել աշխարհի հեղինակավոր ապրանքանիշներից մեկը։ Նա վերանայեց երկրի հարկային քաղաքականությունը՝ բնակչության տարբեր խավերի համար սահմանելով նոր հարկեր և տուրքեր։ Վերջինիս որդեգրած այս քաղաքականությունը հակասություններ ստեղծեց արքունիքի և խոշոր ազնվականության ու բարձր վերնախավի միջև։
1755 թվականի նոյեմբերի 1-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը դարձավ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ 8,5-9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ավերակի վերածեց Լիսաբոնի մի շարք շրջաններ։ Երկրաշարժին հաջորդեց ցունամին, որն էլ հետագայում հրդեհների բռնկման պատճառ դարձավ։ Բնական աղետից շատ չանցած Սեբաստիան Մելուն սկսում է երկրի մայրաքաղաքի վերակառուցման աշխատանքները, ասելով՝ «մենք թաղում ենք մեռածներին և հոգ տանում ողջ մնացածների մասին»։ Չնայած ավերին և հսկայական մարդկային զոհերին, Լիսաբոնը ոչ մի համաճարակի չի ենթարկվել և ավելի քան մեկ տարվա ընթացքում գրեթե ամբողջովին վերակառուցվել է։ Նոր վերակառուցված Լիսաբոնի քաղաքային կենտրոնը կարող էր դիմակայել հաջորդ երկրաշարժերին։ Այս շրջանում կառուցված Պոմբալինյու ֆրեգեզիայի շենքերն ու հրապարակները դեռևս շարունակում են մնալ Լիսաբոնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Սեբաստիան Մելուն կարևոր ներդրում է ունեցել սեյսմոլոգիայի ուսումնասիրության մեջ։
Երկրաշարժից հետո վարչապետ Սեբաստիանի հեղինակությունը երկրում կտրուկ աճեց և Ժոզե I-ը առավել ընդարձակեց վերջինիս լիազորությունների շրջանակը։ Արդյունքում՝ Սեբաստիան Մելուն դարձավ զորեղ և առաջադեմ դիկտատոր։ Նրա ժողովրդականության ու հզորության աճին զուգահեռ աճեց նաև վերջինիս թշնամիների և հակառակորդների թիվը, որն էլ նոր հակասություններ առաջացրեց։ 1758 թվականին Ժոզե I-ի դեմ մահափորձ կազմակերպվեց, սակայն արքան բարեբախտաբար կենդանի մնաց։ Ավեյրուի և Տավարայի ազդեցիկ ազնվականականներն արտաքսվեցին երկրից։ Նույն ճակատագրին արժանացան այդ անձանց հետ արյունակցական կապ ունեցող մյուս բոլոր անհատները՝ անգամ կանայք և երեխաները։ Սա արիստոկրատիայի դիրքերի խարխլմանն ուղղված վերջնական հարվածն է։
1756 թվականին Եվրոպայում բռնկվում է հերթական խոշոր ռազմական հակամարտությունը, որը պատմությանն առավել հայտնի է Յոթնամյա պատերազմ անվանումով։ Այս պատերազմում Պորտուգալիան սատարում էր իր վաղեմի դաշնակից Մեծ Բրիտանիային, իսկ դրակից Իսպանիան՝ թագավորական Ֆրանսիային։ 1763 թվականին իսպանական բանակը գրավում է Պորտուգալիայի տարածքը, սակայն մեկ տարի անց կողմերի միջև կնքվում է հաշտության համաձայնագիր։ Արդյունքում՝ Պորտուգալիան Պրուսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին ճանաչվում է որպես հաղթանակած կողմ և վերականգնվում է նախապատերազմյան ստատուս քվոն։
Նապոլեոնյան դարաշրջան և Բրազիլիայի կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի առաջին տասնամյակը նշանավորվում է Նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքով։ 1804 թվականին Նապոլեոն Բոնապարտը կատարում է ազգային հեղաշրջում և ընտրվում Ֆրանսիայի կայսր՝ միաժամանակ նաև ցմահ կոնսուլ։ 1807 թվականի աշնանը Պորտուգալիա ներխուժելու նպատակով ֆրանսիական զորքերը տեղափոխվեցին Իսպանիա։ Նապոլեոնը հավակնում էր գրավել Պորտուգալիան՝ վերջինիս դաշնակից Մեծ Բրիտանիայի դիրքերը անդրծովյան Եվրոպայում խարխլելու նպատակով։ 1807-1811 թվականներին պորտուգալական ուժերը հաջողությամբ պայքար են սկսում իրենց հայրենիք ներխուժած ֆրանսիական բանակի դեմ, իսկ թագավորական ընտանիքն ու պորտուգալական ազնվականությունը՝ այդ թվում և Մարիա I-ը, տեղափոխվում են Հարավային Ամերիկայում պորտուգալական գաղութ հանդիսացող Բրազիլիա։
Նապոլեոնի կողմից Պորտուգալիայի բռնազավթումը սկսվում է դանդաղ և ընթանում մինչև 19-րդ դարի սկիզբը։ 1807 թվականին ֆրանսիացիները գրավեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը և Բրազիլիայում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն՝ Ռիո դե Ժանեյրո կենտրոնով։ Վերջինս որոշ ժամանակ անց դարձավ Պորտուգալական կայսրության քաղաքամայրը։ 1815 թվականին Բրազիլիան հռչակվեց թագավորություն, իսկ միապետական Պորտուգալիան միավորվեց վերջինիս հետ՝ ստեղծելով Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվերի պլյուրոնտինենտալ պետությունը։ Ֆրանսիական բռնազավթումը խարխլեց պորտուգալացիների դիրքերը Հարավային Ամերիկայում։ Արդյունքում կիսանկախ Բրազիլիան հաջողություններ գրանցեց քաղաքական, վարչական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում։ 1815 թվականին Նապոլեոնի հրամանատարության տակ գտնվող ֆրանսիական հեծելագնդերը պարտություն կրեցին յոթերորդ կոալիցիայի երկրների միացյալ բանակին։ Արդյունքում՝ Եվրոպայում իրավիճակը շրջադարձային կերպով փոխվեց, և արքայազն Ժուան VI-ը կարողացավ անվտանգ վերադառնալ Լիսաբոն։ Այնուամենայնիվ, պորտուգալական արքունիքը շարունակում էր գործունեություն ծավալել Բրազիլիայում։ 1820 թվականին Պորտուում բռնկվեց լիբերալ հեղափոխություն, որի մասնակիցները պահանջում էին թագավորական ընտանիքի վերադարձը Լիսաբոն։
