Jump to content

Մարդուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդուկ կամ Բել
Միջագետքի մշակույթ, Լուվրի թանգարան

Մարդուկ (սեպագիր՝ 𒀭𒀫𒌓), սկզբում Բաբելոն քաղաքի հովանի աստվածը, մ.թ.ա. XVIII դարից՝ Բաբելոնիայի թագավորության գլխավոր աստվածը։

Միջագետքի սեմական ցեղերն ու ժողովուրդները Մարդուկ կամ Բել («տեր») են անվանել Շումերի Էնլիլ աստծուն։ Ըստ առասպելի՝ Մարդուկը եղել է իմաստության աստծո՝ Հայայի որդին։ Աստվածների խորհրդում իբր ճանաչվելով «գերագույն»՝ Մարդուկը պայքարել է հրեշների ու քաոսի աստվածների դեմ, մենամարտում սպանել նրանց առաջնորդ Տիամատին՝ նրա վիթխարի դիակից կերտելով երկինքն ու երկիրը, իսկ մատնիչ ու խռովարար Կինգո աստծո արյունը խառնելով կավին, ստեղծել է մարդկանց՝ ի ծառայություն աստվածների։ Նոր Բաբելոնյան թագավորության հիմնադրումից (մ.թ.ա. VII դ. վերջին քառորդ) հետո, երբ նրա միապետները Միջագետքում ստեղծել են կենտրոնացված հզոր տիրակալություն, Մարդուկի պաշտամունքում դրսևորվել է միաստվածության միտում։ Տեղական բոլոր հին աստվածությունները հռչակվել են Մարդուկի տարբեր մարմնավորումների դրսևորումներ (նա կրել է շուրջ 50 աստվածների անվանում)։ Այսպես, Նինուրտան խորհրդանշել է Մարդուկի հզորությունը, Ներգալը՝ մարտը, Էնլիլը՝ իշխանությունը։ Մարդուկի սրբազան կենդանին համարվել է Բաբելոնի վիշապը, երկնային լուսատուն՝ Յուպիտերոս մոլորակը, շաբաթվա օրը՝ հինգշաբթին, կինը՝ սիրո և գեղեցկության դիցուհի Իշտարը։ Մարդուկի աշխարհի արարչագործության հիշատակը մեծահանդես արարողություններով տոնվել է յուրաքանչյուր նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքում, Մարդուկի գլխավոր մեհյանում՝ Էսագիլու տաճարում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 309