Բույսերի հիվանդություններ
Ենթակատեգորիա | հիվանդություն | |
---|---|---|
Հետազոտվում է | plant pathology | |
Կազմված է | plant disease prevention |
Բույսերի հիվանդություններ, բուսական օրգանիզմների կենսական գործառույթի խանգարում, որն առաջանում է ախտածին հարուցիչներով վարակվելուց և միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Բնորոշվում են բույսի արտաքին տեսքի և նյութափոխանակության խախտումներով։ Հիվանդություններից նվազում է բերքատվությունը, վատանում բերքի որակը, բույսերը վաղաժամ մահանում են։ Հայտնի է բույսերի 30 հզ. հիվանդություն։
Բույսերի հիվանդությունների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առաջացման պատճառների՝ բույսերի հիվանդությունները լինում են ոչ վարակիչ և վարակիչ։ Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են հիմնականում միջավայրի անբարենպաստ պայմաններից, հանքային սննդառության պակասից, ջրային ռեժիմի խախտումից, օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխություններից։ Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են լինել նաև օդում եղած վնասակար խառնուրդները (հատկապես քիմիական գործարանների շրջակայքում), հերբիցիդների մնացորդները և այլն։
Վարակիչ հիվանդություններն առաջանում են ախտածին մանրէներից և վիրուսներից, սնկերից (ալրացողային սնկեր, ասկոխիտա, ասպերգիլ, եղջերասունկ, ժանգասնկեր, կլադոսպորիում, մրիկասնկեր, վրձնասունկ, տաֆրինային սնկեր, ֆուզարիում և այլն), փոխանցվում ու տարածվում են հողի, օդի, ջրի, մարդու, կենդանիների, միջատների և այլ միջոցներով։ Առանձնակի վտանգ են ներկայացնում անտառների հիվանդությունները, որոնք հետևանք են մեծածավալ անկանոն անտառհատումների։ Վերջիններս հանգեցնում են անտառում կլիմայական պայմանների (բարձր ջերմաստիճան, առատ լույս) և կերի հումքի (հատումների հետևանքով թափված ճյուղեր ու տերևներ) փոփոխությունների, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատու միջատների բազմացման և հիվանդությունների տարածման համար։
ՀՀ անտառներում վնասատուների վարակի օջախները տարեցտարի ավելանում են և ներկայումս կազմում են ավելի քան 30 հզ. հա, կաղնու անտառներում համատարած տերևազրկման պատճառով բնափայտի տարեկան կորուստը կազմում է մոտ 20 հզ. մ³։ Պայքարում են ագրոտեխնիկական (բույսերի աճման և զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում), քիմիական (սերմերի քիմիական ախտահանում, սրսկումներ) և ֆիզիկամեխանիկական (փոշոտումներ) միջոցներով։ Հիվանդությունների հարուցիչները մի երկրից մյուսը չփոխանցվելու համար կիրառվում են կարանտինային միջոցառումներ։
Բույսերի հիվանդությունների վիրուսային խմբի տեսակները վնասում են ծաղկավոր բույսերի տարբեր ընտանիքների ներկայացուցիչներին, ասեղնատերևներին, պտերներին, ջրիմուռներին և սնկերին։ Հաճախ խիստ նվազեցնում են գյուղատնտեսական կուլտուրաների բերքի քանակը և որակը։ Բաժանում են 2 խմբի՝ խայտաբղետություն (մոզաիկա) և դեղնախտ։
Խայտաբղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խայտաբղությունների հիմնական ախտանշանը տերևների խայտաբղետ (անհավասարաչափ) գունավորումն է, որը պայմանավորված է տերևների ասիմիլյացիոն պարենքիմի բջիջների պլաստիդային ապարատում եղած փոփոխություններով։ Այս խմբի հիվանդություններից են ծխախոտի, լոլիկի, ճակնդեղի խայտաբղետությունը և ստրիգը, կարտոֆիլի կնճռապատ և զոլավոր խայտաբղետությունը ևն։ Դեղնախտերին բնորոշ են․ տերևների ընդհանուր քլորոգը, աճման խանգարումը (ոչ հազվադեպ գաճաճությունը), տերևների ոլորումը, գանգրությունը, դրանցում ածխաջրերի չափից ավելի կուտակումը, որն առաջացնում է կոշտություն և դյուրաբեկություն։ Դեղնախտերից են․ ճակնդեղի դեղնախտը, հացազգիների (դաշտավլուկազգիների) հարսնյակավորումը, կարտոֆիլի տերևների ոլորումը ևն։ Խայտաբղետությունները հեշտությամբ են փոխանցվում սածիլման, բճատման, հիվանդ և առողջ բույսերի շփման ժամանակ, երբեմն սերմերի, ինչպես նաև ծծող միջատների (օրինակ, լվիճներ) միջոցով։ Վիրուսի փոխանցումը այս դեպքում կատարվում է զուտ մեխանիկորեն։
Դեղնախտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղնախտերը տարածվում են առավելապես փոխանցող-միջատներով։ Վիրուսի փոխանցումը կատարվում է կենսաբանորեն․ նախապես վիրուսը բազմանում է միջատի մարմնում (գաղտնի շրջան)։ Վիրուսային հիվանդությունների փոխանցողներից են նաև բուսակեր տզերը, նեմատոդները, ստորակարգ սնկերը։ Վիրուսների փոխանցում հնարավոր է գաղձի միջոցով։ Գրեթե բոլոր վիրուսային հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են սերունդներին, վեգետատիվ բազմացման, պատվաստումների ժամանակ։ Վիրուսները ձմեռում են բույսերի, դրանց մեռած մնացորդների, փոխանցողների, ցանքանյութի, տնկանյութի մեջ։ Բուսական հյուսվածքներում վիրուսների բազմացման արագության և հիվանդության ախտանշանների դրսևորման վրա մեծ ազդեցություն ունեն բույսի տարիքը (առավել ընկալունակ են մատղաշ բույսերը), դրանց սննդառության պայմանները և արտաքին միջավայրի այլ գործոններ։ Պայքարի միջոցառումներ, իմուն սորտերի օգտագործում, ցանքի և բերքահավաքի ժամկետների կարգավորում, ցանքատարածությունների մաքրումը հիվանդ բույսերից, պայքար հիվանդություն փոխանցողների և մոլախոտերի դեմ, պատվաստվող նյութի տաքացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 473)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 608)։ |