Հեղափոխականների հաղթանակից հետո թագավորը վերադարձավ Լիսաբոն, սակայն նրա որդին՝ Պեդրուն, շարունակեց մնալ Ռիո դե Ժանեյրոյում։ Հաջորդ տարի Պորտուգալիայի կառավարությունը փորձեց Բրազիլիայում վերականգնել գաղութային վարչակարգը, սակայն բրազիլացիներն անդրդվելի էին։ Արքայորդի Պեդրուն կարճ ժամանակահատվածում կարողանում է ստանալ բրազիլական ազդեցիկ խավի մեծամասնության աջակցությունը և նույն տարում Բրազիլիան հռչակում է անկախ պետություն։ Այսպիսով՝ Հարավային Ամերիկայում պորտուգալացիների միակ հենակետը մնում է Սիսպլատինան (գտնվում է մերօրյա Ուրուգվայի տարածքում)։ Բրազիլիայի միջազգային ճանաչման գործընթացն ավարտվում է 1825 թվականին՝ երբ Պեդրու I-ը հորից թագ է ստանում։ Այնուամենա կորտեսների ընդունած առաջադիմական բարեփոխումների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։
Հաջորդիվ սկսվում է Պորտուգալիայի պատմության լիբերալ պատերազմների շրջափուլը։ 1820 թվականին Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր սահմանադրական միապետության հաստատումը։ 1824 թվականին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրական միապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ 1834 թվականին Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ Լիսաբոնում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը 1836 թվականին վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց 1842 թվականին դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ` աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։
Պորտուգալիան՝ սահմանադրական միապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա II թագուհու և Ֆերդինանդ II-ի որդին՝ Պեդրու V-ը, գահակալել է շատ կարճ ժամանակահատված (1853-1861)։ Նրա կառավարման տարիներին Պորտուգալիայում կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ և երկաթուղիներ, բարելավվում է առողջապահական համակարգը։ Պեդրուի օրոք Պորտուգալիայում տարածվում է խոլերայի համաճարակը։ Նորընտիր թագավորը այդ տարիներին այցելում է տարբեր հիվանդանոցներ, նվիրաբերություններ կատարում և մխիթարում հիվանդներին, որից հետո նա սկսում է մեծ ժողովրդականություն վայելել ժողովրդի շրջանում։ 1861 թվականին խոլերայի զոհ է դառնում նաև հենց ինքը՝ Պեդրուն և երկրի գահը որոշ ժամանակ մնում է թափուր։ Դա գլխավորապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ մահկանացուն կնքած արքայի երկու եղբայրները ևս մահացել էին համաճարակից։ Քաղաքական նման խառնակ պայմաններում Պորտուգալիայի ղեկն անցնում է Պեդրուի այրի կնոջը՝ Ստեֆանիա Հոհենցոլեռն-Զիգմարինգենին։
Նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում չէի ունեցել երեխաներ և դա է պատճառը, որ Պորտուգալիայի հաջորդ արքան եղավ Պեդրուի կրտսեր եղբայրը՝ Լուիշ I-ը։ Ճգնաժամային իրադրության մեջ գտնվող Պորտուգալիան 19-րդ դարում արդեն կորցրել էր իր նախկին ազդեցիկ դերը գաղութատեր երկրների շարքում։ Ամերիկայի իր գաղութների մեծ մասն անկախացել էի դեռևս դարասկզբին։ Այնուամենայնիվ, Պորտուգալիայի գաղութային վարչակարգը տարածվում էր Ասիայի և Աֆրիկայի մի շարք տարածքների վրա։ Լուանդա, Բենգելա, Բիսաու, Մապուտու և Պորտու Ամբոիմ նավահանգիստները դեռևս շարունակում էին ծառայել պորտուգալացիների շահերին։ 1884 թվականի Բեռլինի վեհաժողովը, որին մասնակցում էին 14 պետություններ (Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանական կայսրություն, Ռուսական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, Պորտուգալիայի թագավորություն, Մեծ Բրիտանիա և այլն), ամբողջովին ընթացավ Մեծ Բրիտանիայի կառավարության մշակած սցենարով։ Մոզամբիկն ու Անգոլան (ներառյալ՝ մերօրյա Զիմբաբվեն և Զամբիան), որն ըստ Պորտուգալիայի ներկայացրած պահանջի պետք է ներառվեր «վարդագույն քարտեզի» մեջ, համընկնեց բրիտանական հավակնությունների հետ, իսկ պորտուգալական ներկայացուցչությունը՝ Մարիու Սուարիշի գլխավորությամբ, բախվեց վեհաժողովի կազմակերպիչ Օտտո ֆոն Բիսմարկի անզիջում կեցվածքին։ Նախկինում Պորտուգալիայի մաս կազմող երկու աֆրիկյան գաղութները բռնակցվեցին Բրիտանական կայսրությանը՝ ձևավորելով «Կապի գաղութից մինչև Կահիրե» առանցքը։
Աֆրիկայում Պորտուգալիային մնացին միայն Կաբո Վերդեն, Սան Տոմե և Պրինսիպին, Պորտուգալական Գվինեան։ Բացի այդ, պորտուգալացիները դեռևս վերահսկում էին Հնդկաստանի, Թիմորի և Մակաոյի ասիական տարածքներին։ 1908 թվականի փետրվարի 1-ին Լիսաբոնում սպանվում են Պորտուգալիայի թագավոր Կառլուշ I-ը և վերջինիս իրավահաջորդ արքայազն Լուիշ Ֆելիպեն։ Նույն օրը Մանուել II-ը դառնում է երկրի նոր գահակալը, սակայն 1910 թվականի հոկտեմբերի 5-ի հեղափոխությունը տապալում է վերջինիս իշխանությունը և Պորտուգալիան հռչակվում է հանրապետություն։
