սիրտ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [siɾt]
Դասական ուղղագրութեամբ՝ սիրտ
վանկեր՝ սիրտ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական k՛erd- «սիրտ» արմատից. համեմատության համար՝ հունարեն καρδία, լատիներեն cor(d), հին իռլանդերեն kride, գոթերեն hairtō, ռուսերեն сердце:
Գոյական
- արյան շրջանառության կենտրոնական գործարանը մարդու և կենդանիների մարմնում
- այդ գործարանի տեղը մարդու կրծքավանդակում, մարդու կրծքավանդակի ձախ կողմը ◆ Առաքելը ձեռքը դրեց սրտին իբրև նշան խոնարհության։ Դերենիկ Դեմիրճյան
- այդ գործարանը՝ որպես մարդկային զգացումների՝ ապրումների և այլնի խորհրդանիշ ◆ Ու սիրտը բացվում է, լցվում անհուն ուրախությունով։ Հովհաննես Թումանյան
- այդ գործարանը՝ որպես սիրո խորհրդանիշ ◆ Թղթատարի տարած ծրարի մեջ ուղարկեց նա յուր սիրտը, յուր միտքը, յուր հոգեկան բոլոր քնքշությունները։ (Րաֆֆի)
- այդ գործարանը՝ որպես բարության՝ խղճի՝ հոգատարության խորհրդանիշ ◆ Նրա բերանով մայրական սիրտն էր խոսում։
- (ժղ․) մարդու և կենդանիների մարսողական գործարանը, ստամոքս (առավելապես դարձվածների մեջ) ◆ Սիրտը խառնել՝ կտրտել՝ տակնուվրա լինել։
- այդ գործարանը որպես մտածելու՝ զգալու կենտրոնի խորհրդանիշ ◆ Ու պառավ նանի սրտի մեջ հանկարծ ձեն տվավ թաքուն մի խաղաղ կասկած։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) ընդերք, խորք, որևէ բանի ներսի կենտրոնական տարածությունը ◆ Ու պատռելով մութը գետնի, մերկացնում են գաղտնիքները երկրի սրտի: (Պերսի Բիշի Շելլի)
- (փխբ․) որևէ բանի հիմնական՝ գլխավոր մասը, կենտրոն ◆ Այդ մարդը կենտրոնի առանցքն էր, սիրտը: (Գարեգին Սևունց)
- (փխբ․) որևէ բանի համար կարևոր նշանակություն ունեցող տեղը՝ հաստատությունը հատվածը և այլն, որևէ բանի էությունը կազմող տեղը՝ բնագավառը ◆ Ոստանը, որ երկրի սիրտն էր. ամբողջապես գտնվում էր հագարացոց ձեռքում։ (Մուրացան)
- (փխբ․) մարդու հոգեկան աշխարհը՝ զգացմունքները՝ տրամադրությունը՝ ապրումները ◆ Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդու մարդ դարձնողը։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) (ժղ․) միջուկ
- (փխնն․) մարդ, անձ, անձնավորություն ◆ Եկավ գիշերն՝ սփոփանքը հազարավոր սրտերի: Հովհաննես Թումանյան
- (փխբ․) որևէ տարածության միջակայքը՝ կենտրոնը ◆ Նա բազմած էր ուղղակի Վանանդ գավառի սրտում: (Մուրացան)
- (փխբ․) քաջություն, խիզախություն, անվեհերություն ◆ Ով սիրտ ունի, ոտքի ջլերը պինդ են, իջնում է կեռմաններով։ (Ակսել Բակունց)
- խաղաթղթի սրտաձև կարմիր նիշը, սրտիկ, փոսիկ
- գործածվում է կապական դերով՝ ներսը, ներսում, մեջը ◆ Բացվել է այսօր սիրտս Նաիրյան աշխարհի սրտում-թեժ, կարմիր սրտում վառվող աշխարհի։ Եղիշե Չարենց
- (խոհր․) կենդանու մարմնի մաս, պատրաստում են տապակած, խորոված կերակուրներ, պահածոյացնում
Հոմանիշներ
[խմբագրել]- տե՛ս զգացմունք, զգացում
- տե՛ս գութ, խիղճ
- տե՛ս տրամադրություն
- տե՛ս ոգևորություն, խրախուսանք
- տե՛ս քաջություն, խիզախություն, անվեհերություն
- տե՛ս մտածություն
- տե՛ս ընդերք, խորք
- տե՛ս կենտրոն
- տե՛ս ներաշխարհ
- տե՛ս միջուկ, սրտուկ
- տե՛ս սրտիկ
- տե՛ս մարդ, անձ
Արտահայտություններ
[խմբագրել]- բարակ սիրտ ունենալ - շատ զգայուն լինել, շուտ հուզվել՝ նեղանալ ◆ Այդ հսկա տղամարդը բարակ սիրտ ուներ և երբ սաստիկ հուզվում էր, ներքին բոցը հանգցնում էր մեղրագինու ջրվեժով։ (Ակսել Բակունց)
- գայլի սիրտ ուտել - անվախ լինել ◆ Գայլի սիրտ պիտի կերած լինես, որ արևով մտնես էն ձորը։ (Ակսել Բակունց)
- առյուծի սիրտ կրել՝ ունենալ - քաջ լինել, քաջություն ունենալ ◆ Այժմ իմ պարտականությունն է հասկացնել նրանց, որ առյուծը գառագղի մեջ էլ առյուծի սիրտ է կրում։ (Մուրացան)
