Տրամվայ «Ցանկություն»
Տրամվայ «Ցանկություն» անգլ.՝ A Streetcar Named Desire | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Թենեսի Ուիլյամս |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն |
Գրվել է | 1947 |
Առաջին ներկայացում | դեկտեմբերի 3, 1947 |
Առաջին ներկայացման վայր | Ethel Barrymore Theatre? |
Տեսարան | Ֆրանսիական թաղամաս և Downtown New Orleans? |
Կերպարներ | Blanche DuBois?, Stella Kowalski? և Stanley Kowalski? |
Հրատարակվել է | 1947 |
A Streetcar Named Desire |
«Տրամվայ «Ցանկություն» (անգլ.՝ A Streetcar Named Desire, բառացի՝ «Տրամվայը, որ կոչվում է Ցանկություն»«[1]»), Թենեսի Ուիլյամսի ամենահայտնի պիեսներից մեկը, որն ավարտվել է 1947 թվականին։ Այդ ստեղծագործության համար Ուիլյամսն արժանացել է Պուլիցերյան մրցանակի (1948), իսկ 1952 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի որպես լավագույն սցենարիստ պիեսի հիման վրա գրած սյուժեի համար։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]33-ամյա Ուիլյամսը սկսել է գրել պիեսը 1944-1945 թվականների ձմռանը Չիկագոյում։ Այնուհետև դրամատուրգը տեղափոխվել է Նոր Օռլեան (այնտեղ էլ տեղի է ունենում պիեսի գործողությունը), որտեղ նա շարունակել է գրել։ 1946 թվականի ամռանը պիեսի առաջին տարբերակն ընթերցել է իր ընկերների՝ Մարգո Ջոնսի (ռեժիսորի օգնական «Ապակե գազանանոց» պիեսի բեմադրման ժամանակ) և նրա ընկերուհու համար։
1947 թվականի ամռանը Ուիլյամսը կրկին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել է ռեժիսոր Էլիա Կազանի հետ և նրա հետ սկսել է դերասաններ փնտրել պիեսի բեմադրության համար։
«Տրամվայ «Ցանկություն» ներկայացման պրեմիերան կայացել է 1947 թվականի դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի «Էթել Բարիմոր» թատրոնում[2]։ Սթենլի Կովալսկուն մարմնավորել է 23-ամյա Մառլոն Բրանդոն, Բլանշին՝ 38-ամյա Ջեսիկա Տենդին, Ստելլային՝ Քիմ Հանթերը, Միտչին՝ Կարլ Մոլդենը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլանշ Դյուբուան ծերացող, բայց դեռևս հմայիչ նախկին ուսուցչուհի է (դասավանդել է անգլերեն), ժամանում է Նոր Օռլեան՝ քրոջ՝ Ստելլայի մոտ, որն ամուսնու՝ Սթենլի Կովալսկու հետ ապրում է արդյունաբերական աղքատ թաղամասում։ Բլանշը մնացել է առանց աշխատանքի ու առանց գոյության միջոցների։
Ստելլան, որը երեխայի է սպասում, ուրախ է Բլանշի գալու համար, բայց դժգոհ է նրանից, թե ինչպես է նրան վերաբերվում Սթենլին՝ նախ զգուշավորությամբ, իսկ հետո՝ նաև թշնամաբար։ Կրթված ընտանիքում դաստիարակված Բլանշը, որը ձգտում է շրջապատել իրեն գեղեցկություն ու շքեղություն նմանակեղծումներով, հայտնվում է պրոլետարիատի ներկայացուցիչ աշխատավոր Սթենլիի հետ դաժան հակամարտության մեջ, որը չի ընդունում նրա քաղաքավարի ոճը, ֆանտազիաները, և որին զայրացնում է նրա վարքագիծը։
Սթենլին ու Բլանշն ավելի ու ավելի հաճախ են կռվում միմյանց հետ։ Բլանշն իրեն թույլ է տալիս բարձրաձայնել իր կարծիքը ինչպես Սթենլիի, որին անվանում է անտաշ և պարզունակ կենդանի, այնպես էլ իր քրոջ՝ Ստելլայի մասին։ Ստելլան հայտնվում է երկու կրակի միջև․ նա փորձում է պաշտպանել քրոջը, ինչի պատճառով Սթենլին նրան ծեծում է, չնայած հղիությանը։ Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո Ստելլան փախչում է հարևանների մոտ, բայց վերադառնում է իր սիրելի ամուսնու մոտ։
Պոկերի հերթական խաղի ժամանակ Բլանշը ծանոթանում է Սթենլիի մոտ ընկերոջ՝ Հարոլդ «Միտչ» Միտչելի հետ։ Ցնցված Բլանշի գեղեցկությունից ու պարզությունից՝ Միտչն սկսում է սիրահետել նրան։ Ժամադրության ընթացքում Բլանշը նրան պատմում է, որ ինքը նախկինում ամուսնացած է եղել, և այդ ամուսնությունը սպիներ է թողել իր սրտում, որովհետև ամուսինն իր պատճառով ինքնասպան է եղել՝ չդիմանալով իր կշտամբանքներին ու վիրավորանքներին։
