Jump to content

Խոսքի մասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խոսքի մասեր, լեզվի բառապաշարի բառաքերականական խմբերն են, որոնք ընկած են քերականական կառուցվածքի հիմքում։ Խոսքի մասերը հատուկ են աշխարհի բոլոր լեզուներին, բայց, պայմանավորված լեզվի հիմնականում կառուցվածքային տիպով, տարբեր է նրանց որոշման հիմունքը, ուրեմն և՝ քանակը։ Ձևական քերականությունը որպես տարբերակման միջոց ընտրել է բառերի ձևը, ձևական հատկանիշները (Պեշկովսկի, Ուշակով) կամ համատեղել դրանց ձևն ու արտահայտած իմաստը (Մ. Աբեղյան)։ Ըստ լեզվաբան Գուրգեն Սևակի՝ խոսքի մասերը, ինչպես և մյուս լեզվական կատեգորիաները, ունեն նաև իմացաբանական արժեք և արտացոլում են մարդու մտածողության զարգացումը՝ աստիճանական առաջընթացի ժամանակ իմացության և լեզվի հարստացման ճանապարհին[1]։ Աճառյանի կարծիքով, եթե խոսքի մասը փոխում է իր գործածությունը, ապա փոխում է նաև խոսքի մասը (օրինակ՝ թագավոր, հույն)։ Նա նաև բերում է այլ օրինակներ, թե ինչպես են արտահայտությունները, բառակապակցությունները դառնում լեզվական մեկ միավոր և սկսում կիրառվել որպես անուն խոսքի մաս (ասեկոսե, Հայսմավուրք)։ Երևույթը տիպական է նաև այլ լեզուների համար (ֆրանսերեն, անգլերեն, զիրյեներեն)։ Բառերի տեսակների այսպիսի փոխանակությունը Աճառյանն անվանում է փոխակարգություն (hypostase)[2]: Մանվել Ասատրյանը տվյալ բառի խոսքիմասային պատկանելությունը որոշելու համար հաշվի է առնում հետևյալ տվյալները․

  1. բառի ընդհանուր իմաստ,
  2. բառի ձևավորումն ու ձևաբանական առանձնահատկությունները,
  3. բառի շարահյուսական կիրառությունները[3]։

Ըստ արդի լեզվաբանության ընդունված հայեցակարգի՝ հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական, ձայնարկություն, որոնք որոշվում են համապատասխան բառախմբերի ընդհանուր նշանակությամբ։

Խոսքի մասերը կազմում են բարդ համակարգ, որի բաղադրիչները միմյանց նկատմամբ նույնանման կապի ու հարաբերության մեջ չեն։ Կան անմիջականորեն հարաբերակից խոսքի մասեր (օրինակ, կապը և շաղկապը, մի կողմից՝ գոյականը, ածականը, թվականը, մակբայը, մյուս կողմից՝ դերանունը) և ոչ-անմիջականորեն հարաբերակից խոսքի մասեր (օրինակ՝ ձայնարկությունը և բայը, թվականը և շաղկապը)։

Քերականական բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քերականական ընդհանուր բնույթի՝ խոսքի մասերը բաժանվում են երեք խմբի՝

  • նյութական (գոյական, ածական, թվական, դերանուն, բայ,մակբայ), որոնք արտահայտում են իրականությունը իր տարբեր հատկանիշներով,
  • քերականական (կապ, շաղկապ)՝ քերականական տարբեր հարաբերություններ,
  • վերաբերմունքային (վերաբերական, ձայնարկություն)՝ խոսողի վերաբերմունք։

Նյութական խոսքի մասերը, շնորհիվ իրենց անվանողական արժեքի, խոսքի մեջ կատարում են նախադասության անդամների պաշտոն։ Քերականական իմաստ արտահայտող խոսքի մասերը անվանողական արժեք չունեն և կոչված են արտահայտելու բառերի և նախադասությունների հարաբերությունները, նախադասության անդամ չեն դառնում։ Վերաբերմունքային կամ եղանակավորող բառերը արտահայտում են խոսողի դատողական կամ զգացական վերաբերմունքը, մեծ մասամբ վերաբերում են ողջ նախադասությանը կամ դրա մի անդամին՝ զանազան երանգներ հաղորդելով դրանց։ Նյութական իմաստ չունեն, չեն թեքվում, նախադասության անդամ չեն դառնում։

