Մեզոդերմ, մեզոբլաստ (հին հունարեն՝ μέσος, mésos՝ միջին, միջանկյալ, δέρμα, derma՝ մաշկ), բազմաբջիջ կենդանիների (բացի սպունգներից ու աղեխորշավորներից) և մարդու սաղմնային միջին թերթիկ։ Գտնվում է էկտոդերմի և էնտոդերմի միջև։ Անողնաշարավորների մեծամասնության մեզոդերմն առաջանում է նշված շերտերի միջև առկա 2 խոշոր բջիջներից՝ տելոբլաստներից[5][6]։ Որոշ անողնաշարավորների, քորդավորների և մարդու մոտ մեզոդերմն սկզբնավորվում է Էկտոդերմի և էնտոդերմի միջև կուտակված բջիջներից և ապա ներքաշվում սաղմի մեջ։
Սաղմի զարգացման պրոցեսում մեզոդերմը տարբերակվում է առանցքային մեզոդերմի (որից գոյանում են սոմիտները) և կողմնային թիթեղիկների ու մեզենքիմի։ Մեզոդերմից առաջանում է մեզենքիմը, մեզոթելիումը, ոչ էպիթելային արյան բջիջները և ցելոմը։ Մեզենքիմից ձևավորվում են շարակցական հյուսվածքը, մկանային, արյունատար, արտաթորության, սեռական համակարգերը և մարմնի երկրորդային խոռոչի ծածկույթը։ Մկանային համակարգն առաջանում է մեզոդերմից միոգենեզի ընթացքում. սեպտան և սեռական գեղձերի մի մասը նույնպես զարգանում են մեզոդերմից[5]։
Մեզոդերմը սաղմում մասնագիտանում է միջբջջային ազդանշման ժամանակ, որից հետո այն բևեռանում է կազմակերպչական կենտրոնի միջոցով[7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 377)։