- ի սրտե - սրտով, սրտանց
- սիրտ անել - համարձակվել, հանդգնել, խիզախել ◆ Մի քանի հոգի սիրտ արին և մոտեցան մեզ։ (Ակսել Բակունց)
- սիրտ առնել
- համարձակություն՝ վստահություն ստանալ ◆ Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան։ (Ակսել Բակունց)
- ոգևորվել, խանդավառվել
- սիրտը բաց անել՝ բանալ
- ուրախացնել, տրամադրությունը բարձրացնել ◆ Կեր, սիրտդ բաց արա, ի՞նչ ես ռեխդ թթվացրել։ (Րաֆֆի)
- գաղտնիքները՝ մտատանջությունները՝ վշտերը մեկի մոտ բացել՝ պատմել ◆ Գուցե սեղան ենք նստել նրա հետ միասին, սիրտ բաց արել մեկ-մեկու։ (Հրաչյա Քոչար)
- սիրտ գողանալ
- գայթակղեցնել ◆ Եվ գողացել է մի գլուխը կապած աղջկա սիրտը։ (Պերճ Պռոշյան)
- տե՛ս սիրտը գողանալ մեկի
- սիրտ դնել
- ոգևորել, քաջալերել, խրախուսել
- սրտապնդել
- եռանդ՝ ավյուն գործադրել
- սիրտ թափել - փսխել
- սիրտ խառնել
- զզվելի լինել, զզվանք պատճառել
- սրտախառնուք զգալ
- սիրտ ծակել - կծու խոսքով խոցել՝ խայթել ◆ − Չե՞ս ամաչում հերիք չի՝ ինչքան սիրտ ես ծակել։ (Պերճ Պռոշյան)
- սիրտ մաշել
- տանջվել, տառապել, չարչարվել, նեղվել, նեղություններ կրել ◆ Ամբողջ տարին… սիրտ ենք մաշում։ Վրթանես Փափազյան
- տանջել, տառապանք պատճառել
- սիրտ մնալ - տրամադրություն՝ ցանկություն լինել
- սիրտ մտնել - հեշտությամբ մտերմանալ, հարազատության զգացմունք առաջացնել
- սիրտ շարժել - հուզել
- սիրտ սրտի - սիրով, իրար սիրելով
- սիրտ տալ
- քաջալերել, խրախուսել, սրտապնդել ◆ Մենք սկսեցինք սիրտ տալ իրարու։ Հովհաննես Թումանյան
- սրտապնդել, խիզախություն ներշնչել
- եռանդ՝ ավյուն գործադրել
- հոգով՝ ջերմ զգացմունքներով վերաբերվել
- սիրտ ունենալ
- խիղճ՝ գութ ունենալ, գթառատ լինել
- մի բանի տրամադրություն՝ ցանկություն ունենալ
- հուզականություն՝ արտահայտչականություն ունենալ, խոսուն լինել
- սիրտ քանդել - հուզել, բուռն ապրումներ պատճառել
- սիրտը ալեկոծել մեկի - հուզել, հոգեկան խռովքի մեջ գցել ◆ Տարակուսանքները ալեկոծեցին նրա սիրտը։ Դերենիկ Դեմիրճյան
- սիրտը ահ գցել՝ ընկնել - վախեցնել, վախենալ
- սիրտը ահ ու դող՝ ահ ու սարսափ գցել - վախեցնել, ահաբեկել ◆ Ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը։ Հովհաննես Թումանյան
- սիրտը ահ ու դող (ընկնել) - ահ՝ երկյուղ զգալ, սաստիկ վախենալ ◆ Վռամի սիրտը ահ ու դող ընկավ։ (Քրիստափոր Թափալցյան)
- սիրտն անցնել - նվաղել, ուշաթափվել, մարել ◆ Էս է կմարեմ, սիրտս կանցնի։ Ռափայել Պատկանյան
- սիրտը առնել մեկի - մեկի սիրտը շահել, մեկին սիրաշահել, հանգստացնել ◆ Կանչեք խորհրդավոր վարպետին ու մի ձևով նրա սիրտն առեք։ Հովհաննես Թումանյան
- սիրտը ասել - նախազգալ, կանխագուշակել, սիրտը վկայել ◆ Սիրտս ասում է, որ դա իմ երեխան չէ։ (Րաֆֆի)
- սիրտը արյուն կոխել - սաստիկ վախենալ ◆ Սիրտս արյուն կոխած վազեցի ետևներեն։ Ռափայել Պատկանյան
- սիրտը արյուն լալ - սաստիկ վշտացած լինել, դառնագին ողբալ ◆ Միտք է անում Խանդութն անհույս, սիրտը արյուն է լալիս։ (Մկրտիչ Խերանյան)
- սիրտը բաբախել
- բուռն հուզմունքի մեջ ընկնել, հուզմունքից սիրտը տրոփել
- ապրել, կենդանի լինել
- գործել, բանել, գործարկել
- սիրտը բաբախելուց դադարել
- մեռնել
- կործանվել, ոչնչանալ, գոյություն ունենալուց դադարել
- սիրտը բանալ
- ուրախացնել, տրամադրությունը բարձրացնել
- գաղտնիքները՝ մտատանջությունները՝ վշտերը մեկի մոտ բացել՝ պատմել
- սիրտը բարձր ու ցածր անել
- բուռն հուզմունքի մեջ ընկնել, հուզմունքից սիրտը տրոփել ◆ Հեղնարի սիրտն սկսավ ավելի բարձր ու ցածր անել ։ (Պերճ Պռոշյան)
- ապրել, կենդանի լինել
- գործել, բանել, գործարկել
