Վիզա
Վիզա (լատին․՝ visus, բառացի՝ այցելել), արտոնագրային փաստաթուղթ է, որը թույլատրում է մարդուն անցնել տարբեր երկրների սահմաններ։ Որպես կանոն վիզան տրվում է որպես մեկ այլ երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն։ Կան նաև «ելքի» արտոնագրեր, որոնք թույլ են տալիս մեկնել երկրից[1]։
Որպես կանոն մուտքի արտոնագիր տրամադրում են տվյալ երկրում գտնվող այլ երկրների հյուպատոսարանները կամ դեսպանատները։ Երբեմն այս հարցով կարող են զբաղվել նաև հավատարմագրված վիզաներ տրամադրող կենտրոնները։
Սովորաբար վիզան տրվում է անձնագրի մեջ, որը նախատեսված է քաղաքացիների երկրից դուրս ճամփորդելու համար, սակայն որոշ դեպքերում այն կարելի է ստանալ այլ անձը հաստատող փաստաթղթի մեջ։ Որպես կանոն, վիզան իրենից ներկայացնում է կպչուն պիտակ, որը փակցվում է ստացողի անձնագրի մեջ, գոյություն ունեն վիզայի այլ ձևեր ևս, օրինակ՝ ներդիրներ, նամականիշներ, վիզային նամականիշներ, առանձին փաստաթղթեր և այլն։
Եվրոպական և Եվրամիության անդամ երկրներից շատերը օգտագործում են մուտքի վիզաներ՝ Շենգենյան համաձայնագրով պայմանավորված։ Մուտքի արտոնագրի վավերականության ժամկետը սահմանափակում է երկրում մնալու ժամանակահատվածը կամ երկիր մուտք գործելու թիվը և տարբերվում են՝ մեկանգամյա, կրկնակի և բազմակի մուտքի հնարավորություններով։
Արտոնագրերի տրամադրման համար պաշտոնական և դիվանագիտական վճարներից բացի, կարող են լինել նաև ներքին օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով հաստատված վճարներ։ ԱՄՆ-ում վիզային դիմումը ներկայացվում է DS-160 էլեկտրոնային ձևով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հիշատակությունները բոլոր «ճանապարհորդական» կամ «արձակուրդային» փաստաթղթերի և ժամանակակից անձնագրերի նախատիպերի վերաբերյալ կարելի է տեսնել դեռևս Աստվածաշնչում[3] ։
Միջնադարյան Եգիպտոսում երկիրը լքելու համար ներկայացվում էր «Ելքի վիզա»-անձնագիր («ջավազ»), որի մեջ պետք է նշված լինեին անգամ հեռացող ստրուկները։
Երկրների միջև վիզային ռեժիմի օգտագործումը սկսեց ակտիվանալ Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո, միգրացիայի սահմանապակման, երկրների անվտանգության, ինչպես նաև հակառակորդ երկրի գործակալների համար։ Դրանից առաջ վիզան ընդհանուր առմամբ կրում էր ձևական բնույթ, գրեթե բոլոր երկրներում վիզան տալիս էին սահմանային անցակետերում և օգտագործվում էին օտարերկրացիների գրանցման համար, ոչ թե երկիր մուտք գործելու սահմանափակումների։
Մուտքի արտոնագրի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր երկիր ունի վիզաների իր դասակարգումը, վիզաների կարգերը և անվանումները։ ՀՀ-ում գործում են մուտքի վիզայի հետևյալ տեսակները՝
- այցելության մուտքի վիզա
- պաշտոնական մուտքի վիզա
- դիվանագիտական մուտքի վիզա
- տարանցիկ մուտքի վիզա։
Իսկ ընդհանուր առմամբ վիզաները կարելի է բաժանել երկու խմբի՝
- իմիգրացիոն
- ոչ իմիգրացիոն
Իմիգրացիոն վիզան օտարերկրացիներին տալիս է տվյալ երկրում ապրելու և աշխատելու մշտական իրավունք։ Ոչ իմիգրացիոն վիզան տալիս է ոչ մշտական բնակության իրավունք որոշակի նպատակով պայմանավորված։
