Կնքահայրը 2
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
«Կնքահայրը 2» (անգլ.՝ The Godfather, Part 2), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից 1974 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Եռերգությունը շարունակվում է»։ Հռչակավոր «Կնքահայրը» եռերգության երկրորդ շարունակական մասն է։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է գրող Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի սյուժեն ներկայացնում է իտալական մաֆիան և նրա դոն՝ Մայքլ Կոռլեոնեյի գործունեությունը։ «Կնքահայրը 2»-ը իր հայտնությամբ չի զիջում առաջին ֆիլմին։ Այն ներկայացվել և արժանացել է բազում կինոմրցանակների, որոնց թվում՝ Օսկարի է ներկայացվել 5 անվանակարգում և արժանացել 5 Օսկար մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կազմված է երկու սյուժետային գծերից։ Առաջինը ներկայացնում է Վիտո Կոռլեոնեի կյանքը, ով ապագայում դառնալու էր ամենահզոր քրեական ընտանիքի՝ Կոռլեոնե ընտանիքի Դոնը։ Երկրորդ գիծը, շարունակելով առաջին ֆիլմը, ցույց է տալիս Վիտո Կոռլեոնեի որդու՝ Մայքլ Կոռլեոնեի կյանքը, ով հոր մահից հետո ղեկավարում է իրենց ընտանիքն ու բիզնեսը։ Երկու գծերն էլ զուգահեռ շարունակվում են մինչև ֆիլմի վերջը։
Ապագա Դոն Կոռլեոնեն, ի ծնե՝ Վիտո Անդոլինի, ծնվել է 1891 թվականին Սիցիլիայի Կոռլեոնե գյուղում։ Նրա հայրը վիրավորում է տեղական մաֆիային, ինչի համար սպանվում է։ Վիտոյի ավագ եղբայրը որոշում է վրեժխնդիր լինել, սակայն նույնպես սպանվում է։ Դրանից հետո Կոռլեոնեի մաֆիայի պարագլուխ Դոն Չիչոն, որոշում է սպանել նաև Վիտոյին, որպեսզի վերջինս հետագայում նույնպես վրիժառու չդառնա։ Սպանվում է նաև Վիտոյի մայրը, որը ցանկանում էր փրկել որդուն։ Վիտոն փախչում է ու թաքնվում, իսկ Դոն Չիչոն իսկական որս է սկսում տղային բռնելու համար։ Վիտոյի հարազատները որոշ ժամանակ թաքցնում են նրան, իսկ հետագայում նա ուղևորվում է Ամերիկա, որտեղ նոր կյանք է սկսում։
Ցույց է տրվում Վիտոյի հետագա կյանքն իտալական թաղամասերում 1910-ական թվականներին։ Նա ամուսնացած է, ունի փոքր երեխաներ, բայց կարիքի մեջ է ապրում։ Աշխատում է իր ընկերոջ հոր խանութում։ Շուտով նա ստիպված հեռանում է այդ աշխատանքից, քանի որ այդպես է ուզում տեղական քրեական պարագլուխ՝ Դոն Ֆանուչչին, որն ամբողջ թաղամասից հարկեր է հավաքում ուժի միջոցով։ Վիտոն, կարելի է ասել, քրեական աշխարհ է մտնում իր ընկերների հետ։ Երբ Ֆանուչչին սկսում է հարկեր պահանջել նրանցից, Վիտոն որոշում է կտրուկ քայլերի դիմել։ Զատկի տոնակատարության ժամանակ նա հետապնդում է Ֆանուչչիին և սպանում նրան։
Դրանից հետո Վիտոն և իր ընկերները բացում են իրենց բիզնեսը։ Հիմա ամբողջ թաղամասը գիտի, թե ով է սարսափելի Դոնին սպանողը և շնորհակալ է երիտասարդին։ Այդպիսով՝ նրանք սկսում են գումար աշխատել, հետո բացում են իրենց «Ջենքո» ընկերությունը։ Վիտոն օգնության ձեռք է մեկնում անպաշտպաններին և ավելի հայտնի դառնում։
Տարիներ անց Վիտո Կոռլեոնեն մեկնում է Սիցիլիա՝ հարազատ գյուղ։ Այստեղ նա իր ընկերների օգնությամբ վրեժխնդիր է լինում ծերացած Դոն Չիչոյից, որը ժամանակին ոչնչացրել էր իր ընտանիքը։ Վերջում նա դարձյալ Ամերիկա է մեկնում։