- սիրտը բաց - սրտաբաց, անկեղծ, պարզասիրտ, ուրախ, զվարթ ◆ Ձեռքը բաց, սիրտը բաց․ Գլուխն ուզելու լինես, չի խնայի։ (Րաֆֆի)
- սիրտը բաց անել՝ բացել
- ուրախացնել, տրամադրությունը բարձրացնել
- գաղտնիքները՝ մտատանջությունները՝ վշտերը մեկի մոտ բացել՝ պատմել
- սիրտը բաց լինել
- առատաձեռն ու մեծահոգի լինել
- ուրախ լինել, հանգստանալ, թեթևանալ ◆ Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում։ Հովհաննես Թումանյան
- սիրտը բացվել - ուրախանալ, զվարթանալ
- սիրտը բերանը գալ
- շատ հուզվել, լցվել ◆ Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս, որ իր ցավերն ասի։ (Խաչատուր Աբովյան)
- այլևս իրեն զսպել չկարողանալ, ինքնազսպումը կորցնել
- սիրտը բերանիցը՝ բերանովը դուրս գալ
- հուզվել, հոգեկան խռովքի մատնվել, նեղանալ ◆ Քիչ է մնում սիրտս բերանիցս դուրս գա։ Սերո Խանզադյան ◆ Աղջիկն էսպես միշտ լսելիս սիրտը բերնով դուրս էր գալիս։ Հովհաննես Թումանյան
- չարչարվել, տանջվել
- սիրտը բռան մեջ հավաքել - իրեն հավաքել՝ տիրապետել, սրտապնդել ◆ Սիրտդ բռանդ մեջը հավաքե, ու զուր տեղը թշնամու աչքը մի՛ խնդացնե։ Աղավնի
- սիրտը բռնել - իրեն տիրապետել, սրտապինդ լինել ◆ Հանդարտվիր, սիրտդ բռնի, քեռուս անդանակ մի՛ մորթիլ։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը գնալ
- նվաղել, ուշաթափվել ◆ Քիչ մնաց սիրտս գնում էր։ Աղ
- մեկի՝ մի բանի համար ուշքը գնալ, չափազանց շատ սիրել՝ հավանել՝ ցանկանալ
- սիրտը գութ ընկնել - խղճալ, խղճահարվել ◆ − Հա, բա, սիրտը գութ է ընկել։ Աղավնի
- սիրտը գուշակել - նախազգալ, ներքին նախազգացում ունենալ ◆ Սիրտս վատ բան գուշակեց, տղերք ջան։ (Նաիրի Զարյան)
- սիրտը դաղել
- ծանր վիշտ պատճառել, խիստ ցավեցնել, վշտացնել ◆ Այս խոսքերը շիկացած շամփուրների պես դաղեցին նրա սիրտը։ Սերո Խանզադյան
- որևէ բուռն զգացմունքով համակել՝ տոգորել
- տհաճ զգացմունք՝ զգացողություն առաջացնել
- սիրտը դատարկել
- կուտակված վիշտը՝ մտատանջությունները և այլնը պատմելով՝ մեկին հայտնելով թեթևություն զգալ ◆ − Ոչ, Լևոն ջան, թույլ տուր սիրտս դատարկեմ։ (Նաիրի Զարյան)
- կուտակված վիշտը՝ զայրույթը և այլնը թափել մեկի գլխին
- սիրտը դիմանալ - տոկալ, հոգեպես դիմանալ՝ տանել
- սիրտը դող - վախեցած ◆ Փիսոն գնաց գողեգող, Փորը դատարկ, սիրտը դող։ Հովհաննես Թումանյան
- սիրտը դողալ՝ դող ընկնել - վախենալ, սարսափել ◆ Սիրտս դողում էր կարդալիս։ (Խաչատուր Աբովյան) ◆ Դողն ընկավ Վռամի սիրտը։ (Քրիստափոր Թափալցյան)
- սիրտը դող գցել՝ դողացնել - վախեցնել, ահաբեկել
- սիրտը ելնել
- հուզվել, զգացվել
- վրդովվել
- սիրտը ետ տալ - փսխել, ործկալ ◆ Զգալով, որ սիրտը պետք է ետ տա, երերալով արագ իրեն նետեց վաննայի սենյակը։ (Քրիստափոր Թափալցյան)
- սիրտը երկյուղ ընկնել - սկսել վախենալ՝ սարսափել ◆ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։ Հովհաննես Թումանյան
- սիրտը զարկել
- բուռն հուզմունքի մեջ ընկնել, հուզմունքից սիրտը տրոփել, հուզվել, անհանգստանալ ◆ Ո՞նց է զարկում սիրտս։ Հովհաննես Թումանյան
- ապրել, կենդանի լինել
- գործել, բանել, գործարկել
- սիրտը զգալ - որևէ բանի նախազգացում ունենալ
- սիրտը թակել
- բուռն հուզմունքի մեջ ընկնել, հուզմունքից սիրտը տրոփել
- ապրել, կենդանի լինել
- գործել, բանել, գործարկել
- սիրտը թափել
- փսխել
- սիրտը դատարկել, ապրումները՝ վիշտը և այլնը մեկին պատմել
- սիրտը թեթևանալ՝ թեթևացնել - հոգեպես հանգստանալ՝ հանգստացնել, վշտերից ազատվել ◆ Թմրեց նրանց վիշտը և սրտները մի փոքր թեթևացան։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Եկել էր Ավագյանի մոտ, որ մի քիչ սիրտը թեթևացնի։ (Նաիրի Զարյան)
- սիրտը թնդալ
- ոգևորվել, խանդավառվել
- հրճվել, ցնծալ ◆ Սիրտը թնդաց ուրախությունից։ (Րաֆֆի)
