Օտտո Ֆրանկ
Օտտո Ֆրանկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] |
Մահացել է | օգոստոսի 19, 1980[1][2][6][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բիրսֆելդեն, Արլեսհայմ, Բազել-Լանդ, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Իսպանիա[7] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Շվեյցարիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | ռեֆորմիստական հրեականություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան[8] |
Մասնագիտություն | վաճառական, բանկիր, սիրողական լուսանկարիչ և գործարար |
Ամուսին | Էդիթ Ֆրանկ և Elfriede Geiringer?[9][10] |
Երեխաներ | Աննա Ֆրանկ[10] և Մարգո Ֆրանկ |
Otto Frank Վիքիպահեստում |
Օտտո Հենրիխ Ֆրանկ (գերմ.՝ Otto Heinrich Frank) (մայիսի 12, 1889[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] - օգոստոսի 19, 1980[1][2][6][…], Բիրսֆելդեն, Արլեսհայմ, Բազել-Լանդ, Շվեյցարիա[5]), հրեա-գերմանական ծագմամբ հոլանդացի գործարար, Մարգո և Աննա Ֆրանկերի հայրը, որը 1942 թվականից մինչև 1944 թվականը Ամստերդամում (քաղաքն այդ ժամանակ գտնվում էր նացիստական բռնազավթման տակ), վարել է օրագիր։ Արդյունքում, Աննան և նրա ընտանիքը դարձել են գերմանական նացիզմի ամենահայտնի զոհերից մեկը։ Օտտոն օրագրի միակ հերոսն է, որը կենդանի է մնացել տեղահանման ժամանակ։ Նրա կինը, դուստրերը և ընկերները մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Աննա Ֆրանկի օրագրի գրական տարբերակում Օտտոն ներկայացվել է «Ֆրեդերիկ Ռոբին» (հոլ.՝ Frederik Robin) կեղծանվամբ, սակայն պաշտոնական հրատարակման մեջ նրա անունը փոխվել է «Ֆրեդերիկ Աուլիսի» (հոլ.՝ Frederik Aulis)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտո Հենրիխ Ֆրանկը ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում՝ հրեաներ Էլիս Բեթի Շտերնի (1865-1953) և բորսային բրոքեր Միխայել Ֆրանկի ընտանիքում։ Նրա մայրը ծագումով հենց Ֆրանկֆուրտից էր, որի ընտանիքն այդտեղ ապրում էր արդեն իսկ 16-րդ դարից սկսած։ Հայրը, ընդհակառակը, ծագումով Լանդաու ին դեր Պֆալց գյուղական շրջանից էր և Ֆրանկֆուրտ էր տեղափոխվել 28 տարեկան հասակում՝ 1879 թվականին։ Նրանք ամուսնացել են 1885 թվականին, երբ Միխայելը սկսեց իր կարիերան բանկային ոլորտում։ Օտտոն ունեցել է ավագ եղբայր՝ Ռոբերտ Հերմանը (1886—1953), կրտսեր եղբայր՝ Հերբերտը (1891—1987) և փոքր քույր՝ Ելինեն (1893—1986)։ Բոլոր չորսը մանկության և պատանեկության տարիներին սովորել են միանգամից մի քանի լեզուներ՝ անգլերեն, իտալերեն և ֆրանսերեն և չնայած բոլորը հրեաներ էին, նրանցից ոչ ոք չգիտեր եբրայերեն։ Օտտոյի ազգականներից է եղել կահույքի ֆրանսիացի հայտնի դիզայներ Ժան Միշել Ֆրանկը (1895—1941)։
19-րդ դարի վերջին Միխայելը դարձել է բորսային բրոքեր և ներդրումներ կատարել երկու հանգստյան տներում և ընկերության մեջ, որն զբաղվում էր հազի դեմ դեղահաբերի արտադրությամբ։ 1901 թվականին նա հիմնադրել է սեփական բանկը, որը մասնագիտացած էր արտարժույթի փոխման հարցում։ Այդ բիզնեսը մեծ եկամուտներ էր ապահովում և Ֆրանկների ընտանիքը գնում է առանձնատուն Ֆրանկֆուրտի արևմտյան մասում գտնվող Մերտոնշտրասե 4 հասցեում։