1950-ական թվականներ, Ամերիկա... Կոռլեոնե ընտանիքը տոնում է Դոն Մայքլ Կոռլեոնեի որդու կնունքը։ Մայքլը տոնակատարության ժամանակ հանդիպում է տեղական սենատոր Փեթ Հիրիին, որը խնդիրներ է ուզում առաջացնել Դոնի համար։ Նա հասկացնել է տալիս, որ ավելի հզոր ուժ ունի և ցանկանում է կառավարել Մայքլով։ Սակայն հետագայում հակառակն է ստացվում, երբ կեղտոտ շանտաժի միջոցով Կոռլեոնե ընտանիքը կարողանում է լռեցնել սենատորին։ Հետո Մայքլը հանդիպում է իր մաֆիայի անդամներից մեկի՝ Ֆրենկ Փենթենջելիի հետ, որը Դոնի հոր ընկերն էր։ Ֆրենկը ցանկանում է հաշվեհարդար տեսնել Ռոզատտո եղբայրների հետ, որոնք խանգարում են Կոռլեոնեի բիզնեսին Նյու-Յորքում։ Ֆրենկին Մայքլի համաձայնությունն է ուզում, բայց հրաժարական է ստանում։
Հետո Մայքլի և իր ընտանիքի հանդեպ մահափորձ է կատարվում, որի ժամանակ Դոնը հասկանում է, որ իր ընտանիքում դավաճան կա։ Նա որոշում է որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից և մեկնում է Մայամի, որտեղ հանդիպում է ծեր գանգստեր Հայմոն Ռոթի հետ։
Այդ ժամանակ Ֆրենկ Փինթենջելին այցելում է Ռոզատտո եղբայրներին, որտեղ նրա վրա մահափորձ են իրականացնում՝ ասելով, թե դրա հեղինակը Մայքլ Կոռլեոնեն է, բայց իրականում ամեն ինչի հետևում կանգնած է ուրիշը, ով ուզում է վնասել Մայքլին։ Ֆրենկին փրկում են դրսում անցնող ոստիկանները, որոնք, վնասազերծելով հանցագործներին, ձերբակալում են նաև Ֆրենկին։ Հիմա Ֆրենկը մտածում է, թե Մայքլը դավաճանել է իրեն և պատրաստ է դատի ժամանակ ցուցմունքներ տալ Կոռլեոնե ընտանիքի դեմ։
Մայքլն ու Ռոթը պատրաստվում են միասին տուրիստական բիզնես բացել Կուբայի մայրաքաղաք Հավանայում, ուր և ուղևորվում են։ Ռոթը մաֆիայի բոլոր հեղինակությունների մոտ կոչում է Մայքլին իր ժառանգը, սակայն իրականում ուզում է շուտով հեռացնել խաղից երիտասարդ Դոնին։ Բայց Մայքլն էլ այդքան միամիտ չէ և կռահում է ամեն բան։ Նա մահափորձ է կազմակերպում Ռոթի հանդեպ, որը ձախողվում է։ Մայքլն իմանում է, որ իր ընտանիքի դավաճանն իր հարազատ եղբայր Ֆրեդոն է, որի շնորհիվ և ձախողվել է մահափորձը։
Կուբայի հեղափոխության ժամանակ Մայքլը վերադառնում է Ամերիկա և վատ լուրեր իմանում։ Նրա կինը՝ Քեյը, կորցրել է երեխային, որը պետք է շուտով ծնվեր։ Քեյը խոստովանում է, որ նա է կանխել հղիությունը՝ չուզենալով երեխա ունենալ այդպիսի հանցագործից, ինչպիսին Մայքլն է։ Վերջում նրանք բաժանվում են, Մայքլն էլ երեխաներին իր մոտ է թողնում։
Հանդիպելով Ֆրեդոյին՝ Մայքլն ուրանում է եղբորը և չի ուզում այլևս ոչ ճանաչել, ոչ էլ տեսնել նրան։ Քանի ողջ է նրանց մայրը, Մայքլը չի համարձակվի ձեռք տալ հարազատ եղբորը դավաճանության համար։ Շուտով նրանց մայրը մահանում է։ Թաղման ժամանակ Մայքլի քույրը՝ Կոննին, ծնկաչոք խնդրում է իրեն ներել ու ընդունել Ֆրեդոյին, ինչը Մայքլն անում է, սակայն իրականում չի ներում եղբոր դավաճանությունը։