- սիրտը թռչել - երկյուղից՝ հուզմունքից և այլնից սիրտը բաբախել
- սիրտը թպրտալ - հուզմունքից՝ վախից և այլնից սիրտն ուժգնորեն բաբախել ◆ Սիրտը թպրտում է ոգևորությունից։ (Նաիրի Զարյան)
- սիրտը թունդ առնել՝ ելնել
- հանկարծակի մի բանից հուզվել, տրոփալ ◆ Ծափեր լսելիս՝ սիրտը թունդ էր առնում, հրճվում։ (Քրիստափոր Թափալցյան) ◆ Լևոնի սիրտը թունդ ելավ։ (Նաիրի Զարյան)
- ոգևորվել, սիրտը ճխալ
- ցնծալ, բերկրել
- սիրտը իրար լինել - սիրտը խառնել
- սիրտն իմանալ - կանխազգալ, գուշակել, կռահել ◆ Ախ նանի ջան, ինչ լավ էր սիրտդ իմացել։ Հովհաննես Թումանյան
- սիրտը իջնել - հանգստանալ, մեղմանալ
- սիրտը լալ - ներքնապես սաստիկ վշտանալ ◆ Խաղաղ էր միայն նրա դեմքը, իսկ սիրտը լալիս էր, ճմլվում։ Սերո Խանզադյան
- սիրտը լայն՝ լեն - սրտաբաց
- սիրտը լցնել
- հուզել
- պատել, համակել, տոգորել ◆ Այդ միջադեպը նրա սիրտը լցրեց կրոնական երկյուղով ու ամենամութ զգացմունքներով։ (Նաիրի Զարյան)
- սիրտը լցվել
- հուզվել, զգացվել ◆ Հանկարծ սիրտս լցվում է ու ես հոնգուր-հոնգուր լալիս եմ։ Աղավնի
- համակվել, տոգորվել ◆ Ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Հովհաննես Թումանյան
- սիրտը խաղ ելնել՝ լինել
- սիրտը ճխալ, ուրախությունից հուզվել ◆ Սիրտս կրծքում ուրախությունից խաղս է լինում։ Հովհաննես Թումանյան
- սիրտը բաբախել
- սիրտը խառնել
- սիրտը խառնել - սրտախառնուք զգալ ◆ Ուտում էինք՝ սրտներս խառնում էր։ Աղավնի
- սիրտը խոցել՝ խոցոտել - ցավեցնել, վշտացնել ◆ Իսկ սա ավելի է խոցում խեղճ մոր սիրտը։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Մոր ու քրոջ անվերջ բողոքները խոցոտում էին նրա սիրտը։ (Շիրվանզադե)
- սիրտը խտուտ գալ - ոգևորվել
- սիրտը խփել
- բուռն հուզմունքի մեջ ընկնել, հուզմունքից սիրտը տրոփել ◆ Քրտնեցի և սիրտս խփում էր։ Գուրգեն Մահարի
- ապրել, կենդանի լինել
- գործել, բանել, գործարկել
- սիրտը ծուլ ելնել՝ թռչել՝ լինել - վախենալ, ահաբեկվել, վեր թռչել ◆ Սիրտս տեղից ծուլ է լինում։ Աղավնի
- սիրտը ծփալ - հրճվել, ուրախանալ ◆ Լևոնի սիրտը ծփում էր հաղթանակի զգացմունքների մեջ։ (Նաիրի Զարյան)
- սիրտը կախ
- դժկամ, առանց ցանկություն ունենալու, ոչ հոժար
- տխուր, անհույս, կասկածամիտ ◆ Վաղուց է սիրտս կախ, միտքս մոլոր։ Դերենիկ Դեմիրճյան
- սիրտը կասկած մտննել՝ ընկճել - կասկածի մեջ ընկնել, երկմտել ◆ Ծերունու սիրտը կասկած մտավ։ (Քրիստափոր Թափալցյան) ◆ Շատ որ ուշացավ, սիրտս կասկած ընկավ։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը կոտոր - սիրտը կոտորված, վշտացած, սրտաբեկ
- սիրտը կոտրել
- վշտացնել, ցավ պատճառել, ցավեցնել
- վշտանալ, տխրել ◆ Սիրտդ մի կոտրի սուտ բանի համար։ Հովհաննես Թումանյան
- սիրտը կպչել մեկին՝ մի բանի - հավանել, սիրահարվել, ախորժել ◆ Սիրտս կպավ Ալվարդին։ Վահրամ Մավյան
- սիրտը կտոր-կտոր անել - վշտացնել, մորմոքեցնել ◆ Էսպես բաները մարդի սիրտը կտոր-կտոր են անում։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը կտոր-կտոր լինել - ցավից, վշտից մորմոքել, վշտանալ ◆ Նրա սիրտը կտոր-կտոր էր լինում։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը կտրատել
- խորապես վշտացնել, տառապանք պատճառել, մեծ ցավ պատճառել
- սիրտը կտրատվել - ցավից, վշտից մորմոքվել
- սիրտը խառնել
- սիրտը կտրել մեկից՝ մի բանից
- անջատվել-բաժանվել մեկից, մոռանալ ◆ Չես ուզում, որ սիրտս կտրեմ նրանից։ (Նար-Դոս)
- անջատել՝ բաժանել՝ կտրել, մոռացնել տալ ◆ Գիր ու կապով, բժժանքով Մանուկ սիրտը կտրեցին։ Հովհաննես Թումանյան
- սիրտը կտրտվել
- խորապես վշտանալ, տառապել
- սիրտը խառնել
- սիրտը կրակ գցել
- մտատանջություն՝ վիշտ՝ հոգս պատճառել