Ոչ իմիգրացիոն վիզա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարանցիկ վիզա - տրվում է կարճ ժամկետով, երկրի տարածքում ճանապարհորդելու նաև երրորդ երկիր մեկնելու համար։
- Զբոսաշրջային վիզա - տրվում է սահմանափակ ժամանակահատվածով զբոսաշրջային ճանապարհորդություն կատարելու նպատակով։
- Գործարար վիզա - տրվում է գործարարներին և անհատներին, առևտրային հարաբերություններ հաստատելու, բիզնեսով զբաղվելու, գործարար հանդիպումների և համաձայնագրեր կնքելու նպատակով տվյալ երկիր մեկնելու համար։
- Աշխատանքային վիզա - տրվում է տվյալ երկրում աշխատելու նպատակով։ Սովորաբար վիզային այս ձևը ստանալը ավելի բարդ է, սակայն ի տաբերություն վիզայի այլ տեսակների այս տեսակի վիզաները կարող են տրվել բավականին երկար ժամկետով։
- Ուսանողական վիզա - տրվում են անձանց, ովքեր գալիս են տվյալ երկիկր սովորելու նպատակով։
- Դիվանագիտական վիզա - տրվում է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։
- Լրագրողական վիզա- այս վիզայի ձևը պահանջվում է որոշ երկրների կողմից՝ Զիմբաբվե, Իրան, Կուբա, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, մասնագիտական գործունեության համար։Էլեկտրոնային վիզա- այս վիզան ստանալու համար հայտը ներկայացվում է համացանցով, պահվում է հատուկ տվյալների բազայում և կցվում է անձնագրի համարին։
Իմիգրացիոն վիզա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմիգրացիոն վիզա - տրվում է այն անձանց, ովքեր մտադիր են ներգաղթել այլ երկիր։ Սովորաբար տրվում է մեկանգամյա մուտքի համար, հետո այդ վիզան ստացողը պետք է ստանա թույլտվություն տվյալ երկրում մշտական բնակություն հաստատելու համար, որից հետո մուտքերի և ելքերի քանակի սահմանափակում չի լինի։
- Ընտանիքների վերամիավորման վիզա - տրվում է տվյալ երկրի քաղաքացիություն/մշտական բնակության իրավունք ունեցող անձի ընտանիքի անդամներին։
- Ամուսնական վիզա - տրվում է հարսանիքի համար նախապես պլանավորված ժամանակահատվածից առաջ։
- Ներդրումային վիզա - տրվում է այն անձանց, ովքեր մտադիր են տվյալ երկրի տնտեսության մեջ ներդրումներ անել։
Վիզաների տրամադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիզան տրվում է արտերկրում գտնվող համապատասխան երկրի (կամ մի խումբ երկրների) հյուպատոսարանների կողմից (երբեմն՝ մուտքի մոտ, սահմանային անցակետերում)։ Վիզային ռեժիմը միգրացիոն քաղաքականության արդյունավետ գործիք է, այն կարող է օգտագործվել նաև քաղաքական նպատակներից ելնելով։ Այնուամենայնիվ, գլոբալիզացիան, արտերկիր մեկնողների թվի կտրուկ աճը բարդացրել է ներգաղթողների թվաքանակի ճշգրիտ հաշվարկը, անգամ եթե վիզաները ձեռք են բերվում նախօրոք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vgl. die Informationen des U.S. State Department: Cuba — Country Reports on Human Rights Practices — 2006, herausgegeben vom Bureau of Democracy, Human Rights, and Labor am 6. März 2007
- ↑ «Nonimmigrant Visa - Instructions Page». ceac.state.gov. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Виктор Степанов. «Крепостная книжка — Как появились и почему до сих пор не исчезли паспорта». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիզա» հոդվածին։ |
|