Jump to content

Ածական անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները[1]։ Օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։ Նախապես դիտվել է որպես «անուն» խոսքի մասի տեսակ, առաջին անգամ հայերենում առանձնացվել ու համարվել ինքնուրույն խոսքի մաս Մատաթիա Գարագաչյանի կողմից[1]։ Այլ խոսքի մասին պատկանող բառի անցումն ածականի անվանում են ածականացում[1]։

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

  1. պարզ՝ ծուռ, խոր, կարծր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
    1. ածանցավոր՝ անկիրթ, կարմրավուն, արծաթե,
    2. բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,
    3. բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, բուհական։

Տարբեր արմատներից կամ բառերից ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝

  1. ժխտական և այլ նախածանցներ՝ ամենա-մեծ, ան-արդար, ապ-երախտ, բաց-արձակ, տ-կար,
  2. վերջածանցներ՝ ահ-ագին, հն-ագույն, ուրախ-ալի, բր-ածո, նյարդ-ային, վառ-ելիք, նազ-ելի։

Ուսումնասիրման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական քերականների հետևությամբ ոմանք ածականական անուն էին անվանում բառերի այն խմբավորումը, որն ընդգրկում է ածականներն ու դերանունները[1]։

Ածականի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական։

Որակական ածական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։

Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրական, բաղդատական, գերադրական։

  • Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշն ինքնին՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝ լավ մարդ։

  • Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի (առավելական բաղդատական), նվազ կամ պակաս (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։

  • Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։

Հարաբերական ածական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։

Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝

  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ,
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան,
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։

Որակական և հարաբերական ածականների տարբերությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակական ածականների մի մասը՝

  • ունի համեմատության աստիճաններ՝ պայծառ, ավելի պայծառ, ամենապայծառ,

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, լերկ, բոբիկ, կաղ, ամայի, տկլոր, որձ, հավասար, ստերջ, այրի, մունջ, որբ, ամուլ, ամուրի, հավասար, զուրկ, էգ, արու, խորթ և այլն։

  • ունենում է իր հականիշը՝ բարի ֊ չար,
  • ունենում է իրեն հարաբերակից ֊ություն ածանցով վերացական գոյական՝ բարի-բարություն, չար-չարություն,
  • կարող է գործածվել նաև մակբայաբար՝ հանգիստ քայլել, ավելի լավ պարապել,
  • ունենում է իրեն հարաբերակից բայը՝ չար ֊ չարանալ, թույլ ֊ թուլանալ,
  • կազմությամբ պարզ է՝ դանդաղ, չքնաղ, վատ։

Հարաբերական ածականները չունեն այս հատկանիշները։

  • բոլոր հարաբերական ածականները կազմությամբ բաղադրյալ են՝ բրոնզ֊ա֊ձույլ, երկաթ֊ե,
  • կարելի է արտահայտել բառակապակցությամբ՝ բրոնզից ձուլված, երկաթից պատրաստված։

Ածականի լի և կարճ ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական լեզուներում կան որակական ածականին հատուկ ձևեր։ Երբ ածականը ստանում է վերջավորություն, այն կազմում է լի ձև, իսկ երբ ածականն առանց վերջավորության է, որ գործածվում է որպես ստորոգյալ կամ ստորոգելիական վերադիր, անվանվում է ածականի կարճ ձև[1]։

Ածականի կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադասության մեջ կարող է լինել՝

Ածականը կարող է կիրառվել փոխանվանաբար․ այդ դեպքում կարող է գոյականի նման հոլովվել, հոդ ստանալ, հոգնակի դառնալ՝ կատարելով գոյականին բնորոշ պաշտոններ։ Օրինակ՝ Նորերը վերցրին, իսկ հները խնամքով պահեցին։

Մի շարք բառեր (երիտասարդ, մութ, դպրոցական, ալևոր, սուր, ցուրտ, սխալ, որբ, սխալ, խավար) ունենք, որոնց խոսքիմասային պատկանելությունը որոշվում է միայն խոսքային կառույցում։ Ունենալով տարբեր կիրառություն՝ մերթ հանդես են գալիս որպես ածական, մերթ՝ որպես գոյական։

Օրինակ՝ դպրոցական համազգեստ (ած․), դպրոցականը հեռացավ (գոյ․)։

Որոշ ածականներ կարող են խնդիր առնել նախադասության մեջ, որն անվանվում է ածականական խնդրառություն։ Օրինակ՝ «Մազերը շեկ տղան նորից հայտնվեց այգում», որտեղ մազերը բառը շեկ ածականի խնդիրն է։ Այս խնդիրը կոչել են ածականի խնդիր կամ խնդիր ածականի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4-5։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
  • Յու․ Ավետիսյան, Հ․ Զաքարյան, Ձևաբանութուն, Երևան 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ածական անուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 207