- որևէ կարգի բուռն տենչանքով տոգորել՝ համակել
- սիրտը կրակ ընկնել՝ դառնալ
- մտատանջվել, մտատանջության մեջ ընկնել, վշտանալ, մորմոքվել, այրվել, տանջվել ◆ Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում։ (Խաչատուր Աբովյան)
- որևէ բանի տենչանքով լցվել՝ տոգորվել՝ համակվել, բուռն կերպով տենչալ
- սիրտը կրծել - տանջել, տառապանք պատճառել, անհանգստացնել ◆ Եվ նախանձը կրծում էր նրա սիրտը։
- սիրտը կուչ գալ - սիրտը ճմլվել, կծկվել, ցավել ◆ Նա երբ այդպես է ասում, իր սիրտը կուչ է գալիս։ Աղավնի
- սիրտը հալվել - մաշվել, նվաղել ◆ Հալվում է խեղճ կտրիճների սիրտը նրան տեսնելով։ Ռափայել Պատկանյան
- սիրտը հետը գնալ
- նվաղել
- մեկի՝ մի բանի համար ուշքը գնալ, չափազանց շատ սիրել՝ հավանել՝ ցանկանալ, աչքը վրան մնալ
- սիրտը հետը տանել - գրավել, հափշտակել ◆ Սոսը գնաց՝ Գարեգինի սիրտը հետը տարավ։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը հովանալ՝ հովացնել
- հանգստանալ, հանգստացնել, վիշտը՝ տանջանքը մեղմանալ՝ մեղմացնել
- սաստիկ փափագը մեղմանալ՝ մեղմացնել
- ցանկությունը կատարվել, կատարել, ցանկությունը կատարելուց բավարարություն զգալ՝ պատճառել ◆ − Այ, սիրտս հովացավ, շատ ապրես։ (Րաֆֆի)
- ծարավը՝ պապակը կոտրվել ◆ Սառն աղբյուրին որ հասավ, Գլխարկն առավ ու չոքեց՝ Խմեց, սիրտը հովացավ։ Հովհաննես Թումանյան
- սիրտը հովացնել - սիրտը հանգստացնել ◆ Գոնե դրանով սիրտս հովացնեմ։ Աղավնի
- սիրտը ճաքել
- ահաբեկվել
- ձանձրանալ, համբերությունից դուրս գալ ◆ − Մինչև կգա… օրը սիրտս կճաքի։ Դերենիկ Դեմիրճյան
- սիրտը ճխալ - ցնծալ, ուրախանալ ◆ Լևոնի սիրտը ճխաց ուրախությունից։ (Նաիրի Զարյան)
- սիրտը ճմլել - ճնշվել, մորմոքել ◆ Սիրտս ճմլվում էր, ճմլվում։ Աղավնի
- սիրտը մաշել
- ինքն իրեն տանջել, տառապել ◆ − Զուր սիրտդ մի մաշիր, − ասում է պառավը։ Հովհաննես Թումանյան
- վշտերով՝ հոգսերով տանջել, տառապանք պատճառել ◆ Երազս է դարձել մի անել կսկիծ ու սիրտս է մաշում։ Անդրանիկ Ծառուկյան
- սիրտը մաշվել - տանջվել, տառապել ◆ Կարծես տանջվում եմ, սիրտս է մաշվում։ Անդրանիկ Ծառուկյան
- սիրտը մարել - թուլանալ, նվաղել, ուշաթափվել
- սիրտը մի մատ եղ կապել - գոհանալ, գոհունակությունից իրեն լավ զգալ, փառավորվել
- սիրտը մխալ - սիրտը վառվել, խոր վիշտ ապրել, խորապես տանջվել՝ տառապել ◆ Սիրտս մխում է քու տեսքին կարոտ։ (Ավետիք Իսահակյան)
- սիրտը մղկտալ - ցավել, վշտանալ, տանջվել ◆ Ամեն անգամ այդ մասին մտածելիս սիրտը մղկտում էր։ (Ավետիք Իսահակյան)
- սիրտը մնալ - մի թեթև խոսքից վիրավորվել, իրեն վիրավորված զգալ
- սիրտը մտնել - մեկի սիրուն, մտերմությանն արժանանալ, մեկին գրավել՝ դուր գալ, հաճելի դառնալ ◆ Մի անգամ որ նա մտել է սիրտս, մեկ էլ այնտեղից դուրս կգա հոգուս հետ։ (Շիրվանզադե)
- սիրտը մորմոքվել - ցավել, վշտանալ, տանջվել ◆ Նայեցի նրան ուշադիր, սիրտս մորմոքվեց։ (Շիրվանզադե)
- սիրտը նեղանալ
- ձանձրանալ, նեղսրտել ◆ Սրտներդ նեղանո՞ւմ է այստեղ։ Դերենիկ Դեմիրճյան
- նեղանալ, բարկանալ
- սիրտը նեղվել
- անհանգստանալ, մտահոգվել
- ձանձրանալ
- ճնշվել, անհարմար զգալ
- սիրտը նստել - հանգստանալ ◆ Սիրտս նստեց, ես ուզում եմ քեզ հետ խոսել, պիտի ականջ անես։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը նվաճել - հրապուրել, գրավել ◆ Դրանով նվաճում է նրա սիրտը։ (Նաիրի Զարյան)
- սիրտը շահել - մի բանով մեկի սիրտը գրավել, իր օգտին տրամադրել, սիրաշահել, հաճոյանալ ◆ Էդպե՞ս ես իմ սիրտը շահում։ (Խաչատուր Աբովյան)
- սիրտը շարժել
- հուզել
- գութ առաջացնել, խղճի բերել, մեկի գութը շարժել ◆ Արտասվալի աչքերը, շարժեցին նրա սիրտը։Շ
- սիրտը շարժվել - գութ՝ խիղճ առաջ գալ, հուզվել ◆ Ամենքի սիրտը շարժվեց։ Հովհաննես Թումանյան
