Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Դարչնաթթու, օրգանական չհագեցած, միահիմն թթու։ Հանդես է գալիս ցիս- և տրանսիզոմեր ձևերով։ Տրանսիզոմերը կայուն, սառը ջրում քիչ լուծվող, անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 133°С, եռմանը՝ 300°С։ Ուլտրամանուշա–կագույն ճառագայթների ազդեցությամբ անցնում է ցիս- ձևի, որն անկայուն է և գոյություն ունի հեշտությամբ իրար փոխարկվող երեք պոլիմորֆ ձևևրով՝ ալոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը՝ 68°С) և երկու իզոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը համապատասխանաբար՝ 58°С և 42°С)։ Դարչնաթթուն պարունակվում է եթերային յուղերում և խեժերում, պերուական և տոլուական բալասաններում։ Սինթետիկ եղանակով ստանում են, օրինակ, Պերկինի ռեակցիայով։ Դարչնաթթուն և նրա էսթերները կիրառվում են օծանելիքի արտադրության և դեղագործության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։