Jump to content

Ցորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցորեն
Triticeae
Փափուկ ցորեն (Triticeae aestivum)՝ ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Ցորեն
Լատիներեն անվանում
Triticum
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Triticum aestivum L.[2]

Սեկցիաներ
Արեալ
պատկեր
Առաջացման (դեղին) և մշակման տարածքները


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42236
NCBI 4564
EOL 108051

IPNI19220

Ցորեն, (լատին․՝ Triticum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։

Հայաստանում տարածված է 13 տեսակ։

Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն (Triticum urartu), և մեկ մշակովի՝ միահատիկ ցորեն (Triticum) տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ արարատյան ցորեն (Triticum araraticum), վայրի հաճարը (Triticum dicoccoides), մշակովիներից՝ Տիմոֆևևի ցորեն (Triticum timopheevi), կոլխիդական երկհատիկ ցորեն (Triticum palao colchicum), սովորական հաճարը (Triticum dicoccum), կովկասյան ցորեն (Triticum persicum), կարծր ցորեն (Triticum durum), տուրգի դում կամ անգլիական ցորեն (Triticum turgidum), արևելյան ցորեն (Triticum էսranicum), լեհական ցորեն (Triticum polonicum), հաբեշական ցորեն (Triticum aethiopicum), սպահանական ցորեն (Triticum ispahanicum)։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մախի ցորեն (Triticum macha), կիսահաճարը կամ ճոնը (Triticum spelta), փափուկ ցորեն (Triticum aestivum), կունդիկ ցորեն (Triticum compactum), կլորահատիկ ցորեն (Triticum sphaerococcum), Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum

Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ (Triticum aestivum) տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում։ 1930-ական թվականներին, հայ խորհրդային բուսաբույծ Միքայել Թումանյանը հայտնաբերել է վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum vavilovi) ու կիսահաճարը (Triticum spelta)[3], իսկ Բարուկ Գարասեֆերյանն ու Պապին Ղանդիլյանը Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծում ստեղծվել է Էրեբունի արգելոցը։

Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորենը տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ (Մուրմանսկի մարզ), իսկ հարավային սահմանն ընդգրկում է Ավստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2,6 հազար մ բարձրության վրա)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40-130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3-5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ Պտուղը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2 °C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15 °C է։ Ձյան շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է -16-18 °C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև -20 °C, իսկ 30-60 սմ ձյան շերտի տակ՝ -40 °C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13 °C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ -8-9 °C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1-2 °C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը Արարատյան դաշտում 260-270 օր է, Սիսիանում՝ 300 օր, Վարդենիսում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122-128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Համարվում է կարևորագույն պարենային մշակաբույս։

Օգտագործում և քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորենը՝ Triticum araraticum

Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեշ։ Ցորենից ստանում են նաև սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ և այլն։ Հատիկը, աղացման թափոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, ֆոսֆոր, երկաթ, կալցիում և [հանքային նյութեր։ Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար։

Կա ցորենի 15 տեսակ, դրանից մարդն ընտել և մշակում է երկուսը՝ կարծր և փափուկ տեսակները։ Հատուկ արժեք է ներկայացնում կարծր ցորենը, որի հատիկը ավել հարուստ է սպիտակուցային նյութերով։ Եթե փափուկ ցորենի մեջ, սպիտակուցի պարունակությունը հասնում է 10-17%, կարծրինը հասնում է 24-25%։ Ամենաբարձր որակի մանրաձավարեղենը, մակարոն-վերմիշելները և հրուշակեղենի տեսակները ստանում են կարծր ցորենի ալյուրից։

Մշակման տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցորենը հնագույն մշակաբույս է։ Հայտնի է եղել Առաջավոր Ասիայում (Իրաք, Սիրիա, Իրան) և Թուրքմենիայում մ․ թ․ 6-7 հազար տարի, Եգիպտոսում՝ 4 հազար տարի առաջ, Չինաստանում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5-4 հազար տարի առաջ։ Ամերիկա է տարվել 17-րդ դարում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Միքայել Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։

Մշակումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում շրջանացված են ցորենի աշնանացան՝ Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա 60 և այլն, գարնանացան՝ Գալգալոս (Քռիկ), Նոր կունդիկ, Շիրակի 1 և այլ սորտեր։ Հայաստանում ցորենի հիմն, ցանքատարածությունները կենտրոնացված են Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և այլ մարզերում։ 1970-ական թվականներին արտադրության մեջ ներդրվեց նոր պարենային մշակաբույս՝ Տրիտիկալեն (Triticale), որy ստացվել էր ցորենի և աշորայի խաչաձևումից և որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։

Արտադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցորենի տեսակներ, Մասկլեի «Atlas des plantes de France», 1891 թվականի գրքից
Ցորենի արտադրությունը ըստ տարեթվի(FAOSTAT)(չաշխատող հղում)
հազար տոննա
Երկիր 1985 1995 2005
Չինաստան 85807 102211 96160
Հնդկաստան 44069 65767 72000
ԱՄՆ 65975 59404 57106
Ռուսաստան 21000 30119 45500
Ֆրանսիա 28784 30880 36922
Կանադա 24252 24989 25547
Ավստրալիա 15999 16504 24067
Գերմանիա 13802 17763 23578
Պակիստան 11703 17002 21591
Թուրքիա 17032 18015 21000

Ցորենի տեսակների պահպանությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցորենի Վավիլովի, Արարատյան, վայրի միահատիկ և ուրարտու տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Էրեբունի և Խոսրովի անտառ արգելոցներում աճող պոպուլացիաները պահպանվում են պետության կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Watson L., Dallwitz M. J. (2010 թ․ ապրիլի 23). «Triticum L.». The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references (անգլերեն). Institute of Botany, Chinese Academy of Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14–ին-ին.
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Triticum L.(անգլ.)
  3. Թումանյան, Միքայել (1933). Հացաբույսերի որոշիչ (հասկավորներ). Երևան: Գյուղհրատ.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մաթևոսյան Ա․, Բուսաբուծություն, 2 վերամշկված և վերափոխված հրատարակություն, Երևան, 1977,
  • Туманян М․ Г․, Избр․ труды, Е․, 1957, (ռուս.)
  • Жуковский П М․, Культурные растения и их сородичи, 3 перераб․ и доп․ изд․, Д․, 1971։ (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորեն» հոդվածին։