Ձևաբանական դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևաբանական տեսակետից խոսքի մասերն ընդունված է բաժանել երկու խմբի՝ թեքվող և չթեքվող (ըստ Աճառյանի՝ փոփոխելի և անփոփոխելի)։ Հայերենի համար այս բաժանումը պայմանական է այնչափով, որ բուն թեքվող խոսքի մասերն են գոյականը, բայը, ինչպես և դերանունների մի մասը, իսկ ածականը և թվականը, որոնք համարվում են թեքվող, հոլովվում են միայն փոխանվանական կիրառության դեպքում (լավը, լավից, երեքից, երեքով), իսկ չթեքվող համարվող խոսքի մասերը, թեև իրենց բուն կիրառության դեպքում չեն թեքվում, բայց մետալեզվում (որպես գործառական-իմաստային փոխանուններ) կարող են հոլովվել (ինքնանվանողական հոլովում, եթե-ից, բայց-ով, ըստ-ի)։ Նման տարբերակումը ևս տարբեր է լեզվից լեզու, օրինակ՝ չինարենը չունի թեքում, իսկ ճապոներենում գոյականը, դերանունը և մակբայը անփոփոխելի են, իսկ բայն ու ածականը՝ փոփոխելի։

Գոյական անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյական անունը ցույց է տալիս առարկա կամ առարկայացված հասկացություն, օրինակ՝ ծառ, մեծություն, ծագում, ընթացք։

Հասարակ և հատուկ անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ գոյականներ են անվանում միատեսակ առարկաներին կամ հասկացություններին տրվող ընդհանուր անունը։

Հատուկ անունները (հատուկ գոյականները) միատեսակ առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունն է։ Դրանք տրվում են միատեսակ առարկաները միմյանցից տարբերելու համար։ Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Մարդ նշանակող բոլոր գոյականները անձեր են, այդ թվում՝

  • հատուկ անուններ:Հատուկ են կոչվում միատեսակ առարկաներից յուրաքանչյուրին տրվաց անունը։ օրինակ՝ (Հռիփսիմե, Իշխան,Սև ծով և այլն)
  • հասարակ անուններ:Հասարակ են կոչվում միատեսակ առարկաներին ընդհանուր տրվաց անունը:օրինակ՝ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր և անշունչ առարկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝
    • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
    • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)
  • Անշունչ առարկաներ են մնացած բոլոր առարկաները։ Օրինակ՝ քար, գրիչ, շուն, ոչխար, օձ։

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։ Անշունչ առարկաները կամ իր ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ի՞նչ, ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ հարցերին։

Նյութական(թանձրացական) և վերացական գոյականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
  2. Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անորոշ և որոշյալ գոյականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդհանրապես առարկա։

Անորոշությունը դրսևորվում է.

  • “Մի” բառի միջոցով. մի մարդ, մի օր, մի տարի։
  • Առանց որևէ հատուկ վերջավորության՝ դատարկ փողոց, մարդ չի երևում։

2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ՝ որոշակի առարկաներ։
Որոշյալությունը դրսևորվում է.
ա. ը կամ ն որոշիչ հոդով։ Ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն՝ ձայնավորով վերջացողներին (գիրքը, սեղանը, դասարանը), բայց՝ կատուն, տարին։
բ. ս և դ հոդերով։

Ածական անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առարկայի որակային հատկանիշ ցույց տվող խոսքի մասը կոչվում է ածական անուն և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին(չթեքվող խոսքի մաս է, չի հոլովվում)։

Ածականները լինում են՝

  • Պարզ, որոնց մեջ չեն առանձնանում նախածանցը, արմատը և ածանցը։ Օր.՝ լավ, վատ, երկար, հաստ, մեծ, փոքր։
  • Ածանցավոր, որոնց մեջ առանձնանում են նախածանցը, արմատը և վերջածանցը։
  • նախածանցավոր ածականներ՝ գեղեցիկ, անօգուտ, հարմարավետ, հայտնի, երջանիկ, սիրելի, կարմրավուն, ոսկյա։
  • վերջածանցավոր՝ կեղծավոր, անհնարին, անտեղի։
  • Բաղադրյալ ածականները կազմվում են երկու բառերից, որոնցից երկրորդը ածական է և հաճախ կրում է հիմնական շեշտը, իսկ առաջինը կարող է լինել ինչպես գոյական, այնպես էլ մակբայ կամ ածական։ Օր.՝ ձյունաճերմակ, մուգ կապույտ։ Ածականը միայն գոյականաբար գործածվելիս է ստանում թիվ, հոլով։