Ֆրենկ Փինթենջելին, գտնվելով ՀԴԲ-ի հսկողության տակ, պատրաստվում է ցուցմունքներ տալ Կոռլեոնե ընտանիքի դեմ։ Դատավարության ժամանակ Մայքլն Իտալիայից իր հետ բերում է Ֆրենկիի եղբորը, որը նախկինում մաֆիայի լուրջ անդամ է եղել։ Դա խորամանկ քայլ էր Մայքլի կողմից, քանի որ հիմա Ֆրենկն ամաչում է իր եղբոր ներկայությամբ դավաճանել Դոնին։ Ուստի դատական նիստը խզվում է, քանի որ Ֆրենկը ոչինչ չի խոստովանում։ Մայքլի ձախ ձեռքը՝ Թոմ Հագենը, այցելում է բանտում Ֆրենկին և ակնարկում, որ եթե Ֆրենկն ինքնասպան լինի, ապա Կոռլեոնեն կխնամի նրա ընտանիքը։ Ֆրենկը նաև հասկանում է, որ Մայքլն իրականում չի դավաճանել իրեն։
Հետո ի հայտ է գալիս ֆիլմի ամենաչար տեսարանը։ Մայքլի հրամանով սպանվում է Հայմոն Ռոթը, որն արդեն թողել էր բոլոր գործերն ու չէր վայելում ոչ մի հզորություն։ Բանտում ինքնասպան է լինում Ֆրենկը և սպանվում է Ֆրեդոն՝ դարձյալ Մայքլի հրամանով։
Մայքլը հիշում է անցյալը, երբ իր հոր ծննդի ժամանակ նա հայտարարում է բոլորին, որ զինվորական ծառայության է գրվել։ Բոլորը զայրանում են նրա վրա՝ ասելով, որ նա լրիվ ուրիշ ուղով պետք է գնար։ Մայքլը լրիվ ուրիշ մարդ պետք է դառնար, բայց հետագայում անցնում է բոլորին։
Վերջին տեսարանում Մայքլ Կոռլեոնեն լուռ նստած է այգում։ Նույնիսկ ծանր հոգեկան ապրումների ժամանակ նրա դեմքին դատարկ ու սառած հայացք է տիրում։
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռեժիսոր - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
- պրոդյուսերներ - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Գրեյ Ֆրեդերիքսոն, Ֆրեդ Ռոոս, Մոնա Սքաջեր, Ռոբերտ Էվանս
- սցենարիստներ - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Մարիո Պյուզո (վեպ)
- օպերատոր - Հորդոն Ուիլլիս
- երաժշտություն - Նինո Ռոտա
- մոնտաժ - Բերրի Մալքին, Ռիչարդ Մարքս, Փիթեր Զիններ
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Բյուջե և շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կնքահայրը 2» ֆիլմի ընդհանուր բյուջեն, ըստ պաշտոնական տվյալների, կազմել էր 13.000.000 $:
Ընդհանուր շահույթն ԱՄՆ-ում, ըստ պաշտոնական տվյալների, կազմել էր 57.300.000 $ (ընդհանուր շահույթի 55.8%-ը), իսկ այլ երկրներում՝ 45.300.000 $ (ընդհանուր շահույթի 44.2%)։ Ուիքենդը՝ 244,000 $: Կինոընկերության մաքուր վարձույթը՝ 30.673.000 $: Արդյունքում, ընդհանուր շահույթը կազմել էր 102.600.000 $:
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կնքահայրը 2» ֆիլմ ներկայացվել և արժանացել է բազում մրցանակների։ Դրանցից ամենանշանավորներն են՝
- երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո)
- բեմադրող ռեժիսորի լավագույն աշխատանք, դեկորացիաների նկարչի (Ձին Թավուլարիս, Անջելո Փ. Գրեհեմ և Ջորջ Ռ. Նելսոն)
- լավագույն երաժշտություն, օրիգինալ դրամատիկ գնահատական (Նինո Ռոտա և Կարմինե Կոպպոլա)
- լավագույն ֆիլմ (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Գրեյ Ֆրեդերիկսոն և Ֆրեդ Ռուս)
- լավագույն ադապտացված սցենար (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա և Մարիո Պյուզո)
Օսկարի անվանակարգեր՝
- լավագույն դերասան (Ալ Պաչինո)
- երկրորդ պլանի լավագույն դերասան (Մայքլ Վ. Գացցո)
- երկրորդ պլանի լավագույն դերասան (Լի Սթրասբերգ)
- երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Թալիյա Շայր)
- կոստյումների լավագույն դիզայն (Թեոդորա Վան Ռանքլ)
- 1975 - Ոսկե Գլոբուսի անվանակարգեր.
