Jump to content

Սինոպի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինոպի ծովամարտը, հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի

Սինոպի ճակատամարտ 1853, ծովամարտ Ռուսաստանի և Թուրքիայի ծովային էսկադրաների միջև Սինոպի ծովախորշում (Սև ծովի հարավ), հին՝ Հուլյան տոմարով նոյեմբեր 18-ին (նոր՝ Գրիգորյան տոմարով՝ նոյեմբերի 30-ին), Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ[1]։ Ճակատամարտի վայրը գտնվում էր Ռուսաստանի սևծովյան նավատորմի գլխավոր ռազմածովային բազայից՝ Սևաստոպոլից մոտ 300 կմ հեռավորության վրա։

Սինոպի ճակատամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխծովակալ Պավել Նախիմովը, Սինոպի ճակատամարտի և Սևաստոպոլի պաշտպանության (1854–1855) հերոսը

Թուրքական էսկադրան՝ փոխծովակալ Օսման փաշայի հրամանատարությամբ, դուրս գալով Կոստանդնուպոլսից, պատրաստվում էր մարտական գործողություններ սկսել Սուխում Կալեի (Սուխում) մոտ, ճանապարհին դադար առավ Սինոպի նավահանգստում։ Ռուսական էսկադրան՝ փոխծովակալ Պավել Նախիմովի հրամանատարությամբ հայտնաբերեց թուրքական էսկադրան և նոյեմբեր 18(30)-ին շրջափակեց Սինոպի ծովախորշում։ Առաջինը թուրքական հրետանին կրակ բացեց ռուսական նավերի վրա, որոնք, անցնելով հակառակորդի խափանիչ կրակի միջով, խարիսխ նետեցին և բացեցին ջախջախիչ պատասխան կրակ։ Չորս ժամվա ընթացքում թուրքական էսկադրայի բոլոր 16 նավերից 15-ը (բացի փախուստի դիմած 1 շոգենավից) ոչնչացվեցին։ Այդ թվում՝ 10 մարտական նավ, 1 շոգենավ, 2 փոխադրանավ, 2 առևտրանավ, 1 շխունա։ Ոչնչացվեցին նաև թուրքական առափնյա մարտկոցները։ Սինոպ քաղաքում տեղի ունեցավ սարսափելի հրդեհ։ Ռուսական էսկադրան նավեր չկորցրեց։ Թուրքերի կորուստն ավելի քան 3 հազար նավաստի և դեսանտային զինվոր էր (սպանված, խեղդված և վիրավորված), շուրջ 200 գերի, այդ թվում՝ էսկադրայի հրամանատարը՝ փոխծովակալ Օսման փաշան, որը հաղթողներին հանձնեց իր անձնական թրասուսերը (պալաշը)։ Նրա հետ գերի ընկան նաև թուրքական 3 նավերի նավապետերը։ Ոչնչացվեց թուրքերի 500 հրանոթ։ Ռուսների կորուստները կազմում էին 437 սպանված և 235 վիրավոր, 13 հրանոթ, լրջորեն վնասվեցին 2 նավ[1]։

Ուշագրավ տեղեկություններ Սինոպի ճակատամարտի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական էսկադրայի հրամանատարի՝ փոխծովակալ Օսման փաշայի թրասուսերը (պալաշը), որը նա հանձնեց հաղթողներին, մինչև այսօր պահպանվում է Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի ռազմապատմական թանգարանում, ք. Սևաստոպոլ։

Սինոպի ճակատամարտի արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Սինոպի ճակարտամարտում հաղթանակի շնորհիվ ռուսական նավատորմը տիրապետող դարձավ Սև ծովում և խափանեց թուրքերի ափհանումը Կովկաս[1]։

2. Թուրքիայի պարտությունից հետո նրա դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, 1853 թվականի դեկտեմբերին իրենց էսկադրաները Բոսֆորից մտցրեցին Սև ծով[2]։ Այսպիսով ռուսների հաղթանակը Սինոպում առիթ դարձավ, որպեսզի անգլո-ֆրանսիական ռազմական կոալիցիան պատերազմ հայտարարի Ռուսաստանին, պաշարի Սևաստոպոլը և պարտության մատնի Ռուսաստանին Ղրիմի պատերազմում[3]։

3. Թուրքերի բարոյական ոգին կոտրվեց մինչև Ղրիմի պատերազմի վերջը։ Ընդհակառակը, ռուսական կողմի նավաստիները Սևաստոպոլի պաշտպանության ընթացքում Սինոպի ճակատամարտում տարած հաղթանակի մտքից վստահություն էին ստանում, որ վերջնական հաղթանակը կլինի Ռուսաստանինը[1]։

4. Սինոպի ճակատամարտը առագաստանավերի դարաշրջանի վերջին խոշոր ծովամարտն էր[1][4]։ Փոխվեց թե՛ ռազմածովային մարտավարությունը և թե՛ նավաշինությունը ամբողջ աշխարհում. սկսեցին մեծացնել նավերի վրա գտնվող հրանոթների տրամաչափը և նվազեցնել դրանց քանակությունը, հայտնվեցին զրահակիր նավերը, ուժեղացվեց առափնյա մարտկոցների հրետանին, որոնք պաշտպանում էին նավատորմի բազաները[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [1] Синопское сражение, Вокруг света, Энциклопедия
  2. "Павел Степанович Нахимов. Документы и материалы. Т.2. Санкт-Петербург, 2003."
  3. Marjie Bloy Ph.D. «The Crimean War: Immediate Causes». victorianweb.org.
  4. 4,0 4,1 Синопское морское сражение
  5. Sondhaus, Lawrence (2000). Naval Warfare, 1815–1914. New York: Routledge.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • П․ С․ Нахимов․ Документы и материалы, М․, 1954; Зверев Б․ И․, Синопское сражение, М․, 1953․ռուս.՝