Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 սմտրամագիծ, 1,2-1,5 մխորություն։ Օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար։ Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու և կրակը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։
Հասարակական հացթուխների թոնիրները թեք վիճակով կանգնեցվել են գետնին, և հացթուխը կանգնում էր ցածր շուրթի մոտ։ Որոշ վայրերում պատրաստում են թոնիրին կից տախտակապատ փոս, որի մեջ կանգնած ավելի հեշտությամբ են հաց թխում։ Հայաստանի շատ շրջաններում թոնիրը և դրա պարագաները (խաչերկաթ, անթեղ, ակութ և այլն) համարվել են պաշտամունքի առարկաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 200)։