Աշխարհամարտեր և հետպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցում է Անտանտի կողմում՝ 1916 թվականին պատերազմ հայտարարելով Գերմանիային։ Այդ ժամանակահատվածում Պորտուգալիայում ուժեղանում է հեղափոխական ու դեմոկրատական շարժումը։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում 1926 թվականին երկրում հաստատվում է գեներալ Կարմոնայի բռնատիրական վարչակարգը։ 1932 թվականին կառավարության ղեկն անցնում է Օլիվեյրա Սալազարին, ով հենվելով կալվածատերերի, ֆինանսիական օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացնում է երկիրը՝ արգելվելով բոլոր կուսակցությունների գործունեությունը։ Իսպանիայի հեղափոխական պատերազմի ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանացի ֆաշիստներին և իտալա-գերմանական ինտերվենտներին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնափուլում Պորտուգալիան ձևականորեն չեզոք դիրք էր գրավում։ 1940-ական թվականների վերջին Պորտուգալիան սատարում է Միացյալ Նահանգներին։ Այդ ճանապարհին պորտուգալացիների առաջին քայլը լինում է այն, որ երկիրը սկսում է անդամակցել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքին՝ 1950 թվականին ստորագրելով «անվտանգության փոխապահովման» երկկողմ համաձայնագիր։ 1950-ական թվականներին պորտուգալական գաղութներում (1951 թվականից՝ «անդրծովյան նահանգներ») ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք գլխավորեցին ազգային-ազատագրական շարժումն Անգոլայում և Գվինեա Բիսաուում։ 1973 թվականին անկախ է հռչակվում առաջին պորտուգալական գաղութը՝ Գվինեա Բիսաուն, որտեղ հաստատվում է հանրապետական կառավարման համակարգ։ Դեռևս 1961 թվականին պորտուգալական տիրապետությունից ազատագրվել էին Գոան, Դաման և Դիուն և վերամիավորվել Հնդկաստանին։ Գաղութային պատերազմը հյուծում էր Պորտուգալիայի տնտեսությունը, դժգոհություն առաջ բերում բնակչության մեջ և բանակում։ 1974 թվականի ապրիլի 25-ին ապստամբ զորքերը մտնում են քաղաքամայր Լիսաբոն։ Կաետանուի կառավարությունը տապալվում է, իսկ գեներալ դի Սպինոլան հռչակվում է հանրապետության նախագահ։ Ներքաղաքական սուր պայքարը, Զինված ուժերի շարժման ներսում եղած հակասություններն ու կոնֆլիկտները, ձախերի շարքերում միասնության բացակայությունը, տնտեսական դժվարությունները և արևմտյան երկրների քաղաքական և տնտեսական ճնշումը 1975 թվականի վերջին լրջորեն բարդացրին իրավիճակը Պորտուգալիայում։ Չնայած դրան, ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերն ու բանկերը։
1975 թվականի ապրիլին տեղի է ունենում սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվում են կառավարական կոալիցիայի հաղթանակով։ 1976 թվականի ապրիլին ընդունվում է հանրապետության սահմանադրությունը, որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։
Մեխակների հեղափոխություն և Պորտուգալիայի եվրաինտեգրման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան շարունակում է ղեկավարվել ազգային խորհրդի կողմից մինչև 1976 թվականի օրենսդրական ընտրությունները։ Այդ ընտրություններում հաղթանակ է տանում սոցիալիստական կուսակցությունը, որի առաջնորդ Մարիու Սուարեշը հուլիսի 23-ին դառնում է սահմանադրական կառավարության ղեկավար (վարչապետ)։ Մարիու Սուարեշը պաշտոնավարում է մինչև 1978 թվականը, սակայն 1983 թվականին կրկին վերընտրվում է այդ պաշտոնում (այս անգամ կառավարում է մինչև 1985 թվականը)։ Սուարեշը փորձում է վերականգնել փլուզված տնտեսությունը՝ զարկ տալով արդյունաբերության ճյուղերի զարգացմանը։ Նրա օրոք Պորտուգալիայում տեղի է ունենում արմատական հեղափոխություն, որը փոխում է պորտուգալացիների սոցիալ-տնտեսական վիճակը։ 1977 թվականին սկսում են բանակցությունները Պորտուգալիայի և Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) միջև։ Այս ժամանակաշրջանի Պորտուգալիայի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է նեոլիբերալիզմի և սոցիալիզմի հավասարակշռության պայմաններում։
Նորընտիր կառավարությունն իրականացնում է հողային բարեփոխումներ և ազգայնացնում է երկրի մայր օրենքների ժողովածուն։ 1982 և 1989 թվականներին տեղի են ունենում հերթական սահմանադրական փոփոխությունները։ 1986 թվականին Պորտուգալիան միանում է Եվրոպական տնտեսական համագործակցությանը, որը հետագայում դառնում է Եվրոպական Միություն (ԵՄ)։ Պորտուգալիայի եվրաինտեգրման գործընթացի ավարտը լավ է անդրադառնում Պորտուգալիայի տնտեսության վրա։ Երկիրը սկսում է միանալ Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսական բարենորոգումների ծրագրերին։ Պորտուգալիայի վերջին անդրծովյան տարածքը՝ Մակաոն, 1999 թվականին խաղաղ կերպով հանձնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը։ Նախքան այդ՝ 1987 թվականին, Պորտուգալիան և Չինաստանը ստորագրել էին Մակաոյի խնամակալության վերաբերյալ փաստաթուղթ, որը ժամկետներ էր սահմանում այդ տարածքի վերահսկողության համար։ 2002 թվականին Պորտուգալիան ճանաչում է պորտուգալախոս Արևելյան Թիմորի անկախությունն Ինդոնեզիայից։
