Մրրկահավեր (լատին․՝ Procellariidae), խողովակաքթերի կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է մրրկահավերի 47 տեսակ։ Նախկին ԽՍՀՄ երկրներում հանդիպում է 8 տեսակ, որից միայն մեկն է բնադրում (հյուսիսային մրրկահավեր), 3-ը հանդիպում են պարբերաբար, չվելու ժամանակ, 4-ը՝ պատահական։
Կտցի ծայրը կեռ է, քթային խողովակները մոտեցած կամ միացած են իրար և բացվում են վերնակտուցի կատարին։ Մատները միացած են լողաթաղանթով։ Թևերը բարակ են և երկար (21,5-50 սմ)։ Վատ քայլող, լավ լողացող ու թռչող թռչուններ են։
Ակտիվ են և՛ ցերեկը, և՛ գիշերը, իսկ բազմացման շրջանում՝ միայն գիշերը։ Ցամաքի հետ կապված են բազմացման շրջանում, մնացած ժամանակ հեռավոր չվերթներ են կատարում (օրինակ՝ նեղքիթ մրրկահավերը Ավստրալիայի հարավային ափերից հասնում է մինչև Բերինգի ծով)։
Բնադրում են գաղութներով, գլխավորապես հյուսիսային մրրկահավ ծովերի ժայռոտ, ամայի ափերին։ Մոնոգամ են, դնում են 1 ձու, թխսում են էգը և արուն։ Ձագերը կույր են՝ ծածկված խիտ աղվամազով։ Մրրկահավերը սնվում են ծովային անողնաշարավորներով, ձկներով, ձկնորսության թափոններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 68)։