Jump to content

Հախճապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալական հախճապակե ափսե

Հախճապակի, թափանցիկ կամ անթափանց ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ կավից` կաոլին) խեցեգործական կերտվածքներ։ Հախճապակու ստացման համար օգտագործում են նույն հումքը, ինչ՝ ճենապակու, փոխվում է միայն բաղադրամասերի հարաբերությունը և թրծման տեխնոլոգիան։ Կարծր հախճապակու համար գործածում են մեծ քանակությամբ դաշտային սպաթ, փուխրի համար՝ կիր։ Հախճապակու կարևոր բաղադրամասերից են նաև քվարցը, ավազը և հրակավը։ Հախճապակե առարկաները թրծվում են երկու անգամ. առաջինը` 1200-1280օC ջերմաստիճանում, երբ թրծվում է անոթը, երկրորդը՝ 1050-1150օC ջերմաստիճանում, ջնարակազանգվածի շերտածածկը թրծելու համար։ Հայաստանում հախճապակու արտադրության զարգացման առաջին փուլի (IX դ. 2-րդ կես - XI դ. 2-րդ կես) հիմնական կենտրոնը Դվինն էր, հախճապակե իրերի տեսականին՝ սահմանափակ (անթափանց ջնարակով և կոբալտով նկարազարդված)։ Երկրորդ փուլը հախճապակու արտադրության ծաղկման ժամանակաշրջանն է (XI դ. 2-րդ կես - XIII դ. 1-ին կես), երբ ազատվելով սելջուկյան թուրքերի լծից՝ երկիրն ապրեց տնտեսական զարգացման տևական ու խաղաղ շրջան։ Հիմնական կենտրոններն էին Դվինն ու Անի։ Պեղումներով հայտնի է հախճապակու հարուստ տեսականի (փուխր խեցիով վերադիր, միագույն ջնարակով անզարդ, բազմանիստ հարթակներով դրոշմազարդված, փխրախեցի սպիտակ ու կոբալտե զարդերով, կիսաթափանցիկ սպիտակ կարծրախեցի, շողյուն, ենթաջնարակային նկարազարդումով ևն)։ Երրորդ փուլն ընդգրկում է մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանը (1236-ից մինչև XIV դ.)։ Հիմնական կենտրոններն են՝ Անի, Ամբերդ, Գառնի և Տիկնունի։ Հախճապակու տեսականին սակավ էր (մուգ կոբալտով նկարազարդված և թափանցիկ ջնարակով պատած, բազմերանգ՝ կանաչ, կապույտ ու այլ գույներով զարդարված ու թափանցիկ ջնարակով պատած, և ողյուն խեցանոթներ)։ Մոնղոլական տիրապետությունը XIV դ արագացրեց հայ ժողովրդի զանգվածային արտագաղթը։ Անեցիների մի հատվածը հաստատվեց Կուտինայում՝ իր հետ բերելով արհեստագործական շնորհքի գաղտնիքներն ու ավանդույթները։ Կուտինան հռչակվեց իր հախճապակու արտադրանքով և այդ մենաշնորհը պահպանեց մինչև XIX դ։ Հայաստանում հախճապակու արտադրությունը XX դ նոր վերելք է ապրել։ 1947-ին Երևանում հիմնադրվել է հախճապակու գործարան, որը թողարկում է տնտեսական ամանեղեն, դեկորատիվ իրեր և հուշանվերներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1952։
  • Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., հ. 1-2, Երևան, 1958-64։
  • Ժամկոչյան Ա., Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX_XIV դդ., Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 10, Երևան, 1981։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հախճապակի» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 53