Jump to content

Ազատ արվեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ ազատ արվեստները՝ նկար Հերարդ ֆոն Լանդսբերգի (12 դար) «Hortus deliciarum» գործից

Ազատ արվեստներ (լատին․՝ artes liberales), հմտությունների կամ առարկաների ցանկ, որոնց իմացությունը ազատ մարդու (քաղաքացու) համար դասական հնադարում համարվում էր էական՝ քաղաքացիական կյանքին մասնակցելու համար։ Հին Հունաստանում սա ընդգրկում էր մասնակցությունը հասարակական քննարկումներին, պաշտպանությունը դատարանում, որպես երդվյալ ատենակալ հանդես գալը և ամենակարևորը՝ ռազմական ծառայությունը (ստրուկներին և օտարերկրացիներին քաղաքացու պարտականություններն ու պատասխանատվությունները չէին վերաբերում)։ Այս արվեստների ուսումնասիրության նպատակն էր ձևավորել առաքինի, գիտակ և մտքերը հստակ արտահայտելու ունակ անձնավորություն։ Քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը հիմնական ազատ արվեստներն էին, որոնք կազմում էին արվեստների եռյակ (trivium)։ Միջին դարերում, երբ կրթությունը հայտնվեց Եկեղեցու ազդեցության ոլորտում, այս առարկաների ցանկը լրացվեց ևս չորսով (quadrivium), որոնք էին՝ թվաբանությունը, երկրաչափությունը, երաժշտությունը և աստղագիտությունը (որը ներառում էր նաև աստղագուշակությունը)։ Այս եռյակն ու քառյակը միասին կազմել են միջնադարյան համալսարանական կրթության յոթ ազատ արվեստները։

Արդի ժամանակներում ազատ արվեստների կրթությունը կարող է ընկալվել տարբեր իմաստներով։ Այն կարող է վերաբերել գրականության, լեզուների, փիլիսոփայության, պատմության, մաթեմատիկայի, հոգեբանության և այլ գիտությունների հատուկ բնագավառների ուսումնասիրությանը կամ ազատ արվեստների կոչման ծրագրի սահմաններում ուսմանը։ Օրինակ Հարվարդի համալսարանը ունի Ազատ Արվեստների Մագիստրոսի կոչման տանող ուսման ծրագիր[1], որն հումանիտար գիտությունների ոսումնասիրությանը մեկտեղ ընդգրկում է կենսաբանական և հասարակական գիտությունների ոսումնասիրությունը։ Երկու մեկնաբանումներով էլ եզրը սովորաբար արտահայտում է այնպիսի նյութերի ընդգրկումը, որոնք չեն վերաբերվում մասնագիտական, արհեստների կամ տեխնիկական ուսումնական ծրագրին։

Մ․Թ․ 5րդ դարում Մարցիանուս Կապելան յոթ Ազատ Արվեստները սահմանել է որպես քերականություն, դիալեկտիկա, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, և աստղաբաշխություն։ Միջնադարյան համալսարաններում յոթ ազատ արվեստները բաժանված էին երկու մասի․[2][3]

  • Եռյակ (Trivium)
  1. քերականություն
  2. տրամաբանություն
  3. ճարտասանություն
  • քառյակ (Quadrivium)
  1. թվաբանություն
  2. երկրաչափություն
  3. երաժշտություն
  4. աստղագիտություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Master of Liberal Arts on harvard.edu. Retrieved 04 January 2012.
  2. «James Burke: The Day the Universe Changed In the Light Of the Above».
  3. Wagner, David Leslie (1983). The Seven liberal arts in the Middle Ages. Indiana University Press. ISBN 9780253351852. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին. at Questia [1]