Օտտոն եղբայրների և քրոջ հետ միասին հաճախել է ձիարշավի դասերի, սովորել երաժշտական դպրոցում և հանգստյան օրերը անցկացրել ծնողների հետ օպերայում, որտեղ նրանք ունեին անձնական օթյակ։ Նախապատրաստական մասնավոր դպրոցն ավարտելուց հետո՝ Օտտոն սկսել է հաճախել Լեզինգի գիմնազիա, որը գտնվում էր տան մոտ։ Այնտեղ, չնայած իր հրեական ծագմանը, դարձել է հայտնի աշակերտ և հաճախ տպագրվել գիմնազիայի թերթում։
1907 թվականին ծնողներն, Սուրբ Զատկի արձակուրդներին, Օտտոյին ուղարկել են Իսպանիա։ Այդ ճանապարհորդությունից հետո նրա մեջ սեր է առաջացել արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ։ 1908 թվականի հունիսին Օտտոն ստացել է ատեստատ և գրանցվելով Հայդելբերգի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ մեկնել Անգլիա ամառային արձակուրդների։ Դպրոցական ընկերոջ օգնությամբ Օտտոն հնարավորություն է ստացել վերապատրաստում անցնել Նյու Յորքի «Macy’s հանրախանությում», որտեղ մեկնել էր 1909 թվականի սեպտեմբերի սկզբին։ Շուտով նա ստիպված եղավ վերադառնալ։ 1909 թվականի սեպտեմբերի 17-ին մահացել է Օտտոյի հայրը։ Որոշ ժամանակ անց, Օտտոն վերադարձավ ԱՄՆ, որտեղ երկու տարվա ընթացքում աշխատել է սկզբում նույն «Macy’s» հանրախանութում, այնուհետ՝ բանկում։ 1911 թվականին Օտտոն վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել Դյուսելդորֆի գործարաններից մեկում, որը զբաղվում էր լուսամուտների շրջանակների արտադրությամբ։ Այնուհետ սկսել է աշխատել գերմանակն բանակի համար պայտեր արտադրող ընկերությունում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օտտոն եղբայրների հետ միասին զորակոչվել է գերմանական բանակ, որտեղ ծառայել է որպես սպա։ Մայրը և քույրը կամավորական աշխատանք են կատարել Ֆրանկֆուրտի ռազմական հիվանդանոցում։ Օտտոն ուղարկվել է արևմտյան ռազմաճակատ և մինչև պատերազմի ավարտը ստացել լեյտենանտի զինվորական կոչում։ Պատերազմից հետո նա մորից և եղբորից՝ Հերբերտից չկամությամբ ընդունել է ընտանեկան բանկը կառավարելու գործը, քանի որ եղբայրը առանձնակի տաղանդ չուներ բանկային գործում, իսկ ավագ եղբորը՝ Ռոբերտին չէր հետաքրքրում ընտանեկան բիզնեսը։
Իր 36 ամյակի օրը՝ 1925 թվականի մայիսի 12-ին, Ախենի սինագոգում նա ամուսնացել է Էդիթ Հոլենդերի հետ։ Մեղրամսից հետո Օտտոն և Էդիթը մի որոշ ժամանակ ապրել են Օտտոյի մոր հետ։ Այդտեղ իր ընտանիքով բնակվում էր նաև Օտտոյի քույրը՝ Ելինեն, ով 1921 թվականին ամուսանցել էր ծնունդով Ցվայբրյուքենից հրեա Էրիխ Էլիասի հետ (1890—1984) և ուներ երկու որդի՝ Շտեֆանը (1921—1980) և Բերնհարդը (ծնվ․ 1925 թվականին))։ Նրանց առաջին դուստրը՝ Մարգո Բեթթին ծնվել է 1926 թվականի փետրվարի 16-ին Ֆրանկֆուրտում, իսկ կրտսեր դուստրը՝ Աննան ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին։
Արտագաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը 1933 թվականին Ֆրանկֆուրտում հաղթեցին համայնքային ընտրությունները, Գերմանիայում կտրուկ աճեց հակասեմականությունը և սկսեցին ընդունվել հակահրեական խտրական օրենքներ։ Միաժամանակ, Օտտոյի ընտանեկան բանկը լուծարվեց և Ֆրանկների ընտանիքը նույն տարում արտագաղթեց Ամստերդամ, որտեղ Օտտոն հիմնեց պեկտինյան նյութերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Վերջինս, հետագայում վերածվեց «Օպեկտա» ջեմերի արտադրությամբ զբաղվող ընկերության։ Օտտոյի մայրը և քույրը նույն տարում տեղափոխվեցին Շվեյցարիա և այնտեղ անցկացրեցին ընդհուպ մինչև Երրորդ Ռայխի վերջը։
1937 թվականին Օտտոն հանդիպել է իր վաղեմի ընկերոջը՝ Հերման վան Պելսին, ով, ինչպես Օտտոն, լինելով, հրեա, փախել էր Գերմանիայից՝ իր կնոջ Ավգուստինայի և որդու՝ Պետերի հետ միասին։ Վան Պելսը մասնագիտացած էր մսի համար անհրաժեշտ խոտերի և համեմունքների վրա և, այդ պատճառով էլ, Օտտոն, ձգտելով ընդլայնել իր բիզնես-օպերացիան, Հերմանին հրավիրեց իր ընկերություն՝ որպես խորհրդատու և «Պեկտակոն» նոր ընկերության առևտրային մասնագետ, ով պետք է զբաղվեր երշիկեղենի արտադրության բաղադրամասերի գնմամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ 1940 թվականի մայիսին Գերմանիան ներխուժեց Հոլանդիա, Օտտոն, Հոլանդիայում ահագնացող հակասեմականության պատճառով, նույն տարվա ապրիլինի ստիպված եղավ իր ակցիաները տալ Յոհանես Կլեյմանին՝ դրանով փորձելով փրկել «Պեկտակոնը» կոնֆիսկացիայից։ Արդյունքում, Օտտոն հեռացավ տնօրենի պաշտոնից։ «Պեկտակոնը» լուծարվեց և բոլոր ակտիվներն անցան «Giz & Co» ընկերությանը, որը գլխավորում էր Յան Գիզը։ Նրա կինը՝ Միպ Գիզը աշխատում էր «Օպեկտում» որպես խորհրդատու։ Նույն տարվա դեկտեմբերի 18-ին Օտտոն նույնանման գործողություն է իրականացրել նաև «Օպեկտայի» հետ։ Չնայած նրա դրամական եկամուտները էականորեն կրճատվեցին, սակայն Օտտոն կարողացավ պահել իր ընտանիքը։
1938 և 1941 թվականներին Օտտոն իր ընտանիքի համար փորձել է վիզա ստանալ, որպեսզի արտագաղթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կուբա։ 1941 թվականի դեկտեմբերի 1-ին միայն Օտտոյին տրամադրեցին Կուբայի վիզա, սակայն պարզ չէ, թե նա ստացել է արդյոք վիզան, քանի որ 10 օր անց Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին և վիզան չեղարկվեց Հավանայի կողմից։
1942 թվականի հուլիսի 5-ին Օտտոյի ավագ դստերը Մարգոյին գեստապոյից ծանուցում է եկել։ Հաջորդը օրը Օտտոն կնոջ և երեխաների հետ փոխադրվել է ապաստարան, որը գտնվում էր Պրինսենգրախտ 263 հասցեում։ Ապաստարանը գտնվում էր «Օպեկտայի» շենքում։ Գործընկերների օգնությամբ տան հետին մասը վերածվել է ապաստարանի։ Ավելի ուշ, նրանց միացել են Հերման վան Պելսը կնոջ և որդու և նրանց ընկերը՝ ատամնաբույժ Ֆրից Պֆեֆֆերը։ Ապաստարանում նրանք անց են կացրել երկու տարի, որից հետո 1944 թվականի օգոստոսի 4-ին նրանց հայտնաբերել է ոստիկանությունը՝ ՍՍ-ի սպա Կառլ Զիլբերբաուերի գլխավորությամբ։ Ոստիկանությանը տվյալ էր տվել մի անձ, ում ինքնությունը մինչ օրս մնում է անհայտ։ Բոլոր ութը չորս օր պահվել են Վետերինգսխանս փողոցի վրա գտնվող բանտում, այնուհետև տեղափոխվել Վեստերբորկ տրանզիտային համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, պաշտոնական ծանուցումից խուսափելու պատճառով, տեղավորվել են «տուգանային բաժին» և ուղարկվել ամենածանր աշխատանքների։ Սեպտեմբերի 3-ին ճամբարականները Վեստերբորկից տեղափոխվել են Օսվենցիմ։