- սիրտը շուռ բերել - վշտացնել, հուզել, զայրանալ, ալեկոծվել ◆ Ինչի ես սիրտդ շուռ բերում։ Հովհաննես Թումանյան
- սիրտը շուռ գալ - վշտանալ, հուզվել, զայրանալ, ինքն իրենից դուրս գալ ◆ Հենց որ գրիչը ձեռս էի առնում, սիրտս շուռ էր գալիս, արտասուքը խեղդում էր։ (Արազի)
- սիրտը շուռ տալ - վշտացնել ◆ − Չէ, Հոգի ջան, դու սիրտդ շուռ մի տալ։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը չդիմանալ - չհամբերել, հուզվել ◆ Իմ սիրտը չդիմացավ, երբ նա այնպես ցավալի կերպով խոսում էր իր հոր մահվան մասին։ (Րաֆֆի)
- սիրտը պակասել
- նվաղել, մարել
- նեղանալ, վիրավորվել
- սիրտը պայթել
- ծայրահեղ զայրույթի մեջ լինել, զայրույթից նեղվել ◆ Հասմիկի սիրտը պայթում էր ցասումից։ (Նաիրի Զարյան)
- անհանգստանալ
- ահաբեկվել, ահ ու դողի մեջ ընկնել
- սիրտը պատռել՝ պատռվել
- նույնն է՝ սիրտը պայթել ◆ Նրա անունը որ տալիս էին, սիրտն ուզում էր պատռի։ (Խաչատուր Աբովյան)
- խոր վիշտ պատճառել՝ զգալ, վշտացնել, վշտանալ
- սիրտը պինդ պահել - սրտապինդ լինել, չվախենալ, հանգիստ մնալ ◆ − Սիրտդ պինդ պահիր, դողալու ժամանակ չէ։ (Րաֆֆի)
- սիրտը պղտորել - կասկած առաջացնել, կասկածների մեջ գցել ◆ Աղջկա սիրտը պղտորում են։ (Նաիրի Զարյան)
- սիրտը պնդացնել - սրտապնդել, վախը հաղթահարել, արիանալ, զորանալ ◆ Չէ, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի։ Հովհաննես Թումանյան
- սիրտը պնդել - վախը հաղթահարել, արիանալ, զորանալ ◆ Սոսը էս թուք ու մուրը որ առավ, սիրտը պնդեց։ (Պերճ Պռոշյան)
- սիրտը ջուր կտրել - ահաբեկվել, ահ ու դողի մեջ ընկնել, անզգայանալ, քարանալ ◆ Սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չզգամ։ (Խաչատուր Աբովյան)
- սիրտը սառչել - մեկի նկատմամբ ունեցած զգացմունքից՝ հետաքրքրությունից սառչել, հետաքրքրությունը՝ սերը կորցնել ◆ Աչքներս սովորել է, սիրտներս սառել, մտքներս քարացել։ (Խաչատուր Աբովյան)
- սիրտը սեղմվել - սիրտը ճմլվել, սրտնեղություն զգալ ◆ Գնացի տեղս նստեցի, բայց սիրտս սեղմվեց։ Ռափայել Պատկանյան
- սիրտը սև - վշտացած, սգավոր, սևասիրտ, տխուր ◆ Բուսավ խաշխաշի ծաղիկը սիրուն, Կարմիր, թեթև բայց… սիրտը սև։ Հովհաննես Թումանյան
- սիրտը սևանալ՝ սև հագնել - սև հագնել, տխրել, վշտանալ, դժբախտանալ ◆ − Այ տղա, ինչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր։ Հովհաննես Թումանյան ◆ Ին՞չ կանիմ կարմիր շապիկը, երբ սիրտս միշտ սև ու սև է հագած։ (Րաֆֆի)
- սիրտը սևացնել - վշտացնել, դժբախտացնել
- սիրտը սևով ներկել - սգի մատնել, մեծ վիշտ պատճառել
- սիրտը վախ ընկնել - վախենալ, սարսափել ◆ Ներս է, մտնում, սիրտը մի վախ է ընկնում։ Հովհաննես Թումանյան
- սիրտը վառել
- ծանր վիշտ պատճառել, խիստ վշտացնել մեկին
- որևէ բուռն զգացմունքով համակել՝ տոգորել
- տհաճ զգացմունք՝ զգացողություն առաջացնել
- սիրտը վառվել - խիստ վշտանալ, ցավ զգալ
- սիրտը վեր ածել
- սիրտ թափել
- սիրտը դատարկել
- սիրտը վեր թռչել - երկյուղից՝ հուզմունքից և այլնից սիրտը բաբախել
- սիրտը վեր նստել - հանգստանալ
- սիրտը վերցնել
- հաճել, ախորժել
- տանել, դիմանալ, տոկալ
- սիրտը վկայել - բնազդով գուշակել, որևէ բանի նախազգացում ունենալ ◆ Սիրտս վկայում է, որ նա վատ բան չի անի։ (Վախթանգ Անանյան)
- սիրտը վրան տաքանալ - սկսել սիրով վերաբերվել մեկին, սիրել ◆ Մեղքս շատ էր գալիս Սանդուխտ տատին, սիրտս արդեն վրան տաքացել էր։ Աղավնի
- սիրտը վրան տաք լինել
- մեկին՝ մի բանի հոգատարությամբ՝ սիրով վերաբերվել, համակրանք ունենալ
- ցանկալի՝ տենչալի համարել, ձգտել
- սիրտը տակն ու վրա անել - վրդովել, հուզել
- սիրտը տակն ու վրա լինել - վրդովվել, հուզվել ◆ Սիրտը տակն ու վրա էր լինում։ (Ակսել Բակունց)