- լավագույն ռեժիսոր (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)
- լավագույն ֆիլմ-դրամա
- ֆիլմի լավագույն դերասան-դրամա (Ալ Պաչինո)
- լավագույն սունդթրեք (Նինո Ռոտա)
- ֆիլմի լավագույն սցենար (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա և Մարիո Պյուզո)
- ամենախոստումնալից նորեկ-տղամարդ (Լի Սթրասբերգ)
- լավագույն դերասան (Ալ Պաչինո)
BAFTA-ի անվանակարգեր.
- լավագույն մոնտաժ (Փիթեր Զիններ, Բարրի Մալքին և Ռիչարդ Մարքս)
- ամենախոստումնալից նորեկ ֆիլմի գլխավոր դերում (Ռոբերտ Դե Նիրո)
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցուցակում գրավում է 3-րդ տեղը
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր ցուցակում գրավում է 32-րդ տեղը
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ ցուցակում Մայքլ Կոռլեոնեյի հերոսը գրավում է 11-րդ տեղը բացասական հերոսների շարքում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր ցուցակում «Պահիր ընկերներիդ քո կողքին, իսկ թշնամիներին ավելի մոտիկ» խոսքը գրավում է 58-րդ տեղը
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցուցակի՝ 10 լավագույն գանգստերական ֆիլմերի շարքում գրավում է 3-րդ տեղը
Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ, 1974 թվական, դեկտեմբերի 12
- Արգենտինա, 1974 թ. դեկտեմբերի 26
- Չեխոսլովակիա, 1975 թ. հունվարի 1
- Ավստրալիա, 1975 թ. հունվարի 2
- Ճապոնիա, 1975 թ. ապրիլի 26
- Իտալիա, 1975 թ. հունիսի 20
- Նիդերլանդներ, 1975 թ. հուլիսի 17
- Շվեդիա, 1975 թ. հուլիսի 28
- Ֆինլանդիա, 1975 թ. օգոստոսի 15
- Ուրուգվայ, 1975 թ. օգոստոսի 18
- Ֆրանսիա, 1975 թ. օգոստոսի 27
- Գերմանիա, 1975 թ. սեպտեմբերի 25
- Նորվեգիա, 1975 թ. հոկտեմբերի 6
- Իսպանիա, 1975 թ. հոկտեմբերի 13
- Հոնկոնգ, 1975 թ. նոյեմբերի 6
- Հարավային Կորեա, 1978 թ. ապրիլի 20
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կնքահայրը 2» ֆիլմում հնչող ամբողջ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Նինո Ռոտան է։ Բոլոր մեղեդիները գրվել են 1974 թվականին։ Դրանք են՝
- «Main Title/The Immigrant» – 3:27
- «New Carpet» – 2:00
- «Kay» – 3:00
- «Every Time I Look in Your Eyes/After the Party» – 2:35
- «Vito and Abbandando» – 2:38
- «Senza Mamma/Diuri-Ciuri/Napule Ve Salute» – 2:36
- «Godfathers at Home» – 2:35
- «Remember Vito Andolini» – 2:52
- «Michael Comes Home» – 2:19
- «Marcia Stilo Italiano» – 2:02
- «Ninna Nanna a Michele» – 2:22
- «Brothers Mourn» – 3:21
- «Murder of Don Fanucci» – 2:50
- «End Title» – 3:51
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մասում Մայքլն ստիպված է լինում ոչնչացնել բոլոր թշնամիներին, քանի որ վերջիններս որոշել էին ոչնչացնել Կոռլեոնե ընտանիքը և մի քանի տարի հետապնդում էին այդ ընտանիքի անդամներին՝ սպանելով որոշներին։ Իսկ երկրորդ մասում Մայքլի բոլոր վերջնական զոհերն անիմաստ են սպանվում։ Այսինքն՝ սա խորհրդանշում է գլխավոր հերոսի՝ տարիների ընթացքում աճած դաժանությունն ու սառնասրտությունը։ Նա չի խնայում նույնիսկ հարազատ եղբորը, որը բազմիցս զղջացել ու մեղանչել էր իր անպատասխանատու դավաճանության համար։ Ցույց է տրված, թե ինչ է դարձնում մաֆիան մարդուն։ Մայքլի համար սպանությունն ու դաժանությունը սովորություն են դառնում, որի