Օսվենցիմ ժամանելուց հետո՝ Հերմանից, Պետերից և Ֆրիցից ստիպողաբար անջատեցին Աննային, Մարգոյին, Էդիթին և Ավգուստային։ Դեկտեմբերի մոտ Օտտոն վերջնականապես կորցրեց առողջությունը և հոլանդացի մի բժիշկ նրան ուղարկեց հիվանդանոցային բարաք՝ կարողանալով համոզել գերմանական բուժանձնակազմին։ Նպատակը Օտտոյին հիվանդանոցում ավելի երկար պահելն էր։ Հենց այդ հանգամանքն էլ փրկեց նրա կյանքը։ Օտտոն կարողացավ այնտեղ մնալ մինչև 1945 թվականի հունվարի 25-ը, երբ Կարմիր բանակը ազատագրեց Օսվենցիմը։
Մարտի սկզբին խորհրդային գնացքները Օսվենցիմի նախկին բանտարկյալներին տեղափոխեցին Կատովիցե։ Օտտոն փորձել է չկորցնել կապը ընկերների և հարազատների հետ և պարբերաբար ուղարկել նամակներ։ 1645 թվականի մարտի 20-ին նա հանդիպել է Ռոզա դե Վինտերին, ում հետ ծանոթացել էին դեռ Վեստերբորկում և նրանից իմացել, որ Էդիթը մահացել է Օսվենցիմում՝ ազատագրումից երկու շաբաթ առաջ, իսկ Աննան և Մարգոն, հավանաբար, տեղափոխվել են Բերգեն Բելզեն։ Շուտով Օտտոն Օդեսայով տեղափոխվել է Մարսել, իսկ այնտեղից 1945 թվականի հունիսի 3-ին վերադարձել Ամստերդամ, որտեղ, տեղավորվելով Միպ Գիզի տանը և վերականգնվելով ֆիրմայի տնօրենի պաշտոնում, շարունակել է որոնումները։ Ձերբակալությունից հետո «Օպեկտայի» ղեկավարումն իր ձեռքն էր վերցրել Միպ Գիզը։ Իմանալով հոլանդացիների հասցեները, որոնք վերադարձել էին Բերգեն-Բելզենից, Օտտոն սկսել է նամակներ ուղարկել նրանց և որոշ ժամանակ անց պատասխան ստացել ոմն բուժքրոջից, ով բնակվում էր Ռոտերդամում։ Բուժքույրը հայտնում էր, որ նրա երկու դուստրերը մահացել են ճամբարի ազատագրումից մեկ ամիս առաջ։ Օտտոն շարունակել է տեղեկություններ հավաքել ապաստարանի մյուս բնակիչների մասին և միայն 1945 թվականի վերջին պարզել, որ նա մերձափնյա Պրինսենգրախտ փողոցի ապաստարանի միակ բնակիչն է, ով ողջ է մնացել։
Կյանքը պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո Օտտոն որոշ ժամանակ ապրել է Միպ և Յան Գիզերի հետ։ Երբ 1945 թվականի հուլիսին Կարմիր խաչը վերջնականապես հատատեց Ֆրանկ քույրերի մահը, Միպ Գիզը Օտտոյին է տվել Աննայի օրագիրը և պատռված թղթերի մի կույտ, որը նա կարողացել էր վերցնել ապաստարանից՝ ձերբակալությունից անմիջապես հետո։ Օտտոն իր մեջ ուժ չգտավ միանգամից կարդալ օրագիրը, սակայն հետո սկսեց գերմաներեն թարգմանել օրագրի որոշ հատվածներ, որպեսզի ուղարկի Շվեյցարիայում բնակվող իր հարազատներին։ Օրագիրը նրա վրա մեծ ազդեցություն է գործել, քանի որ առաջին անգամ բախվում իր կրտսեր աղջկա անձնական կյանքի հետ։ Աննան իր օրագրում խոստովանել էր, որ չի ցանկանում, որ իր գրառումները կարդա ուրիշ որևիցե մեկը։
Ոչ աշխատանքային օրերին Օտտոն հանդիպում էր իր ընկերներին, ովքեր, ինչպես նա, նույնպես ենթարկվել էին տեղահանումների։ Մի անգամ Օտտոն պատմեց նրանց Աննայի օրագրի մասին և մի քանի ներկաներ ցանկացան կարդալ այն։ Որոշ մտորումներից հետո Օտտոն նրանց տրամադրել է հատվածներ, որոնք թարգմանել էր հարազատների համար։ Կարդալով այդ հատվածները՝ նրա ընկերներից մեկը խնդրել է իրեն տրամադրել ողջ օրագիրը, որին Օտտոն ոչ միանգամից, բայց համաձայնվեց։ Նրան խորհուրդ տվեցին, որ թույլատրի պատմաբան Յան Ռոմենին կարդալ օրագիրը։ Վերջինս 1946 թվականի ապրիլի 3-ին «Het Parool» ամսագրում մի մեծ հոդված գրեց օրագրի մասին և խնդրեց Օտտոյին թույլատրել տպագրել Աննայի նոթերը։ Օտտոն կտրականապես հրաժարվեց, սակայն Ռոմեյնը կարծում էր, որ Ֆրանկը պարտավոր է հոլանդացիներին ներկայացնել օրագիրը՝ որպես յուրօրինակ ռազմական փաստաթուղթ։ Ֆրանկը, սկզբում վստահ լինելով, որ օրագիրը կարդալու իրավունք ունեն միայն իրեն և Աննային մտերին մարդիկ, վերջապես համաձայնվեց տրամադրել ոչ թե բուն օրագիրը, այլ դրա վերամշակված տարբերակը, այսպես կոչված տարբերակ C-ն, որը նա կազմել էր Աննայի օրիգինալ օրագրից և այն վերամշակումից, որը կատարել էր հենց Աննան։ Այդ տարբերակից Օտտոն հանել է ինչպես ապաստարանի բնակիչների հարաբերությունների վերաբերյալ Աննայի դիտարկումները, այնպես էլ սեռական հասունացման ինտիմ մանրամասները։ Վերամշակված տարբերակը հետաքրքրեց հոլանդացի տպագրիչներին և 1946 թվականի ամռանը կնքվեց համաձայնագիր օրագրի՝ որպես գրքի տպագրման։ Գիրքը թողարկվել է 1947 թվականի հունիսի 25-ին՝ «Het Achterhuis» (Հետին տանը) վերնագրով։
Օրագրի հրատարակման պատճառով Օտտոն աստիճանաբար սկսեց հեռանալ «Օպեկտայի» ղեկավարումից, չնայած այն հանգամանքին, որ նրա ջանքերի շնորհիվ, պատերազմից հետո ընկերությունը ամրապնդել էր իր դիրքը հոլանդական շուկայում։ 1953 թվականին, երբ Գիզ ամուսինները վիճակախաղի միջոցով շահեցին գումար, նրանք միասին այն ծախսեցին Շվեյցարիայում հանգստանալու վրա, որտեղ Օտտոն բազմաթիվ տարիներ անց առաջին անգամ հանդիպեց իր մորը։ 1952 թվականի աշնանը նա արտագաղթել է Շվեյցարիա, որ մոտ լինի ծեր մորը։ 1953 թվականի նոյեմբերի 10-ին Օտտո Ֆրանկը Ամստերդամում ամուսնացել է իր նախկին հարևանուհու Էլֆրիդ Գեյրինգերի հետ (1905-1998), ով նույնպես եղել էր Օսվենցիմում։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Օտտոյի հարազատների մոտ՝ Բազել։
1957 թվականի մայիսի 3-ին Օտտոն և Յոհանս Կլայմանը հիմնել են Աննա Ֆրանկի ֆոնդը, որի հանգանակություններով 1960 թվականի մայիսի 3-ին «Օպեկտայի» շենքում բացվել է Աննա Ֆրանկի թանգարան։
Օտտո Ֆրանկը մահացել է 1980 թվականի օգոստոսի 19-ին Բազելում՝ թոքերի քաղցկեղից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119356082 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #119356082 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Heidelberg University Library — 1901.
- ↑ https://web.annefrank.org/en/Subsites/Timeline/Postwar-period-1945--present-day/The-diary-is-published/1953/Otto-Frank-marries-former-neighbour-and-fellow-Auschwitz-survivor-Elfriede-Geiringer-in-Amsterdam-on-10-November-1953/
- ↑ 10,0 10,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Ֆրանկի թանգարանի պաշտոնական կայք էջ
- Anne Frank Museum Amsterdam(անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Ֆրանկ» հոդվածին։ |
|