1995 թվականի մարտի 26-ին Պորտուգալիան դառնում է Շենգենյան համաձայնության անդամ՝ վերացնելով մուտքի վիզային համակարգն անդամ մյուս պետությունների հետ։ 1996 թվականին Լիսաբոնում ստեղծվում է Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը, որին սկսում են անդամակցել Բրազիլիան, Անգոլան, Արևելյան Թիմորը և պորտուգալախոս մյուս պետությունները։ 2004 թվականի հուլիսի 5-ին Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Մանուել Բարրոզուն դառնում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ։ 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Լիսաբոնում ստորագրվում է Եվրոպական Միության սահմանադրության հիմք հանդիսացող երկրորդ համաձայնագիրը։ Իռլանդիան ԵՄ անդամ միակ երկիրն է, որ չի վավերացրել Լիսաբոնի պայմանագիրը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք, ռելիեֆ և ներքին ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիա պետությունը գտնվում է Երկիր մոլորակի արևմտյան կիսագնդում՝ Եվրոպա աշխարհամասի հարավում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու արևմտյան մի փոքր հատվածն ու Ատլանտյան օվկիանոսի երկու կղզեխմբերը՝ Ազորյան կղզիներն ու Մադեյրան։ Երկրի հյուսիսային մասը հիմնականում սարահարթային է, որտեղ գերիշխում են 1000-1200 մետր բարձրությունները։ Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրեր։ Պորտուգալիայի ամենաբարձր կետը Ազորյան համանուն կղզում գտնվող Պիկու հանգած հրաբուխն է՝ 1991 մետր բարձրությամբ։ Պիկու լեռն ավելի քան երկու անգամ գերազանցում է Ազորյան կղզիների մյուս լեռնագագաթների բարձրությանը և ի շնորհիվ այդ հետաքրքրաշարժ հանգամանքի՝ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Երկրի հյուսիսային մասը հիմնականում զբաղեցված է Մեսետա սարահարթի խոր կտրտված ծայրամասով, որտեղ բարձրանում են բյուրեղային առանձին զանգվածներ։ Տեժու գետից հարավ Պորտուգալական դաշտավայրն է, որտեղ հարթավայրային տեղամասերը հերթագայվում են ոչ բարձր բլրաշարերով։ Ծայր հարավում Սեռա դա Ալգարվի (բարձրությունը մինչև 902 մ) լեռներն են, որոնց հարավային լանջերը զառիվայր իջնում են դեպի ափամերձ դաշտավայրը։
Պորտուգալիայում լեռնակազմական գործընթացները դեռևս չեն ավարտվել և այդ իսկ պատճառով այստեղ հաճախ նկատվում են ցածր ինտենսիվությամբ երկրաշարժեր։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Ալպ-հիմալայան կամ Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտում։ Այն երկրակեղևի ամենամեծ գեոսինկլինալներից է, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ ընդգրկելով Պիրենեյան թերակղզու գրեթե ամբողջ հարավը։ 1755 թվականի նոյեմբերի 1-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում է տեղի ունեցել Եվրոպայի ամենաուժգին երկրաշարժային ցնցումը՝ Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը։
Ափերը ցածրադիր են, ավազային, թույլ կտրտված, միայն Տեժու (Տախո) և Սադու գետերի գետաբերանային մասում ծովի ջրերը ցամաքի մեջ խորանալու հետևանքով առաջացրել են խորշեր ու էստուարներ։ Պորտուգալիայի բացառիկ տնտեսական գոտին կազմում է 1 727 408 կմ քառ․։ Այս ցուցանիշով Պորտուգալիան 3-րդն է Եվրոպական Միությունում և 11-րդը՝ ամբողջ աշխարհում։
Կլիմայական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական ու կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան այժմ գտնվում է վերակառուցման գործընթացում։ Մինչև 2003 թվականը Պորտուգալիայի տարածքը բաժանվում էր 18 շրջանների, 308 մարզերի և շուրջ 4260 համայնքների («ֆրեգեզի»)։
Երկրաբանական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի հյուսիսային և հարավային լեռնային շրջանները կազմված են մինչքեմբրիի և պալեոզոյան բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից, քվարցիտներից և ավագաթերթաքարային շերտախմբերի հաստվածքներից ու հերցինյան ծալքավորությամբ շարունակվում են մինչև Մեսեաա սարահարթը և Ուելվա զանգվածը։ Մեծ տարածություն են զբաղեցնում ուշ, պալեոզոյան հասակի գրանիտների ելքերը։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտակար հանածոներից կան վոլֆրամի, անագի, կրաքարի, պղնձի, երկաթի, ուրանի, բերիլի, քարածխի հանքավայրեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է՝ շոգ ամառով և անձրևային ձմեռով։ Ատլանտյան օվկիանոսը բարերար ազդեցություն է թողնում կլիմայի վրա։ Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում նկատվում են բրիզներ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ափամերձ մասերում մոտ 10 °C է, ներքին շրջաններում՝ 7-8 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20 °C և 25-27 °C, տարեկան տեղումները՝ ափամերձ շրջաններում 400 մմ են, հյուսիսում մինչև 800 մմ, լեռներում՝ 1200-2500 մմ։
Ներքին ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Դորուն (Դուերո), Տեժուն (Տախո) և Գվադիանան։ Սնումը հիմնականում անձրևային է։ Վարարում են ձմռանը և գարնանը, նվազում՝ ամռանը, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ, օգտագործվում են ոռոգման համար։