տակ նա գնալով կորցնում է մարդկային տեսակը։ Այդպիսով՝ ռեժիսորն ուզում է ասել, որ իրար հաջորդող սերունդները գնալով բացասական են լինում, քանի որ Մայքլի հայրը երբեք այդպես չէր վարվի։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչպես և եռերգության առաջին մասում, այստեղ էլ վերջնական արյունահեղ ավարտն, իրականանում է մեկ օրվա ընթացքում։ Առաջին ֆիլմի պես, միաժամանակ ցույց են տրվում մի քանի դաժան դեպքեր, առանձնանալով որոշ դրվագներով։ Մեկ հրամանով, Մայքլը սպանել է տալիս հին թշնամուն՝ Հայման Ռոթին, որին իմաստ էլ չկար սպանել, հարազատ եղբորը՝ Ֆրեդոյին, հին դավաճանության համար, և բանտում ինքնասպան է լինում Ֆրենկը։
- Դեռ նախքան առաջին ֆիլմը նկարահանելը, Կոպպոլան ուզում էր մի ֆիլմ նկարահանել, որտեղ ցույց կտար հորը և որդուն, նույն տարիքում։ Հոր մեջ, նա ուզում էր տեսնել, նրա ապագա որդու հատկանիշները, իսկ որդու մեջ՝ հոր։
- Առաջին մասում էլ, այստեղ էլ, նարինջները հանդիսանում են որպես մահվան խորհրդանիշ։ Տեսարանում նրանց հայտնվելուց հետո, ինչ որ մեկը մահանում է։
- Կոպպոլայի մտահղացումով, Մայքլը պետք է սպաներ Ֆրեդոյին։ Վեպի և ֆիլմի սցենարի, երկրորդ հեղինակը՝ Մարիո Պյուզոն, սկզբում կտրականապես դեմ էր այդ բանին, սակայն հետագայում համաձայնվեց, մի պայմանով. սպանությունը պետք է տեղի ունենար, միայն հերոսների մոր մահից հետո։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա բիզնես է, որը մենք ինքներս մեզ ենք ընտրել։ |
Պահիր ընկերներիդ մոտիկ, իսկ թշնամիներիդ ավելի մոտիկ։ |
Մենք նրանց առաջարկություն կանենք, որից նրանք չեն կարողանա հրաժարվել։ |
Ես գիտեմ, դա դու էիր Ֆրեդո։ Դու կոտրեցիր իմ սիրտը։ Դու կոտրեցի՛ր իմ սիրտը։ |
Այն ամենը, ինչ մեզ սովորեցրել է պատմությունը, դա այն է, որ սպանել կարելի է յուրաքանչյուրին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 2,0 2,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=godfather2.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=15790&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կնքահայրը 2» ֆիլմի պաշտոնական կայքը
- «Կնքահայրը 2»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կնքահայրը 2»(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Կնքահայրը 2»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնքահայրը 2» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Մայամիում նկարահանված ֆիլմեր
- Սիցիլիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1970-ականների ֆիլմեր
- 1974 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իտալերեն ֆիլմեր
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1900-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1901 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1917 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1922 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1958 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1959 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորք նահանգում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նևադայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում
- Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ֆիլմեր
- Ֆիլմեր եղբայրների մասին