Սպասվում է Միտչի ու Բլանշի հարսանիքը, սակայն դրան խանգարում է Սթենլին։ Նա պարզում է, որ իրականում Բլանշը հեռացվել է աշխատանքից 17-ամյա աշակերտի հետ բուռն սիրավեպի պատճառով, իսկ իր հայրենի քաղաքում նրան լուրջ չեն ընդունում տարբեր տղամարդկանց հետ ունեցած կարճատև սիրային կապերի պատճառով։ Սթենլին այդ մասին պատմում է և՛ կնոջը, և՛ Միտչին, որը դրանից հետո, ըստ իր խոսքի, «չի պատրաստվում ցատկել շնաձկներով լի ակվարիումը»։
Սթենլին Ստելլային տանում է ծննդատուն և վերադառնում Բլանշի մոտ։ Նա հայտարարում է, թե հեռագիր է ստացել իր վաղեմի երկրպագուից և պատրաստվում է մեկնել նավարկության դեպի Անտիլյան կղզիներ։ Ստելլայի բացակայության ժամանակ Սթենլին բռնաբարում է Բլանշին։ Չդիմանալով ճակատագրի հերթական հարվածին և չկարողանալով հաղթահարել հույզերը՝ Բլանշը խելագարվում է։
Երեխայի ծննդից կարճ ժամանակ անց Սթենլին կանչում է հոգեբույժի՝ Բլանշին հոգեբուժարան տեղափոխելու համար։ Բլանշին սկզբում թվում է, թե իր հետևից եկել է իր հարուստ երկրպագուն (Ստելլան և նրա հարևանուհին՝ Յունիսը, Բլանշին համոզում են, որ նա ճիշտ է՝ ձգտելով թաքցնել նրանից, որ նրա հետևից եկել են հոգեբուժարանից), բայց ավելի ուշ նա, հասկանալով, որ դա այդպես չէ, սկզբում դիմադրում է, իսկ հետո համաձայնում է գնալ բժշկի հետ՝ իմանալով, որ այլ ելք չունի։ Դրանից հետո բժիշկն ու հսկիչը նրան տանում են։
Պիեսի ավարտին Ստելլան, որը բարոյալքված է քրոջ ողբերգական ճակատագրի պատճառով, սկզբում անհանգստանում է Բլանշի համար, բայց աստիճանաբար հանգստանում է Սթենլիի գրկում։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլանշ Դյուբուա
- Ստելլա – նրա քույրը
- Սթենլի Կովալսկի – Ստելլայի ամուսինը
- Հարոլդ «Միտչ» Միտչել
- Յունիս Հաբել
- Սթիվ Հաբել
- Պաբլո Գոնսալես
- Նեգրուհի
- Բժիշկ
- Հսկիչ
- Երիտասարդ – նամակագրության գործակալ
- Մեքսիկուհի
- Ցրիչ
- Անցորդ
- Նավաստի
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրամվայ «Ցանկություն» (1951), ռեժիսոր՝ Էլիա Կազան, չորս «Օսկար» մրցանակ տասներկու անվանակարգերից[3][4]․
- Վիվիեն Լի – Բլանշ Դյուբուա
- Մառլոն Բրանդո – Սթենլի Կովալսկի
- Քիմ Հանթեր – Ստելլա Կովալսկի
- Կարլ Մոլդեն – Հարոլդ «Միտչ» Միտչել
- Տրամվայ «Ցանկություն» (1984) – հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Ջոն Էրման
- Տրամվայ «Ցանկություն» (1995) – հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Գլեն Ջորդան
- Ջեսիկա Լենգ – Բլանշ Դյուբուա
- Ալեք Բոլդուին – Սթենլի Կովալսկի
- Դայան Լեյն – Ստելլա Կովալսկի
- Ջոն Գուդմեն – Հարոլդ «Միտչ» Միտչել
- Պիեսի սյուժեն հիշատակվում է «Սիմփսոններ» մուլտսերիալի չորրորդ եթերաշրջանի երկրորդ դրվագում («Տրամվայ «Մարջ», «A Streetcar Named Marge»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ли Вивьен // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Williams, Tennessee (1995). A Streetcar Named Desire. Introduction and text. Oxford: Heinemann Educational Publishers.
- ↑ «The 24th Academy Awards (1952) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «NY Times: A Streetcar Named Desire». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տրամվայ «Ցանկություն»». briefly.
- Наталья Костылева. «Трамвай «Желание» Теннеси Уильямса». ХайВей. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրամվայ «Ցանկություն»» հոդվածին։ |
|