- սիրտը տանել
- դիմանալ, տոկալ, համբերել ◆ Ո՞ր սիրտը պիտի տանի հոր կսկիծը։ Դերենիկ Դեմիրճյան
- ուզել, ախորժել
- սիրտը տաք լինել մեկի՝ մի բանի վրա
- մեկին՝ մի բանի հոգատարությամբ՝ սիրով վերաբերվել, համակրանք ունենալ
- ցանկալի՝ տենչալի համարել, ձգտել
- սիրտը տաքանալ մեկի՝ մի բանի վրա - հավանել, համակրանք՝ ախորժանք զգալ
- սիրտը տակն ու վրա անել՝ լինել - խորապես վշտացնել, վշտանալ
- սիրտը տեղահան անել, սիրտը շուռ տալ - հուզել
- սիրտը տեղահան լինել, սիրտը շուռ գալ- հուզվել ◆ Այդ տեսնելով՝ (նրա) մազերը փշաքաղվեցին, սիրտը տեղահան եղավ։ Սերո Խանզադյան
- սիրտը տեղից դուրս թռչել - երկյուղից՝ հուզմունքից և այլնից սիրտը բաբախել, շատ վախենալ, սարսափել ◆ Քիչ էր մնում սիրտը տեղից դուրս թռչի։ (Միքայել Մանվելյան)
- սիրտը տեղն ընկնել
- բավարարություն գտնելով հանգստանալ, հուզմունքն անցնել ◆ Հասկացա՞ր, … սիրտդ տեղն ընկա՞վ։ (Պերճ Պռոշյան)
- երկյուղն անցնել
- սիրտը տրաքել
- ծայրահեղ զայրույթի մեջ լինել, զայրույթից նեղվել ◆ Խեղճ մարդու սիրտը կտրաքեր բարկությունից։ (Րաֆֆի)
- անհանգստանալ
- ահաբեկվել, ահ ու դողի մեջ ընկնել
- սիրտը տրորել - սիրտը ճմլվել
- սիրտը ցավել
- սրտի ցավ զգալ, վշտանալ, կսկծալ ◆ Սիրտս ցավեց քեզ համար, ուզում եմ քեզ օգնեմ։ (Պերճ Պռոշյան)
- մեկի՝ մի բանի համար ցավ՝ մտատանջություն ունենալ, մտահոգված լինել մեկի՝ մի բանի համար
- սիրտը ուտել
- ծանր վիշտ՝ տառապանք պատճառել, խիստ ցավեցնել, վշտացնել, հալումաշ անել ◆ Օրերս թռան, անց կացան, սիրտս կերան, անցկացան։ Հովհաննես Թումանյան
- իրեն տանջել՝ չարչարել
- սիրտը փառավորել - հպարտության՝ պարծանքի զգացմունքով լցվել
- սիրտը փառավորվել - խիստ գոհանալ, բավարարվել ◆ Լսում եմ ձեզ, ու սիրտս փառավորվում է։ (Վախթանգ Անանյան)
- սիրտը փլչել՝ փլվել - փղձկալ, սրտի հուզմունքից լալ ◆ Նրա սիրտը փլվեց և ծերունին սկսեց ողբ ասել։ (Ակսել Բակունց)
- սիրտը փշուր-փշուր լինել -խիստ վշտանալ, շատ ցավել
- սիրտը փորն ընկնել - ահաբեկվել, խիստ վախենալ, երկյուղի մատնվել
- սիրտը փորում պար գալ - խիստ ուրախանալ
- սիրտը փուլ գալ - փղձկալ ◆ Ծերունու սիրտը փուլ եկավ, բայց նա կարողացավ արցունքները կուլ տալ։ Սերո Խանզադյան
- սիրտը փուխր - քնքշասիրտ, զգայուն, շուտ նեղացող, զգայուն
- սիրտը քանդվել - հուզվել, սիրտը փուլ գալ, փղձկալ ◆ Էս հաղթական լուրի վրա քանդվեց սիրտը սիրունի, − Ախ, Սասունցի քաջ Դավիթը իմը լիներ երանի։ Հովհաննես Թումանյան
- սիրտը քաշվել - գրավել, դեպի իրեն ձգել ◆ Երևում էր, որ մի գաղտնի զորություն շարունակ քո սիրտը քաշում է դեպի նրան։ (Մուրացան)
- սիրտը քար - քարասիրտ, անգութ, անխիղճ ◆ Քար է ձեր սիրտը, քար։ (Խաչատուր Աբովյան)
- սիրտն ահ ընկնել - վախենալ, սարսափել ◆ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Հովհաննես Թումանյան
- սիրտ չունենալ
- ցանկություն՝ տրամադրություն չունենալ
- անսիրտ՝ անխիղճ լինել ◆ Կարծես արևն էլ մեր վարժապետի նման սիրտ չուներ։ (Րաֆֆի)
- սրտի ականջիկ - սրտի խեցենման կամ ականջանման մասը
- սրտի ականջին խոսել - ուշք ու միտքը գրավել ◆ Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝ Սրտիս ականջին խոսելով։ Հովհաննես Թումանյան
- սրտի արատ - սրտակափույրների ձևափոխման հետևանքով առաջացած սրտի հիվանդություն
- սրտի բաբախյուն - անձկություն
- սրտի գդալ - կրծքի տախտակի ներքևի փոսորակ մասը
- սրտի դող - երկյուղ, վախ ◆ Եկան հարգով, սրտի դողով համագումար հայոց ժողով։ Հովհաննես Թումանյան
- սրտի թողանք - սրտի խոռոչների պարբերական լայնացումը, որ տեղի է ունենում յուրաքանչյուր կծկումից հետո