Ածականների համեմատության աստիճանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածականները լինում են որակական և հարաբերական։ Որակական ածականների միակ ձևական փոփոխությունը նրանց փոփոխությունն է ըստ համեմատության։

Լինում է 2 տեսակ՝

  • Հարաբերական, որը առարկայի չհամեմատվող հատկությունն է:Օրինակ՝ մայրական սեր, լեռնային ծաղիկ, մարդկային որակ և այլն։
  • որակական, որը համեմատվում է և ունի 3 տեսակ համեմատության աստիճան. ա) դրական, որը բառի ուղիղ ձևն է. օրինակ՝ գեղեցիկ, ցուրտ և այլն։ բ) բաղդատական, որը կազմվում է ավելի բառով, կոչվում է առավելական և պակաս, նվազ, քիչ բառերով,որը կոչվում է նվազական. օրինակ՝գեղեցիկ-ավելի գեղեցիկ-քիչ գեղեցիկ և այլն։ գ) գերադրական աստիճան, կազմվում է ամենա, ամենից, ...ագույն վերջածանցով. օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ,գեղեցկագույն և այլն։ 2 ածանցներ չեն կարող միասին գործածվում.օրինակ՝ ամենագեղեցկագույն (սխալ)։

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվական անուններ կամ թվականներ։Բաժանվում են երկու տեսակի՝ դասական և քանակական։ Քանակականն իր հերթին բաժանվում է բաշխական և քերականական տեսակների։

Օրինակ՝

Մեր դասարանն ունի երեսունհինգ աշակերտ։ Կարինեն սովորում է ութերորդ դասարանում։

Դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացուցում են առարկա,հատկանիշ,քանակ՝առանց դրանք անվանելու։

Դերանունները լինում են ութ տեսակի՝ անձնական,ցուցական,փոխադարձ,անորոշ,որոշյալ,հարաբերական,հարցական,ժխտական։

Օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը դեռ չի վերջացրել։ Նա դերանուն է, որ գրված է աշակերտի փոխարեն։

Խոսողն իր անվան տեղ դնում է ես, որ կոչվում է առաջին դեմքի դերանուն, որի հոգնակին է մենք։ Խոսակիցը երկրորդ դեմքն է, որի անվան տեղ գրվում է դու, հոգնակին՝ դուք։ Իսկ այն անձը, որը ո´չ խոսողն է և ոչ իր խոսակիցը կոչվում է երրորդ դեմք, որի անվան տեղ դրվում է նա, հոգնակին՝ նրանք։

Հետևյալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, հոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք։ Դերանունները բաժանվում են հետևյալ տեսակների՝

  1. Անձնական դերանուններ. - Այն դերանունները որոնք դրվում են անձնավորությունների անվան փոխարեն կոչվում են անձնական դերանուններ։ Այդ դերանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք։ Զուգահեռ ևերն են՝ ինքս, ինքդ, ինքը, իննքներս, ինքներդ, իրենք։Անձնական դերանունները հոլովվում են։
  2. Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչվում են ցուցական դերանուններ։ Այդ դերանուններն են՝ սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, ասչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այդտեղ, նույնտեղ։
  3. Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչվում են այն դերանունները, որոնք դրվում են խոսքի մեջ եղած երկու կամ ավելի անունների տեղ և խոսքի իմաստն այնպես են արտահայտում, որ թե մեկ և թե մյուս առարկայի համար է հասկացվում, օրինակ՝ կաղն ու կույրը իրար օգնեցին խոսքը հասկացվում է՝ թե կաղը կույրին օգնեց և թե կույրը կաղին օգնեց։ Փոխադարձ դերանուններն են՝ միմյանց, իրար, մեկմեկու, մեկմեկի։
  4. Հարցական դերանուններ. – Հարցական են կոչվում այն դերանունները, որոնք գործ են ածվում ոչ թե մի ծանոթ անուն չկրկնելու համար, այլ խոսողի համար մի անծանոթ անուն հարցնելու համար, որ որոշվում է պատասխանի մեջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը։ - Հասմիկը պատասխանեց։ Ի՞նչ գնեցիր։ Ժամացույց գնեցի։ Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞ և այլն։Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞)։
  1. Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերելը մյուսին։ Հարաբերական դերանուններն՝ ով, ինչ, ինչպիսի, ինչքան, ինչչափ, ինչպես, որը, որքան, որչափ, որպիսի, որերորդ, որտեղ, երբ, ուր, քանի, քանիսը, քանիերորդ։

Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ-որ հարցականները, այն է՝ ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում։

6. Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձանց, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին֊առանին վերցրած՝ առանց դրանց անվանելու։ Որոշյալ դերանուններ են՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամեն մի, ամեն մեկը, բոլոր, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք և այլն։

7. Անորոշ դերանունները ցույց են տալիս անորոշ անձ, առարկա և/կամ առարկայի ու անձի անորոշ հատկություն, քանակ՝ առանց դրանք անվանելու։

Անորոշ դերանուններն են՝ ինչ֊որ, ոմն մեկը, մեկնեւմեկը, մի, այնինչ, որոշ, որևէ,երբևիցե և այլն։

8.Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջապես ժխտվող առարկաներ կամ անձանց՝ առանց դրանք անվանելու։

Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։

Բայը ցույց է տալիս գործողություն կամ եղելություն։

Հայերենի խոսքի մասերի համակարգում բայն իր քերականական ձևերի առատությամբ, արտահայտած իմաստներով ամենահարուստ խոսքի մասն է։ Բայը խոսքի մեջ հանդես է գալիս երկու ձևերով՝ դիմավոր և անդեմ, որոնցից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ իմաստներ ու բազմազան ձևեր։ Բայն ունի ամենաշատ քերականական կարգեր՝ սեռ, դեմք, թիվ, ժամանակ, եղանակ։

Բայը միակ խոսքի մասն է, որ կազմությամբ պարզ լինել չի կարող. անորոշ ձևում -ել, -ալ բայածանցների առկայությունը պարտադիր է։

Եթե հոլովումը կարող է բնորոշ լինել նաև այլ խոսքի մասերի, այդ թվում բային, ապա խոնարհումը հատուկ է միայն բային. ոչ մի այլ խոսքի մաս չի կարող խոնարհվել։


Բայն ունի երեք սեռ՝   ներգործական, կրավորական և չեզոք։

Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի կատարած այնպիսի գործողություն,

որի համար պահանջվում է կրող առարկա։

Ներգործական սեռի բայերը ընդունում են ո՞ւմ, ի՞նչ հարցերը, որոնց պատասխանը լինում է հայցական հոլովով դրված լրացումը։ Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր:

Օրինակ

Երեխան կոտրեց ապակին։

Տղան ճանաչեց իր մանկության ընկերոջը։

Ներգործական սեռի բայերից վ ածանցով կազմվում են կրավորականներ:

Կրավորական  սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:

Կրավորական սեռի բայերն ընդունում են ինչի՞ց, ումի՞ց, ո՞ւմ կողմից  հարցերը, որոնց պատասխանը լինում է բացառական հոլովով դրված կամ կողմից  բառով կազմված լրացումը:Այդ լրացումը կոչվում է ներգործող խնդիր:

Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ենթական ոչ ներգործում է մեկ ուրիշի վրա, ոչ էլ ուրիշից կրում է իր վրա:

Մոտենալ, կորչել, ծաղկել`  չեզոք սեռի բայեր են։ Այս բայերը չեն կարող ստանալ վ ածանց և վերածվել կրավորականի։ Սրանք չեն կարող ունենալ ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր լրացում, չեն կարող ստանալ վ ածանց և վերածվել կրավորականի։

Չեզոք սեռի որոշ բայեր ձևով նման են կրավորականներին` հարձակվել, զբաղվել, հուսահատվել բայերից վ ածանցը դուրս չի գալիս։

Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ կամ հանգամանք, որով պայմանվորված է գործողությունը։ Մակբայը վերաբերում է բային այն բոլոր դեպքերում, երբ ցույց է տալիս, թե ինչպես, որտեղ, երբ է կատարվում գործողությունը և վերաբերում է ածականին կամ մեկ այլ մակբայի, երբ ցույց է տալիս դրանց հատկանիշները։ Նախադասություններում մակբայները հանդես են գալիս առավելապես պարագայական գործառությամբ։

Մակբայները լինում են՝ 1. Պարզ լավ շատ շատ հաճախ 2. Ածանցավոր մակբայները կազմվում են ածանցի ավելացմամբ՝ ա) ածականին՝ սովորական սովորաբար հեշտ հեշտորեն հնարավոր հնարավորությամբ բ) մակբային՝ առավել առավելաբար նշելի նշելիորեն գ) որոշ գոյականների՝ շաբաթ շաբաթական մաս մասամբ դ) որոշ թվականների՝ առաջին նախ և առաջ 3. Բարդ՝ երբեմն ինչ-որ տեղ ինչ-որ տեղ (hարցական և ժխտական նախադասություններում) ոչ մի տեղ 4. Բաղադրյալ՝ ընդմիշտ ոչ մի դեպքում 5. Համընկնող՝ ա) ածականների հետ՝ արագ, արագորեն երկար, շատ երկար լայն, լայնորեն ամուր, ծանր բարձր վաղ, շուտ ուշ, հետո բ) կապերի հետ՝ հետո նախքան, մինչ այնժամ, երբ գ) շաղկապների հետ՝ երբ ուր, որտեղ բայց, սակայն

Մակբայի գործածությունը Մակբայը նախադասության մեջ պարագայական բառ է, որն արտահայտում է գործողության ժամանակը, տեղն ու բնույթը, երբեմն նաև նրա պատճառը, նպատակը և արդյունքը։ Մակբայը բնութագրում է նաև որակի կամ գործողության աստիճանը, որի դեպքում այն բնորոշում է ածականը կամ մեկ այլ մակբայ՝ Նա կգա շուտով։ Թեյը շատ տաք է։ Նա խոսում է անգլերեն բավականին լավ։ Եթե մակբայը գործածվում է հարցական նախադասության մեջ, ապա այն հարցական մակբայ է Այս ինչպե՞ս կարող է արվել։ Որտե՞ղ է այս գետի ակունքը։ Ինչո՞ւ է նա զայրանում քեզ վրա։ Եթե մակբայը ներառում է որոշիչ նախադասություն, ապա այն հարաբերական մակբայ է Այդ այն տարին էր, երբ ծագեց պատերազմը։ Մենք չկարողացանք գտնել այն տունը, որտեղ նա ապրել էր։ Եթե մակբայը ներառում է ենթակա, ստորոգելիական կամ խնդրառական երկրորդական նախադասություններ, ապա այն միացնող մակբայ է (Conjunctive Adverb)՝ Խնդիրն այն է, թե որտեղ կարող ենք գտնել այդ։ Ես չեմ հասկանում, թե ինչպես եք դուք պատրաստվում անել այդ աշխատանքը։

Կապերը սպասարկու խոսքի մասեր են և ցույց են տալիս հարաբերություն։ Կապերը կապվող բառի հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։