Հողեր և բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսում՝ լեռներում, տարածված են լեռնաանտառային, պոդզոլային, կենտրոնում և հարավում՝ գորշ և շագանակագույն, ափամերձ շրջաններում՝ ճահճային, տեղ-տեղ՝ աղուտային հողեր։ Երկրի հարավային շրջաններին բնորոշ է միջերկրածովյան տիպի բուսականությունը, ցամաքի խորքում տարածված են մակվիսի մացառուտները՝ հավամրգի, օրոճի, խնկածառի ծառատեսակներով։ Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը։ Լեռներում հանդիպում են կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ շրջաններում՝ սոճու, էվկալիպտի պուրակներ։ Լեռներում մեծ տարածում ունեն մարգագետինները։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան տիպի է, Միջին Եվրոպային հատուկ տեսակների լայն տարածմամբ (գայլ, աղվես, կզաքիս և այլն) և հյուսիս-աֆրիկյան ֆաունայի ներկայացուցիչներով (ալժիրյան ոզնի, իսպանական նապաստակ)։ Շատ են կրծողները, չղջիկները, թռչուններն ու սողունները։ Ջրերը հարուստ են ձկներով։
Պետական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահն ընտրվում է ընդհանուր քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Կառավարությունը ղեկավարում է վարչապետը, որը, որպես կանոն, հանդիսանում է Ազգային ժողովի ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության ղեկավարը։ Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը։ Խորհրդարանը (Հանրապետության ասամբլեան) ընտրվում է կուսակցական ցուցակներով 4 տարի ժամկետով։ Խորհրդարանի կազմի մեջ մտնում են 230 պատգամավորներ։ Պորտուգալիայի կառավարությունը նախարարների խորհուրդ է, որը կազմված է 14 նախարարներից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան աշխարհի առավել միատարր ազգային կազմ ունեցող երկրներից է։ Բնակչությունը ավելի քան 99%-ը պորտուգալացիներ են[10], բնակվում են նաև 50 հզ․ օտարերկրացիներ։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա 106 մարդ է, ափամերձ մի քանի շրջաններում և կղզիներում՝ մինչև 200 մարդ։ Խոշոր քաղաքներն են Լիսաբոնը, Պորտուն։
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան մոնոէթնիկ երկիր է, պաշտոնական լեզուն է պորտուգալերենը, որով աշխարհի 3 մայրցամաքներում խոսում են շուրջ 184 մլն մարդիկ (ամենից մեծ պորտուգալախոս երկիրը Բրազիլիան է)։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 81 %-ը կաթոլիկներ են[11]։ Մնացյալ քրիստոնյաները կազմում են բնակչության մոտ 3,3%-ը[11]։ Իսլամադավանները կազմում են բնակչության 0,6%-ը[11]։ Լիսաբոնի և Պորտուի բնակչության 200 հազարը հրեաներ են։ Բնակչության մոտ 6,8%-ը աթեիստներ են[11]։
Պորտուգալիայի բնակչությունը՝ ըստ կրոնական պատկանելիության՝[12]
Կյանքի տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայում կյանքի տևողությունը՝ ըստ սեռի, 2010-2020[13]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է։ Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ։ Որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն, պահածոյացած սարդինա ձուկ, խցանանյութ։ Մեքնաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը։ Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը։ Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Արգավանդ են Պորտուգալիայի հողերը։ Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի։ Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք՝ հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում։
Արտաքին առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահանումը 2014-ին կազմել է 66.3 միլիարդ ԱՄՆ դոլար[14]։ Հիմնականում արտահանվում է գյուղատնտեսական արտադրանք, սննդամթերք, գինի, քիմիական արտադրանք, փայտ, տեքստիլ իրեր, հագուստ, կոշիկ և այլն[14]։ Արտահանման հիմնական գործընկերներն են՝ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Անգոլան, Նիդեռլանդները[14]։ Նմուծումը կազմել է 76,1 միլիարդ ԱՄՆ դոլար[14]։ Հիմնականում ներմուծվում է գյուղատնտեսական ապրանքներ, քիմիական նյութեր, տրանսպորտային միջոցներ, համակարգչային պարագաներ, նավթամթերք, տեքստիլ նյութեր[14]։ Ներմուծման հիմնական գործընկերներն են՝ Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները[14]։
Համախառն ներքին արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի համախառն ներքին արդյունքը 2012-2021 թվականներին[15].
Տուրիզմը Պորտուգալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան աչքի է ընկնում նաև տուրիզմի առումով։ 2013 թվականին Պորտուգալիան ընդունել է շուրջ 8.100.000 այցելուների[16]։ Պորտուգալիայի տուրիստական թեժ կետերն են՝ Լիսաբոնը, Ալգարվեն, Մադեյրան, Դուերոն, Պորտու-Սանտոն և Ալենտեժուն։
Պորտուգալիայի ամենահայտնի հանգստյան գոտիներն են՝
- Costa Verde (Կանաչ ափ) - Պորտուգալական կանաչ ափը ներառում է Պորտուգալիայի ողջ հյուսիսային ափը՝ Մինյո գետից մինչև Պորտու գետը։
- Costa da Prata - Արծաթե ափ. Կենտրոնական Պորտուգալիայի ծովափնյա շրջանը՝ Պորտու քաղաքից մինչև Լիսաբոն։
- Costa de Lisboa - Լիսաբոնի և քաղաքամերձ ծովափերը.
