Ստանդարտացում
Ստանդարտացում, տարբեր կողմերի (ընկերություններ, օգտագործողներ, շահագրգիռ խմբեր, ստանդարտների կազմակերպություններ և կառավարություններ) կոնսենսուսի վրա հիմնված տեխնիկական ստանդարտների սահմանման և օգտագործման գործընթաց։ Ստանդարտացման օբյեկտ են կոնկրետ արտադրանքը, նորմաները, կանոնները, պահանջները, մեթոդները, տերմինները, նշանները և այլն։ Տնտեսության կառավարման բոլոր մակարդակներում կատարվող ստանդարտացման աշխատանքները պետք է իրենցից ներկայացնեն է փոխկապված կանոնների ու դրույթների համալիր։
Տնտեսության մեջ ստանդարտացման հիմնական խնդիրներն են՝ արտադրանքի, հումքի, նյութերի, սննդի և այլ արտադրանքի տեխնիկական մակարդակին ու որակին ներկայացվող պահանջների, արտադրանքի նախագծման ու թողարկման բնագավառում՝ նորմերի, պահանջների և մեթոդների, նաև փաստաթղթերի, տեխնիկատնտեսական ինֆորմացիայի միասնականացված դասակարգման և ծածկագրման համակարգերի, միասնական եզրույթների ու նշանների, աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի սահմանում, արդյունաբերական արտադրանքի միասնականացման և ագրեգատավորման զարգացում, սարքերի փոխադարձ փոխարինելիության և շահագործման ու նորոգման արդյունավետության մակարդակի բարձրացում, երկրում չափման միասնության և ճշտության ապահովվում, ֆիզիկական մեծությունների միավորների պետական նմուշների, ինչպես նաև բարձրագույն ճշգրտության չափումների մեթոդների ու միջոցների ստեղծում և կատարելագործում, արտաքին առևտրական, մշակութային ու գիտատեխնիկական կապերի համար նպաստավոր պայմանների ապահովվում։
Ստանդարտացումը կարող է հիմնվել առաջանցիկ և կոմպլեքսային ստանդարտացման մեթոդների վրա։ Առաջանցիկ ստանդարտացման մեթոդի էությունը գործնականում ձեռք բերված մակարդակի համեմատ ստանդարտացման օբյեկտների նկատմամբ այնպիսի բարձր նորմաների ու պահանջների սահմանումն է, որոնք, ըստ կանխատեսումների, պետք է օպտիմալ լինեն հետագա ժամանակաշրջանի համար։ Կոմպլեքսային ստանդարտացումը նախատեսում է պատրաստի արտադրանքի և դրա բաղադրամասերի տեխնոլոգիական մակարդակին ու որակին ներկայացվող պահանջների ու ցուցանիշների փոխհամաձայնեցում։
ԽՍՀՄ-ում ստեղծվել և ներդրվել են համապետական նշանակության ստանդարտների միջճյուղային միասնական համակարգեր՝ կոնստրուկտորական փաստաթղթերի, արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման, տեխնիկատնտեսական ինֆորմացիայի դասակարգման ու ծածկագրման և այլն։ Թողարկվող արտադրանքի որակի պլանաչափ բարձրացման համար սահմանվել է արդյունաբերական արտադրանքի որակի բարձրագույն, առաջին և երկրորդ կարգի ատեստավորում և շնորհվում է որակի պետական նշան։
Ազգային ստանդարտների մեծ մասը, բացառությամբ անվտանգության տեխնիկայի, առողջապահության և շրջապատող միջավայրի պահպանման ստանդարտների, օրենսդրական ուժ չունեն։ Իրենց պրակտիկ գործունեության համար ֆիրմաներն ու ընկերությունները մշակում և օգտագործում են ֆիրմային ստանդարտներ։ Ստանդարտացման, չափաբանության, արտադրանքի որակի բարձրացման հարցերով զբաղվում են նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտական հանձնաժողովը, Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը, Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը և այլն։
Սիջազգային ստանդարտների կիրառումը նպաստում է երկրների միջև գիտատեխնիկական, տնտեսական և առևտրական կապերի ընդլայնմանը։
Ստանդարտեցման օբյեկտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտեցման օբյեկտներ են հանդիսանում արտադրանքը, աշխատանքը և ծառայությունները։
- Արտադրանքը (հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, պատրաստի իրեր), այստեղ ստանդարտեցման են ենթարկվում կոնկրետ արտադրանքը կամ միանման արտադրանքի խմբերը, դրանց տեխնիկական պայմանները, վերահսկման մեթոդները, փաթեթավորման չափանիշները, պահպանման, տեղափոխման կանոնները, շահագործումը, վերանորոգումը և այլն։
- Աշխատանքները, ստանդարտեցումը այստեղ վերաբերում է արտադրանքի կենսական ցիկլի տարբեր ստադիաներում կատարվող աշխատանքի կոնկրետ տեսականին՝ մշակում, շահագործում, արտադրում, պահպանում, վերանորոգում, վերահսկման մեթոդներ և այլն։
- Նյութական և ոչ նյութական ծառայություններ, այս դեպքում ստանդարտեցվում են ծառայության կոնկրետ տեսակը կամ միանման ծառայությունների խմբերը, նրանց տեխնիկական պայմանները, վերահսկման մեթոդները, անձնակազմի նկատմամբ պահանջները և այլն։
Ստանդարտեցման նորմատիվ ակտերի դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտեցմանը վերաբերող նորմատիվ ակտերը, կախված նրա օբյեկտից և կիրառվող օրգանից, բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝
- միջազգային ստանդարտներ, կանոններ, նորմեր և ստանդարտեցման գծով հանձնարարականներ,
- ՀՀ պետական ստանդարտներ,
- ճյուղային ստանդարտներ,
- ձեռնարկության ստանդարտներ,
- տեխնիկական պայմաններ,
- հասարակական միավորումների ստանդարտներ՝ գիտա-տեխնիկական, ինժիներական և այլն,
- ստանդարտեցման գծով կանոններ,
- ստանդարտեցման գծով հանձնարարականներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 103)։ |