Կապերը լինում են 3 տեսակ՝

  • իսկական կապեր
  • անիսկական կապեր
  • կապական բառեր

Իսկական կապերը գործածվում են միմիայն որպես կապ։ Իսկական են՝ ի, առ, ըստ, ընդդեմ, հանդեպ, բացի, փոխարեն, շնորհիվ, դեպի, համար, մասին, առթիվ, նկատմամբ և այլն։ Լրացում հանդիսացող բառերի նկատմամբ իսկական կապերը կարող են լինել նախադաս կամ ետադաս։ Այն կապերը, որոնք գործածվում են կապվող բառերից առաջ, կոչվում են նախադաս, իսկ ետադաս են այն կապերը, որոնք միշտ դրվում են լրացում հանդիսացող բառից հետո։ Անիսկական կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ բառերը։ Այս կապերը ետադրություններ են և պահանջում են սեռական հոլովով լրացումներ, բացառությամբ անձնական դերանունների 1-ին և 2-րդ դեմքի դերանուններիի, որոնք գործածվում են տրական հոլովով։ Օր.՝ ինձ համար, ձեզ պես, քեզ համար… կապական բառերը զանազան խոսքի մասեր են, գոյական, ածական, մակբայ, որոնք թեև գործածվում են որպես կապ, բայց չեն զրկվում նյութական նշանակությունից և պահպանել են իրենց խոսքիմասային որոշ առանձնահատկություններ։ Կապական բառերն են՝ պատճառով, ժամանակ, կապակցությամբ, տեղ, դեմ, ձեռքից, երեսից, առաջ, դիմաց, ետև, մեջ, տակ, շուրջ, նման, համեմատ, համաձայն, սկսած, չնայած և այլն… Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են ստորոգյալին և այդ կապվող բառի հետ միասին դառնում են ստորոգելի կամ բայական անդամի լրացում։

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ կատարելով հոլովական վերջավորությունների դեր։ Այդ պատճառով կապերն իրենք չեն հոլովվում ու առանձին վերցրած նախադասության անդամ կազմել չեն կարող։ Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածվող այլ բառերից առաջ կամ հետո։ Դրա համար կոչվում են նախադրություններ և հետադրություններ 1. Նախադրություններ դրվում են կապող բառից առաջ օր.՝ առանց, դեպի, որպես, մինչև, հանուն, ի հաշիվ և այլն 2. Հետադրություններ դրվում են կապող բառից հետո, օր.՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ, հանդիման, մասին, միջև, ներքո, մոտ, վրա և այլն։ Շատ հետադրություններ գործածվում են նաև գոյականի նշանակությամբ։ 3. Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապող բառից և առաջ և հետո։ Այսպիսի կապերը կոչվում են երկբայություններ օր.՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։ Կան գոյականներ, ածականներ, մակբայներ ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ։ Այդպիսի բառերը կոչվում են կապական բառեր։ Կապական բառեր են՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ, հետևանքով, մեկ, միջոցով, ներս, ներքև, նպատակով և այլն։ Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քանիսն են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։

Կապերի հոլովառությունը։ Յուրաքանչյուր կապ պահանջում է որոշակի հոլովով բառ։

Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն։ Կանոններ 1. Հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում։ 2. Տրական հոլովի հետ գործածվում են մի քանի նախադրություններ՝ առանց, ըստ, հանուն, նայած, չնայած, հակառակ, համաձայն։ 3. Հայցական հոլովի հետ գործածվում են՝ առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես և այլն։ 4. Բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերևում, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ և այլն։ 5. Գործիական հոլովի հետ՝ հանդերձ, մեկտեղ, մեկ հետագրությունները։ 6.Մի քանի կապեր և կապական բառեր հավասարապես օգտագործվում են տարբեր հոլովների հետ՝ առաջ, ի վեր, որպես, հետո, ինչպես։ Կապերը ըստ կազմության լինում են պարզ և բարդ։ Բարդ կապերը սովորաբար նախադրավոր կազմություն ունեն։ Նրանք կազմված են որևէ նախդիրից և մեկ այլ բառից։ Դրանք գրվում են կամ միասին կամ անջատ։ 1. Միացած բաղադրիչներով գրվում են բարդ կապերի մեծ մասը։ 2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են <<ի>> նախդիրով կազմված մի քանի կապեր։ Բացի, առանց, զատ, փոխանակ, հանդերձ, չնայած, հակառակ, որպես կապերով կազմված կապական բառակապակցությունները նախադասության մեջ ունեն ազատ շարադասություն։

Ձայնարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնարկությունները զգացմունք արտահայտող հատուկ բառեր են՝ ահ, ըհը, ավաղ, ափսոս

Օ՛, ինչքան ինձ ուրախացրիք։ Դե, ի՞նչ ես կարծում այդ մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սևակ, Գուրգեն (2009). Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 213–214.
  2. «Հ. Աճառյան. Լիակատար Քերականություն Հայոց լեզվի, Հ. III». serials.flib.sci.am. էջեր 15–20. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. Ասատրյան, Մանվել Եգորի (2004). Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն։ Ուսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան (Չորրորդ հրատարակություն ed.). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 27. ISBN 9785808404236.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80