Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ։ Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։ Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր։ Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները։ II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին)։ Անտոնիոսների օրոք ԿոմմագենեիԴոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը։ Հելիուպոլիս քաղաքի (այժմ՝ ԲաալբեկըԼիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ)։ Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը։ Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 134)։