- Montanhas - Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային և ներքին շրջանները, մասնավորապես Սերրա-դա-Էշտրելան
- Planícies - Պորտուգալական հարթավայրերը Ալանտեժուից սկսած դեպի հարավ
- Algarve - Պորտուգալիայի հարավային ափերը
- Madeira - Հանրահայտ Մադեյրայի կղզիները
- Açores - Ազորյան կղզիախումբը
Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի մայրաքաղաքն է։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Այն ամբողջովին հագեցած է իր բազմադարյա պատմությամբ։ Նրա նեղ փողոցներն ու պալատները ամբողջովին տեղափոխում են միջնադար և մարդ կորցնում է ժամանակի զգացողությունը։ Սակայն մյուս կողմից Լիսաբոնը ժամանակակից մեգապոլիս է՝ զարգացած ենթակառուցվածքով և ժամանցի վայրերով։ Շնորհիվ այս անսովոր, բայց և ներդաշնակ համադրությանը՝ Լիսաբոնը համարվում է ամենահեղինակավոր մայրաքաղաքներից մեկը։ Լիսաբոնի տեսարժան վայրերն են՝ Ռոսիո հրապարակը, Ռեշտաուրադորեշ հրապարակը, Մարկիզա դե Պոմբալ հրապարակը, Պրասա դու Կոմերսիու հրապարակը, Ռատրու հրապարակը, Ամորեյրաշ հրապարակը, Ազգային թատրոնը, Ազգային ժողովի Պալատը, Պալասիո-Ֆոշ Պալատը, Միտրա Պալատը, Ազատության պողոտան, Էդուարդ VII-ի այգին, Սան Բենտու փողոցը, Սուրբ Վինսետ դո Ֆորի եկեղեցին, Բելեն աշտարակը, Քրիստոսի արձանը, Ապրիլի 25-ի կամուրջը, Լիսաբոնի պատմության թանգարանը, Կերամիկայի թանգարանը և այլն։
Պորտու
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի հյուսիսում գտնվող միակ խոշոր քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ։ Պորտուն Պորտուգալիայի հնագույն քաղաքներինց մեկն է, նրա նախկին մայրաքաղաքը, որն իր անունն է տվել պետությանը։ Երբևէ Դորու գետի ձախ ափին էր գտնվում Պորտուս բնակավայրը (լատիներենից թարգմանաբար նշանակում է «ապաստան»), իսկ աջ ափին՝ Կալեն (հունական Կալոս անունից, որը նշանակում է «հրաշալի»)։ Այս երկու բնակավայրերի անուններով էլ երկիրը անվանվեց Պորտուկալե։ Պորտուի բնակիչները լիսաբոնցիներից տարբերվում են պակաս իդեալիզմով, նրանց բնորոշ է բանականությունը։ Նրանցից շատերի համար դեռևս խորթ է երկրորդը լինելու դերը։ Ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է համարվում երկխցիկ կամուրջը։ Քաղաքի հենց կենտրոնում տեղակայված է շքեղ Մայր տաճարը՝ XII դարում այն եղել է վանք-ամրոց։ Անմիջապես նրա կողքին է գտնվում բարոկկո ոճով կառուցված Եպիսկոպոսի պալատը։ Պորտուի խորհրդանիշերից է համարվում Քլերիգոշ աշտարակը՝ Պորտուգալիայի ամենաբարձր եկեղեցական աշտարակը (75 մ)։ Հարևանությամբ գտնվող Վիլա Նովա դե Գայայում արդեն 300 տարի գտնվում են պորտվեյնի պահպանման հատուկ նկուղները։ Հենց այստեղ է տեղակայված իր տեսակի մեջ յուրահատուկ Պորտվեյնի թանգարանը։
Կոիմբրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ համալսարանական քաղաքը ձգվում է Մոնդեգո գետի երկայնքով։ Նրա բնակչությունը կազմում է 100 հազար՝ մշտական բնակիչներ և 20 հազար ուսանող։ Ուսանողները մինչ այսօր ներկայացնում են քաղաքի դեմքը։ Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը գործում է XII դարից։ Նրան բազում անգամներ տեղափոխել են Լիսաբոն և հակառակը, մինչև որ 1537 թվականին այն հաստատվեց թագավորական նստավայրում։ Ճարտարապետական հուշարձաններից առանձնանում է Հին տաճարը, Նոր տաճարը և Սանտա Կռուզ վանքը։
Կոստա դու Սոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստա դու Սոլը (պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «արևային ափ»), ատլանտյան քամիներից պահպանված առողջարան է՝ պորտուգալացիների ամենասիրելի հանգստավայրերից մեկը։ Մեղմ եղանակի շնորհիվ այն արդեն XIX դարում դարձել է պորտուգալական Ռիվերա։ Էստորիլը հին դարերից սկսած եղել է արիստոկրատ քաղաք՝ հնաոճ անգլիական բարքերով։ Այստեղ կա խաղատուն և հիանալի հրապարակ գոլֆի համար։ Զբոսաշրջային Քասքեյս կենտրոնը ներառում է հին քաղաքը հետիոտնային գոտով, բազմաթիվ սրճարանները և ռեստորանները։ Շատ գրավիչ է զբոսանքը քաղաքով։ Քաղաքի խորհրդանիշն է համարվում 14-րդ դարի Թագավորական պալատը՝ արքայական խոհանոցի երկու հսկայական, կոնաձև ծխնելույզներով։ Սինտրա լեռան գագաթին բարձրանում է Le Castelo dos Mauros-ի ատամնավոր պատերը։ Պենա պալատը կառուցվել է 19-րդ դարում և լիովին համապատասխանում է հեքիաթային պալատի մասին ունեցած մեր պատկերացումներին։ Լիսաբոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Կոստա դե Կապարիկան, որն հայտնի է իր այգիներով, լողափերով և հրաշալի գինով։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 9,28[17], մահացությունը՝ 11,02[17]։ Կյանքի միջին տևողությունը 79[17] տարի է։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, թոքաբորբը։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների 3 բժշկական ֆակուլտետներ։ Պորտուգալիայում հայտնի են Պեդրաշ Սալգադաշ, Վիդագու, Ալմոֆալա, Բրանկաշ, Կամարա, Արեգոշ, Ֆունշալա, Կամաշա և Սանտա Կրուշ առողջարանները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության տոկոսը բարձր է Պորտուգալիայում։ Մինչև ֆաշիստական կարգերի տապալումը (1974) անգրագետ էր երկրի բնակչության 40 %-ը, իսկ 1980-ին՝ 25-30 %-ը։ 1979-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3-6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6-12 տարեկանների համար։ Պետական տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-3-2։ Ուսուցումը պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա փուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունները (1-5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստիտուտները և քոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստիտուտ և քոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են Լիսաբոնի (հիմնադրվել է 1290-ին), Պորտուի (1911), Կոիմբրայի (հիմանադրվել է 1290-ին Լիսաբոնում, 1537-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխնիկական (1930), ազգային կոնսերվատորիան (Լիսաբոն, 1835), արվեստների 2 բարձրագույն դպրոցները (Լիսաբոն և Պորտու)։ 1981-ից Պորտուգալիայի գաղութ Մակաոյում գործում է Արևելյան Ասիայի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության պորտուգալական ակադեմիան (1720), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտական ընկերություններ և 26 այլ գիտական հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն հանրային-մունիցիպալ գրադարանը (հիմնադրվել է 1833-ին, ավելի քան 1325 հազար գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգային (1796, ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի (1716, ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական (1875), Հնագիտության (1866), Հնագույն արվեստի (1884), ժողովրդական արվեստի (1948), Երկրաբանական-հանքաբանական (1837), Դրամագիտության (1933), Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն (1956) և այլն, բոլորը Լիսաբոնում։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի տարածքում բնական և տեխնիկական գիտելիքների կուտակման նախնական փուլը համընկնում է Պիրենեյան թերակղզում հռոմեական, ապա արաբա–իսպանական գիտության պատմության համապատասխան ժամանակաշրջանի հետ։ 13-րդ դարի Ռեկոնկիստայի ավարտը, քաղաքների հզորացումը, կրոնի հարաբերական հանդուրժողականությունը և արաբական մշակույթի նվաճումների օգտագործումը նպաստեցին բնագիտության և տեխնիկայի վերելքին։ 1290-ին հիմնադրվեց Լիսաբոնի համալսարանը։ Վերածնության դարաշրջանում զարգացան քարտեզագրությունը, աստղագիտությունը, մասամբ՝ մաթեմատիկան, կատարելագործվեց նավագնացության տեխնիկան, կառուցվեցին նոր տիպի արագընթաց, մանևրունակ նավեր՝ կարավելլաներ։ Պորտուգալական արշավախմբերը իսպանականների հետ առաջիններն էին, որ սկսեցին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները։ 14-րդ դարում կազմվեցին քարտեզներ, Ատլանտյան օվկիանոսի զգալի մասի համար նավարարության ձեռնարկներ։ 1418-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց։ 15-րդ դարի և 16-րդ դարի սկզբի կարևորագույն նվաճումներից էին Բարեհուսո հրվանդանի (Բարտոլոմեու Դիաշ, 1488), Բրագիլիայի արևելյան ափերի (Պեդրո Ալվարես Կաբրալ, 1500) և առանձնապես դեպի Հնդկաստան ծովային ուղիների (Վասկո դա Դամա, 1497-1499) հայտնագործությունները։ Վերջինս սկիզբ դրեց Հնդկական օվկիանոսի երկրների և հարավարևելյան Ասիայի հետազոտությունների նոր փուլին։ Պորտուգալիայի նավագնացական և քարտեզագրական գիտությունները ընդհուպ մինչև 16-րդ դարի վերջը մնում էին որպես օրինակ Եվրոպայի համար։ Մինչև 18-րդ դարը համընդհանուր օգտագործման մեջ էին երկարության որոշման համար 15-րդ դարի վերջին աստղագետ Ա․ Զակուտոյի կազմած հակումների աղյուսակները։ 16-րդ դարի կեսերին մաթեմատիկոս և աստղագետ Պ․ Նունիշը ստեղծեց նոնիուսը և հետազոտեց լոքսոդրոմիայի հատկությունները։ 16-17-րդ դարերում հրատարակվեցին մի շարք կենսաբանաբժշկագիտական աշխատանքներ։ 17-րդ դարի առաջին կեսին արշավախմբեր կազմակերպվեցին դեպի Աֆրիկայի և Ասիայի մայրցամաքային շրջանները, ինչպես նաև Բրազիլիա։ Բնագիտական հետազոտությունների աշխուժացումն սկսվեց 18-րդ դարի վերջում։ 1772-ին Կոիմբրայի համալսարանում ստեղծվեցին մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետներ, ինչպես նաե քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, կենդանաբանական թանգարան։ 1779-ին հիմնադրվեց Լիսաբոնի ԳԱ-ն, որտեղ, ինչպես նաև Կոիմբրայի համալսարանում աշխատում էին օտարերկրացի գիտնականներ (հիմնականում իտալացիներ)։ Գիտության զարգացումն առավել ինտենսիվացավ 1820-ի հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեցին գիտական ընկերություններ և հանձնաժողովներ, թանգարաններ։ 1852-ին պոլիտեխնիկական ինստիտուտներ հիմնադրվեցին Լիսաբոնում և Պորտուում։ 1870-ական թվականներին Աֆրիկայում երկաթուղիների անցկացման նախագծերի և եվրոպական երկրների գաղութային էքսպանսիայի ընդհանուր ուժեղացման հետ կապված Պորտուգալիայում դարձյալ հետաքրքրություն առաջացավ արևադարձային երկրների հետազոտման նկատմամբ։ 1875-ին Լիսաբոնում կազմակերպվեցին աշխարհագրական ընկերություն և Անդրծովյան տարածքների Ազգագրական թանգարան։ Նշանակալից գիտական արդյունքներ տվեցին Ա․ Սիլվա Պորտուի աֆրիկյան (1852-1853), Ա․ Սերպա Պինտուի (1877-1979) և այլ արշավախմբերը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է։ Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը։ Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆեռնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի գրականության առավել վաղ նմուշներն են Ա․ Ժիրալդիշի (14-րդ դար) հերոսական պոեմից պահպանված հատվածը և ժողովրդական քնարական ստեղծագործություններ։ 13-15-րդ դարերում ասպետական քնարերգության բազմաթիվ նմուշներ զետեղված են «կանցոններ»-ում։ Այդ շրջանում կղերական գրականությունը լատիներենից անցել է ժողովրդի լեզվին։ 15-րդ դարի սկզբից ստեղծվել են Ֆ․ Լոպիշի (1380-1460) և այլոց պատմական ժամանակագրությունները, որոնցում արժանահավատ փաստերը զուգորդվել են լեգենդների և զրույցների հետ։ 15-րդ դարի վերջից սկսած Պորտուգալիայի տնտեսության վերելքի ու բուրժուական հարաբերությունների առաջացման, քաղաքական հզորության ամրապնդման պայմաններում ստեղծվել է Վերածննդի գրականությունը։ Դրա սկզբնավորողներից մեկը՝ պորտուգալաացի թատրոնի հիմնադիր Ժ․ Վիսենտեն (մոտ 1470-մոտ 1536), իր պիեսներում քննադատել