- սրտի թույն՝ մաղձ թափել - իր մեջ կուտակված զայրույթը՝ դառնությունը թափել՝ արտահայտել, խիստ բարկանալ ◆ Այդ խոսքերով հնամոլ տիկինը կամենում էր յուր սրտի թույնը թափել։ (Րաֆֆի)
- սրտի խորհուրդ - գաղտնիք, ցանկություն ◆ − Էհ, սրանց սրտի խորհուրդը ո՞վ կիմանա։ (Ակսել Բակունց)
- սրտի հատոր - չափազանց հարազատ՝ հոգեհարազատ մարդ, մտերիմ՝ անձկալի անձ
- սրտի ձայն - ներքին ձայն, խղճի ձայն, խիղճ ◆ Ապա այդ դեպքում ի՞նչ ասես սրտիդ ձայնին, ի՞նչ անես այն ամուր, ամուր համոզման դեմ, որ դու ես ճշմարիտը։ (Բոգդան Վերդյան)
- սրտի ճրագը հանգցնել՝ մարել - մեծ վիշտ պատճառել
- սրտի վարդ - սեր
- սրտի տախտակը դաղել - մեծ ցավ՝ վիշտ պատճառել, սիրտը շատ ցավեցնել ◆ — Ախ սրտիս տախտակն են դաղել։ (Պերճ Պռոշյան)
- սրտի ցավ - կսկիծ, հոգեկան տանջանք՝ տառապանք
- սրտին առնել - վշտանալ
- սրտին դանակ խփես՝ արյուն չի կաթի, սրտին դանակ տաս՝ արյուն չի կաթի - չափազանց տխուր՝ վշտահար լինել ◆ − Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի։ (Ակսել Բակունց)
- սրտին դիպչել՝ կպչել - մեկին վիրավորել՝ նեղացնել անզգույշ խոսքով ◆ − Ի՞նչ է սրտիդ դիպան, հա՞։ (Շիրվանզադե) ◆ Տատիկի այդ խոսքն իմ սրտին կպավ։ Աղավնի
- սրտին սեղմել - ջերմորեն գրկել, գգվել, կրծքին փաթաթել ◆ Հանգուցյալ քույրս, որ հոգին տալիս էր, բռնեց ձեռներս, սեղմեց սրտին ու ասաց։ (Քրիստափոր Թափալցյան)
- սրտից արյուն գալ՝ գնալ՝ կաթել - սիրտը կսկծալ՝ մորմոքել, խորապես վշտացած լինել ◆ Հասկացիր, սրտիցս արյուն է գնում։ ◆ − Ի՞նչ կատակ, սրտիցս արյուն է կաթում։ (Արազի)
- սրտից բեռ վերցնել - վիշտը թեթևացնել ◆ Այս նորությունը կարծես Մոմճյանի սրտից մի ծանր բեռ վերցրեց։ (Մուրացան)
- սրտից ջուր խմել մեկի - մեկի ցանկացածի համաձայն խոսել՝ վարվել ◆ Բա մեր սրտից ջուր խմած մի մարդ չկա՞։ (Ակսել Բակունց)
- սրտից(ը) հանել - մոռանալ, մոռացության մատնել ◆ Սրտիցդ հանիր նրան հավիտյան։ Դերենիկ Դեմիրճյան
- սրտով անց կենալ - մտքովն անցնել, ծագել, պատկերվել ◆ Մի մուրազ անց կացավ սրտովս։ (Պերճ Պռոշյան)
- սրտով իմանալ - ներքին մղումով կռահել, հոգով հասկանալ
- սրտովն անել - մեկի ուզածի նման խոսել՝ վարվել
- սրտովը լինել - մեկի ցանկության՝ ձգտումին համապատասխան լինել ◆ Սրտովդ եղավ, էլ ինչի՞ ես տխուր ձևանում։
- սրտում առյուծ ծնվել - իրեն ուժեղ ու անպարտելի զգալ, քաջանալ, արիանալ
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | սիրտ(ը) | սրտեր(ը) |
Սեռ. | սրտի | սրտերի |
Տր. | սրտի(ն) | սրտերի(ն) |
Հայց. | սիրտ(ը) | սրտեր(ը) |
Բաց. | սրտից | սրտերից |
Գործ. | սրտով | սրտերով |
Ներգ. | սրտում | սրտերում |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Սիրտ: |
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Րաֆֆի
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Պերսի Բիշի Շելլի
- Քաղվածք/Գարեգին Սևունց
- Քաղվածք/Մուրացան
- Փոխանվանաբար գործածվող հայերեն բառեր
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Քաղվածք/Հրաչյա Քոչար
- Քաղվածք/Պերճ Պռոշյան
- Քաղվածք/Վրթանես Փափազյան
- Քաղվածք/Քրիստափոր Թափալցյան
- Քաղվածք/Ռափայել Պատկանյան
- Քաղվածք/Մկրտիչ Խերանյան
- Քաղվածք/Խաչատուր Աբովյան
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Աղավնի
- Քաղվածք/Նաիրի Զարյան
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Գուրգեն Մահարի
- Քաղվածք/Վահրամ Մավյան
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Անդրանիկ Ծառուկյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Արազի
- Քաղվածք/Վախթանգ Անանյան
- Քաղվածք/Միքայել Մանվելյան
- Քաղվածք/Բոգդան Վերդյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից