Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1966 թվականին։ 1973 թվայանի սեպտեմբերի 27-29-ը, Վասիլի Լազարևի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-12» տիեզերանավով։ 47 ժամ 16 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 32 պտույտ։ 1975 թվականի ապրիլի 5-ին, Լազարևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ» տիեզերանավով, սակայն թռիչքն ընդհատվել է կրող հրթիռի շարժման պարամետրերի շեղման պատճառով։ 1978 թվականի հունվարի 10-16-ը, Վլադիմիր Ջանիբեկովի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-27» տիեզերանավով և «Սոյուզ-26» (տիեզերագնացներ Յուրի Ռոմանենկո, Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ-6» ուղեծրակայանով։ Վայրէջք է կատարել «Սոյուզ 26» տիեզերանավով։ 1980 թվականի նոյեմբերի 27-ին Լեոնիդ Կիզիմի և Գենադի Ստրեկալովի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-Տ-3» տիեզերանավով։ Նոյեմբերի 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին, և համատեղ թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ Կիզիմի և Ստրեկալովի հետ վայրէջք է կատարել «Սոյուզ-Տ-3» տիեզերանավով՝ 1980 թվականի դեկտեմբերի 10-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 171)։