է հասարակական արատներն ու եկեղեցուն։ Վերածննդի գրողների մեծ մասին՝ Բ․ Ռիբեյրու (մոտ 1482-1552), Ֆ․ Սա դի Միրանդա (1481-1558), Ա․ Ֆեռեյրա (1528-1569)։ 16-րդ դարի կեսին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում Պորտուգալիայի Վերածնության գրականությունը անկում է ապրել։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալական ժողովրդական երաժշտությունը ունի հին ավանդույթներ, հարուստ է և բազմազան։ Լադային կազմում մաժոր-մինորի հետ պահպանվում են միջնադարյան լադերը։ Սետրառիթմական կառուցվածքին բնորոշ է սիմետրիկ պարբերույթների գերակշռությունը, երգային և երգ-պարային ժանրերը զարգացած են ավելի, քան գործիքայինը։ Առավել հին երգերից են՝ աշխատանքային, տոմարական, ինչպես և եկեղեցական տոների հետ կապվածները։ Ամենատարածված երգային ձևը կոչվում է ֆաղու, հանրածանոթ պարը՝ վիրա։ Ժողովրդական նվագարաններից են՝ կիթառը, վիոլան, կավաքինյուն, գայտան, պարկապզուկը, հարվածային՝ զաբումբան, տամբորիլը, պանդեյրուն և ադուֆին։ Պրոֆեսիոնալ երաժշտությունը նույնպես հին ավանդույթներ ունի։ 12-13-րդ դարերում տրուբադուրների արվեստի դարաշրջանն էր․ նշանավոր ներկայացուցիչներից են Ալֆոնս III և Դինիշ I արքաները։ 15-16-րդ դարերում մեծ ծաղկման է հասել վոկալ և գործիքային պոլիֆոնիան։ Խոշոր երաժշտական կենտրոններ են Լիսաբոնը, Պորտուն և Կոիմբրան։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են 17-րդ դարից։ 15-րդ դարի վերջին Վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։ Ազգային թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր Ժ․ Վիսենտեն։ 16-րդ դարի վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ 16-րդ դարի 2-րդ կեսին և 17-րդ դարում ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեցական գրաքննության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։ Ազգային թատրոնի վերելքը կապված է 1820-1830-ական թվականներին ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգային դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր բացի Մարիա II թագուհու ազգային թատրոնից գործում են Ազգային ժողովրդական, Գեղարվեստական թատրոնները և այլն։ Թատերախմբեր կան նաև Պորտուում և Կոիմբրայում։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայում 1896-ից նկարահանվել են առանձին կինոժապավեններ։ Կինոարտադրությունն ավելի կանոնավոր է դարձել «Պորտուգալիա-ֆիլմ» (1909) կինոֆիրմայի ստեղծումից հետո։ 1920-1930-ական թթ․ ստեղծագործել են պորտուգալական խոշոր ռեժիսորներ Լ․ դի Բառուշը, Մ․ դի Օլիվեյրան և ուրիշներ։ Ազգային կինոարվեստի զարգացումը արգելակվել է ֆաշիստական դիկտատուրայի և խիստ գրաքննության շրջանում։ Թողարկվել են շահութաբեր ֆիլմեր։
Խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալական խոհանոցը մատչելի է, համեղ և մեծ չափաբաժնով։ Պորտուգալական դասական ուտեստներ են համարվում sardinhas assadas-ը (գրիլ արած սարդինա ձուկ ), pasteis de bacalhau-ն (ձողաձկան թխվածք) և caldo verde (կարտոֆիլով և կաղամբով ապուր )։ Ծովամթերքով ուտեստները, ինչպիսին են՝ inguado grelhado-ն (տապակած տափակաձուկ) և bife de atum-ը (թունաձկան սթեյք), անմիջապես գրգռում են ախորժակը։ Ճաշի ժամանակ հնարավոր է համտեսել իսկական պորտուգալական գինի կամ պորտվեյն, որի անունը ծագում է երկրի անվանումից։
Հայերը Պորտուգալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Ներկայումս բնակվում է 500 հայ կենտրոնացած Լիսաբոնում և Պորտոյում։ Պորտուգալիայի հայերից նշանավոր է հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանը։
Պորտուգալիայում Հայաստանի դեսպանությունը գտնվում է Հռոմում, բայց ունի հյուպատոսություն Լիսաբոնում և Պորտոյում։ Հայաստանում Պորտուգալիայի դեսպանությունը գտնվում է Մոսկվայում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի սահմանագիծը 1139 թվականից չի փոխվել։ Այն համարվում է Եվրոպայի ամենավաղ ձևավորված և անփոփոխ սահմաններ ունեցող երկիրը[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պորտուգալիայի բնակչությունը 2015 թվականին
- ↑ Պորտուգալիայի բնակչությունը 2000 թվականին
- ↑ Պորտուգալիայի ՀՆԱ-ն
- ↑ 4,0 4,1 Պորտուգալիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
- ↑ Պորտուգալիայի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
- ↑ Պորտուգալիայի Ջինի
- ↑ Պորտուգալիայի ՄԶՀ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
- ↑ «Պորտուգալիա // Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Պորտուգալիայի Բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Պորտուգալիայի կրոնական կազմը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Portugal». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-10-14-ին.
- ↑ «Portugal - life expectancy at birth by gender 2010-2020». Statista (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Պորտուգալիայի առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Portugal GDP - 2022 Data - 2023 Forecast - 1960-2021 Historical - Chart - News». tradingeconomics.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Տուրիզմը Պորտուգալիայում
- ↑ 17,0 17,1 17,2 «Պորտուգալիայի առողջապահական համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Հետաքրքիր փաստեր Պորտուգալիայի մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչություն Արխիվացված 2020-05-19 Wayback Machine
- Հայկական Սովետական Հանրագիտարան
- Հետաքրքիր Փաստեր Պորտուգալիայի Մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտուգալիա» հոդվածին։ |
|
Ընթերցե՛ք «Պորտուգալիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|